Երևանի մահմեդական դամբարանի մասին
Ադրբեջանցի հնագետ Սաբուհի Հուսեյնովը վերջերս իր Facebook-յան էջում մի քանի գրառումներով անդրադարձել է դեռևս 2001 թվականին Երևանի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերված մահմեդական դամբարանին (նկ. 1, 2), որի պեղումները նույն թվականին իրականացրել է հնագետ Հուսիկ Մելքոնյանը, իսկ չափագրումը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Սաբուհի Հուսեյնովը, ծավալուն անդրադարձ կատարելով դամբարանին, անցնում է իր սիրած հակահայ մտավարժանքներին՝ թե իբր հայ հնագետները, հետազոտողները դամբարանի հայտնաբերումից հետո թաքցրել են նրա գոյությունը գիտական հանրույթից և նույնիսկ հայ հասարակությունից: Ադրբեջանցի հնագետը դամբարանը փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական մշակույթին բնորոշ տարր և դրանով է բացատրում, որ հայ գիտական միտքը հատուկ է այն թաքցրել, իսկ որոշ դեպքերում էլ այն ներկայացրել է որպես մոնղոլական՝ ոչ ցանկալի իրականությունը թաքցնելու համար: Մեկ այլ գրառման մեջ նա նշում է, որ անգամ չկան գիտական հրապարակումներ այս դամբարանի մասին և նա պատահական է իմացել նրա մասին դեռևս 2001 թվականին նկարահանված լրատվական տեսանյութից, որն էլ նա հղում է:
https://www.facebook.com/huseynov.sabuhi/posts/pfbid0oYABTphoGo8JeJuVpXUykX3kVv14v4z8qWLavtJtQJaZYaxyMLS8gGzGL6Qj7B6nl https://www.facebook.com/huseynov.sabuhi/posts/pfbid0oqrKUeyHfafzTxdjakZxaFXHhjoZRzovgmVGmCjFE1LTRDTwPtMnSHhJofmZsJpMl :
Պեղված դամբարանի վրայի հայերեն և արաբերեն արձանագրությունների միասին լինելը նա ներկայացնում է որպես հայկական կողմի բացահայտ խարդախություն և իրականության խեղաթյուրում: Հուսեյնովը նաև նշում է, որ հայերը հատուկ թաքցված և իբր ադրբեջանցիների համար սրբավայր հանդիսացող շինության ավերակների վրա գիշերային ակումբ են կառուցել:՞
Չանդրադառնալով ադրբեջանցի հնագետի նման անհեթեթ հայտարարություններին՝ հիշեցնենք, որ դամբարանը հայտնաբերվել է արդեն գոյություն ունեցող և գործող ակումբի նկուղային հարկում իրականացվելիք շինարարական աշխատանքների ժամանակ։ Աշխատանքները կանգեցվել են և իրականացվել են պեղումներ: Պեղումները իրականացրած հնագետ Հուսիկ Մելքոնյանը գիտական հոդվածներով անդրադարձել է այս դամբարանին: Երևանի մահմեդական դամբարանին անդրադարձել են, նկարագրել նաև այլ հայ հետազոտողներ (մանրամասն տես՝ Քալանթարյան Ա., Մելքոնյան Հ., Հնագիտական աշխատանքները Հայաստանում 1990-2003 , Երևան, 2005, էջ 121-122, Մելքոնյան Հ., Նորահայտ դամբարան Երևանի կենտրոնում, ‹‹Հայ արվեստ››, 2002, հ.1, էջ 23, Քորթոշյան Ր., Խաչեն-Դարբատլիի դամբարանի արաբերեն արձանագրությունը, ‹‹Վարձք›, 2020, հ.14, էջ 39, Հարությունյան Ա., Հին Երևանի եպիսկոպոսանիստ եկեղեցին, Սուրբ Էջմիածին, 2021, էջ 39-42):
