Երևանի մահմեդական դամբարանի մասին

Ադրբեջանցի հնագետ Սաբուհի Հուսեյնովը վերջերս իր Facebook-յան էջում մի քանի գրառումներով անդրադարձել է դեռևս 2001 թվականին Երևանի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերված մահմեդական դամբարանին (նկ. 1, 2), որի պեղումները նույն թվականին իրականացրել է հնագետ Հուսիկ Մելքոնյանը, իսկ չափագրումը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Սաբուհի Հուսեյնովը, ծավալուն անդրադարձ կատարելով դամբարանին, անցնում է իր սիրած հակահայ մտավարժանքներին՝ թե իբր հայ հնագետները, հետազոտողները դամբարանի հայտնաբերումից հետո թաքցրել են նրա գոյությունը գիտական հանրույթից և նույնիսկ հայ հասարակությունից: Ադրբեջանցի հնագետը դամբարանը փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական մշակույթին բնորոշ տարր և դրանով է բացատրում, որ հայ գիտական միտքը հատուկ է այն թաքցրել, իսկ որոշ դեպքերում էլ այն ներկայացրել է որպես մոնղոլական՝ ոչ ցանկալի իրականությունը թաքցնելու համար: Մեկ այլ գրառման մեջ նա նշում է, որ անգամ չկան գիտական հրապարակումներ այս դամբարանի մասին և նա պատահական է իմացել նրա մասին դեռևս 2001 թվականին նկարահանված լրատվական տեսանյութից, որն էլ նա հղում է:

 https://www.facebook.com/huseynov.sabuhi/posts/pfbid0oYABTphoGo8JeJuVpXUykX3kVv14v4z8qWLavtJtQJaZYaxyMLS8gGzGL6Qj7B6nl https://www.facebook.com/huseynov.sabuhi/posts/pfbid0oqrKUeyHfafzTxdjakZxaFXHhjoZRzovgmVGmCjFE1LTRDTwPtMnSHhJofmZsJpMl :

Պեղված դամբարանի վրայի հայերեն և արաբերեն արձանագրությունների միասին լինելը նա ներկայացնում է որպես հայկական կողմի բացահայտ խարդախություն և իրականության խեղաթյուրում: Հուսեյնովը նաև նշում է, որ հայերը հատուկ թաքցված և իբր ադրբեջանցիների համար սրբավայր հանդիսացող շինության ավերակների վրա գիշերային ակումբ են կառուցել:՞

Չանդրադառնալով ադրբեջանցի հնագետի նման անհեթեթ հայտարարություններին՝ հիշեցնենք, որ դամբարանը հայտնաբերվել է արդեն գոյություն ունեցող և գործող ակումբի նկուղային հարկում իրականացվելիք շինարարական աշխատանքների ժամանակ։ Աշխատանքները կանգեցվել են և իրականացվել են պեղումներ: Պեղումները իրականացրած հնագետ Հուսիկ Մելքոնյանը գիտական հոդվածներով անդրադարձել է այս դամբարանին: Երևանի մահմեդական դամբարանին անդրադարձել են, նկարագրել նաև այլ հայ հետազոտողներ (մանրամասն տես՝ Քալանթարյան Ա., Մելքոնյան Հ., Հնագիտական աշխատանքները Հայաստանում 1990-2003 , Երևան, 2005, էջ 121-122, Մելքոնյան Հ., Նորահայտ դամբարան Երևանի կենտրոնում, ‹‹Հայ արվեստ››, 2002, հ.1, էջ 23, Քորթոշյան Ր.,  Խաչեն-Դարբատլիի դամբարանի արաբերեն արձանագրությունը, ‹‹Վարձք›, 2020, հ.14, էջ 39, Հարությունյան Ա., Հին Երևանի եպիսկոպոսանիստ եկեղեցին, Սուրբ Էջմիածին, 2021, էջ 39-42):

Ինչպես օրինակ, ճարտարապետ Լ. Բրետանիցկին, ով առավել մանրամասն նկարագրել է Խաչենի մահմեդական դամբարանը (նկ. 3), ակնհայտ նմանություններ է տեսել այս դամբարանի և Եղվարդում գտնվող եկեղեցի-դամբարանի միջև (նկ. 4, Бретаницкий, 1961, 228, 232): 1301 թվականին կառուցված Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցի-դամբարանի ճարտարապետն է Շահիկ վարդպետը, ինչի մասին է վկայում լուսամուտներից մեկի խոյակի վրայի արձանագրությունը (նկ. 5)՝ ‹‹Վ[ար]դ[պետ] Շահիկ›› (Յովսեփեան 1921-1922, 184): Խաչենի դամբարանի վերգետնյա մասը հիշեցնում է եկեղեցու գմբեթ, իսկ Խաչենի դամբարանի հարդարանքի, ճարտարապետության բազմաթիվ տարրեր ուղղակի իրենց զուգահեռներն ունեն Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցում: Վարդպետ Շահիկը հիշատակված է Խաչենի դամբարանի արաբերեն արձանագրության մեջ (վարդպետ Շահիկի մասին տես՝  https://monumentwatch.org/hy/facts_and_details/%d5%b1%d5%a5%d5%bc%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%be%d5%a1%d6%80%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%ab%d5%af-14-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%af/, Խաչենի դամբարանի, Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցու միջև առկա նմանությունների, զուգահեռների մասին ավելի մանրամասն տես՝ https://monumentwatch.org/hy/monument/%d5%ad%d5%a1%d5%b9%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a5%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8/

Շահիկ վարդպետի կողմից է կառուցվել նաև Երևանի կենտրոնում գտնվող այս դամբարանը, որը, ինչպես և Խաչենի դամբարանը, ունի խաչաձև հատակագիծ, ստալակտիտային թաղերով պսակված խաչթևեր (նկ. 6, 7): Երևանի դամբարանի մուտքի վերևում փորագրված է հայերեն և արաբերեն արձանագրությունը: Հայերենը՝ ‹‹Շահ[ի]կ վ[ար]դ[պետ] :ՉԿԸ: (1319 թ.)››, իսկ արաբերենը՝ ‹‹Ղմաուսի որդի Քալ Մուշա, թվին (հիջրի) 720 (1320/1321)››: Հետազոտող Ր. Քորթոշյանը, ով հանգամանալից անդրադարձել է Խաչենի դամբարանի արաբերեն արձանագրությանը, կարծում է, որ արձանագրության մեջ հիշատակված պատվիրատուն Երևանի մահմեդական դամբարանի պատվիրատու Մուշայի որդին է (Քորթոշյան 2020, 39):

Դամբարանի գոյությունը գաղտնիք չէ նաև հասարակության համար, այն երբեք չի թաքցվել, տարբեր հայ հետազոտողներ իրենց հարցազրույցներում, սոցիալական ցանցերի գրառումներում անդրադարձել են այս հուշարձանին:

Հայ գիտական միտքը երբեք չի թաքցրել կամ մերժել հայկական մշակույթի ունեցած առնչությունները հարևան ժողովուրդների ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական և այլ մշակույթների հետ։  Այդ փոխառնչությունների   արդյունքում դրանցից յուրաքանչյուրը յուրացրել է նոր  հատկանիշներ, հարստացել է նոր ձեռքբերումներով։  Երևանի, Խաչենի և Վանոցայի մահմեդական դամբարանները և այլ հուշարձաններ ասվածի լավագույն վկայությունն են:

Գրականության ցանկ

  1. Քալանթարյան Ա., Մելքոնյան Հ., Հնագիտական աշխատանքները Հայաստանում 1990-2003, Երևան, 2005։
  2. Մելքոնյան Հ., Նորահայտ դամբարան Երևանի կենտրոնում, ‹‹Հայ արվեստ››, 2002, հ. 1։
  3. Քորթոշյան Ր. Խաչեն-Դարբատլիի դամբարանի արաբերեն արձանագրությունը, ‹‹Վարձք›, 2020, հ. 14։
  4. Հարությունյան Ա., Հին Երևանի եպիսկոպոսանիստ եկեղեցին, Սուրբ Էջմիածին, 2021։
  5. Յովսեփեան Գ., Ազիզբէկենք եւ նրանց շինարարական գործը, Բանբեր Հայաստանի Գիտական ինստիտուտի, գիրք Ա եւ Բ, Երևան, 1921-1922։
  6. Бретаницкий Л., Крупкин Э., Мамиконов Л., Мавзолей в сел. Хачен-Дорбатлы, Советская археология, 1961, N 4․