Աղվանից եկեղեցու ինքնագլխության ժամանակի և բնույթի մասին՝ Արցախում նոր հնագիտական հետազոտությունների լույսի ներքո

Աղվանքում քրիստոնեության ծագման մասին գրավոր աղբյուրները կարելի է բաժանել երկու խմբի, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «Հայկական լեգենդ» և «Երուսաղեմյան լեգենդ»։ «Հայկական լեգենդի» համաձայն՝ Աղվանքում քրիստոնեության պաշտոնական տարածումը տեղի է ունեցել Հայաստանում քրիստոնեության տարածման հետ գրեթե միաժամանակ՝ Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ։ Ուստի դավանաբանական և վարչական առումներով Աղվանից եկեղեցին գտնվել է Հայ եկեղեցու ազդեցության տակ։ Ըստ «Երուսաղեմյան լեգենդի»՝ հայկական ավանդությունը ներկայացնում է Աղվանքում քրիստոնեության տարածման երկրորդ փուլը։ Առաջին ալիքը վերագրվում է Եղիշա առաքյալին, որը համարվում է Սբ. Թադեոսի աշակերտն ու Աղվանից եկեղեցու հիմնադիրը։ Արցախում վերջին տարիների հնագիտական ​​հետազոտությունները հայտնաբերել են արևելյան մուտքով մի շարք մասունքարան-դամբարաններ (Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ), որոնք թվագրվում են հինգերորդ դարի վերջով-վեցերորդ դարի սկզբով։ Այս հատկանիշի վերլուծությունը (համապատասխան հնագիտական ​​նյութի, Տիգրանակերտի վաղքրիստոնեական սրբազան տեղագրության ներառմամբ) և Աղվանից թագավոր Վաչագան Բարեպաշտի բարեփոխումների մասին Կաղանկատվացու տեղեկությունների համադիր քննությունը թույլ է տալիս առաջ քաշել այն վարկածը, որ «Երուսաղեմյան լեգենդի» հիմքում ընկած է Վաչագանի քաղաքական նախաձեռնությունը՝ առանձնացնել իր թագավորության եկեղեցին Հայ եկեղեցուց։ Մանրամասն՝ https://monumentwatch.org/wp-content/uploads/2024/04/Петросян-Г.-О-характере-и-времени-институционализации-албанской-церкви-в-свете-новых-археологических-исследований-в-Арцахе.pdf 

Արցախի մշակութային ժառանգության թիրախավորումն ադրբեջանական մեդիահարթակներում

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմը սկսեց շատ ագրեսիվ քարոզչություն իրականացնել՝ ուղղված Արցախի պատմամշակութային ժառանգության յուրացմանը, այն խեղաթյուրելուն և հատկապես Հայաստանի դեմ քարոզչությանը։ Ադրբեջանական կողմի քարոզչության մակարդակը հասկանալու համար հատկապես կարևոր է ադրբեջանական բոլոր տեսակի լրատվական միջոցների, ԶԼՄ-ների և սոցիալական էջերի մոնիթորինգը։ Այս ամենը միասին հսկայական տվյալներ է տալիս քարոզչության մեթոդների մասին, որոնք ուղղված են Արցախի մշակութային ժառանգության յուրացմանը։ Հոդվածը նվիրված է Արցախի մշակութային ժառանգության դեմ քարոզչության խնդիրներին, դրա մեթոդներին և հիմնական թեզերին։ Մանրամասն՝ R.Hovsepyan_AGV_Artsakh_2023.pdf (monumentwatch.org):      

Արցախի-Ուտիքի կարասային թաղումների մշակույթը հայ-աղվանական փոխհարաբերությունների համատեքստում

Կարասային թաղումների մշակույթը անտիկ շրջանում ընդգրկել է Մերձավոր Արևելքի, Միջերկրական ծովի և Փոքր Ասիայի զգալի մասը, ներառելով նաև Հայկական Լեռնաշխարհն ու Անդրկովկասը՝ ընդհուպ մինչև Կուր գետը: Արցախում և Ուտիքում անտիկ շրջանի կարասային թաղումները ամենատարածված և հնագիտորեն բավականին փաստագրված թաղման ձևն են, որոնք անտիկ թաղման կառույցների բազմազանութ­յան մեջ (հիմնահողային, քարարկղային, սալարկղային և այլն) գերիշխող են դարձել հատկապես մ. թ. ա. առաջին դարի վերջին և մ. թ. առաջին դարերում: Ուտիքի կարասային թաղումները (Մինգեչաուր, Գալաթեփե, Գարաքոբար և այլն) ուսումնասիրվել են ադրբեջանցի հնագետ­ների կողմից  և ներկայացվել իբրև Կուրի աջափնյակում տարածված և կարասային թաղումների մշակույթից տարբեր Յալոյլու-թեփեի մշակույթին (խիստ կծկված կմախքով և յուրօրինակ խեցեղենով հիմնահողային թաղումներ) համաժամանակյա, աղվանական տարբեր ցեղերին բնորոշ մշակույթ: Արցախի Տիգրանակերտի, ինչպես նաև տարածաշրջանի այլ բնակավայրերից (Մարտակերտ, Ճանկաթաղ, Հաթերք) պեղումներով և պատահական հայտնաբերված կարասային թաղումների ծեսի և գույքի քննությունը թույլ է տալիս ավելի ընդարձակելու Յալոյլու-թեփեի և կարասային թաղումների մշակույթների էական տարբերությունները, որն իր հերթին Կուր գետը անտիկ շրջանում էթնիկական սահման ծառայելու մասին հայեցակարգի մի նոր փաստարկ է: Մանրամասն՝ monumentwatch.org/wp-content/uploads/2024/02/A.Gabrielyan_AGV_Artsakh_2023.pdf:      

Միջնադարյան Շուշին ըստ հնագիտական հետազոտությունների

Շուշիի հին պատմության, հիմնադրման, կառուցապատման, նրա առանձին  հուշարձանների էթնիկ պատկանելության խնդիրները մեկ անգամ չէ, որ հայտնվել են Ադրբեջանի զավթողական նկրտումների «հիմնավորումների» ցանկում։ Տասնամյակներ շարունակ Արդրբեջանի կառավարությունն ու մտավորականությունն իրենց ժողվրդին քարոզել են մի առասպել, ըստ որի Շուշին ծագել և գոյատևել է որպես ադրբեջանական քաղաք և ադրբեջանական մշակույթի բնօրրան։