Ինչպես օրինակ, ճարտարապետ Լ. Բրետանիցկին, ով առավել մանրամասն նկարագրել է Խաչենի մահմեդական դամբարանը (նկ. 3), ակնհայտ նմանություններ է տեսել այս դամբարանի և Եղվարդում գտնվող եկեղեցի-դամբարանի միջև (նկ. 4, Бретаницкий, 1961, 228, 232): 1301 թվականին կառուցված Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցի-դամբարանի ճարտարապետն է Շահիկ վարդպետը, ինչի մասին է վկայում լուսամուտներից մեկի խոյակի վրայի արձանագրությունը (նկ. 5)՝ ‹‹Վ[ար]դ[պետ] Շահիկ›› (Յովսեփեան 1921-1922, 184): Խաչենի դամբարանի վերգետնյա մասը հիշեցնում է եկեղեցու գմբեթ, իսկ Խաչենի դամբարանի հարդարանքի, ճարտարապետության բազմաթիվ տարրեր ուղղակի իրենց զուգահեռներն ունեն Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցում: Վարդպետ Շահիկը հիշատակված է Խաչենի դամբարանի արաբերեն արձանագրության մեջ (վարդպետ Շահիկի մասին տես՝ https://monumentwatch.org/hy/facts_and_details/%d5%b1%d5%a5%d5%bc%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%be%d5%a1%d6%80%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%ab%d5%af-14-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%af/, Խաչենի դամբարանի, Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցու միջև առկա նմանությունների, զուգահեռների մասին ավելի մանրամասն տես՝ https://monumentwatch.org/hy/monument/%d5%ad%d5%a1%d5%b9%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a5%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8/ )։
Շահիկ վարդպետի կողմից է կառուցվել նաև Երևանի կենտրոնում գտնվող այս դամբարանը, որը, ինչպես և Խաչենի դամբարանը, ունի խաչաձև հատակագիծ, ստալակտիտային թաղերով պսակված խաչթևեր (նկ. 6, 7): Երևանի դամբարանի մուտքի վերևում փորագրված է հայերեն և արաբերեն արձանագրությունը: Հայերենը՝ ‹‹Շահ[ի]կ վ[ար]դ[պետ] :ՉԿԸ: (1319 թ.)››, իսկ արաբերենը՝ ‹‹Ղմաուսի որդի Քալ Մուշա, թվին (հիջրի) 720 (1320/1321)››: Հետազոտող Ր. Քորթոշյանը, ով հանգամանալից անդրադարձել է Խաչենի դամբարանի արաբերեն արձանագրությանը, կարծում է, որ արձանագրության մեջ հիշատակված պատվիրատուն Երևանի մահմեդական դամբարանի պատվիրատու Մուշայի որդին է (Քորթոշյան 2020, 39):
Դամբարանի գոյությունը գաղտնիք չէ նաև հասարակության համար, այն երբեք չի թաքցվել, տարբեր հայ հետազոտողներ իրենց հարցազրույցներում, սոցիալական ցանցերի գրառումներում անդրադարձել են այս հուշարձանին:
Հայ գիտական միտքը երբեք չի թաքցրել կամ մերժել հայկական մշակույթի ունեցած առնչությունները հարևան ժողովուրդների ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական և այլ մշակույթների հետ։ Այդ փոխառնչությունների արդյունքում դրանցից յուրաքանչյուրը յուրացրել է նոր հատկանիշներ, հարստացել է նոր ձեռքբերումներով։ Երևանի, Խաչենի և Վանոցայի մահմեդական դամբարանները և այլ հուշարձաններ ասվածի լավագույն վկայությունն են:
Գրականության ցանկ
- Քալանթարյան Ա., Մելքոնյան Հ., Հնագիտական աշխատանքները Հայաստանում 1990-2003, Երևան, 2005։
- Մելքոնյան Հ., Նորահայտ դամբարան Երևանի կենտրոնում, ‹‹Հայ արվեստ››, 2002, հ. 1։
- Քորթոշյան Ր. Խաչեն-Դարբատլիի դամբարանի արաբերեն արձանագրությունը, ‹‹Վարձք›, 2020, հ. 14։
- Հարությունյան Ա., Հին Երևանի եպիսկոպոսանիստ եկեղեցին, Սուրբ Էջմիածին, 2021։
- Յովսեփեան Գ., Ազիզբէկենք եւ նրանց շինարարական գործը, Բանբեր Հայաստանի Գիտական ինստիտուտի, գիրք Ա եւ Բ, Երևան, 1921-1922։
- Бретаницкий Л., Крупкин Э., Мамиконов Л., Мавзолей в сел. Хачен-Дорбатлы, Советская археология, 1961, N 4․