Աղբրաձորի (Մայրեջրի) վանքը

Տեղադրությունը Մայրեջրի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Շալվա գետակի Արախիշ վտակի միջնահովտի աջ բարձրադիր հատվածում։ Ծովի մակարդակից ունի 1850 մետր բարձրություն։ Վանքը գտնվում է միջնադարյան Աղբրաձոր բնակավայրի հարևանությամբ, որից էլ ստացել է իր երկրորդ անվանումը (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Վանքի պատմությունը հավանաբար սկսվում է հենց 11-րդ դարից։ Դրա մասին են վկայում կառույցի ճարտարապետական-հորինվածքային քննությունը և տարածքից հայտնաբերված արձանագիր խաչքարերն ու տապանաքարերը։ Վանքը նույնանում է նաև պատմիչ Սամուէլ Անեցու կողմից հիշտակված Մայրեջրի հետ, որտեղից Կիլիկիա է տեղափոխվել Օշին իշխանը (Հակոբյան 2009, 227)։ Հետագայում էլ վանքը շարունակել է իր գործունեությունը, որպես Դիզակի հոգևեր կենտրոններից մեկը (նկ․ 2)։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Մայրեջրի կամ Աղբրաձորի վանքն ունի պարսպապատ, որից պահպանվել են որոշակի հատվածներ։ Եկեղեցին փոքր չափերի, սլացիկ պատերով, պայտաձև խորանով 11-րդ դարով թվագրվող միանավ թաղածածկ սրահ է։ Խորանի աջ և ձախ կողմերում բացված են մեկական պատրհաններ։ Կառուցված է տեղական կոպտատաշ քարով և կրաշաղախով։ Եկեղեցու ներքին տարածությունը ունի 420 սմ երկարություն և 220-240 սմ լայնություն։ Խորանն ունի 200 սմ բացվածք և 215 սմ խորություն։ Կառույցն ունի պահպանված մեկ մուտք (նկ․ 3) արևմտյան կողմում 75 սմ բացվածքով (Հակոբյան 2020, 250)։ Եկեղեցին ներքուստ սվաղապատ է։ Կառույցի թաղն ու պատերի մի մասը փլված են, ինչի արդյունքում ծածկվել են հիմքերին մոտ գտնվող հատվածները։ Եկեղեցուց 150 մետր հյուսիս փռված է միջնադարյան գերեզմանոցը։

Չափնու սբ․ Կարապետ վանքը

Տեղադրությունը Չափնի գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Նոր Շահումյանի (նախկին Քարվաճառ) շրջանում, որը 12-14-րդ դարերում մտնում էր Վերին Խաչենի կամ Ծարի իշխանության մեջ։ Չափնի գյուղի  ավերակները պահպանվել են Հանդաբերդից 2,5 կմ հյուսիս-արևելք, Լև գետի ձախ ափին՝ հարավահայաց անտառածածկ լեռնալանջերի ստորոտին (նկ․ 1)։ Հնավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1430-1440 մ բարձրության վրա։ Գյուղի հյուսիսային բարձրադիր եզրին պահպանվել են Սուրբ Կարապետ վանքի եկեղեցու, իսկ ներքևում՝ Լև գետի վրա, դեպի գյուղ բարձրացող հին ճանապարհի սկզբնամասում, միջնադարյան կամրջի մնացորդներն են։ Հնավայրն այսօր գտնվում է Ադրբեջանի ենթակայության տակ։ Վանքը բաղկացած է  նույնանուն եկեղեցոցւ, գավթից, մատուռից, զանգակատուն-մահարձանից։ Շրջակայքում պայպանվել են կամրջի և խաչքարերով հարուստ գերեզմանոցի մնացորդները (նկ․ 2):

Դադիվանքի անանուն անապատը

Տեղադրությունը Անանուն անապատը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանում (Քարվաճառի շրջան)՝ Կուսանաց սուրբ Աստվածածին անապատի հյուսիսարևմտյան ուղղությամբ ուղիղ նրա դիմաց՝ Թարթառ գետի ձախափնյա անտառապատ բարձր սարի վրա (Կարապետյան 2019, 366): Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկություններ չկան: Շինության պատերը զուրկ են արձանագրություններից: Առաջին անգամ վանքն ուսումնասիրվել է 1986 թվականին ճարտարապետ Մանվել Սարգսյանի կողմից, ով և կազմել է վանքի նախնական հատակագիծը, իսկ այնուհետև հպանցիկ ուսումնասիրվել է հնագետ Հակոբ Սիմոնյանի արշավախմբի կողմից (Կարապետյան 2019, 366): Հնագետ Հակոբ Սիմոնյանը կարծում է, որ այս փոքրիկ համալիրը Մարդաղոնյաց սուրբ Նշանն է (Հակոբյան 2007, 9), ինչին համամիտ չէ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա՝ Մարդաղոնյաց սուրբ Նշանը հիշատակվում է որպես խաչ, այլ ոչ թե որպես վանք կամ եկեղեցի։ Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Դատելով հատակագծից՝ համալիրը բաղկացած է միանավ փոքրիկ եկեղեցուց և նրան արևմուտքից կցած ուղղանկյուն գավթից (նկ. 1): Միակ մուտքը արևմտյան կողմից է: Համալիրը կառուցված է կոպտատաշ մեծ ու փոքր քարերից՝ կրաշաղախով, ինչպես Քարվաճառի հուշարձաններից շատերը: Մատուռը միանավ սրահ է՝ ներքուստ կիսագլան թաղով, իսկ արտաքուստ՝ երկթեք ծածկով (նկ. 2):

Ավետարանոցի Կուսանաց անապատ

Տեղադրությունը Կուսանաց անապատը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղի հարավարևելյան կողմում՝ զառիվայր հրվանդանի վրա։ Ավետարանոց գյուղը Արցախի ամենահին և նշանավոր գյուղերից մեկն է, եղել է մելիքանիստ կենտրոն։ Հուշագրություններում և պատմական հիշատակարաններում առավելապես հայտնի է 17-18-րդ դարերից և հիշատակվում է որպես ավան կամ գյուղաքաղաք։ Բնակավայրում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ (նկ․ 1)։ Գյուղն այսօր գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ծովի մակարդակից բարձր է մոտ 1200 մ և շրջապատված է Քիրս, Ղոնդիկ և Մավաս լեռներով։ Պատմական ակնարկ Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցն իր գրքում նշում է մի հիշատակարանի մասին, ըստ որի Կուսանաց անապատի եկեղեցին կառուցել են Գայանե և Հռիփսիմե կույսերը՝ Տեր Առաքելի աջակցությամբ (Ջալալեանց 1858, 243)։ Եկեղեցու մուտքի բարավորին  պհպանվել է յան կառուցելու թվականը. շինարարական արձանագրությունը վերաբերում է 1616 թվականին ՝«զԵկ[ե]ղ[ե]ցիս թվ․ :ՌԿԵ: (1616)» (ԴՀՎ 5, 148, նկ․ 2): Վարանդայի մելիքության սկզբնական շրջանում եկեղեցուն ավելացվել է գավիթ-տապանատունը: Այստեղ է գտնվում նաև Մելիք Շահնազարյանների տոհմական դամբարանը, իսկ անապատը հայտնի է նաև Գայանեի վանք անունով։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Կուսանաց անապատից այսօր պահպանված են եկեղեցին, Շահնազարյանների գավիթ-տապանատունը և հուշարձանի արևմտյան կողմում ձգվող պարիսպը (նկ․ 3)։ Եկեղեցին եռանավ բազիլիկի հորինվածք ունի, որտեղ կողային նավերը բավական նեղ են, իսկ կենտրոնական, խորանով պսակվող նավը՝ լայն։ Հատակաձևը քառակուսուն մոտեցող է (9,0 x 11,0 մ չափեր ունի)։ Աղոթասրահը լուսավորվում է արևմտյան պատի մեջ բացված դռան և երկու պատուհանի (նկ․ 4), հարավային կողմի երկու փոքրիկ և արևելյան՝ խորանի մեջ բացվող պատուհանների միջոցով։ Սրահը թաղածածկ է՝ կոշտացնող կամարները հենվում են խաչաձև հիմք ունեցող սյուների վրա։ Սրանցից երկուսը աղոթասրահի ներսում ազատ «կանգնած» են, իսկ մյուս երկուսը կամարի համար հենարան ծառայելուց զատ նաև խորանի կիսաշրջանի անկյունային հատվածներ են դարձել։ Եկեղեցին ունի զույգ ավանդատներ, որոնք պսակում են կողային նավերի վերջնամասը։ Ինչպես խորանի, այնպես էլ ավանդատների պատերում կան խորշ-պատրհաններ։ Եկեղեցու հարավային ճակատապատին ագուցված են 15-16-րդ դարերի երեք տապանաքարեր՝ խաչային հորինվածքներով և պատկերաքանդակներով (նկ․ 5)։ Խաչքարեր և տապանաքարեր են օգտագործված և այլ պատերում: Կուսանաց անապատի կառուցներում վաղ թվագրություն ունեցող այս կոթողների օգտագործումը նույնպես ցուցում է նախկինում այստեղ եղած կրոնական կենտրոնի մասին։ Եկեղեցու ներսում՝ սյուների և կամարների վրա փորագրված են խաչանշաններ (նկ․ 6)։ Եկեղեցուն արևմտյան կողմից կցված է գավիթը, որը դասական գավիթների նման ունի քառակուսի հատակաձև (6,4 x 6,4 մետր), բայց ավելի փոքր է։ Գավիթը թաղածածկ է։ Այն նախասրահ լինելուց բացի, նաև Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատունն է։ Այստեղ են գտնվում Մանվել Վարդապետի, մելիք Միրզայի, մելիք Հուսեինի, մելիք Հովսեփի և նրանց կանանց գերեզմանները և տապանաքարերը (նկ․ 7)։ Մելիք Հուսեինը և նրա դուստր Գայանեն պատմության մեջ հիշատակվում են իրենց խիզախությամբ ու հայրենասիրությամբ։ Մելիք Հուսեինի մասին պատմում է նրա տապանաքարի արձանագրությունը. «Այս է տապան Մէլիք Շահնազարի Որդի Մէլիք Յիսէին, Թվ․ ՌՃՁԵ (1736): Ոգեմ զբանս գովեսդի, Ի վերայ Մէլիք Հուսէյնի, Զոր գրեցի այս տապանի։ Սա էր Տէր երկրին Վարանդայի, Լե։ (35) մասն Գեղի, Սայ էր հացով սեղանով լի, Ողորմէր ամեն ազգի․ Կերպարնօքն էլ գովելի, Յոյժ կոդորեաց ազգէն դաջկի, Պատերազմեաց յետ օսմանցի․ Սա ոչ ետ հարկ թագաւորի, Ամուր պարիսպ էր աշխարհի։ Որ է եաշն թվին։ ՌՃԾԸ (1709) (Դիվան հայ վիմագրության, 149): Մատենագրական քննություն Կուսանաց անապատի տեղադրութան, ճարտարապետության, թվագրության հարցերին անդրադարձել է Շ. Մկրտչյանը (Մկրտչյան 1985, 178-180): Անապատի համառոտ նկարագրությունը հանդիպում է նաև հեղինակի գրքի ռուսերեն հրատարակության մեջ (Мкртчян 1989, 138,139): Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Խորհրդային շրջանում Ավետարանոցի Կուսանաց անապատի տարածքում տեղադրվել է Հայրենական Մեծ պատերազմում (1940-1945 թթ․) զոհված չանախչեցիների հիշատակը հավերժացնող հուշարձան (նկ․ 8)։ Արցախյան առաջին պատերազմից հետո Կուսանաց անապատի տարածքում վերականգնման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Կղմինդրապատվել են տանիքները, բարեկարգվել է տարածքը, 2013թ․ կանգնեցվել է նաև արցախյան առաջին ազատամարտում նահատակված Ավետարանոցի քաջորդիների հիշատակին նվիրված հուշարձան (նկ․ 9)։ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին Ավետարանոց գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին @ararathau տելեգրամյան ալիքում տեսաձայնագրություն տարածվեց, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի զինված զինվորականները վանքը վերածել են անկարգությունների վայրի, թշնամական և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հայկական ժառանգության հանդեպ, գոռում են, անարգում հայ-առաքելական եկեղեցու ծիսական գործառույթը, տապանաքարերի և եկեղեցու կահ-կարասիի հանդեպ թշնամական և վանդալիզմի գործողություններ կատարում։ Տեսանյութում երևում է նաև, որ ջարդված են տապանաքարերը, աղտոտված է ողջ տարածքը, կոտրել և ոտնատակ են արել հուշարձանը ներկայացնող՝ պետության կողմից տեղադրված տախտակը (նկ․ 10) (https://monumentwatch.org ):

Տումիի Խուտը դռե վանքը

Տեղադրություն Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղից 3 կմ դեպի արևմուտք՝ Կաթնաղբյուր աղբյուրից ոչ հեռու (Մկրտչյան 1985, 101): Շահեն Մկրտչյանը Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին նվիրված և 1985 թվականին հայերենով հրատարակված իր գրքում տալիս է վանքի խիստ համառոտ նկարագրություն: Ավելի մանրամասն վանքի ճարտարապետությանը, հորինվածքին հեղինակը անդրադառնում է արդեն ռուսերենով 1988 թվականին հրատարակված և Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին նվիրված գրքում: Պատմական ակնարկ Վանքի մասին պատմական տեղեկությունները բացակայում են, վանքի Խուտը դռե (յոթ դռնանի՞) անվանումը բարբառային արտասանության հետևանք է: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Վանքը կիսաքանդ է և ընդհանուր ճարտարապետական կերպարի մասին պատկերացում կարելի է կազմել միայն տեղում արված չափագրության հիման վրա: Համալիրը բաղկացած է արևմուտք-արևելք ձգվող միջանցքի երկարությամբ տեղադրված երկու ոչ համաչափ, միասրահ, պայտաձև խորան ունեցող եկեղեցիներից, և եկեղեցիների արևմտյան մասով ձգվող, զույգ գլանաձև սյուներով ձևավորվող եռակամար մուտքով սրահից (նկ. 1): Երկու եկեղեցիները բավականին նման են, տարբերվում են միայն չափերով, ինչպես նաև մուտքերի տեղադրությամբ: Առաջին եկեղեցու չափերն են  8,5X4 մ, միակ մուտքը գտնվում է հյուսիսում (նկ. 2):  Եկեղեցին լուսամուտներ չունի: Երկրորդ՝ փոքր  եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, մեծ եկեղեցու մուտքի դիմաց (նկ. 3):  Այս եկեղեցին ևս լուսամուտներ չունի (Мкртчян 1988, 86-87): Եկեղեցիների միջև գտնվող միջանցքն ունի 6,0X3,7 մ չափեր և հանդիսանում է եռակամար մուտքով սրահի շարունակությունը (նկ. 4):

Պտկաթաղի վանքը

Տեղադրությունը Պտկաթաղի վանքը (նկ. 1, 2) գտնվում է Հադրութի շրջանում, Թաղուտ և Ծակուռի գյուղերի միջև ընկած տարածքում, Ստեփանակերտ-Հադրութ մայրուղու ձախ հատվածում։

Եղեգնուտի «Ծմակա անապատ» վանքը

Տեղադրություն Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի (Քարվաճառի շրջան) Եղեգնուտ գյուղից 2.4 կմ հյուսիս-արևմուտք՝ Լև գետին աջից միախառնվող վտակի անտառածածկ և խոնավ ձորում: Վանքը գտնվում է ծովի մակերևույթից 1660 մետր բարձրության վրա (Կարապետյան 2019, 248): Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ Եղեգնուտ գյուղի մոտ գտնվող վանքի ավերակները պատկանում են Փիլիփոս կաթողիկոսի կողմից 1647 թվականին հրապարակած կոնդակում հիշատակվող և երկար ժամանակ անորոշ տեղադրություն ունեցող Ծմակա անապատին (Կարապետյան 2019, 248): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Վանքը բաղկացած է գրեթե միայն հյուսիսային կեսով դեռևս կանգուն միանավ, թաղածածկ հորինվածքով մեկ եկեղեցուց և նրան արևմտյան կողմից կցված պարզ հատակագծով գավթից (նկ. 1): Գավթի մուտքը հարավային կողմից է, եկեղեցունը՝ արևմտյան (նկ. 2): Եկեղեցին կիսաբոլորակ խորանի երկու կողմերում ունի ուղղանկյուն հատակագծով մեկական ավանդատուն (նկ. 3) (Կարապետյան 2019, 249-250): Թե’ եկեղեցին և թե’ մատուռը կառուցված են անմշակ քարերով, կրաշաղախով (նկ. 4, 5):   Եկեղեցին ներքուստ եղել է սվաղված:

Ճոխտ Պըռվածառ (Զույգ պառավածառ) վանքը

Տեղադրություն Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զարդանաշեն (Զարդարաշեն կամ Վերին Թաղավարդ) գյուղից 1,7 կմ հարավ-արևելք, բարձրադիր անտառապատ լեռնաբազկի գագաթային մասում, ծովի մակերևույթից 1383 մետր բարձրության վրա: Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Մոխրենեսի «Օխտը դռնի» վանքը

Տեղադրություն «Օխտը դռնի» վանքը գտնվում է Հադրութի Մոխրենես գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք,Յուղուսեն լեռան լանջին, Գտիչ բերդի մոտ, պատմական Արցախի Սիսականի Ոստան կամ Մյուս Հաբանդ կոչվող գավառում (Երեմյան 1969, 70)։ Այժմ օկուպացված է Արդբեջանի կողմից։ Վանքը գտնվում է ծովի մակերևույթից 1451 բարձրության վրա, լեռան անտառապատ գագաթին, դժվարամատչելի տեղանքում (նկ. 1): Պատմական ակնարկ Պատմական աղբյուրները համալիրի և այսօր կիսավեր պահպանված եկեղեցու մասին տեղեկություններ չեն հաղորդում: Ավանդության համաձայն Օխտը դռնի եկեղեցին կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների քույրը, ում գերեզմանը վանքի բակում է, կոչվում է «Քրոջ գերեզման» և հայտնի ուխտատեղի էր (Մկրտչյան 1985, 90): Ճարտարապետական – հորինվածքային քննություն Վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և նրանից հյուսիս-արևմուտք գտնվող երեք կառույցներից՝ միանավ եկեղեցի և նրան կից ուղղանկյուն հատակագծով երկու սրահներ (նկ. 2)։ Տեղում պահպանվել են նաև երկու խաչքարեր։ Գլխավոր եկեղեցին կիսավեր վիճակում է: Միանավ սրահից պահպանվել են բեմի խորանը և հարավային պատը մուտքով, որն ունի վաղ քրիստոնեական հուշարձաններին բնորոշ լյունետ (Հասրաթյան 1992, 28): «Օխտը դռնի» վանքի գլխավոր եկեղեցին պատկանում է քառախորան՝ անկյունագծային խորշերով ճարտարապետական տիպի առանց ավանդատների ենթատիպին: Հատակագիծը կանոնավոր վարդյակի ձև ունի: Այն ամբողջանում է երկու մետր հավասար բացվածքով և մոտավորապես հավասար խորությամբ չորս պայտաձև խորաններով և իրենց բացվածքով դեպի դահլիճի կենտրոնն ուղղված 3/4 անկյունագծային խորշերով (նկ. 3)։ Այդ խորշերը, ինչպես այս խմբի մյուս վաղմիջնադարյան եկեղեցիներում է (Ավան-հռիփսիմեատիպ հուշարձաններ), չունեն ավանդատուն տանող միջանցքի նշանակություն և զուտ դեկորատիվ են։ Արտաքուստ խորանները շեշտված են կիսաշրջանաձև, իսկ անկյունային խորշերը՝ փոքր ինչ կորացված ծավալներով: Խորանների ու խորշերի միջև կիսաբոլորակ տեսքով որմնամույթերն են, որպիսիք չեն հանդիպում այդ տիպի մյուս հուշարձաններում (նկ. 4): Եկեղեցու մուտքը բացվում է արևմտյան խորանի կողմից։ Արևելյան խորանի մեջ առկա  են երկու պատուհաններ։

Հոռեկավանք (Գլխովանք)

Տեղադրություն Հոռեկավանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում, Թալիշ գյուղից 3,9 կմ արևմուտք, լեռան հյուսիսային անտառապատ լանջին, ծովի մակերևույթից 1103 մ բարձրության վրա։ Այժմ օկուպացված է Արդբեջանի կողմից: Պատմական ակնարկ Վանքի  հիմնադրման մասին գրավոր տեղեկություն է պահպանվել Մովսես Դասխուրանցու (Կաղանկատվացու) «Պատմություն Աղվանից աշխարհի» գրքում։ Ըստ այդ պատմության Աղվանից եկեղեցու հիմնադիր Եղիշա առաքյալի նահատակության վայրում տարիներ անց հրաշքով հայտնվում են նրա մասունքները։ Ուռեկան գյուղի Ստեփանոս քահանան փախցնում է սրբի գլուխը, բերում է իր հայրենի գյուղն ու ամփոփում այստեղ։ Հետագայում այստեղ են բերվում սրբի մնացած մասունքերն էլ, որոնք հետո տեղափոխվում և ամփոփվում են Ներսմիհրի միաբանությունում (Կաղանակատուացի 1983, 11-12), որն այսօր ավելի հայտնի է «Եղիշա առաքյալի վանք» անունով։ Կարելի է ենթադրել, որ սրբի գլուխն այդպես էլ մնում է Ուռեկան-Հոռեկում կառուցված մասունքարան-եկեղեցում, քանի որ ինչպես այս, այնպես էլ հետագայում այլ մասունքների ձեռքբերման և այստեղ ամփոփելու պատմություններում էլ այն կոչվում է Գլխո վանք (Կաղանակատուացի 1983, 208, 212, 218, 234, 237)։ Վանքի շուրջն են գտնվում պատմական Ուռեկան գյուղի ավերակները, որից էլ վանքը ստացել է իր երկրորդ անվանումը՝ Հոռեկավանք (նկ․ 1, 2)։ Համալիրից 60 մ հյուսիս-արևմուտք, գտնվում է Գյուլիստանի իշխաններ Մելիք-Բեգլարյանների ապարանքները, հյուսիս-արևելյան կողմում է գտնվում Մելիք-Բեգլարյանների տոհմական գերեզմանոցը (նկ․ 3, տե՛ս https://monumentwatch.org/hy/monument/%d5%b4%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84-%d5%a2%d5%a5%d5%a3%d5%ac%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%b4%d6%80%d5%b8%d6%81-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%84/)։ Վանքը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, արևմտյան կողմում գտնվող միաբանների սենյակներից և գերեզմանոցից (նկ․ 4)։ 19-րդ դարի վերջերին «Վանուցս արևմտեան կողմում դեռ կանգուն են միաբանից սենեակներն, որ շինուած են բոլորովին քարուկիր և թաղակապ: Բայց այժմ վանքումս չկայ ո՛չ վանահայր, ո՛չ միաբան և ո՛չ իսկ պահապան, վասն որոյ հետզհետէ քայքայուում է ամենայն ինչ» (Բարխուտարեանց 1902, 230): Եկեղեցի Վանքի ներկա եկեղեցին կառուցվել 1279 թվականին։ Մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը (նկ․ 5) հայտնում է․ «Ի քահանապետու|թե[ան] տ[է]ր Ստեփաննոսի զ|շինող եկեղեցոյս զտ[է]ր| Յոհաննէս յիշեցէք ի Ք[րիստո]ս նա|եւ զծնողս եւ զեղբարսն իւր|։ Թիւ ։ՉԻԸ։» (ԴՀՎ 5, 102)։ Այն ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինություն է։ Կառուցվել է կոպտատաշ և անմշակ քարերով, կրաշաղախով։ Ներքուստ սվաղված է, հարավային և հյուսիսային պատերին ունի ընդհանուր 5 որմնախորշ, որից երեքը` խորանում։ Լուսավորությունը կատարվել է արևելքից և արևմուտքից, դեպի ներս լայնացող երկու լուսամուտներով։ Միակ մուտքը բացված է արևմուտքից։

Կատոսավանք

Տեղադրություն Կատոսավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ), համանուն բնակավայրից 1 կմ հյուսիս, Հակարի գետի Հոչանց վտակի ափին (նկ․ 1)։ Այստեղ պահպանվել են բազիլիկ եկեղեցու և կցակառույցների, գերեզմանոցի, իսկ մի փոքր արևելք և ամրևմուտք միջնադարյան բնակատեղիների մնացորդներ։ Պատմական ակնարկ Կատոսավանքի մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն։ Կառույցի հավանական թվագրությունը, նկատի ունենլով ճարտարապետական-հորինվածքային լուծումները և տարածքում գտնվող խաչքարերի թվագրությունը, կարելի է համարել 9-11-րդ դարերը: Ճարտարապետական-հորինվածքային քննություն Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ բազալտով և կրաշաղախով։ Սրբատաշ քարեր օգտագործվել են կառույցի մուտքի, լուսամուտների եզրաքարերի,  որմնասյուների  և պատերի անկյունային հատվածներում (նկ․ 2)։ Կառույցը արևելյան կողմում ներգծված խորանով միանավ բազիլիկ է, արտաքին 16,70 x 6,90 մետր չափերով (Կարապետյան 1999, 157, նկ․ 3)։ Պատերի հաստությունը 1-ից 1,1 մետր է։ Արևելյան հատվածում՝ հյուսիսային և հարավային կողմերից կցված են մեծաչափ ավանդատներ, որոնց մուտքերը դրսից են և աղոթասրահի հետ չեն հաղորդակցվում։ Կիսագլան թաղն (այն ամբողջովին բացակայում է) հենվել է հյուսիսային և հարավային պատերին կցված զույգ որմնասյուների վրա բարձրացող կամարների վրա։ Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հյուսիսից, արևմուտքից և հարավից (վերջինս լավ է պահպանված, նկ. 4): Ունի պահպանված մեկ լուսամուտ հարավային պատի վրա: Կառույցի ավանդատները համեմատաբար վատ են պահպանված։ Վերջիններս նույնպես ունեցել են ներգծված խորաններ։ Եկեղեցու հարավային պատի վրա առկա հորիզոնական խորշերի շարքը հուշում է, որ կառույցը հարավից ունեցել է կից սրահ, փայտածածկ տանիքով (նկ. 5): Կառույցի շուրջը փռված է եղել համաժամանակյա գերեզմանատունը, որից պահպանվել են մի քանի վաղագույն ու ավելի ուշ շրջանների խաչքարեր և տապանաքարեր (նկ. 6)։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո Կատոսավանքի գործունեության ավարտից հետո այն հիմնականում տուժել է խորհրդային Ադրբեջանի կազմում եղած տարիներին։ Այս շրջանում են նաև վնասվել և վերացվել միջնադարյան գերեզմանոցի խաչքարերի մի մասը, այդ թվում Հայր Գրիգորի արձանագիր խաչքարը (Կարապետյան 1999, 157, նկ․ 7)։ Մատենագրական քննություն Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում անդրադառնում է նաև Կատոսավանքին և 1567 թվականի ձեռագիր ավետարանի հիշատակարանում նշված Հակարու երկրի Գետուզ գյուղը նույնացնում է Կատոսի հետ (Կարապետյան 1999, 156)։

Հանդաբերդի վանքը

Տեղադրությունը: Համալիրը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում  (Արցախի հանրապետության Նոր Շահումյանի շրջան, այժմ` Ադրբեջանի վերահսկողության ներքո), Լևոնագետի աջ ափի երկարությամբ ձգվող անտառապատ լեռնաբազկի մի գոգավորության բարձրադիր ափի եզրին, ընդարձակ բացատի հարավարևելյան կողմում, Հանդաբերդ ամրոցից մոտ մեկ կիլոմետր հյուսիս-արևելք մոտ, որը տարածքի ընդարձակ ամենահզոր ամրոցն է: Ամրոցը եկեղեցական որևէ կառույց չունի, և հավանական է, որ վանքը նախ և առաջ սպասարկել է բերդի բնակիչների պահանջմունքները։ Գործունեությունը: Համալիրի շինությունների հիմնական մասը, ըստ շինարարական արձանագրության, 1276 թվականին կառուցել է Դավիթ վարդապետը` տեղում գոյություն ունեցող ավելի հին եկեղեցու շուրջ (նկ. 1)։ 13-րդ դարի երկրորդ կեսում, մոնղոլական դաժան տիրապետության պայմաններում, վանական համալիրների հիմնադրումն ավելի հաճախ ձեռնարկվում էր հենց հոգևորականների կողմից` նրանց միջոցներով և նույնիսկ ֆիզիկական ջանքերով։ Այդ պատճառով էլ ճարտարապետական լուծումներն ու հարդարանքն անհամեմատ ավելի համեստ են: Այդ պարզ ու անպաճույճ կառույցները մի կողմից աներկբա վկայությունն են քաղաքական և տնտեսամշակութային անկման։ Մյուս կողմից էլ` դրանք յուրօրինակ մի շտեմարան են պարզելու, թե մշակույթն ինչպես էր արձագանքում և փորձում հարմարվել նոր ծանր պայմաններին` պահպանելով ազգային ինքնության հիմնական նվաճումները։ Հանդաբերդի վանքի գործունեության ամենածաղկուն փուլը վերաբերում է 13-14-րդ դարերին, մի ժամանակաշրջան, երբ հայ հանրությունն ու մշակույթը փորձում էին պահպանել հին ավանդույթները` բայց և համակերպվել ռազմաքաղաքական աննախադեպ վայրիվերումների արտառոց իրավիճակին։ 13-րդ դարի առաջին երեսնամյակը Զաքարյանների ազատագրական առաքելության հետևանքով դինամիկ զարգացող քաղաքական հարաբերություններով, տնտեսությամբ և մշակույթով երանելի մի դարաշրջան է, որի ստեղծագործ շունչը մշակութային կյանքում զգացվում էր մինչև դարի կեսերը կամ մի քիչ էլ ավելի: 13-րդ դարի երկրորդ կեսը` ընդհուպ մինչև դարի վերջը, քաղաքական առումով միանգամայն այլ շրջան էր` դաժան օտար տիրապետություն, որի ժամանակ հիմնական միտումը դառնում են մաքառումն ու գոյատևումը, բարեկեցության միակ ձևը` նվաճողին ռազմական ծառայություն մատուցելը: Հանուն հայրենի երկրամասի կռվել հզորների համար և զոհվել հեռուներում` այսպիսի ճակատագիր էր վիճակված 13-րդ դարի Արևելյան Հայաստանի համարյա բոլոր իշխանական տների արի ներկայացուցիչներին։ Հեծյալ ռազմիկը ժամանակի շունչն էր, հայրենի կալվածքի անխախտության և եկեղեցու շենության գրավականը։  Մոնղոլները ոչ միայն նվաճեցին, թալանեցին ու ավերեցին երկիրը, իրականացրին զանգվածային կոտորածներ, այլև ստիպեցին նվաճված երկրների ռազմական ուժին` մասնակցել իրենց հետագա նվաճումներին։ Սա տեղական իշխանների համար տանելի մի տարբերակ էր, քանի որ մոնղոլներն այս դեպքում հրաժարվում էին ենթարկյալ իշխանական տիրույթների հետագա ավերումներից, բավարարվելով միայն հարկահանությամբ։ Ինչպես պարզվում է աղբյուրների մանրամասն քննությամբ, Վերին Խաչենի Դոփյան իշխանական տունը, որի ենթակայությամբ գտնվում էր Հանդաբերդի վանքը, նման կենսաձևի ամենահայտնի հետնորդներից էր: Նման իրավիճակում մշակույթի գերխնդիրը դառնում է` փոփոխվող պայմաններին հարմարվելով հանդերձ` հայ ինքնության պահպանությունը, մի առաքելություն, որ լավագույն կերպով դիտելի է և Հանդաբերդի վանքում։ Ճարտարապետական քննություն: Վանքր տարածքը նախօրոք ենթարկվել է ինժեներական մշակման. ստեղծվել են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք իջնող դարավանդ-հարթակներ, որոնց վրա էլ իրականացվել է կառուցապատումը։ Վանական համալիրն իր կազմում ներառում է կառույցների երկու խումբ (նկ. 2), որոնցից հիմնականը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, նրան կից երկու մատուռներից, ժամատուն-գավթից ու վերջինիս հյուսիսից կցված մատուռից, արևմուտքից կցված զանգակատնից, տապանաբակից (նկ. 3):

Մկնատամի խաչ վանքը

Տեղադրություն Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Տանձուտ և Մոշաթաղ գյուղերի միջնամասում՝ Աղավնագետի Սթունիս վտակի ձախ ափին՝ ժայռե բլրակի վրա (նկ. 1):   Պատմական ակնարկ Վանքի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Վանքի անվանումը կապված է մկնատամ (մաշկի սնկային հիվանդություն) հիվանդության բուժման հետ (Կարապետյան 1999, 138): Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կառուցված է կապտավուն բազալտի սրբատաշ քարերով և կրաշաղախով: Այն միանավ թաղածածկ փոքրիկ կառույց է (նկ. 2), արևմտյան միակ մուտքով և արևմտյան ու արևելյան լուսամուտներով: Տանիքը պատած է կիսաբոլորակ երիզ ունեցող ծածկասալերով: Մուտքի շրջանակն ու արևմտյան լուսամուտի պսակը քանդակազարդ են (նկ. 3): Եկեղեցու պատերը զուրկ են արձանագրություններից: Կառուցման տեխնիկան, քանդակները հավանական են դարձնում 12-13-րդ դարերով թվագրելը:

Սպիտակ խաչ վանքը

Տեղադրություն  Սպիտակ խաչ վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից անմիջականորեն հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։     Պատմական ակնարկ Վանքի Սպիտակ խաչ անվանումը  կապվում է մի ավանդության հետ, ըստ որի՝ Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և լանջական բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո այդ սրբությունները տեղափոխվում են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստանում է Սպիտակ խաչ անվանումը: 19-րդ դարի կեսերին այստեղ այցելած Սարգիս Ջալալյանցն իր ճամփորդական նոթերում գրում է, որ այդ խաչին  «․․․ բազմաթիվ ուխտավորներ են [այցի] գալիս` խոյերի ու հորթերի մատաղներ [անելով]։ ․․․ Ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Այստեղ տեսա չորս կաթողիկոսների կոնդակներ` այս աթոռի հաստատման [վերաբերյալ], այն է` Հովհաննի, Եսայու, Ներսեսի և Սիմեոնի, [որոնք տրվել են] Սրապիոն քահանայի սերունդներին, ովքեր որդուց որդի եղել են և այժմ էլ այս եկեղեցու և խաչի վերակացուներն են։ Ծերունիները պատմում են, թե անզգուշության պատճառով պատահեց այնպես, որ այրվեցին այն թաշկինակները, որոնցով փաթաթված պահվում էր խաչը, որոնց հետ նաև խաչը, բայց խաչը ոչնչով չվնասվեց` միայն ներսում մի փոքր ճաք առաջացավ, որից հետո խաչը արծաթապատվեց և պահվում է զգուշությամբ» (Ջալալեանց 1858, 263): Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, պահպանված արձանագրություններից ամենահինը` փորագրված եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ, թվագրված է 1333 թվականով. «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. :ՉՁԲ: (1333)» (Բարխուտարեանց 1895, 68): Հետագա արձանագրությունները փաստում են եկեղեցու վերանորոգումների մասին։  

Ծիծեռնավանք

Տեղադրությունը Ծիծեռնավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի նույնանուն գյուղի հյուսիսարևմտյան եզրին (այժմ՝ Ադրբեջանի Լաչինի շրջան), պատմական Սյունիքի Աղահեջք գավառ (նկ․ 1, 2)։