Թաղոտի աղբյուրը

Տեղադրությունը Գտնվում է Հադրութի շրջանի Թաղոտ գյուղի կենտրոնում (նկ. 1)։ Պատմական ակնարկ Աղբյուրը կառուցվել է 1738 թվականին, Սյունյաց աշխարհի Աղվերծ գյուղից սերող և 1719-ին Թաղոտում հաստատված խոջա Ղազարի նախաձեռնությամբ, իր, ինչպես նաև  իր մոր՝ Մարեանի և իրենց ննջեցյալ ազգականների հիշատակին, ինչի մասին և վկայում է շինարարական արձանագրությունը (նկ․ 2). «Այս է աղբուրս ղափանեցի/ եւ Աղվէրծու խօճայ Ղազարի/ն, որ եկ ի Դզաղ՝ Թաղօտ գեղն, Ռ/ՃԿԸ (1719) էր։ Շինեցի յիշատակ ննջ/եցելոց իմոց ազգականաց Ղազ/արին, մայր իւր՝ Մարեանին, սոքայ/ են աշխատաւորքն, թվ(ի)ն ՌՃՁԷ (1738)» (Աբրահամյան 2021, 60)։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Թաղակապ շինություն է, կառուցված է կրաքարով և կրաշաղախով։ Կամարը, պատերի անկյունաքարերը սրբատաշ են։ Նավը բացակայում է։ Ունի 2 մետր լայնություն, 2․1 մետր բարձրություն։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Աղբյուրը  վաղուց խափանված էր և չէր օգտագործվում, ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։ Գրականություն 1․ Աբրահամյան 2021 – Աբրահամյան Է․, Թաղոտ գյուղի պատմական հուշարձանները, Վարձք, թիվ 15, Երևան։ 2․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

Աղբյուր Թևոսանց

Տեղադրությունը Հուշարձանը գտնվում է Մարտունու շրջանի սահմանային Սոս գյուղի կենտրոնում՝ գլխավոր ճանապարհի եզրին ( նկ. 1)։ Պատմական ակնարկ Գյուղի ամենամեծ աղբյուրն է։ Պահպանված արձանագրության համաձայն այն կառուցվել է 1902 թվականին (նկ. 2):

Խանձաձորի Շենին աղբյուրը

Տեղադրությունը Շենին աղբյուրը (նկ․1) գտնվում է Խանձաձոր գյուղի հյուսիս-արևմտյան հատվածում՝ հին թաղամասում։ Պատմական ակնարկ Ըստ աղբյուրի՝ դիմահայաց պատին  պահպանված արձանագրության աղբյուրը կառուցվել է 1849 թվականին թաղլարեցի Գրիգոր Նազարյանցի կողմից. «Յիշատակ է աղ/բիւրս այս/ Մեծ՞ թաղլարեցի/ Գրիգոր Նազար/եանցին եւ իւր/ ծնողաց 1849 /ամի» (նկ․ 2): Ճարտարապետական – հորինվածքային քննություն Աղբյուրը կառուցված է տեղական սպիտակ կրաքարով և շաղախով։ Ստորին հատվածում ունի սրբատաշ քարերի շարվածքով նավ։ Ունի 4 մետր երկարություն, 2,2 մետր լայնություն, 2,8 մետր բարձրություն։ Աղբյուրը կավե խողովակներով ջուր է ստանում մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փոքր սորփ տեղամասից։ 2018 թվականին աղբյուրը վերանորոգվել է (նկ․ 3)։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում աղբյուրը չի տուժել։ Հետպատերազմական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Տողի «Մաչեն ճյուր» աղբյուրը

Տեղադրությունը Աղբյուրը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մեջ՝ նրա կենտրոնական բարձրադիր հատվածում, մելիքական ապարանքներից հարավ-արևմուտք, լեռան ստորոտին: Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Աղբյուրի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Համաձայն Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ շտեմարանի տվյալների՝ կառուցվել է 20-րդ դարի սկզբում, թեև կարող է ավելի հին լինել: Տողում և նրա շրջակայքում կան մի շարք աղբյուրներ, որոնցից առավել հայտնի են «Շենին», «Սալմանեն» և «Կոսեն» (Ղահրամանյան 2015, 134): Կոսեն կամ Կոսի աղբյուրը, ինչպես նաև Սալմանե աղբյուրը գտնվում են գյուղից դուրս, Շենին աղբյուրը գտնվում է Տողի մելիքական ապարանքի մուտքի մոտ: «Մաչեն ճյուր» աղբյուրը Արցախի բարբառով նշանակում է մեջի կամ մեջտեղի ջուր/աղբյուր, քանի որ աղբյուրը իր դիրքով գտնվում է հին Տողի կենտրոնական հատվածում: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Աղբյուրը կառուցված է կրաքարով: Այն ուղղանկյուն հատակագծով և խորանարդաձև ծավալով կառույց է, ներառում է բուն աղբյուրը և ջրահավաք ավազանը։ Աղբյուրի մասն ունի կամարաձև թաղի ծավալ, որի ստորին մասին ներկառուցված է նավը կամ գուռը։ ճակատային և եզրային մասերը, գուռը և ավազանի՝ հյուսիս-արևմտյան հատվածում բացվող մոտքը կառուցված են սրբատաշ քարով: Փոքրիկ մուտքը տանում է դեպի ջրահավաք ավազան՝ այն մաքրելու և նորոգելու համար (նկ. 1, 2): Կամարի տակ եղել է արձանագրություն, որն անընթեռնելի է սվաղված լինելու պատճառով: Աղբյուրն ունի 5,9 մետր երկարություն, 4,7 մետր լայնություն և 3,1 մետր բարձրություն: