Վարշավայում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում Արցախի պատմական հայկական եկեղեցիները ներկայացվում են որպես աղվանական

Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնը, Հեյդար Ալիևի հիմնադրամը և Լեհաստանում Ադրբեջանի դեսպանությունը Վարշավայում բացել են «Ադրբեջանի քրիստոենական բազմազան պատմության բացահայտումը» վերտառությամբ ցուցահանդեսը: Ու կրկին հայկական պատմական քրիստոնեական եկեղեցիները ներկայացվում են որպես «Ղարաբաղի աղվանական քրիստոնեական տաճարներ»։ Ցուցահանդեսը նվիրված է Ադրբեջանի անկախության տոնին, իսկ պաշտոնական հյուրերի շարքում են Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացացուցիչները, Վարշավայում բազմամշակութայնության համայնքի անդամներ,   ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը, որը բացվել է մայիսի 25-ին և տևելու է երկու շաբաթ, նպատակ ունի էլ ավելի ընդլայնել հայկականության կեղծման գլոբալ արշավը։ Ցուցահանդեսի գլխավոր առանցքը հայկական պատմական Դադիվանքը (որտեղ շուրջ 200 հայկական բացառիկ արձանագրություններ կան), 5-րդ դարով թվագրվող  Ամարասը, Գանձասարը իր եզակի քանդակներով,  խաչքարերով ու արձանագրություններով, Ծիծեռնավանքը և այլ եկեղեցիներ աղվանական ներկայացնելն է, զուգահեռ ցուցադրելով նաև «աղվանա-ուդիական» կրոնական փոքրամասնության ծեսերը՝ հայկական եկեղեցիներում։

Ադրբեջանի կեղծ բազմամշակութայնությանը նվիրված այս ծրագիրը, փաստորեն իրականացվում է աշխարհի բազմազանությունն ապահովող, դրա ինքնատիպ գույնը հանդիսացող Արցախի մշակույթի յուրացման, հերքման, ջնջման միջոցով։

Այս ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը, որով հայկական եկեղեցիներից խլում են հայկական ինքնությունը, պատմությունը, արձանագրությունները համարում են կեղծ, ջնջում  և մաքրում են պատմությունը, նոր չէ։ Բայց այն հատկապես ակտիվացել է 2020 թվականի պատերազմից հետո, երբ մենք ականատես եղանք հայկական եկեղեցիների պղծման, գործառույթի փոփոխման բազմաթիվ դեպքերի։

Արցախում հայկական եկեղեցիների աղվանացումն իրականացվում է  Ադրբեջանի կողմից իր տարածքում ապրող մոտ 2-3 հազար քրիստոնյա ուդիների ներգրավվածությամբ հայկական հոգևոր կառույցների պատկանելության ժխտման քաղաքականությանը։  Նման գործելակերպի հիմք է դարձվում ուդիների՝ կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդները լինելու հանգամանքը՝ դարձնելով նրանց այն «քաղաքական գործիքը», որով Ադրբեջանը փորձում է սեփականել Արցախի քրիստոնեական ժառանգությունը։

Նման հանցավոր գործելակերպի ակնառու օրինակներ են պատմական հայկական Դադիվանքի աղվանացումը Հադրութի Սուրբ Խաչ, Ծակուռիի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցիների ոչ հայկական հռչակումը և ուդիական համայնքի ներկայացուցիչների այցելությունների կազմակերպումը, որոնք  շարունակաբար պղծում են հայկական  եկեղեցու ծիսական քրիստոնեական ավանդույթը։  Ադրբեջանի կողմից աղվանական են նաև  հռչակվել  Մատաղիսի Սուրբ Եղիշե, Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիները։  «Աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը, և հակահայկական  ծեսեր անցկացրել։ Աղվանացման վտանգը չի շրջանցել նաև 1742 թվականի եզակի արձանագրություն կրող Կավաքավանքի հայկական եկեղեցուն։ Բոլորովին վերջերս աղվանացման անիվը թեքվեց նաև Գանձասարի վանական համալիրի ուղղությամբ՝ կեղծ համարելով արձանագիր խաչքարերը, շքամուտքերը և  արձանագրություններով հարուստ եկեղեցու ողջ տարածքը։  Բացի այդ, աղվանական է հռչակվել նաև 5-րդ դարի  Ամարասի վանքը։

Այս միտումը ոչ միայն  փորձում է քայքայել հայ ժողովրդի պատմական արմատներրը, այլև սահմանափակել տարածաշրջանում նրանց ապրելու, արարելու պատմական  իրավունքը։ Միջազգային  գիտնականների կողմից այս տեսությունը բազմիցս դատապարտվել է։ Ադամ Սմիթի կարծիքով  հայկական եկեղեցիները, ի մասնավորի՝ Դադիվանքը, չէին կարող հիմնված լինել Կովկասյան Ալբանիա կոչվող թագավորության կողմից, որն անկում է ապրել մոտավորապես 8-րդ դարում (Տե՛ս Khatchadourian L., Smith A., The US can help prevent the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh. Here’s how)։  Ինչպես նշում է Հ. Պետրոսյանը, Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմներից աթեիստական քարոզչությանը զուգահեռ քանդվում, ձևափոխվում, վերապրոֆիլավորվում էին հայկական ժառանգության արժեքները, ժառանգության հետազոտության հանրապետական մենաշնորհը պատկանում էր ադրբեջանական գիտական հանրույթին, որի հիմնական թեզը հայկական ողջ ժառանգությունն ադրբեջանական-աղվանական հռչակելն էր (Տե՛ս Պետրոսյան Հ., Մշակութային էթնոցիդն Արցախում (մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմը), «Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ», Շուշի, 2010, էջ 137-148)։

Մեր արձագանքը

Հոգևոր-մշակութային արժեքների պղծմամբ Ադրբեջանը վնասում է արցախահայերի հոգևոր կապն այդ արժեքների հետ, զրկում  պրակտիկաների, ծեսերի և աղոթքների կարևոր տարածքներից՝ խոչընդոտելով հատկապես ծիսական գործունեություն ծավալելու նրանց հետագա կարողությանը։ Նման գործողությունները խզում են ճշմարիտ  գիտելիքով սեփական պատմության հետ հաղորդակցումն ու խոչընդոտում սերունդներին  փոխանցելու կարողությունը՝ խաթարելով ինքնության հետ կապը:  Այս քաղաքականությամբ Ադրբեջանի կողմից կեղծվում է  ժառանգության իրական պատմությունը,  իսկությունը։

Հայկական ժառանգության յուրացման դեպքերով Ադրբեջանը խախտում է 2001 թվականի «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։ Պատմական եկեղեցիների յուրացման դեպքերը ակնհայտորեն ոտնահարում են 1966 թվականի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։

Նկ. 1 Ցուցահանդեսի պաշտոնական բացումը և հյուրերը:

Նկ. 2 Ցուցահանդեսում հայկական եկեղեցիները:

Նկ. 3 Հայկական եկեղեցիները ցուցահանդեսում: