Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում (նկ․ 1)։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 34 կմ հեռավորության վրա։ Մյուրիշենը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Մ․ Բարխուդարյանցը, խոսելով գյուղի մասին, նշում է, որ «Մյուրիշենի բնակիչք բնիկ են, հողն բէկական։ Եկեղեցին Ս․ Աստուածածին, քարուկիր, թաղակապ, քահանան գալիս է Ավտուռից։ (Բարխուտարեանց 1895, 127): Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության՝ այն կառուցվել է 1869 թվականին։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում։ Ունի 12 մետր երկարություն, 6․34 մետր լայնություն, 5․5 մետր բարձրություն։ Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղածածկ սրահ է, որն արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով (նկ․ 2, 3)։ Թաղը հենված է որմնասյուներից բարձրացող սլաքաձև որմնակամարների և խորանի որմնակամարի վրա։ Բեմը չի պահպանվել։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Խորանի ու սրահի հյուսիսային և հարավային պատերին կան եկեղեցական պարագաների պահպանման համար նախատեսված պատրհաններ։ Խորանի հարավային պատին ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար՝ հարուստ պատկերաքանդակներով (նկ․ 4)։
Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Ծաղկավանք գյուղի կենտրոնում (նկ. 1)։ Ծաղկավանք գյուղը 2020 թվականի հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Ծաղկավանք գյուղը գտնվում է Հադրութի շրջանում, Հադրութ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևելք։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին գյուղը կոչվում էր Խարմանջուղ (Բարխուտարեանց 1895, 46), Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ Խրմանջուղ։ 1991 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերը գրավել և հրդեհել են գյուղը։ Արցախյան առաջին ազատամարտից հետո գյուղն ազատագրվել է։ 1995 թվականին այն վերանվանվել է Ծաղկավանք։ Ճարտարապետա – հորինվածքային քննություն Եկեղեցին կառուցվել 1830 թվականին։ Միանավ ուղղանկյուն սրահ է, արևելյան կողմում լայն կիսաշրջան խորանով ու երկու ավանդատներով։ Գլանաձև թաղը հենվում է որմնասյուներից բարձրացող երկու կամարների վրա։ Միակ մուտքը բացվում է հարավից։ Հարավային պատին կա մեկ լայն լուսամուտ։ Տեղանքի թեքության պատճառով եկեղեցին արևմտյան ճակատով ամբողջությամբ և հյուսիսային հատվածով մասնակի թաղված են հողի մեջ (նկ․ 2)։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով, իսկ եկեղեցու հարավային հատվածին կից կառուցվել են շինություններ, որոնց փլվելու արդյունքում եկեղեցու մուտքը կիսափակվել է։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Մինչև 2020 թվականի սեպտեմբեր եկեղեցին կանգուն էր։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։ Գրականություն Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։ Բալայան Վ․, Արցախի հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020։
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղի վերնամասում (նկ. 1): Պատմական ակնարկ Սբ. Աստվածածին եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Եկեղեցու կառուցման մասին չունենք ստույգ վկայություն: Թերևս ենթադրելի է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ հիմք ընդունելով նրա արտաքին տեսքը, ծավալները և նույնատիպ թվագրված եկեղեցիների առկայությունը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կայքում գյուղի եկեղեցին թվագրվում է 18-րդ դարով, իսկ Արցախի Հանրապետության Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության վարչության կողմից կազմված եկեղեցու անձնագրում հիշատակվում է եկեղեցու արևելյան պատի ստորին պատի հատվածում քարերից մեկի վրա ընթեռնելի :ՌՄԶ: տառերը (1757 թ.): Անձնագրում նշվում, է որ հավանական է եկեղեցու 18-րդ դարով թվագրումը՝ հիմք ընդունելով այս երեք տառերը: Սակայն, ցավոք, անգամ այս քարի լուսանկարը չկա: Չկա նաև այլ հիմնավորում (https://artsakhdiocese.am/map/askerani-shrjan ): Վարազաբուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը՝ սակայն առանց կառուցման թվականը հիշատակելու (Բարխուտարեանց 1895, 128): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին ուղղանկյուն միանավ թաղակապ սրահ է: Կառուցված է փոքր ու միջին չափի կոպտատաշ, կիսամշակ քարերով, շաղախով: Սրբատաշ են անկյունաքարերը, լուսամուտների ու մուտքի եզրաքարերը (նկ. 2, 3): Եկեղեցին ներքուստ թաղածածկ է, պատերը ծածկված են սվաղով (նկ. 4, 5): Միակ մուտքը գտնվում է հարավային կողմում: Եկեղեցու մկրտարանում կա ագուցված խաչքար: Եկեղեցու մոտ՝ մուտքից ձախ, մեծադիր տապանաքար է, որը վերաբերում է քահանա Տեր Եղյանին (1829-1893):
Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կավահան գյուղի կենտրոնական հատվածում, բնակելի թաղամասի հարավային եզրին։ Պատմական ակնարկ Ըստ մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1871 թվականին. «Կառուցաւ սուրբ եկեղեցիս/ Ղաւախ[ա]նա հասարակութեան/ աշխատանօք, ի 1871 ամի» (նկ․ 1)։ Նախքան ներկայիս եկեղեցու կառուցումն այստեղ եղել է ավելի հին սրբատեղի։ Դա են վկայում եկեղեցու պատերին ագուցված՝ պատկերաքանդակներ կրող 12-13-րդ դարերի երկու խաչքարերը (նկ․ 2, 3)։
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի վարչական տարածքում՝ Արցախի Հանրապետության պաշտոնական մուտք հանդիսացող հսկիչ-անցագրային կետի մոտ (նկ. 1, 2): Օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:
Տեղադրությունը Սուրբ Թարգմանչաց եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Կղարծի գյուղի կենտրոնում (նկ․ 1)։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Ըստ Մ․ Բարխուդարյանի եկեղեցին կառուցվել է համայնական ծախսերով: Եկեղեցում են պահվել կենաց փայտի արծաթյա խաչ-մասունքարանը և 1477 թվականին Աղթամարում Հովհաննես գրչի ընդօրինակած թղթե պատկերազարդ ավետարանը (Բարխուտարեանց 1895, 111-112): Ճարտարապետա-հորինվածքային քննություն Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն ուղղանկյուն հատակագծով եռանավ թաղակապ սրահ է (նկ․ 2)։ Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է՝ զույգ ավանդատներով։ Ունի 18,7 մետր երկարություն, 12, 6 մետր լայնություն։ Հյուսիսային պատի մեջ պահպանվել է մկրտության ավազանը, որի կամարակապ քարին արձանագրված են տողեր Ս․ Հովհաննու Ավետարանից․ «Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ» (նկ․ 3)։ Նույնաբովանդակ տողեր կան նաև խորանի գմբեթարդի կամարի ճակատային հատվածին․ «Եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ` տացէ ձեզ» (նկ․ 4)։
Տեղադրությունը Առաջաձորի Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ համանուն գյուղի տարածքում (նկ. 1): Գյուղն օկուպացվել է Ադրբեջանի զինուժի կողմից: Պատմական ակնարկ Համաձայն շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1668 թվականին: Արձանագրությունը գտնվում է եկեղեցու հարավային պատին. «Թվին :ՌՃԺ և Է: (1668) հայրապետութիւն Պետրոս կաթողիկոսին, գյուղիս տանուտէրութիւն Եաղուբ պէկին, աղսախկալութիւն Պհարին, ես անարժան Դաւիթ էրեցս շինեցի զեկեղեցիս ի յիշատակ հոգոց մերոց, ով կարդաք, ողորմի ասէք մեղաւորիս» (ԴՀՎ 1982, 89): Արձանագրությունը նույն կերպ մեջբերում է նաև Մակար Բարխուդարյանցը: Վերջինս տալիս է նաև եկեղեցու հակիրճ նկարագրությունը. «Եկեղեցին Սուրբ Աստուածածին, թաղակապ երկու կամարների վերայ, երկարութիւնն 16 մետր 13 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 15 սանթիմ…» (Բարխուտարեանց 1895, 187): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին ուղղանկյուն միանավ թաղակապ սրահ է: Կառուցված է փոքր ու միջին չափերի կրաքարով, շաղախով: Միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 2): Եկեղեցու տանիքին կա վեց միակտուր սյուների վրա հենվող կամարակապ զանգակատուն (նկ. 3): Այն կիսավեր է, բացակայում է կաթողիկեն (նկ. 4): Եկեղեցու թաղածածկը հենվում է հարավային և հյուսիսային զույգ որմնասյուներից բարձրացող որմնակամարների վրա (նկ. 5, 6): Սբ. Աստվածածին եկեղեցուն առանձնակի գեղեցկություն են հաղորդում հարավային ճակատին ագուցված խաչքարերը: Սրանք գտնվում են մուտքի և լուսամուտի մոտ (նկ. 7, 8):
Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ասկերանի շրջանում, Վերին Ղլիջբաղ գյուղատեղիում (նկ․ 1)։ 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից։ Պատմական ակնարկ Վերին Ղլիջբաղ գյուղատեղին գտնվում է Խնապատ գյուղից հյուսիս-արևմուտք։ Ըստ Մ․ Բարխուդարյանի «Ղլիջբաղի բնակիչք բնիկ են» (Բարխուտարեանց 1895, 106): Գյուղի բնակիչները խորհրդային իշխանության տարիներին տեղափոխվել են նախալեռնային գոտի՝ ներկայիս Ղլիջբաղի տարածք, որն անվանել են Ներքին Ղլիջբաղ։ Ճարտարապետա – հորինվածքային քննություն Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Այն արևելյան կողմում եզրափակվում է կիսաշրջան խորանով, երկու կողմերում ունենալով ավանդատներ (նկ․2)։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են երկու պատրհաններ։ Բեմը ներկայումս չի պահպանվել։ Գլանաձև թաղը հենվում է երկու զույգ պատկից սյուներից բարձրացող կամարների վրա (նկ․3)։ Տանիքն արտաքուստ հողածածկ է։ Եկեղեցին զուրկ է հարդարանքից, բացառությամբ ներսում պատերին ագուցված մի քանի պարզունակ խաչքարերի (նկ․ 4, 5)։ Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով, պատերի անկյունները, շքամուտքի և լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են։ Միակ մուտքը հարավից է (նկ․ 6): Եկեղեցու բարավորի վրա պահպանվել է կառուցման թվականը՝ «1861 ամ[ի]» (նկ․ 7)։
Տեղադրությունը Քարաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Ասկերանից գտնվում է 23, իսկ Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում են գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին իր շրջակայքի տապանաքարերով, Քարին ջուր աղբյուրը (մանրամասն տես՝ Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը – Monument Watch), Թադեոսի կամուրջը (մանրամասն տես՝ Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը – Monument Watch), Սբ. Սարիբեկ սրբատեղին և այլն: Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Դաշուշեն գուղի մասին տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցը իր «Արցախ» աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 131)։ Բարխուդարյանցը ներկայացնում է Դաշու Շէն գյուղի տեղադրությունը, բարիքներն ու կլիման։ Շեշտում է, որ 40 ծուխ բնակիչները տեղաբնիկներ են։ Անդրադառնում է Սբ․ Սրաբեկ ուխտատեղիին և նշում, որ ունի շատ ուխտավորներ հիմնականում Շուշիից։ Բարխուդարյանցը նաև նշում է, որ Ներքի-շէն և Սողոմոնի շէն բնակատեղիներից մնացել են ավերակները, իսկ բնակիչները 1860 թվականին տեղափոխվել են Շուշի (Բարխուտարեանց 1895, 131)։ Դաշուշենի (Քարաշեն) վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում նաև եկեղեցու, աղբյուրների և տապանաքարերի վրա պահպանված արձանագրություններից։ Բարխուդարյանցը հիշատակում է նաև Սբ․ Աստվածածին եկեղեցին, նշում, որ եկեղեցին ունի մեկ քահանա։ Սբ․ Աստվածածին եկեղեցին խորհրդային շրջանում օգտագործվել է որպես մշակույթի տուն, ապա որպես պահեստ։ Արևմտյան կողմից կառուցվել է երկհարկանի կից շինություն։ Անկախության տարիներին վերականգնվել է եկեղեցու նախնական գործառույթը, եկեղեցին վերանորոգվել է բարերարների կողմից։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի մեջ, ունի 8 մետր լայնություն և 11 մետր երկարություն (1843 թ․, նկ․ 1)։ Այն միանավ սրահ է՝ ավագ խորանի երկու կողմերում ավանդատներով: Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է (նկ․ 2)։ Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով, մուտքը հարավային կողմից է։ Ներքուստ թաղածածկ է, տանիքը հենվում է կառույցի պատերի, խորանի կամարակապի և թաղակիր կամարի վրա։ Կառույցի անկյունային հատվածները, մուտքերի եզրաքարերը, խորանի կամարակապը և թաղակիր կամարը կառուցված են սրբատաշ քարերով (նկ․ 3)։ Կամարանցումները ոճավորված են (նկ․ 4)։ Կառույցն ունեցել է կղմինդրե ծածկ, որը խորհրդային շրջանում փոխարինվել է թիթեղով։ Վերականգնման ժամանակ կառույցի տանիքի կենտրոնական հատվածում ավելացվել է քառաոտ զանգաշտարակը:
Տեղադրությունը Խաչմաչի Սբ․ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ համանուն գյուղի կենտրոնում (նկ. 1): Պատմական ակնարկ Սբ․ Ստեփանոս եկեղեցին, համաձայն դռան (նկ. 2) բարավորի արձանագրության, կառուցվել է 1651 թվականին. «Թվ[ի]ն :ՌՃ:» (նկ. 3, 4): Որպես եկեղեցու կառուցող հիշատակվում է ուստա Հովսեփը: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գրում է «…եկեղեցին սուրբ Ստեփաննոս, կառուցեալ մի կամարի վերայ առանց սիւների, որ ունի մի փոքր կաթուղիկէ, երկարութիւնն 13 մետր 90 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 32 սանթիմ: Դռան արևելեան սեմին վերայ. «Ես ուստա Յուսէփ և Գէի-քուրգ (Գէորգ) Ըսմանայ եկեղեցիս շինեցի յիշատակ, ով որ տեսնոյ, Աստուած ողորմի ասէ»: Իսկ դռան ճակատակալ քարի վրա «թվին ՌՃ» (Բարխուտարեանց 1895, 200, հմմտ. ԴՀՎ 1982, 159): Ցավոք, շինարարական արձանագրությունն այսօր տեղում չի պահպանվել:
Տեղադրությունը Կարմիր եկեղեցի համալիրը, որը հայտնի է նաև Մելիք Փաշայանների դամբարան անունով, գտնվում է Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի արևելյան եզրին, մի բլրի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ 19-րդ դարի հետազոտողներն այստեղ վավերացրել են մի հուշարձանախումբ՝ բաղկացած եկեղեցուց, նրան կից երեք գետնափոր դամբարաններից և ընդարձակ գերեզմանոցից (Բարխուդարեանց 1895, 106-108): «Մատուռների, ինչպես և եկեղեցու մեջ կան գերեզմաններ, որոնց տապանաքարերը ահագին միապաղաղ քառանկյունի սև քարեր են, առանց մի որևէ գրության կամ քանդակի» (Լալայան 1897, 49): «Գյուղի արևելյան կողմում․ փոքրիկ բլրակի վրա խիտառխիտ շիրիմներ են, ուր կա քառախորան, սագաշեն մի եկեղեցի, որոնցից երեքը հողի տակ են, իսկ մեկը կիսով չափ բարձր է հողի մակերևույթից և ինչ-որ բանով նման է ակլդամայի (գերեզմանատեղի)։ Ընդ որում սրանցում բազմաթիվ գերեզմաններ են, որոնց թվում Մելիք Փաշայի և Սահակ Եպիսկոպոսի շիրիմները» (Ջալալեանց 1858, 514)։ Նշվածներից այսօր պահպանված են միայն եկեղեցին և գերեզմանատունը։ Ըստ եկեղեցու մուտքի ճակատակալ քարի վրա արված արձանագրության՝ այն կառուցվել է 1621 թվականին․ «Թվ[ին] ։ՌՀ։․ Դաւիթ եպիսկոպոս․ յիշատակ է եկեղեցի վանքս, որ լինի սա դամբարան եւ շիրիմ մերոց նախնեաց» (ԴՀՎ 5, 160)։ 2022 թվականին եկեղեցու տարածքում իրականացվել են պեղումներ, որոնց գլխավոր նպատակը եղել է մատուռ-դամբարանների հայտնաբերումը։ Սակայն դրանք չեն հայտնաբերվել։ Պեղումների արդյունքում ի հայտ են եկել տարբեր ժամանակաշրջանի պատկանող խաչքարերի բեկորներ (նկ․ 2, 3), արձանագիր քարեր, եկեղեցու պատերի մեջ ագուցված տապանաքարեր (նկ․ 4), եկեղեցու տարբեր մասերում արված թաղումներ։
Գանձասարի վանքային համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, միաբանական խցերից, սեղանատնից, տնտեսական շինություններից, ինչպես նաև 19-րդ դարում կառուցված դպրոցի երկհարկ շենքից (նկ. 1)։ Բոլոր կառույցները շրջապատված են պարսպով, որի արևմտյան ու հարավային կողմերում բացվում են մեկական դարպասներ: Պարսպի հարավային պարսպապատից դուրս սփռված է ընդարձակ գերեզմանոցը (նկ․ 2):
Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի հարավ-արևմտյան եզրին, գյուղի հին թաղում (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության մեջ թվականի հատվածն անավարտ է մնացել (նկ․ 2)։ Երկու մասից բաղկացած արձանագրությունը հետևյալն է․ «Շինեցաւ ս[ուր]բ Ա[ստուա]ծածնայ հայոց եկեղեցիս/ Փիրաջամալ գեղջ ծախ[ուք] իւրովք Բաղտաս/ար Շամխալեանցին և որդոց նորին Սարգ/իսին և Յօհաննէսին. և համայն ննջեցելոցն/ ասասց[ե]ն. Ա[ստուա]ծ ողորմի, ամնէն։/ Շինեցաւ ս[ուր]բ Ա[ստուա]ծածնայ եկեղեցիս հայոց Փ/իրաջամալ գեղջ, ծախուք Շուշա քաղաքացի/ մ[ա]հտ[ե]սի Շահկալտիի Յարութ[իւ]նեանցի, ի յ[ի]շ[ա]տակ/ և ի փրկութ[իւ]ն հոգոյ վաղաթառամ որդոյ Միրզ/ային և ծնողացն, որ և աւարտեցաւ ի թիւն Քրիս[տոսի]․․․»: Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ «Փիր-Ճամալ գիւղ. հիմնուած է նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, ոմանք տեղափոխուած Ջրաբերդից, սակաւք Հին Քեաթուկից և Բէլուկանից, հողն բէկական, անջրդի, այգեւէտ, բայց հացատու, օդն, կլիման և ջուրն նշանաւոր. երկար կեանք 100, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, որը կառուցանել տուած են իւրեանց ծախքով Շուշեցի բարեպաշտ Մահտեսի Շահկեալդին և Փիր-Ճամալեցի հանգուցեալ Բաղդասար Շամխալեանն. քահանայ մի։ Ծուխ 146. ար. 475. իգ. 357» (Բարխուտարեանց 1895, 128)։ Եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում ագուցված են 17-րդ դարի չորս խաչքար (նկ․ 3, 4)։ Արձանագրություններից մեկը կրում է «:ՌՃԼ: (1671)» թվականը, երկուսի վրա ընթեռնելի են «Խաչս՝ Խանզատէն», «Խաչս՝ Փիրհամզին» գրությունները:
Տեղադրությունը Սբ․ Գևորգ եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի արևմտյան եզրին, թեքադիր լանջի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Ըստ մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1875 թվականին՝ փիրջամալեցի (Վարդաձոր) Հարություն, Ծատուր, Անդրեաս, Ջումշուդ Տեր Հարությունյան եղբայրների կողմից՝ ի հիշատակ իրենց ծնողներ Միլքումի և Ազիզի (նկ․ 2, 3)։
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի կենտրոնում: Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տվյալները բացակայում են: Հիմք ընդունելով շինարարական և տեխնիկան ճարտարապետությունը՝ այն կարելի է թվագրել 17-րդ դարով: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Հաթերք գյուղը, նշում է․ ‹‹…եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս կամարների վերայ առանց միջնասիւների, խիստ հին և բոլորովին անշուք, երկարութիւն 22 մետր 75 սանթիմ, լայնութիւն 9 մետր 85 սանթիմ…›› (Բարխուտարեանց 1895, 201): Բարխուդարյանցի նկարագրած եկեղեցին կիսաքանդ է, կառուցված է կիսամշակ քարով և կրաշաղախով (նկ. 1,2): Ներքուստ այն միանավ սրահ է: Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող կամարների վրա (նկ. 3,4): Սրբատաշ են կամարների քարերը և սյուները: Պատկից կամարների վրա կան փորագրված պարզ խաչեր: Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմում է: Ներքուստ եկեղեցու պատերը սվաղված են: Խորանը եղել է պայտաձև (նկ. 5):
Տեղադրությունը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում՝ բարձրադիր վայրում (նկ. 1): Պատմական ակնարկ Եկեղեցու շինարարական աշխատանքները մեկնարկել են 2007 թվականին: Դրանք ֆինանսավորել է վաղուհասցի, ռուսաստանաբնակ Գրիգորի Հայրապետյանը: Եկեղեցին օծվել է 2012 թվականին՝ գյուղի ազատագրման 19-ամյակի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի ձեռամբ (https://news.am/arm/news/94233.html): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կառուցված է արցախյան սպիտակ կրաքարով։ Կրող կոնստրուկցիաները, կամարները, թաղերը երկաթբետոնից են, երեսպատված է նարնջագույն սրբատաշ տուֆե քարով։ Խաչաձև հորինվածքով արևմուտքից-արևելք փոքր-ինչ ձգված համաչափությամբ այս կառույցն ընդհանուր առմամբ իր արտաքին տեսքով և ներքին ծավալներով նման է Ստեփանակերտի սբ․ Հակոբ եկեղեցուն, թեև առկա են որոշակի տարբերություններ ևս, ինչպես օրինակ` պատուհանների չափերը, բացվածքները, ոճավորումը: Կղմինդրապատ տանիքին՝ թաղերի խաչման կենտրոնում, տեղադրված է փոքրիկ զանգակատունը (նկ. 2)։ Վիճակը պատերազմից առաջ և հետո Եկեղեցին Արցախյան պատերազմի ժամանակ չի տուժել: Գրականություն 1. Օծվել է Արցախի Վաղուհաս գյուղի նորակառույց եկեղեցին, https://news.am/arm/news/94233.htm։
Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մսմնա գյուղի կենտրոնում (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1881 թվականին։ Եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը, ով ի թիվս այլ մանրամասների, նշում է, որ «եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանան գալիս է Ղաւախան (Կավահան) գիւղից» (Բարխուտարեանց 1895, 108)։ Թեև եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին, սակայն պատերին ագուցված խաչքարերը և զարդաքանդակ բեկորները վկայում են, որ այստեղ սրբատեղի է եղել առնվազն 12-13-րդ դարերից սկսած (նկ․ 2, 3)։
Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Կարմիր գյուղը կամ Տռնավարզ-Դռնավարզը գտնվում է Ասկերանի շրջանում։ Ըստ Մակար Բարխուդարյանի՝ «․․․Դռնավարզ գյուղը հիմնուած է Պողրխանայ սարի հարաւ արևմտահայեաց լանջին վերայ, բնակիչք բնիկ են․․․» (Բարխուտարեանց 1895, 85)։ Դռնավարզը Կարմիր գյուղ է վերանվանվել 1921 թվականին։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Ըստ մուտքի ճակատակալ քարի վրա պահպանված արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է ։ՌՄՂ։ (1841) թվականին։ Միանավ ուղղանկյուն սրահ է՝ կառուցված կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են կառույցի անկյունաքարերը, մուտքի, կամարների, խորանի, ավանդատների, լուսամուտների և այլ բացվածքների եզրաքարերը։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, որի երկու կողմերում գտնվում են ավանդատները (նկ․ 2)։ Ներքուստ թաղակապ է (նկ․ 3), արտաքուստ պատված է երկթեք կղմինդրապատ նոր ծածկով։ Թաղը հենվում է երկու զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա:
Տեղադրությունը Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Մարտունու շրջանի համանուն գյուղի կենտրոնում, հարթավայրի նկատմամբ 846 մետր բարձրության վրա (նկ. 1): Պատմական ակնարկ Հերհեր գյուղը Ամարասի հովտի կարևոր բնակավայրերից է։ Գրավոր աղբյուրների, սբ․ Գրիգորիս եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունների տեղեկությունների համաձայն՝ Հերհերը եղել է Ամարասի վանքի միաբանների ամառանոցը և Վարանդայի և Քոչեզի վիճակների կենտրոնը։ Այս հանգամանքը բարերար է անդրադարձել եկեղեցու ճարտարապետական նկարագրի վրա, ինչպես նաև այստեղ հավաքվել են մասունքներ, կանգնեցվել խաչքարեր, կան դարաշրջանի դեպքերի ու դեմքերի մասին հավաստի տեղեկություններ պարունակող արձանագրություններ։ Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ գյուղը հիմնադրված է համանուն լեռնագոտու հյուսիսային կողմում։ Նա տեղեկություններ է հայտնում նաև բնակավայրի կլիմայական պայմանների, օդի, ջրի, բնակչության, եկեղեցու և նրա արձանագրությունների մասին (Բարխուտարեանց 1895, 104 -106): Եկեղեցու արձանագրություններին է անդրադարձել նաև Ջալալյանցը (Ջալալյանց 1858, 330), ավելի ամբողջական բնագրերը հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը (ԴՀՎ 5, 164-168)։ Համաձայն եկեղեցու հարավային ճակատի շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է Պետրոս կաթողիկոսի հրամանով Բարսեղ արքեպիսկոպոսի ղեկավարությամբ 1667-1676 թվականներին (նկ. 2). «Շնորհօքն Ք[րիստոս]ի, ես՝ Բարսեղ/ եպ[ի]սկ[ո]պ[ո]ս աշ[ա]կերտ Պետրոս կ[ա]թ[ո]ղ[ի]կ[ո]/սին եւ ծնօղսն իմ Աղայն և Գուլ/աղայն ի գավառէն Վար[ա]նդու, ի գեղջէն/ Գիշու, նորոգեալ պայծառացուցի զս[ուր]բ/ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք՝ հանդ/երձ յոգնաթիւ սենեկօք, զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս շքեղ/ացուցաք զարդուք, տուաք շինել զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս անո/ւամբ ս[ր]բոյն Գրիգորիսի՝ հովարան ս[ուր]բ աթոռոյն Ամ/արասայ. որ և մասն բերեալ ի նմանէ ամփոփեցաք աստ, իսկ/ հիմնարկեցաւ տաճարս ։ՌՃԺԶ։ (1667) թվին, կատարե/ցաւ ։ՌՃԻԵ։ին (1676) (ԴՀՎ 5, 164)։ Այսպիսով, արձանագրությունը ոչ միայն հայտնում է սբ. Գրիգորիսի եկեղեցու կառուցման ժամանակն ու հանգամանքները, այլև ներկայացնում է Ամարասում կատարված աշխատանքները՝ բազմաթիվ կից ենթակառույցներով շրջապարիսպների կառուցում, Ամարասի եկեղեցու նորոգում և հարդարում («նորոգեալ պայծառացուցի զս[ուր]բ/ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք՝ հանդ/երձ յոգնաթիւ սենեկօք, զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս շքեղ/ացուցաք զարդուք»)։ Նաև նկատենք, թե այնքան էլ պարզ չէ, թե ո՞ր կառույցն է նկատի առնվում Ամարասի եկեղեցու տակ՝ Գրիգորիսի մատուռ-մասունքարանը, թե՞ կար նրա վրա կամ նրան կից կառուցված եկեղեցի, որի գոյությունն այլ աղբյուրներից հայտնի չէ։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին քառամույթ գմբեթավոր եռանավ բազիլիկ է։ Այն ունի արտաքին՝ 19,2 x 13,6 մետր չափեր (նկ. 3)։ Կառուցված է սպիտակ կրաքարի կոպտատաշ բլոկներով և կրաշաղախով։ Մուտքերը, սյուները, կամարները, գմբեթատակ ծավալը, մուտքերի եզրերն ու պարակալներն իրականացված են սրբատաշ քարերով։ Ավագ խորանը շրջանաձև է, նրա երկու կողմերում տեղադրված են ուղղանկյուն, թաղածածկ ավանդատները, որոնց մուտքերը աղոթասրահի կողային նավերի կողմից են։ Ավանդատների պատերում կան զույգ պատրհաններ։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերում։ Արևմտյան կողմի գլխավոր՝ ուղղանկյուն մուտքը դրսի կողմից մշակված է որպես կամարաձև շքամուտք։ Այն բավական խորադիր է՝ լայն կամարը հենվում է մուտքի երկու կողմերում սիմետրիկ դասավորված որմնասյուների իմպոստային խոյակների վրա։ Ինչպես մուտքի բարավորը, այնպես էլ շքամուտքի ողջ ճակատը պատված են արձանագրություններով (նկ. 4), երկրաչափական և բուսական քանդակներով, մոտ զուգահեռներ ցուցաբերելով Ծաղկավանքի սբ․ Աստվածածին եկեղեցու (Հադրութի շրջան) շքամուտքի հետ (նկ. 5):
Տեղադրությունը Խնուշինակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ Ճարտար և Գիշի բնակավայրերի միջև, շրջկենտրոն Մարտունուց 16 կմ հեռավորության վրա։ Գյուղի արևմտյան կողմում՝ բարձրադիր հատվածում է գտնվում 19-րդ դարի սբ․ Աստվածածին եկեղեցին (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի ճակտոնի վրա պահպանվել է կառույցի հիմնական արձանագրությունը, ըստ որի եկեղեցին 1860 թվականին կառուցել է Շուշի քաղաքից աղա Հայրապետ բէկ Դօլուխանեանցը․ «Ի ՌՅԹ. Կամաւն Աստուծոյ կառուցաւ եկեղեցիս Խնշինագ գեղջ անուն սուրբ Աստուածածնի սեպհական արդեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն, ազնուազգի աղա Հայրապետ բէկի Դօլուխանեանց ի յիշատակ հոգւոյ իւրոյ և ազնուհւոյ ամուսնոյն իւրոյ Բակումայ Մէլիք Բէկլարեանց և ծնողաց իւրոց հօրն Բաղդասար բէկի, մօրն Նազլու Խանին» (Բարխուտարեանց 1895, 120)։ Կառույցի երկրորդ արձանագրությունը գտնվում է թաղակիր որմնասյան վրա և հավանաբար վերաբերվում է տանիքի փոքր զանգակատան կառուցմանը, որից հիմա պահպանվել են միայն չորս սյուները․ «Սբ եկեղեցուն վերնատունն/ յիշատակ է Բաբա յԵփրեմե/անի, իւր որդւոյ Խաչատուրի/ և կողակից Մարգարիդի/ 1894 ամի 22 դեկտեմբերի» (նկ․ 2)։ Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում կառույցի արձանագրություններից, ինչպես նաև Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է նաև, որ եկեղեցին ունեցել է երկու քահանա (Բարխուտարեանց 1895, 120)։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Եկեղեցին, խորանին երկու կողմից կից ավանդատներով, միանավ սրահ է։ Թաղը, թաղակիր կամարները և գմբեթարդն ընդգծված սլաքաձև են, ինչը աղոթասրահին հաղորդում է ուղղահայաց ձգվածություն (նկ․ 3): Պատերը շարված են տեղական անմշակ քարից, բացառությամբ անկյունային հատվածների, ինչպես նաև մուտքի ու պատուհանների, թաղակիր կամարների ու բեմառեէջքի քարերից, որոնք սրբատաշ են։ Եկեղեցին ներքուստ ծեփապատ է։ Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է։ Կառույցի երկարությունն է 17,45 մետր, լայնությունը` 8,80 մետր։ Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, իսկ մուտքի երկու կողմերում կան երկու մեծադիր, կամարաձև պատուհաններ։ Եվս մեկ մեծադիր լուսամուտ կա արևելյան կողմում (նկ․ 4)։ Կառույցն ունի վեց փոքր պատուհաններ․ երկուսը հյուսիսային պատի վրա, երկուսը՝ արևելյան, մեկական էլ հարավային և արևմտյան պատերին։ Մուտքի վերևի հատվածում՝ փոքր պատուհանի երկու կողմերում, տեղադրված են երկու վարդյակներ (նկ․ 5), իսկ խորանի բեմառեջքը և այլ հատվածներ զարդարված են պարզ խաչերով։