Ադրբեջանի պահանջով Google-ն իր քարտեզներից կարող է հեռացնել Արցախի հայկական տեղանունները

Հունվարի 11-ին «Կովկասի լուրեր» լրատվական կայքը հրապարակեց մի հոդված, որտեղ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի տիեզերական գործակալության` «Ազերկոսմոս»-ի («Azercosmos»), խորհրդի նախագահ Սամեդդին Ասադովի հավաստմամբ Google-ը կարող է իրենց քարտեզներից հեռացնել հայերեն լեզվով «ադրբեջանական» տեղանուններ։  Նա նաև վստահություն է հայտնել, որ  հետագայում Google-ի քարտեզներում «ադրբեջանական քաղաքների և գյուղերի»  հայերեն անվանումները կարող են ամբողջությամբ հանվել https://vestikavkaza.ru/news/azerkosmos-google-mozet-udalit-azerbajdzanskie-toponimy-na-armanskom-azyke-so-svoih-kart.html?utm_source=cp# ։

Մեկ այլ լրատվական՝ Haqqin.az կայքը, նշում է, որ  Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից էլեկտրոնային անվտանգության կենտրոնը Google-ի հետ բանակցություններ է վարում  Արցախի քաղաքների և գյուղերի, ինչպես նաև համայնքների  տեղանուններն  ընկերության որոնողական համակարգի քարտեզներում ադրբեջաներեն լեզվով  ներկայացնելու  համար https://haqqin.az/news/231334։ Ասադովի պնդմամբ հիշյալ համագործակցության արդյունքում արդեն իսկ մի շարք տեղանուններ փոխվել են և միջազգային աշխարհագրական էլեկտրոնային քարտեզում ներկայացվել ադրբեջանական անվանումներով։ Բացի այս ամենը, ադրբեջանական կիբերանվտանգության կենտրոնը նույնպես սերտ կապի մեջ է Google-ի հետ և նրանց փոխհամաձայնության արդյունքում արդեն իսկ հասել են հաջողության։ Ասադովն ընդգծել է, որ Google-ի քարտեզներում ադրբեջանական նոր անվանումների ավելացումն իրենց ջանքերի շնորհիվ է։

Հավելելնք, որ պաշտոնական Բաքուն այս հարցը մշտապես պահել է իր օրակարգում և դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևայի հաղորդմամբ https://ria.ru/20211223/karabakh-1765050913.html  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով դիմել էր  Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղում գտնվող տարածքների հայկական անվանումներից՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի ներկայացրած  համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը։

Արդեն 2022 թվականի հունվար ամսին Արցախի ՄԻՊ–ի աշխատակազմը հայտնում է, որ  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ևս նամակ է հղել Google ընկերությանը՝ կոչ անելով չհեռացնել հայկական աշխարհագրական անվանումները թվային քարտեզներից և չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։  Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի կողմից քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձը Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու` ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումն է։

Պաշտպանը նամակում ներկայացրել է նաև միջազգային իրավունքի կարգավորումները, որոնցով ամրագրված  են ժողովուրդների՝ իրենց տեղանունները ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդների ժառանգելու իրավունքը։ https://armeniasputnik.am/20220110/arcakhi-hajkakan-teghanunnery-qartezneric-haneluc-petq-e-zerts-mnal-stepanjany-googlein-37353222.html

Հիշեցնենք, որ այժմ  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի քաղաքների և շրջանների անունները Google Maps հավելվածում նշված են ադրբեջաներեն և հայերեն տարբերակներով:

 Մեր արձագանքը

Մշակութային եղեռնը միայն բնաջնջելը չէ, այն նաև իրական պատմությունն ու ավանդույթը կեղծելն է, փաստերն անտեսելը, հիշողությունը խաթարելը, կեղծ օրակարգեր ստեղծելը։  Ադրբեջանի կողմից Արցախի հայկական տեղանուններն ադրբեջանական անուններով փոխելու պահանջը մշակութային ժառանգության բռնյուրացման հերթական դեպքն է, որը խախտում է Արցախի ժողովրդի ոչ նյութական արժեքները, քանի որ միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների և  համայնքների ոչ նյութական ժառանգություն։ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածում մասնավորապես նշվում է, որ  «Ոչ նյութական մշակութային ժառանգություն»-ը ներառում է սովորույթները, բեմադրությունները, արտահայտությունները, գիտելիքներն ու հմտությունը, ինչպես նաև դրանց հետ կապված գործիքները, առարկաները, արվեստի գործերը և մշակութային տարածքները, որոնք համայնքների, խմբերի և, որոշ դեպքերում, անհատների կողմից ճանաչվում են որպես իրենց մշակութային ժառանգության մաս։ Իսկ կոնվենցիայի 16-24-երորդ հոդվածներով հորդորում է ապահովել այդպիսի ժառանգության միջազգային պաշտպանությունը https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31391։ Բացի դա,  ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:  Իսկ մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻԿՕՄՈՍ-ի և այլ փաստաթղթեր արգելում  են  ժառանգության ձևի, տարրերի, գործառույթի, արտաքին և ներքին բնույթի  ցանկացած փոփոխություն, որոնք խաթարում են ժառանգության պահպանության իսկության, ամբողջականության, մշակութային կարևորության և բացառիկության միջազգային հիմնարար սկզբունքները։ որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: