Քարաբլուրի բնակատեղին և դամբարանադաշտերը

Տեղադրությունը

Քարաբլուր բնակատեղին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի մոտակայքում։ Այն մոտ 1․5 հա տարածությամբ եռաստիճան մի հարթակ է, ունի միջին բրոնզից մինչև ուշ միջնադարը ներառող մշակութային շերտեր, շրջապատված է հզոր դամբարանադաշտերով, գտնվում է Կարկառի և Բադարայի միջագետքում։ Այն տեղանքի ամենաիշխող բարձունքն է, Խոջալուի հանրահայտ դամբարանադաշտից հեռու է ընդամենը մեկ կիլոմետր (Պետրոսյան, 2001, 347): 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Հետախուզական պեղումներն այստեղ իրականացվել են 1996 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Արցախի պետական համալսարանի միացյալ արշավախմբի կողմից (համաղեկավարներ Հ․ Պետրոսյան, Լ․ Եպիսկոպոսյան) և 2002 թվականի հուլիսից ԱրՊՀ արշավախմբի կողմից (ղեկավար Վ․ Սաֆարյան)։

1996 թվականի հնագիտական հետազոտության փուլը

1996 թվականին հետազոտվել է բնակատեղին, որի արդյունքում հուշարձանի երրորդ հարթակում պեղվել է միջնադարյան մի սրբարան։ Այն արևմուտք-արևելք ուղղվածությամբ շինություն է՝ արևելյան ուղղանկյուն աբսիդ-բեմով և վերջինիս կենտրոնում կանգնեցրած սեղան-կոթողով (նկ․ 1)։ Սրբարան-մատուռի աղոթասրահում՝ բեմառէջքին կից, հայտնաբերվել է չորս քարերից ստեղծված մի օջախ (նկ․ 2), որի շուրջը սփռված էին 12-14-րդ դարերին պատկանող խեցեղենի մի քանի հարյուր բեկորներ (նկ․ 3-6)։

Նկ. 1 Միջնադարյան սրբարանը արևմուտքից, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 2 Սրբարան-մատուռի գծագիրը, ճարտարապետ Վ․ Հովսեփյան։

Նկ. 3 Սրբարան-մատուռում գտնված խեցեղենի բեկորներ, քարե աղորիկներ, սանդ, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 4 Սրբարան-մատուռում գտնված խեցեղենի բեկորներ, քարե աղորիկներ, սանդ, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 5 Սրբարան-մատուռում գտնված խեցեղենի բեկորներ, քարե աղորիկներ, սանդ, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 6 Սրբարան-մատուռում գտնված քարե աղորիկներ, սանդ, լուս․ Վ․ Սաֆարյանի։

Հայտնաբերվել են նաև երկու դամբարանադաշտեր՝ տեղադրված բնակատեղիից դեպի արևելք և արևմուտք։ Արևմտյան դամբարանադաշտը վերաբերվում է մ․ թ. ա․ 9-8-րդ դարերին (նկ․ 7), իսկ արևելյանը, որը բաղկացած է բազմաթիվ խոշոր ու մանր հողաթմբերից, կրոմլեխներից և քարարկղերից, պատկանում է մ. թ. ա․ 11-9-րդ դարերին (նկ․ 8)։

Նշված դամբարանադաշտերը համաժամանակ են Տոլորսի, Առաջաձորի, Խոջալուի դամբարանաբլուրներին:

Նկ. 7 Արևմտյան դամբարանադաշտի դամբարանի գույքից օրինակներ, լուս․ Վ․ Սաֆարյանի։

Նկ. 8 Արևելյան դամբարանադաշտի գույքի օրինակներ, լուս․ Վ․ Սաֆարյանի։

2002 թվականի պեղումները

2002 թվականին ԱրՊՀ արշավախումբը հետախուզական պեղումներ է կատարել Քարաբլուրի արևելյան դամբարանադաշտում, նպատակ ունենալով բացահայտել նրա կապը հանրահայտ Խոջալուի դամբարանադաշտի հետ։ Դամբարանադաշտի հարավ-արևելյան մասում պեղվել է մի դամբարանաբլուր։

Դամբարանաբլրի հողածածկը բաղկացած էր կավահողից, որը պատված էր երկու շարք քարե գոտիներով՝ առաջինը գտնվում էր 0,15 մետր, իսկ երկրորդը՝ 0,45 մետր խորության վրա (նկ․ 9)։ Դամբարանաբլրի արևելյան ու հյուսիս-արևելյան մասի հողածածկում քարե գոտին բացակայում է։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք կողմնորոշված քարե արկղի ձևով դամբարանախուցը (չափերը՝ 5,4x1,75x1,9 մետր, ( նկ․ 10), որը տեղադրված էր կուրգանի կենտրոնում և ծածկված էր մեծ կրաքարե սալերով։ Ծածկի սալաքարերից տեղում մնացել էր միայն մեկը (չափերը՝ 3,05x1,3x0,3 մետր): Դամբարանախուցը հարավից ունեցել է 1,2 մետր լայնությամբ միջանցք-դրոմոս (նկ․ 11)։

Նկ. 9 Արևելյան դամաբարանադաշտի պեղված կուրգանի ընդանուր տեսկը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 10 Արևելյան դամբարանադաշտի կուրգանի խուցը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 11 Արևելյան դամբարանադաշտի պեղված կուրգանի վերակազմությունը և երկայնական կտրվածքը, ճարտ․ Մ․ Տիտանյան։

Պահպանված ծածկասալի վրա հայտնաբերվեց երկրորդական թաղում՝ արևելյան մասում 0,65-0,80 մետր խորության վրա փաստագրվել են երկու գանգի մնացորդներ, ամենայն հավանականությամբ՝ երեխաների։ Հնարավոր է, որ մանկական այս թաղումները կապված լինեն մարդկային զոհաբերությունների սովորույթի հետ (նկ․ 12)։

Նկ. 12 Երկրորդական թաղում՝ արևելյան մասում, ճարտ․ Մ․ Տիտանյան։

Ինչպես խցի մեջ, այնպես էլ դրոմոսում տարբեր խորությունների վրա գտնվել են կենդանիների (եզ, շուն, ոչխար, թռչուն) բազմազան ոսկորներ, խեցեղենի բեկորներ, մոխրի հետքեր: Ի դեպ, Խոջալուի դամբարանադաշտի խոշոր հողածածկ դամբարանաբլուրները ևս ունեն կրակի հետքեր (Սաֆարյան, Պետրոսյան, Բալայան 2009):

Պեղված դամբարանաբլրի գույքը ներկայացված է հետևյալ իրերով. միացվող ծայրերով բրոնզե ապարանջան, չմիացվող ծայրերով բրոնզե օղակ, բրոնզե գոտու բեկորներ, շջանաձև գլխարկով բրոնզե գամ, բրոնզե կոճակներ, երկաթե դանակի բեկորներ, սարդիոնից, կվարցից, ապակենման զանգվածից ուլունքներ, խեցեղենի բեկորներ (նկ․ 13): Գտնված իրերը լայնորեն ներկայացված են Խոջալուում, Խրթանոցում, Գոլովինոյում, Լոռի-Բերդում, Լճաշենում, Արթիկում և թվագրվում են մ. թ.ա. 11-9-րդ դարերով։

Այսպիսով, Խոջալուի և Քարաբլուրի դամբարանադաշտերի միջև կան որոշակի ընդհանրություններ՝ դամբարանաբլուրի ձևը ու կառուցվածքային յուրահատկությունները (թաղման ծեսը․ հանգուցյալի հետ թաղում էին եզ, ձի, շուն, ոչխար, նմանատիպ ուղեկցող նյութեր)։

Նկ. 13 Արևելյան դամբարանադաշտի պեղված կուրգանի գույքի օրինակներ, լուս․ Վ․ Սաֆարյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։

Գրականություն

  1. Պետրոսյան, Եպիսկոպոսյան և ուրիշներ, 1998 - Պետրոսյան Հ., Եպիսկոպոսյան Լ., Ասրյան Յու., Սաֆարյան Վ., Բալայան Վ., Հովսեփյան Վ., Հետախուզական պեղումներ Արցախի Քարաբլուր հնավայրում․ Հին Հայաստանի մշակույթը, Հնագիտական XI հանրապետական նստաշրջան, Երևան, էջ 53-54:
  2. Պետրոսյան 1997 - Պետրոսյան Հ., Արցախի նորագյուտ սրբարանը և նրա ազգագրական զուգահեռները․ Հանրապետական ազգագրական գիտաժողով, Զեկուցումների հիմնադրույթներ, Երևան, էջ 47-48:
  3. Պետրոսյան 2001 - Պետրոսյան Հ., Քարաբլուրի նորագյյուտ սրբարանը և «սուրբ օջախների» պաշտամունքն Արցախում․ Հայոց սրբերը և սրբավայրերը, Երևան, էջ 347-356։
  4.  Սաֆարյան 2001 - Սաֆարյան Վ., Նորահայտ հնագիտական նյութեր Մեհտիշեն գյուղի Քարաբլուր վայրից․ ԱրՊՀ գիտական տեղեկագիր, N. 1, էջ 126-130:
  5. Սաֆարյան, Պետրոսյան, Բալայան 2009 - Սաֆարյան Վ., Պետրոսյան Հ․, Բալայան Վ․, Քարաբլուրի պեղումների նորահայտ նյութեր, ԱրՊՀ գիտական տեղեկագիր, Ստեփանակերտ, h. 2, էջ 76 -79։
Քարաբլուրի բնակատեղին և դամբարանադաշտերը
Քարաբլուրի բնակատեղին և դամբարանադաշտերը
Քարաբլուրի բնակատեղին և դամբարանադաշտերը
Արցախ