Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերումը

Ադրբեջանցիները քանդել են Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը տեղադրվել է արցախյան առաջին պատերազմից հետո: Այն գտնվում էր Պռոշյան և Ղազանաչեցոց եկեղեցու փողոցների խաչմերուկից քիչ ներքև: Հուշարձանը նվիրված էր նաև Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին (նյութի աղբյուրը՝ https://t.me/togarma301/2072?fbclid=IwAR1pDL3hB9vbfeGf-Ixn-Zlu73d7t4ild9UkElPMW8nZYZm5Rn6ZntVrTq4):

Մշակութային ժառանգության ոչնչացում, ավերում։

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։