Խանցք գյուղի Սբ․ Հովհաննես մատուռը
Տեղադրությունը Մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խանցք գյուղի հյուսիս-արևելքում՝ Ջուխտակ խաչից ներքև, առվակի ձախ կողմում (նկ. 1, 2) (Բալայան, 2020, 74):
Տեղադրությունը Մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խանցք գյուղի հյուսիս-արևելքում՝ Ջուխտակ խաչից ներքև, առվակի ձախ կողմում (նկ. 1, 2) (Բալայան, 2020, 74):
Տեղադրությունը Երեշենի մատուռը (նկ. 1) գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Խնապատ գյուղի վարչական տարածքում՝ բուն գյուղից 2 կմ հարավ-արևմուտք (Սարգսյան 2006, 21): Պատմական ակնարկ Շինարարական արձանագրության համաձայն՝ մատուռը կառուցվել է 1224 թվականին Դավիթ երեցի և նրա որդու՝ Գրիգորի կողմից: Եկեղեցու կառուցման արձանագրությունը տալիս է Ս. Սարգսյանը. «Ես Տավիթ երաց եւ մին որտի ի/մ Գրիգոր երաց շինեցաք զեկեղեցին բարեխաւս հոգոյ իմոյ /յորք կարդայք ի յաղաւթս յ(ի)շեցեք- ՔՍ զհիշե(ս)ջ(ի)ք իւր արքայութիւն /ՈՀԳ/ (1224)» (Սարգսյան 2006, 22): Մատուռի ավերակները 19-րդ դարում նկարագրում է նաև Մակար Բարխուդարյանցը. «Գիւղիս հանգստարանում կայ մի հին քարուկիր մատուռ» (Բարխուտարեանց 1895, 166): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Մատուռը կառուցված է եղել կոպտատաշ մանր ու միջին քարերով և կրաշաղախով: Այն ուղղանկյուն հատակագծով թաղակապ սրահ է՝ արևելյան ուղղանկյուն աբսիդով և միակ արևմտյան մուտքով: Արևմտյան ճակատի տարբեր հատվածներում ագուցված են խաչքարեր և խաչային հորինվածքներով սալեր (նկ. 2): Մուտքի երկու կողմերում դրված են 13-րդ դարին բնորոշ խաչքարեր, որոնք գտնվել են եկեղեցու պեղման-մաքրման աշխատանքների ժամանակ (նկ. 3, 4), որ իրականացրել է Սլավա Սարգսյանը: Խաչքարերից մեկից պահպանվել է միայն ներքնամասը՝ պատկերաքանդակով և արձնագրությամբ: Վերջինս հայտնում է. «… թվ ՈՂԴ (1245) ես Գրիգոր երեց որդի Դաւիթ իրիցո կանգնեցի զխաչս բարեխաւս հոգոյի իմոյ» (Սարգսյան 2006, 22): Պատկերաքանդակը (նկ. 5) ներկայացնում է գինու ծիսական ըմպման տեսարան. գահավորակին բազմած Գրիգորին մատռվակը կարասից գավաթով գինի է մատուցում:
Տեղադրությունը Խաչմաչի սբ․ Վանես մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի համանուն գյուղի տարածքում, բնակելի տների միջև (նկ. 1, 2): 2023 թվականին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից:
Տեղադրությունը Չախմախ (Ղոբա) մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղից 950 մետր հյուսիս-արևելք՝ դաշտերի մեջ առանձնացած նույնանուն բլրի գագաթին (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Մատուռի վերաբերյալ պատմական հիշատակումներ գրեթե չեն պահպանվել։ Ներկայիս պահպանված մատուռի շենքը հավանաբար կառուցվել է 19-րդ դարի սկզբներին։ Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ Վարդաձոր (Փիր-Ճամալ) գյուղին նվիրված հատվածում հիշատակում է այս ուխտատեղին՝ Ղոբա անունով։ Նա նշում է, որ այն բաղկացած է երկու մատուռից։ «Գիւղիս անդումն է այս անուն ուխտատեղին, այս է երկու փոքրիկ մատուռներ, որոց մէջ, ասում են աւանդաբար, թէ ամփոփուած են նահատակուած Փիրու և Ճամալի մարմիններն, վասն որոյ ուխտատեղի է յարգուած ո՛չ միայն հայերից, այլ և մահմետականներից» (Բարխուտարեանց 1895, 128)։ Բարխուդարյանցը նաև նշում է, որ ըստ ավանդության հարևան Նախիջևանիկ գյուղից հյուսիս գտնվող Նահատակուհի սրբատեղիում էլ ամփոփված է Փիրի և Ջամալի քույրը, որը ներկայումս գործող և վերակառուցված Նահատակ սրբատեղին է (Բարխուտարեանց 1895, 129)։ Հատկանշական է, որ այս սրբատեղին հռչակավոր ուխտատեղի է եղել ոչ միայն 19-րդ դարում, այլև շարունակել է ընդունել հարյուրավոր ուխտավորներ նաև Խորհրդային Միության գոյության ընթացքում։ Դա են վկայում նաև պատերին արված հիշատակագրությունները։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, կառուցված տեղական կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն անկյունաքարերը (նկ․ 2, 3), մուտքի եզրաքարերն ու բարավորը, արևելյան լուսամուտի պարակալները:
Տեղադրությունը Վերին Սզնեք գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է գյուղի արևմտյան եզրամասում (նկ. 1): Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տվյալները բացակայում են: Մակար Բարխուդարյնացը հիշատակում է միայն գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին. ‹‹…եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր…›› (Բարխուտարեանց 1895, 101): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է: Կառուցված է կոպտատաշ և անտաշ փոքր քարերով, կրաշաղախով, սրբատաշ քարով են շարված միայն մուտքի քարերը, եկեղեցու անկյունաքարերը և պատուհանների շրջանակները (նկ. 2): Եկեղեցու միակ մուտքը բացվում է հարավային ճակատից: Արևմտյան կողմից եկեղեցին հենվում է թեքադիր սարալանջին: Մուտքից ոչ հեռու առկա է մեկ մեծ ու լայն պատուհան, մնացած ճակատների պատուհանները փոքր են: Եկեղեցին ներքուստ թաղածածկ է: Վերջինս հենվում է աղոթասրահի երկայնական պատերին: Ուշագրավ է, որ դռան ճակատակալ արձանագիր քարը տեղադրված է մուտքի ձախակողմյան պատին (նկ. 3): Բարավորի վրայի արձանագրությունը հետևյալն է. ‹‹82 թ. սկսաւ ս[ուր]բ Յակոբայ եկեղեցիս։ Կառուցաւ ս[ուր]բ եկեղեցիս ծախիւք եւ արդեամք վերինսզնեքեցի Աւետիս Աղաբէկ՝ կամ Սարգիս Յակոբեան Դովլաթեանց՝ ի հալալ վաստակոց իւրոց, 85 թ. օծեց Գրիգոր եպ[իս]կ[ոպո]սն››: Դատելով արձանագրությունից՝ 1882 թվականին սկսված շինարարությունը ավարտվել է 1885 թվականին: Թերևս արձանագիր բարավորը վերաբերում է սբ․ Հակոբ եկեղեցու ավելի հին շինությանը, որը վերակառուցվել է, քանի որ ներկայիս մուտքի տեսքը այլ է և չի համապատասխանում բարավորին: Նման վերակառուցում կարող էր արվել 20-րդ դարի սկզբներին՝ նախքան խորհրդային կարգերի հաստատումը (նկ. 4):
Տեղադրությունը Կկվեն բույն (Կկվի բույն) ժողովրդական անվանումն ստացած եկեղեցին գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 1,5 կմ հյուսիս արևմուտք, հին գյուղատեղիի արևելյան եզրին, անտառապատ, ժայռոտ բլրի գագաթին։ Պատմական ակնարկ Ավետարանոցը հարուստ պատմամշակութային անցյալ ունեցող բնակավայր է և եղել է Վարանդա գավառի, ինչպես նաև Վարանդայի իշխանության կենտրոնը։ Գյուղի տարածքում առկա բազմաթիվ պատմամշակութային կոթողներից է Կկվի բույն եկեղեցին (նկ․ 1)։ Եկեղեցաբլրի արևմտյան և արևելյան ստորոտներում նկատվում են միջնադարյան գյուղատեղիների հետքեր։ Եկեղեցու և բնակատեղիների վերաբերյալ պատմական վկայությունները բացակայում են։ Ճարտարապետական և շինարարական, ինչպես նաև տարածքում առկա խաչքարերի և ժայռախաչերի ոճական առանձնահատկությունները թույլ են տալիս հնավայրը թվագրել 12-14-րդ դարերով։ Մատուռը դարեր շարունակ եղել է ուխտատեղի շրջակա գյուղերի բնակիչների համար։ Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին, ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, որի չափերն են` 5,5×4,5 մետր: Կառուցվել է տեղական ճեղքված քարերով և կրաշաղախով (նկ․ 2)։ Եկեղեցու թաղածածկը փլված է (նկ․ 3)։ Մուտքն արևմուտքից է։ Մուտքի եզրաքարերը և բարավորը բացակայում են։ Լուսավորվել է արևելքից բացված փոքրիկ լուսամուտով։ Եկեղեցին չունի ընդգծված խորան և ընդհանուր սրահից առանձնանում է հյուսիսից և հարավից պատի մեջ բացված փոքրիկ որմնախորշերով, որոնք նախատեսված են եկեղեցական իրերի պահպանման համար։ Եկեղեցու շուրջը տարածվում է միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանվել են մի քանի խաչքար և տապանաքար (նկ․ 4)։ Գերեզմանային հուշարձանները հիմնականում հողմահարված կամ բեկորատված վիճակում են։ Տարածքում գտնվող ժայռաբեկորներից մեկի հարթ մակերեսին պահպանվել է երկու խաչաքանդակ (նկ․ 5)։
Տեղադրությունը Մատաղիս գյուղի գերեզմանատան մատուռը գտնվում է գյուղից հարավ-արևմուտք՝ Թարթառ գետի ձախ ափի թեքության վրա (նկ․ 1): Ներկայումս Մատաղիս գյուղը օկուպացված է Արդբեջանի կողմից: Պատմական ակնարկ Մատաղիս գյուղի գերեզմանոցը հիմնականում վերաբերում է 19-20-րդ դարերին, սակայն տեղում գտնվող մատուռ-եկեղեցու և մի շարք տապանաքարերի ու անտաշ սալատապանների առկայությունը թույլ են տալիս ենթադրել, որ գերեզմանոցը ձևավորվել է նախկինում այստեղ եղած սրբատեղիի շրջակայքում (նկ․ 2, 3):
Տեղադրություն Մատուռը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի (Քարվաճառի շրջան) Եղեգնուտ գյուղից 3 կմ, իսկ Ծմակա անապատից 0,7 կմ հյուսիս-արևմուտք: Այն խորհրդային ռազմական քարտեզներում նշված է Ղարավուլ (караул-պահակ) անունով և գտնվում է ծովի մակերևույթից 2018 մետր բարձրությամբ լեռան գագաթին (Կարապետյան 2019, 250): Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Մատուռի մասին պատմական տեղեկությունները բացակայում են, միակ հիշատակությունը կարող ենք տեսնել մատուռի ներսում պահպանված նվիրատվական բնույթի արձանագիր քարի վրա (նկ. 1), որտեղ այն հիշատակվում է սուրբ Գևորգ անվամբ. «Տ(է)ր ա(ստուա)ծ ողորմի Սասին և / (ու)ր ծնողաց, էրետ Սուրբ Գե(ո)րգայ / Հասան՝ ի Ծովայտեղ, որ զամս յետ/ խափանէ ՅԺԸ հա(յ)րապետ(ացն) / նզովե(ա)լ եղիցի և յա(ստուծո)յ… / ի թվ(ին) Ո…: / Երէտ Ս(ուրբ)… / Ծմակեց ա[նապատ]… / …անիկ Սոսան…(՞) / զԽոց(ա)դեղ իմ…» (Կարապետյան 2019, 251): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Մատուռն ունի պարզ, ուղղանկյուն հատակագիծ (նկ. 2): Կառուցված է անմշակ քարերով, կրաշաղախով (նկ. 3-6, Կարապետյան 2019, 250-251): Մատուռն կիսավեր է, պահպանվել են շինության ստորին շարքերը: Վիճակը պատերազմից առաջ և հետո Մատուռը չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: Քարվաճառի շրջանի ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի մասին տեղեկությունները բացակայում են:
Տեղադրություն Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի (Քարվաճառի շրջան) Եղեգնուտ գյուղից 0,6 կմ արևելք, մի գեղատեսիլ բլրի վրա (Կարապետյան 1999, 46): Այժմ օկուպացված է Արդրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Եղեգնուտի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ Լև գետի հովտում, նրա աջ ափին գտնվող այս գյուղատեղին 19-20-րդ դարերում հայտնի էր Ղամշլի անունով: Գյուղի տարածքում գտնվող մի քանի տների պատերի մեջ ագուցված են եղել խաչքարերի բազմաթիվ բեկորներ, արձանագիր քարեր: Անանուն մատուռը գտնվում է հենց այս գյուղատեղիից ոչ հեռու (Կարապետյան, 1999, 46): Ճարտարապետա-հորինվածքային քննություն Մատուռը միանավ սրահ է՝ ներքուստ կիսագլան թաղով և արտաքուստ՝ երկթեք ծածկով (նկ. 1): Թաղն ու ծածկը քանդված են: Արևելյան խորանն ուղղանկյուն է, կառուցված է կոպտատաշ մեծ ու փոքր քարերից՝ կրաշաղախով (նկ. 2): Չափերն են 5,6X4,22 մետր:
Տեղադրությունը: Համալիրը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում (Արցախի հանրապետության Նոր Շահումյանի շրջան, այժմ` Ադրբեջանի վերահսկողության ներքո), Լևոնագետի աջ ափի երկարությամբ ձգվող անտառապատ լեռնաբազկի մի գոգավորության բարձրադիր ափի եզրին, ընդարձակ բացատի հարավարևելյան կողմում, Հանդաբերդ ամրոցից մոտ մեկ կիլոմետր հյուսիս-արևելք մոտ, որը տարածքի ընդարձակ ամենահզոր ամրոցն է: Ամրոցը եկեղեցական որևէ կառույց չունի, և հավանական է, որ վանքը նախ և առաջ սպասարկել է բերդի բնակիչների պահանջմունքները։ Գործունեությունը: Համալիրի շինությունների հիմնական մասը, ըստ շինարարական արձանագրության, 1276 թվականին կառուցել է Դավիթ վարդապետը` տեղում գոյություն ունեցող ավելի հին եկեղեցու շուրջ (նկ. 1)։ 13-րդ դարի երկրորդ կեսում, մոնղոլական դաժան տիրապետության պայմաններում, վանական համալիրների հիմնադրումն ավելի հաճախ ձեռնարկվում էր հենց հոգևորականների կողմից` նրանց միջոցներով և նույնիսկ ֆիզիկական ջանքերով։ Այդ պատճառով էլ ճարտարապետական լուծումներն ու հարդարանքն անհամեմատ ավելի համեստ են: Այդ պարզ ու անպաճույճ կառույցները մի կողմից աներկբա վկայությունն են քաղաքական և տնտեսամշակութային անկման։ Մյուս կողմից էլ` դրանք յուրօրինակ մի շտեմարան են պարզելու, թե մշակույթն ինչպես էր արձագանքում և փորձում հարմարվել նոր ծանր պայմաններին` պահպանելով ազգային ինքնության հիմնական նվաճումները։ Հանդաբերդի վանքի գործունեության ամենածաղկուն փուլը վերաբերում է 13-14-րդ դարերին, մի ժամանակաշրջան, երբ հայ հանրությունն ու մշակույթը փորձում էին պահպանել հին ավանդույթները` բայց և համակերպվել ռազմաքաղաքական աննախադեպ վայրիվերումների արտառոց իրավիճակին։ 13-րդ դարի առաջին երեսնամյակը Զաքարյանների ազատագրական առաքելության հետևանքով դինամիկ զարգացող քաղաքական հարաբերություններով, տնտեսությամբ և մշակույթով երանելի մի դարաշրջան է, որի ստեղծագործ շունչը մշակութային կյանքում զգացվում էր մինչև դարի կեսերը կամ մի քիչ էլ ավելի: 13-րդ դարի երկրորդ կեսը` ընդհուպ մինչև դարի վերջը, քաղաքական առումով միանգամայն այլ շրջան էր` դաժան օտար տիրապետություն, որի ժամանակ հիմնական միտումը դառնում են մաքառումն ու գոյատևումը, բարեկեցության միակ ձևը` նվաճողին ռազմական ծառայություն մատուցելը: Հանուն հայրենի երկրամասի կռվել հզորների համար և զոհվել հեռուներում` այսպիսի ճակատագիր էր վիճակված 13-րդ դարի Արևելյան Հայաստանի համարյա բոլոր իշխանական տների արի ներկայացուցիչներին։ Հեծյալ ռազմիկը ժամանակի շունչն էր, հայրենի կալվածքի անխախտության և եկեղեցու շենության գրավականը։ Մոնղոլները ոչ միայն նվաճեցին, թալանեցին ու ավերեցին երկիրը, իրականացրին զանգվածային կոտորածներ, այլև ստիպեցին նվաճված երկրների ռազմական ուժին` մասնակցել իրենց հետագա նվաճումներին։ Սա տեղական իշխանների համար տանելի մի տարբերակ էր, քանի որ մոնղոլներն այս դեպքում հրաժարվում էին ենթարկյալ իշխանական տիրույթների հետագա ավերումներից, բավարարվելով միայն հարկահանությամբ։ Ինչպես պարզվում է աղբյուրների մանրամասն քննությամբ, Վերին Խաչենի Դոփյան իշխանական տունը, որի ենթակայությամբ գտնվում էր Հանդաբերդի վանքը, նման կենսաձևի ամենահայտնի հետնորդներից էր: Նման իրավիճակում մշակույթի գերխնդիրը դառնում է` փոփոխվող պայմաններին հարմարվելով հանդերձ` հայ ինքնության պահպանությունը, մի առաքելություն, որ լավագույն կերպով դիտելի է և Հանդաբերդի վանքում։ Ճարտարապետական քննություն: Վանքր տարածքը նախօրոք ենթարկվել է ինժեներական մշակման. ստեղծվել են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք իջնող դարավանդ-հարթակներ, որոնց վրա էլ իրականացվել է կառուցապատումը։ Վանական համալիրն իր կազմում ներառում է կառույցների երկու խումբ (նկ. 2), որոնցից հիմնականը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, նրան կից երկու մատուռներից, ժամատուն-գավթից ու վերջինիս հյուսիսից կցված մատուռից, արևմուտքից կցված զանգակատնից, տապանաբակից (նկ. 3):
Տեղադրություն Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Տանձուտ և Մոշաթաղ գյուղերի միջնամասում՝ Աղավնագետի Սթունիս վտակի ձախ ափին՝ ժայռե բլրակի վրա (նկ. 1): Պատմական ակնարկ Վանքի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Վանքի անվանումը կապված է մկնատամ (մաշկի սնկային հիվանդություն) հիվանդության բուժման հետ (Կարապետյան 1999, 138): Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կառուցված է կապտավուն բազալտի սրբատաշ քարերով և կրաշաղախով: Այն միանավ թաղածածկ փոքրիկ կառույց է (նկ. 2), արևմտյան միակ մուտքով և արևմտյան ու արևելյան լուսամուտներով: Տանիքը պատած է կիսաբոլորակ երիզ ունեցող ծածկասալերով: Մուտքի շրջանակն ու արևմտյան լուսամուտի պսակը քանդակազարդ են (նկ. 3): Եկեղեցու պատերը զուրկ են արձանագրություններից: Կառուցման տեխնիկան, քանդակները հավանական են դարձնում 12-13-րդ դարերով թվագրելը: