Հադրութի ազատամարտիկների հուշարձանի ավերումը

Սույն թվականի հունիս 23-ին համացանցի տելեգրամյան հարթակում Карабахский Вестник անունով օգտատիրոջ կողմից տեղադրվել է մի հրապարակում, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցիներն ավերել են Արցախյան պատերազմում Հադրութի շրջանում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանը https://t.me/iravan1747/5880։ Հրապարակման մեջ նշվում է, որ անօրինական է Ադրբեջանին մեղադրել նացիստական ​​հուշարձանի քանդման մեջ, որն ապօրինի կերպով հայ օկուպանտները տեղադրել են Ադրբեջանի տարածքում: Բացի դա, տելեգրամյան ալիքում նույն օրը տեղադրվել է նաև ադրբեջանական մշակութային վանդալիզմը փաստող տեսանյութ https://t.me/ararathau/8781?single։

Համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ ադրբեջանական զինյալները կրակ էին բացել հուշարձանի ուղղությամբ։ Տեսանյութը՝  Ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ է արձակել Հադրութի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ (1lurer.am):

Այս առիթով հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Բացի դա, ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը «Անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ նրանից կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Այստեղ հստակ ընդգծվում է, որ «մշակութային արժեքը» կախված չէ դրա ծագման փաստի հետ, կապված չէ ժամանակային որևէ սահմանափակման հետ, բնույթի և ձևի հետ, բայց այն, ինչ հստակ է, դա այն է, որ այդ ժառանգության արժեքը որոշում է տվյալ ժողովուրդը, այս դեպքում արցախահայությունը։ Եվ անկախ նրանից, թե ինչ տեսք այն ունի, կամ ինչ զգացողություններ է առաջացնում թշնամու մոտ, պետք է պահպանվի։

Կոնվենցիայի 4-րդ հոդվածը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների դեմ ուղղված թշնամական, վանդալիզմի, կողոպուտի, վնասի և ոչնչացման որևէ գործողություն։