ՔՄՀԿ «Վերլուծական տեղեկագիր» գիտական պարբերականում լույս է տեսել «Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացումն ու բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ ծանր հանցագործությունների համատեքստում» հոդվածը
ՔՄՀԿ «Վերլուծական տեղեկագիր» գիտական պարբերականի 18-րդ համարում լույս է տեսել Արմինե Տիգրանյանի «Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացումն ու բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ ծանր հանցագործությունների համատեքստում» հոդվածը: Հոդվածի նպատակն է 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքի` Ադրբեջանի կողմից բռնազավթման, արցախահայերի բռնի տեղահանության և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները դիտարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների (ցեղասպանություն, էթնիկ զտում, խոշտանգում, ագրեսիա, պատերազմական հանցանքներ) շրջանակներում՝ դրանք քննելով Հռոմի կանոնադրության և միջազգային այլ կանոնակարգերի դրույթներով, և վերհանել այն նախահիմքերը, համաձայն որոնց Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լինել արցախահայության տեղահանության «բռնի» տարրի հիմք և ապացույց: Աշխատանքի խնդիրն Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման՝ պետական մակարդակով իրականացվող քաղաքականության գործընթացները բռնի տեղահանության գործողությունների հետ փոխկապակցումն է՝ դիտարկելով դրանք մշակութային ժառանգության լայն հայեցակարգի և արցախահայերի մշակույթի իրավունքի կոնցեպտի շրջանակներում՝ որպես մեկ միասնական հայամերժ քաղաքականության մեխանիզմներ։ Հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Tigranyan A., Destruction of Cultural Heritage and Forced Displacement of Artsakh Armenians as Crimes Against Humanity։
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված Արցախի մշակութային ժառանգությանը 44-օրյա պատերազմից հետո
Հոդվածը քննարկում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համատեքստում մշակույթի գործոնի դերակատարումը և նշանակությունը։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը բռնայուրացնելու քաղաքականությունը, որը հատկապես սրություն էր ստանում զինված բախումների և պատերազմների ժամանակ, հայ մասնագետներին դրդել է մշտապես կենտրոնանալ Ադրբեջանի՝ հակահայ քաղաքականության հետազոտության, դրա մեխանիզմների վերլուծության ուղղությամբ, մինչևդեռ կարևոր է հետազոտել նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական մեխանիզմները և ուղղությունները, որտեղ մշակույթի գործոնը կարևոր և առաջնային դերակատարում ունի և միտված է արևմուտքի մշակութային գործընթացների ինտեգրմանը։ Հոդվածի հիմնական նպատակն է քննարկել Ադրբեջանի արտաքին քաղաքականության կառուցման հիմնական թեզերն, ուղղությունները ու գործիքները, որոնք ձևավորվեցին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, և հատկապես ընդգծել մշակույթի դերը արտաքին քաղաքականության մեջ որպես շարժիչ «փափուկ ուժ»։ Դիտարկվել են Ադրբեջանի արտաքին քաղաքականության կառուցումը հանրային դիվանագիտության, արտաքին տնտեսական ներդրումների, միջազգային ինտնեսիվ համագործակցության տեսանկյունից։ Մանրամասն՝ Мурадян А., Политика Азербайджана по отношению к культурному наследию Арцаха после 44-дневней войны, Армянский гуманитарный вестник, 1(10), Арцах ։
Թաղածածկ դահլիճի հորինվածքը արցախի միջնադարյան ճարտարապետության մեջ
Պաշտամունքային կառույցի թաղածածկ դահլիճ տիպը Արցախում, 12-13-րդ դարերում շատ տարածված հորինվածք է։ Այն երկրամասի միջնադարյան ճարտարապետական դպրոցի առանձնհատկություններից է։ Այս հորինվածքը կիրառվել է արցախյան վանքերի կազմում ներգրավված բոլոր եկեղեցիների համար («Բռի եղցի», «Օխտը եղցի», Կոշիկ անապատ, Գտչավանք և այլն)։ Մինչդեռ Հայաստանի մյուս ճարտարապետական դպրոցներում այն հանդիպում է մատուռներում և փոքր եկեղեցիներում։ Քննությամբ պարզվել է, որ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցիներին բնորոշ է ուղղանկյուն խորանի զանգվածային կիրառումը (Դադիվանք, Գտչավանք, Խաթրավանք, Եղիշա առաքյալ, Հանդաբերդի, Կարմիրքարի, Չարեքտարի վանքեր և այլն )։ Դիտարկվել են ինչպես այն եկեղեցիները, որտեղ բեմը դահլիճի հետ մեկ՝ թաղածածկ ամբողջություն է կազմում, այնպես էլ ուղղանկյուն խորանով եկեղեցիների այն ենթատիպը, որի բեմը նեղ է դահլիճից։ Արցախի եկեղեցիների և հուշարձանախմբերի կառուցումն, ինչպես որ Հայաստանի ողջ տարածքում, իրականացվել է քարով (տուֆ, բազալտ, ֆելզիտ, կրաքար)՝ «միդիս» եղանակով, կրաշաղախի կիրառությամբ։ Օգտագործվել է ինչպես մաքուր տաշված քար, այնպես էլ՝ կոպտատաշ։ Սրբատաշ էին շարվում միայն շինության կոնստրուկտիվ հանգույցները (պատերի անկյուններ, որմնամույթեր, կամարներ)։ Այսպես էր նաև Արցախին հարևան, Սյունիքի ճարտարապետական դպրոցին պատկանող կառույցներում Հետազոտությունն իրականացվել է համեմատական վերլուծության եղանակով։ Արդյունքներն ամփոփվել են աղյուսակների տեսքով և գրաֆիկական եղանակներով։ Բացահայտվել են տիպի ձևաբանական, համաչափական, կառուցվածքային և գեղարվեստական առանձնահատկությունները։ Պետք է նշել նաև, որ եթե մասնագիտական գրականության մեջ անդրադարձ կա խնդրո առարկա հուշարձանների ձևաբանական վերլուծությանը, ապա վերջիններիս չափաբանական և համաչափական վերլուծությունն իրականացվում է առաջին անգամ։ Մանրամասն՝ Киракосян Л., Композиция сводчатого зала в средневековой архитектуре Арцаха, Армянский гуманитарный вестник, 1(10), Арцах.
Արցախի տափաստանների մարդակերպ կոթողների էթնոմշակութային պատկանելության շուրջ
Առաջավոր Ասիայում և Եվրասիական տափաստաններում քարե մարդակերպ կոթողները երևան են գալիս սկսած մ.թ.ա. 4-3 հազարամյակներից: Վերջիններս հանդիպում են Հյուսիսարևմտյան Իրանում, Կենտրոնական Ասիայում, Սիբիրում, Եվրոպայում, Մերձսևծովի շրջակայքում, Հյուսիսային Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում և այլուր։ Ըստ ամենատարածված գիտական պատկերացման` մարդակերպ այս կոթողները, իրենց բազմազանությամբ հանդերձ, շատ լայնածավալ և երկարատև մշակութային ավանդույթի տարբեր դրսևորումներն են։ Մ.թ.ա. 2 – 1-ին հազարամյակի առկա նյութերով Հայաստանն առանձնանում է որոշակի բազմազանությամբ և կարելի է ենթադրել, որ այդ բազմազանության մի դրսևորումն էլ արցախյան կոթողներն են: Արցախի քարե մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են: Դրանք ուղղանկյունատեսք, տափակ երկայնական սալեր են, որոնք երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, որը զբաղեցնում է ամբողջ կոթողի 1/3-ից մի փոքր քիչ ծավալ, իրանը և ներքնամասը: Ուսումնասիրվող տարածքը զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան հատվածը` ընդգրկելով Կուր-Արաքսյան դաշտավայրի արևմտյան մասը` Արցախի տափաստանի արևելյան հատվածը և նրանից արևելք ընկած Միլի տափաստանի ծայր արևմուտքը։ Ե՛վ մոտ զուգահեռների քննությունը, և՛ ուսումնասիրվող կոթողների որոշ պատկերագրական մանրամասներ հիմք են հանդիսանում կոթողները թվագրելու մ.թ.ա. 8-րդ – 6-րդ դարերորվ։ Համադրելով այս տվյալները՝ կարևոր է պարզաբանել քանդակների էթնոմշակութային պատկանելության խնդիրը։ Մանրամասն՝ Еранян Н., К вопросам этнокультурной принадлежности антропоморфных изваяний арцахских степей, Армянский гуманитарный вестник, 1(10), Арцах .
Աղվանից եկեղեցու ինքնագլխության ժամանակի և բնույթի մասին՝ Արցախում նոր հնագիտական հետազոտությունների լույսի ներքո
Աղվանքում քրիստոնեության ծագման մասին գրավոր աղբյուրները կարելի է բաժանել երկու խմբի, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «Հայկական լեգենդ» և «Երուսաղեմյան լեգենդ»։ «Հայկական լեգենդի» համաձայն՝ Աղվանքում քրիստոնեության պաշտոնական տարածումը տեղի է ունեցել Հայաստանում քրիստոնեության տարածման հետ գրեթե միաժամանակ՝ Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ։ Ուստի դավանաբանական և վարչական առումներով Աղվանից եկեղեցին գտնվել է Հայ եկեղեցու ազդեցության տակ։ Ըստ «Երուսաղեմյան լեգենդի»՝ հայկական ավանդությունը ներկայացնում է Աղվանքում քրիստոնեության տարածման երկրորդ փուլը։ Առաջին ալիքը վերագրվում է Եղիշա առաքյալին, որը համարվում է Սբ. Թադեոսի աշակերտն ու Աղվանից եկեղեցու հիմնադիրը։ Արցախում վերջին տարիների հնագիտական հետազոտությունները հայտնաբերել են արևելյան մուտքով մի շարք մասունքարան-դամբարաններ (Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ), որոնք թվագրվում են հինգերորդ դարի վերջով-վեցերորդ դարի սկզբով։ Այս հատկանիշի վերլուծությունը (համապատասխան հնագիտական նյութի, Տիգրանակերտի վաղքրիստոնեական սրբազան տեղագրության ներառմամբ) և Աղվանից թագավոր Վաչագան Բարեպաշտի բարեփոխումների մասին Կաղանկատվացու տեղեկությունների համադիր քննությունը թույլ է տալիս առաջ քաշել այն վարկածը, որ «Երուսաղեմյան լեգենդի» հիմքում ընկած է Վաչագանի քաղաքական նախաձեռնությունը՝ առանձնացնել իր թագավորության եկեղեցին Հայ եկեղեցուց։ Մանրամասն՝ https://monumentwatch.org/wp-content/uploads/2024/04/Петросян-Г.-О-характере-и-времени-институционализации-албанской-церкви-в-свете-новых-археологических-исследований-в-Арцахе.pdf
Արցախի մշակութային ժառանգության թիրախավորումն ադրբեջանական մեդիահարթակներում
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմը սկսեց շատ ագրեսիվ քարոզչություն իրականացնել՝ ուղղված Արցախի պատմամշակութային ժառանգության յուրացմանը, այն խեղաթյուրելուն և հատկապես Հայաստանի դեմ քարոզչությանը։ Ադրբեջանական կողմի քարոզչության մակարդակը հասկանալու համար հատկապես կարևոր է ադրբեջանական բոլոր տեսակի լրատվական միջոցների, ԶԼՄ-ների և սոցիալական էջերի մոնիթորինգը։ Այս ամենը միասին հսկայական տվյալներ է տալիս քարոզչության մեթոդների մասին, որոնք ուղղված են Արցախի մշակութային ժառանգության յուրացմանը։ Հոդվածը նվիրված է Արցախի մշակութային ժառանգության դեմ քարոզչության խնդիրներին, դրա մեթոդներին և հիմնական թեզերին։ Մանրամասն՝ R.Hovsepyan_AGV_Artsakh_2023.pdf (monumentwatch.org):
Արցախի-Ուտիքի կարասային թաղումների մշակույթը հայ-աղվանական փոխհարաբերությունների համատեքստում
Կարասային թաղումների մշակույթը անտիկ շրջանում ընդգրկել է Մերձավոր Արևելքի, Միջերկրական ծովի և Փոքր Ասիայի զգալի մասը, ներառելով նաև Հայկական Լեռնաշխարհն ու Անդրկովկասը՝ ընդհուպ մինչև Կուր գետը: Արցախում և Ուտիքում անտիկ շրջանի կարասային թաղումները ամենատարածված և հնագիտորեն բավականին փաստագրված թաղման ձևն են, որոնք անտիկ թաղման կառույցների բազմազանության մեջ (հիմնահողային, քարարկղային, սալարկղային և այլն) գերիշխող են դարձել հատկապես մ. թ. ա. առաջին դարի վերջին և մ. թ. առաջին դարերում: Ուտիքի կարասային թաղումները (Մինգեչաուր, Գալաթեփե, Գարաքոբար և այլն) ուսումնասիրվել են ադրբեջանցի հնագետների կողմից և ներկայացվել իբրև Կուրի աջափնյակում տարածված և կարասային թաղումների մշակույթից տարբեր Յալոյլու-թեփեի մշակույթին (խիստ կծկված կմախքով և յուրօրինակ խեցեղենով հիմնահողային թաղումներ) համաժամանակյա, աղվանական տարբեր ցեղերին բնորոշ մշակույթ: Արցախի Տիգրանակերտի, ինչպես նաև տարածաշրջանի այլ բնակավայրերից (Մարտակերտ, Ճանկաթաղ, Հաթերք) պեղումներով և պատահական հայտնաբերված կարասային թաղումների ծեսի և գույքի քննությունը թույլ է տալիս ավելի ընդարձակելու Յալոյլու-թեփեի և կարասային թաղումների մշակույթների էական տարբերությունները, որն իր հերթին Կուր գետը անտիկ շրջանում էթնիկական սահման ծառայելու մասին հայեցակարգի մի նոր փաստարկ է: Մանրամասն՝ monumentwatch.org/wp-content/uploads/2024/02/A.Gabrielyan_AGV_Artsakh_2023.pdf:
Միջնադարյան Շուշին ըստ հնագիտական հետազոտությունների
Շուշիի հին պատմության, հիմնադրման, կառուցապատման, նրա առանձին հուշարձանների էթնիկ պատկանելության խնդիրները մեկ անգամ չէ, որ հայտնվել են Ադրբեջանի զավթողական նկրտումների «հիմնավորումների» ցանկում։ Տասնամյակներ շարունակ Արդրբեջանի կառավարությունն ու մտավորականությունն իրենց ժողվրդին քարոզել են մի առասպել, ըստ որի Շուշին ծագել և գոյատևել է որպես ադրբեջանական քաղաք և ադրբեջանական մշակույթի բնօրրան։