Որտեղի՞ց է ադրբեջանական պրոպագանդան վերցրել «հայերի հնեցրած խաչքարերի» նկարները. հերթական զեղծարարության շուրջ

2022 թվականի հուլիսի 22-ին ադրբեջանական ռուսալեզու  CBC TV Azerbaijan հեռուստաալիքով հեռարձակվեց ակնհայտ հակահայկական քարոզչական բնույթ ունեցող տեսահաղորդում, որի թեզերից մեկն այն է, թե իբր հայկական կողմը Ղարաբաղը հայացնելու, տեղի պատմությունը կեղծելու համար Քարվաճառի շրջանում ունեցել է հայկական խաչքարերի արտադրության և արհեստական հնեցման ինչ-որ արտադրամաս, որտեղ հայերը իբր զբաղվել են պատմության կեղծարարությամբ:

Ցավոք սրտի, անհեթեթ այս թեզը, որը 2021 թվականից սկսած փորձում էին առաջ քաշել առանձին անհատներ Ադրբեջանում, այդ թվում նաև իրենց արվեստաբաններ և պատմաբաններ համարողները, վերջերս սկսվեց ագրեսիվ կերպով քարոզվել պետական մակարդակով:

Սույն քարոզչության հիմնական անհիմն ու անիմաստ դրույթն այն է, որ 2020 թվականի նոյեմբեր ամսին «խաչքարերի արտադրության և հնեցման» մի արտադրամաս է հայտնաբերվել Քարվաճառի շրջանում: Ըստ ադրբեջանական կողմի՝ այս արտադրամասի «մոնիթորինգը» ցույց տվեց, որ հայ վարպետները քարերի վրա քանդակում էին հայերեն արձանագրություններ, խաչեր և զարդանախշեր, այնուհետև նման կիսապատրաստուկ-քարերը տեղադրում էին հատուկ լուծույթների, օրինակ՝ քացախի մեջ, հնեցնում քարերը և դրանց վրայի քանդակները։ Այնուհետև նման քարերը հայերը թաղում են հողում, որից հետո հրավիրում հնագետների, որոնք պեղումներից հետո այդ ամենը հանրությանը ներկայացնում էին որպես հին հայկական մասունքներ https://www.youtube.com/watch?v=nsOZmBfDcDk:

Զարմանալին ու զավեշտալին այն է, որ արտադրամասի առկայության որևէ փաստացի ապացույց չի ներկայացվում: Ի հակառակ դրան, որպես ապացույց են մատուցվում տարբեր դարերի հայտնի խաչքարերի պատկերներ, ինչպես օրինակ՝ Սևանավանք տանող աստիճանների մոտ գտնվող խաչքարերի ( 17-րդ դար, նկ. 1, 2), Կոթավանքի ( 16-17-րդ դարեր, նկ. 3, 4) շուրջ գտնվող խաչքարերի լուսանկարները։ Առանձին լրատվականների մոտ հանդիպում ենք անգամ Նորավանքում (1277 թվական, նկ. 5, 6), Գեղարդավանքում (13-րդ դար, նկ. 7-9), Օձունում (1258 թվական, նկ. 10, 11), Նորատուսում (13-րդ դար, նկ. 12, 13), Դադիվանքում (1181 թվական, նկ. 14, 15) գտնվող խաչքարերի լուսանկարների: Կոթավանքի պարագայում ադրբեջանական կողմը ներկայացնում է այն լուսանկարները, որտեղ երևում են խաչքարերի մոտ կանգնած շինարար վարպետներ իրենց աշխատանքային գործիքներով, ովքեր բարեկարգում են եկեղեցու շրջակայքը, ամրակայում հին խաչքարերը։ Հայերի «հանցագործության» քարվաճառյան որևէ  վայրի կամ պրոցեսի որևէ նկար բնականաբար չեք գտնի։ Ընդհանրապես հասկանալի չէ, թե հայերն ինչու պիտի զբաղվեն նոր խաչքարեր պատրաստելով և դրանց «հնեցմամբ» Քարվաճառի տարածքում, ուր 9-17-րդ դարերի խաչքարերի կարելի  է հանդիպել ամեն մի բարձունքի, վանքի, մատուռի, աղբյուրի, ճամփաբաժանի մոտ, եկեղեցական պատերի մեջ ներդրված (տե՛ս Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարածքներում, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 1999, էջ 8-124), և որոնց մասին հիշատակումները, նկարագրությունները կամ արձանագրությունները հրապարակվել են 19-րդ դարից սկսած։ Բավական էր, օրինակ, որևէ ադրբեջանցի «արվեստաբան, հնագետ կամ պատմաբան» բացեր Դիվան հայ վիմագրության 5-րդ հատորի Քարվաճառի բաժինը (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982, էջ 197-226) կամ Ս. Կարապետյանի վերը նշված գրքի ռուսերեն և անգլերեն հրատարակությունները (տե′ս Карапетян С., Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха: Территории бывшей АзССР сопредельные с Нагорно-Карабахской республикой, Изд-во "Гитутюн" НАН РА, Ереван, 2000, 240 с., Karapetyan S., Armenian cultural monuments in the region of Karabakh, "Gitutiun" publishing house of NAS RAA, Yerevan, 2001, 272 p. ), որպեսզի տեսներ այդ շրջանի խաչքարային արձանագրությունների տեքստերը՝ նախորդ հրատարակությունների հղումներով հանդերձ։ Այդ դեպքում գուցե սթափվեին և զերծ մնային գիտնականին անվայել և անպատեհ կեցվածքից և մասնագիտական տգիտությունից, որի վառ ապացույցն է Հայաստանի Հանրապետության տարածքի խաչքարերը որպես հայերի քարվաճառյան «ներդրում»ներկայացնելը։

Սույն հոդվածում վերը նշված հուշարձանները լուսաբանում ենք երկուական պատկերով, որպեսզի ակնհայտ լինի, թե ադրբեջանական կողմն ինչպիսի զեղծարարությամբ է զբաղվում:

Ուշագրավ է նաև վերը հիշատակված այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից ընտրված և որպես «ապացույց» ներկայացվող խաչքարերի մեծամասնությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ ոչ թե Արցախում:

Անհասկանալի է, թե ով է ակնհայտ զեղծարարության առաջնեկը։ Բայց հստակ է դրա վտանգավոր հեռանկարը. Արցախի օկուպացված տարածքներում գտնվող խաչքարերը, խաչային հորինվածքները, արձանագիր քարերը ներկայացնել որպես հայկական կեղծարարության արդյունք և հուշարձանների վերականգնման պատրվակի ներքո վերացնել դրանք: Արդբեջանական կողմի՝ Դադիվանքին նվիրված տեսահաղորդումներում բազմիցս ցուցադրվում են վանքի եկեղեցիների պատերին ագուցված խաչքարերը և ներկայացվում որպես հայկական կեղծարարության օրինակ https://www.youtube.com/watch?v=yUT2puydTNI, https://www.youtube.com/watch?v=_p5wBOqC-SI:

Մեր արձագանքը

Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» կոնվենցիայի,  մշակութային ժառանգության պահպանում նշանակում է ժառանգության կենսունակության ապահովում։  Պահպանել ժառանգությունը, նշանակում է  ապահովել դրա անձեռնմխելիությունը և ամբողջականությունը, որի մաս է կազմում նաև համայնքը, ապահովել ժառանգության իսկության, կարևորության, ամբողջականության, բացառիկության չափանիշները։  Այս սկզբունքները բխում են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայից, ԻԿՕՄՕՍ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: