Մելիք Հայկազի ապարանքը

Տեղադրությունը

Ապարանքը գտնվում է Քաշաթաղի շրջանում, Աղավնո գետի Ծիծեռնավանից վտակի ձախ ափին, կառուցված է ժայռոտ բլրալանջի՝ արհեստականորեն ստեղծված դարավանդի վրա: 

Պատմական ակնարկ

15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ կիսանկախ կազմավորում էր՝ որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը՝ 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հովսեփյան 1928, 232): Քաշաթաղի ապարանքը վերագրվում է հենց այս Մելիք-Հայկազ Ա-ին և թվագրվում է 15-րդ դարի վերջով:

 

նկ. 1 Մելիք Հայկազի ապարանքի չափագրությունը, հրատարակված Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2001, էջ 18, նկ. 2։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Մելիք Հայկազի ապարանքը տարբեր կառույցների համալիր է, որը ներառված է ուղղանկյուն հատակագծով շրջապարսպի մեջ (նկ. 1): Համաձայն ճարտարապետ Ա. Ղուլյանի, ով մանրամասն հետազոտել և ներկայացրել է համալիրը, այն սկզբնապես բաղկացած է եղել երեք իրար կից միաչափ դահլիճից և դրանց մուտքային ճակատը զբաղեցնող սյունազարդ կամարասրահից: Ընդ որում, այս ամենը մինչև 1950-ական թվականները դեռևս մեծամասամբ կանգուն էին (նկ. 2, 3):

 

նկ. 2 Մելիք Հայկազի ապարանքը բակի հարավ-արևելյան կողմից՝ 1950-ական թթ., Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2001, էջ 20, նկ. 4 ա:

նկ. 3 Մելիք Հայկազի ապարանքը բակի հարավ-արևելյան կողմից՝ 1985 թ., Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2001, էջ 20, նկ. 4 բ:

Արևմտյան կողմում կառուցված է եղել երկհարկանի դահլիճը, որի առաջին հարկում բուն բնակարանն է, իսկ վերնասրահում մելիքական տան գլխավոր դահլիճն էր՝ Մելիք Հայկազի ամառային ընդունարան-գահասրահը: Այն  ծածկված է կիսագլանաձև թաղով և ունի երկլանջ տանիք (Ղուլյան 2001, 17-21):

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Խորհրդային տարիներին հուշարձանը վեր էր ածվել ավերկաների: 2000-ական թվականների սկզբներին ապարանքը վերականգնվել էր և ծառայում էր որպես հյուրատուն (նկ. 4): Պատերազմից առաջ մեծամասամբ կանգուն էր, իսկ պատերազմի ընթացքում նրա վրա ֆիզիկական փոփոխություն չի գրանցվել (նկ. 5):

 

նկ. 4 Մելիք Հայկազի ապարանքի ընդհանուր տեսքը վերականգնումից հետո, լուս․ Հ. Պետրոսյանի:

նկ. 5 Ապարանքի ներքին բակում գտնվող խաչքարը, լուս․ Հ․ Աբրահամյանի։

Մատենագրական քննություն

Մելիք Հայկազի ապարանքի մասին մատենագրական տեղեկություններ չկան: Նրա մասին առաջին անգամ հակիրճ տեղեկության հանդիպում ենք անվանի հայագետ Մ. Հասրաթյանի մոտ, ով նշում է. «հռչակավոր Ծիծեռնավանքից ոչ հեռու գտնվող Քաշաթաղ ավանի մեջ պահպանված երկհարկանի քարաշեն դղյակ-ամարաթի կառուցումը անտարակույս պատկանում է Մելիք Հայկազ Առաջինին՝ 15-րդ դարի վերջերին» (Հասրաթյան 1985, 158):

Ավելի ուշ՝ ապարանքի ճարտարապետական մանրամասն հետազոտություն է իրականացրել ճարտարապետ Ա. Ղուլյանը:

Գրականություն 

  1. Հովսեփյան 1924 – Գարեգին Արքեպիսկոպոս Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ. պատմա-հնագիտական ուսումնասիրություն, Վաղարշապատ:
  2. Հասրաթյան 1985 - Հասրաթյան Մ., Սյունիքի բնակավայրերի պատմությունից, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն,  Երևան:
  3. Ղուլյան 2001 - Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, «Գիտություն» հրատարակչություն, Երևան:
Մելիք Հայկազի ապարանքը
Մելիք Հայկազի ապարանք
Մելիք Հայկազի ապարանք
Արցախ