Ադրբեջանը միջազգային հարթակներում շարունակում է հակահայ հռետորաբանությունը
Արբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ֆոնին միջազգային ամենատարբեր հարթակներում վերջերս ակտիվացել է ագրեսորի հակահայ հռետորաբանությունը։ Ի մասնավորի, 2022 թվականի սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» ընթացքում տեղի ունեցած «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովն իր զեկույցում մեղադրել է միջազգային հանրությանը «հայերի կողմից 30 տարի իրականացված էթնոմշակութային ցեղասպանությանը, ինչպես նաև հայերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում ավերված բազմաթիվ մզկիթների, պատմական հուշարձանների և մշակութային տարածքների ոչնչացմանը համապատասխան արձագանք չտալուն»։ Բացի այդ, նախարարն իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել է հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքներ՝ այնտեղ տեխնիկական առաքելություն իրականացնելու նպատակով։ https://www.youtube.com/watch?v=Qly-Tp8G9SA։ Հավելենք, որ համաժողովին ներկա էին շուրջ 160 երկրների մշակույթի նախարաներ և շուրջ 1500 հյուրեր ամբողջ աշխարհից:
Այս ելույթին հաջորդեց հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած Ադրբեջանի քաղաքաշինության ազգային ֆորումը, որը կրում էր «Կայուն զարգացման նպատակները և նոր քաղաքային օրակարգը. որպես հետկոնֆլիկտային շրջանում վերականգնման և վերակառուցման առաջատար ուժ» խորագիրը։ Ֆորումի ժամանակ միջազգային բազմաթիվ հյուրերի ներկայությամբ Անար Քերիմովը նշեց, որ «30 տարի շարունակ հայերի կողմից օկուպացված տարածքներում ոչնչացվել են ադրբեջանական մշակութային ժառանգության հուշարձանները, փոխվել դրանց ծագումը կամ անօրինական հնագիտական պեղումներ են իրականացվել, ինչը հակասում է միջազգային կոնվենցիաներին։ Այս տարածքները օկուպացիայից ազատագրելուց հետո այստեղ ավերակներ և վանդալիզմի գործողություններ են հայտնաբերվել»։ Նրա խոսքով, նույնիսկ օկուպացիայի ժամանակ արբանյակային պատկերների օգնությամբ Ադրբեջանի ձեռքում եղել են փաստեր հայկական կողմի վնասների մասին։ «Նախնական մշտադիտարկման ընթացքում պետական ռեգիստրում ընդգրկված 706 հուշարձանից ուսումնասիրվել է պատմության և մշակույթի 403 հուշարձան, 864 մշակութային հաստատություն։ Անար Քերիմովը հավելել է, որ մշտադիտարկման համար դժվարություններ ունեն, ինչը պայմանավորված է անապահով իրավիճակով։ https://www.trend.az/azerbaijan/politics/3653627.html
Նախարարը նշել է նաև, որ «Շուշայում վերականգնվում է երեք մզկիթ և երկու եկեղեցի, սա օրինակ է, որ Ադրբեջանը խտրականություն չի դնում մշակութային ժառանգության նկատմամբ, յուրաքանչյուր մշակութային ժառանգություն կարևոր և թանկ է Ադրբեջանի համար, քանի որ այն ոչ միայն Ադրբեջանի սեփականությունն է, այլև պատկանում է մարդկությանը։
Նախարարի խոսքով հաստատվել է օկուպացիայից ազատագրված տարածքների պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ճանապարհային քարտեզ, որը մշակվել է տեղական և արտասահմանյան փորձագետների հետ համատեղ: https://t.me/Caucasian_bureau/46359?fbclid=IwAR3naEmropu8VqvdMFpxdiu_LBbsR5w-kpnmkhdnLd3-AwWTg7aZzk4e0tw
Մեր արձագանքը
Թեև Ադրբեջանի մշակույթի նախարարը միջազգային հարթակներում խոսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաքելություն հրավիրելու պատրաստակամության մասին, բայց փաստ է, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում կոնֆլիկտի գոտում մշակութային ժառանգության պահպանության առաջնային մանդատ ունեցող վերազգային կազմակերպության ներկայացուցիչների այցը՝ հենց իրենց կողմից ավերված, ոչնչացված և վանդալիզմի ենթարկված հուշարձանները մշտադիտարկման ենթարկելու և ոչնչացումները փաստագրելու համար։ Դժվար չէ նկատել, որ փորձ է արվում միջազգային հանրությանը հավաստիացնել, որ Ադրբեջանը բազմամշակութային երկիր է, որտեղ վերականգնվում են նույնիսկ քրիստոնեական կառույցներ, բայց իրականության տիրույթում մենք բազմիցս ականատես ենք եղել հայկական եկեղեցիների անօրինական վերականգնումներին (Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Կանաչ ժամ ), որոնք խաթարել և շարունակում են խաթարել ժառանգության իսկությունն ու ամբողջականությունը, մեծ վնաս հասցնելով դրանք իրենց իրական ավանդույթով սերունդներին փոխանցելու բնական գործընթացին:
Հարկ է նշել, որ միջազգային կոնվենցիաները մատնացույց անող Ադրբեջանի պետությունը միջազգային լռության պայմաններում ամենաշատն է խախտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված կոնվենցիաներն ու միջազգային պայմանագրերը, որոնց անդամ է։