Ադրբեջանի առաջին արձագանքը միջազգային ակադեմիական խմբի հրատարակած «Կովկասյան Աղվանք» գրքին

Ադրբեջանի Հանրապետության Ա. Բաքիխանովի անվան Պատմության ինստիտուտը 2023 թվականի հունիսի 12-ին արձագանքել է սույն թվականի հունիսին գերմանական հայտնի «Դե գրույտեր» գիտական հրատարակչության լույս ընծայած Կովկասյան Աղվանքի պատմության և մշակույթի տարբեր հարցերին նվիրված մեծածավալ աշխատանքին, (https://www.degruyter.com/document/doi/10.1515/9783110794687/html):

Ադրբեջանի պատմության ինստիտուտի հայտարարության մեջ նշվում է, որ աշխատանքը խեղաթյուրում է Կովկասյան Աղվանքի պատմությունը և հանդես է գալիս հակաադրբեջանական քարոզչության ծիրում (http://tarixinstitutu.az/site/annoucements/488): Ըստ ադրբեջանական կողմի «ինչ-որ ուժեր փորձում են քաղաքական նպատակներով օգտագործել Կովկասյան Աղվանքի հարցը» (https://azertag.az/xeber/Tarix_Institutu_Almaniya_nesriyyati_Qafqaz_Albaniyasinin_tarixini_tehrif_edib-2657129?fbclid=IwAR3Xue8uVDrPabnD0zc2BKmZ0XqTpy0b9ZWEv3lbctaHlr0jqJM2GMik8a4):

Նշենք, որ դեռ անցած դարի 50-ական թվականներից սկսած ադրբեջանական գիտական հանրույթը լայնորեն սկսեց զբաղվել Կովկասյան Աղվանքի  պատմության և մշակույթի հարցերով: Սակայն, ցավոք, ադրբեջանական կողմի հետազոտական աշխատանքները միտված էին յուրացնելու և կեղծելու Կովկասյան Աղվանքի պատմությունը և մշակույթը՝ բացառելով ցանկացած կապ հայկական մշակույթի և պատմության հետ, խեղաթյուրելով պատմական աղբյուրների տվյալները, մեկնաբանելով ըստ սեփական հայեցողության: Ավելին, նպատակ դնելով բռնայուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, այն ամբողջության հայտարարվեց աղվանական, ձևավորվեցին տարատեսակ տեսություններ, աղվանական հայտարարվեց անգամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ողջ մշակութային ժառանգությունը:

Կովկասյան Աղվանքի պատմության և մշակույթի ուսումնասիրությունը բավականին բարդ է, քանի որ այն բազմազան է, փոխկապակցված է տարածաշրջանի մշակութային և քաղաքական ազդակներին, ինչի մասին վկայում են հայկական, վրացական, պարսկական, արաբական և այլ աղբյուրները և այդ բոլորի մեկնաբանությունը և հետազոտությունը միայն մեկ նպատակով, այն է՝ ներկայացնել այդ ժառանգությունը որպես զուտ ադրբեջանական ակնհայտորեն կրում են ոչ անաչառ, ոչ ակադեմիական բնույթ: Միայն այն փաստը, որ ադրբեջանական կողմը մերժում է ցանկացած կապ, փոխկապակցությունը հայկական մշակութային միջավայրի հետ արդեն ցույց է տալիս Ադրբեջանի ակադեմիական հանրույթի կանխակալ լինելը: