Տեղադրությունը Ղուզե թաղի աղբյուրը գտնվում է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր (նախկին Ղարաբուլաղ) գյուղի Ղուզե թաղ կոչվող հատվածում, որից էլ ստացել է իր անվանումը (նկ․ 1)։ 2020 թվականի նոյեմբերից Ակնաղբյուրն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Ըստ պահպանված շինարարական արձանագրության՝ աղբյուրը կառուցվել է 1911 թվականին Եփրեմ Ասրիյանցի կողմից։ Ճարտարապետա – հորինվածքային քննություն 4 մետր երկարություն, 66 սմ լայնություն ունեցող աղբյուրն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Կենտրոնական պատի աջ կողմում պահպանվել է շինարարական արձանագրությունը։ Պատի ստորին հատվածում տեղական խոշոր սալ քարերով կառուցված ուղղանկյուն նավն է։ Ջուրը նավի մեջ է թափվում աջակողմյան հատվածում տեղակայված գուռից։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ աղբյուրը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Տեղադրությունը Աղբյուրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ գերեզմանոց տանող ճանապարհի ձախ կողմում (նկ. 1): Պատմական ակնարկ Աղբյուրի կառուցման մասին է վկայում շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ աղբյուրը կառուցվել է 1894 թվականին՝ օտարության մեջ վախճանված համագյուղացու հիշատակին. «Աղբիւրս այս կա/ռուցեալ է Զարտանա/շէն գիւղացի օտարա/կան տեղի վախճանեալ/ Մելիքսէթ Ալիքսան/եան Առաքելեանցին/ յիշատակին, որ է Բաբա/լունց: 1894 ամի» (նկ. 2): Շինարարական արձանագրությունը գտնվում է նավի դիմահայաց պատի վրա՝ անկյունում, արձանագրության մոտ տեղադրված է զույգ խաչապատկերով մի սալքար (նկ. 3): Տեղի բնակիչները աղբյուրը կոչում էին Եղունիկի (Աղունիկի) աղբյուր (Կարապետյան 2023, 41): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Աղբյուրը կառուցված է տեղական կրաքարով, կրաշաղախով: Ունի ուղղանկյուն կառուցվածք, նեղ ու երկարավուն նավ՝ պատրաստված սրբատաշ քարերից:
Տեղադրությունը Աղբյուրը գտնվում է Մարտունու շրջանի համանուն գյուղում՝ գյուղի հարավային եզրին, գյուղ մտնող հիմնական ճանապարհի ձախ կողմում (նկ. 1): Պատմական ակնարկ Համաձայան ԱՀ ԿԳՄՍՆ հուշարձանների պահպանության ծառայության վկայագրի՝ աղբյուրը կառուցվել է 1906 թվականին: Աղբյուրի ձախ կողմում՝ քարե ավազանով ձևավորված ակի վրա տեղադրված է բավականին վնասված շինարարական արձանագրությունը: Սամվել Կարապետյանը «Հայկական աղբյուրներ» գրքում տալիս է այս աղբյուրի հակիրճ նկարագրությունը և լուսանկարը, սակայն առանց կառուցման թվականը հիշատակելու (Կարապետյան, 2023, 45): Տեղացիներն այն անվանում էին «Շենի աղբյուր»: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Աղբյուրը կառուցված է տեղական կրաքարով, կրաշաղախով: Ունի ուղղանկյուն կառուցվածք: Ունի նեղ ու երկարավուն նավ՝ պատրաստված սրբատաշ քարերից: Երկարությունը 10.5 մետր, լայնությունը 60 սմ, բարձրությունը 1.8 մետր: Աղբյուրը բազմիցս վերանորոգվել է (նկ. 2): Վիճակը պատերազմից առաջ և հետո Աղբյուրը չի տուժել ռազմական գործողությունների ժամանակ: 1980-ական թվականներին մասնակիորեն վերանորոգվել է (http://monuments.nk.am/pages.php?al=home&id=466&act1=more&act=filter&mtype=98&searchword=%D4%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6 ): Աղբյուրի պատի վրա վերջին տարիներին տեղադրվել էր մի մեծ սալ՝ «Արցախ» գրությամբ (նկ. 3): 1990-ական թվականներին աղբյուրի աջ և ձախ անկյուններում կանգնեցվել են 12-13-րդ դարերի մեկական խաչքարեր (նկ. 4, 5): Դրանցից մեկի ներքնամասում պատկերաքանդակ է, որը ներկայացնում է Արցախի խաչքարերում բավականին տարածված՝ ընտանեկան «դիմանկարի» թեման՝ մայրը, երեխան և հայրը:
Տեղադրությունը Պլաճուր աղբյուրը գտնվում է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի վերնամասում (նկ․ 1)։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 34 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Աղբյուրի կառուցման շինարարական արձանագրությունը գտնվում է ձախակողմյան ճակատին ագուցված միակտոր քարի վրա․ «Այս է յիշատակ/ Խուռի Մեժլումե/անց։ Սկսել է 1892/, վերջացրել է իւր/ թօռը Հրանդ/ Իսր․ Ստեփանեանց/, 1919 թ․» (նկ․ 2): Ճարտարապետա – հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով աղբյուրն ունի 9 մետր երկարություն, 1,8 մետր լայնություն, 3,1 մետր բարձրություն: Բաղկացած է երկու կամարակապ բաց սրահներից, ունի մեկ ընդհանուր ուղղանկյուն նավ։ Կառուցված է տեղական սպիտակ թերթաքարով, կամարները և ճակատը սրբատաշ են։ Տանիքը թիթեղապատ է։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Աղբյուրը գործող էր և գտնվում էր լավ վիճակում։ 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Տեղադրությունը Աղբյուրը գտնվում է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում (նկ․ 1) Ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Սառնաղբյուր գյուղը գտնվում է Ասկերան քաղաքից 16 կմ հարավ։ 19-րդ դարի սկզբնաղբյուրներում գյուղը հիշատակվում է Միրիշալլու (Բարխուտարեանց 1895, 127) անվամբ։ Խորհրդային տարիներին գյուղն անվանվել է Աղբուլաղ։ 1992 թվականի մայիսի 10-ին ադրբեջանցիները գրավել և ամբողջությամբ վառել են գյուղը։ Ազատագրումից հետո գյուղացիները վերադարձել են և վերականգնել բնակավայրը։ 1995 թվականին գյուղը վերանվանվել է Սառնաղբյուր։ 2023 թվականի սեպտեմբերից կրկին օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Ճարտարապետա – հորինվածքային քննություն Աղբյուրն ունի ուղղանկյուն կառուցվածք։ Տեղական մեծադիր սրբատաշ քարերից կառուցված նավն ունի երկու իրար միացված հատված։ Նավի դիմահայաց պատի աջ և ձախ կողմերում երկու ակերն են։ Ձախակողմյան ակի վերնամասում ուղղանկյուն արձանագիր սալն է, որի գրություններն ադրբեջանցիների կողմից գնդակոծվելու հետևանքով անընթեռնելի է դարձել։ Հստակ է միայն թիվը՝ 1895 (նկ․ 2)։ Աղբյուրի աջակողմյան հատվածը վերափոխվել է վերջին տարիներին, որի ժամանակ տեղադրված սալի վրա գրված է․ «Սառնաղբյուրի զոհված ազատամարտիկների հիշատակին»։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ աղբյուրը չի տուժել։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։ Գրականություն Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
Տեղադրությունը Քարաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից՝ 23, Ստեփանակերտից՝ 6 կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում են գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին և հին գերեզմանոցը (Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Աստվածածին եկեղեցին – Monument Watch), Քարին ջուր աղբյուրը (Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը – Monument Watch), Թադեոսի կամուրջը (Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը – Monument Watch), Սբ. Սարիբեկ սրբատեղին (Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Սարիբեկ (Սրաբեկ) սրբատեղին – Monument Watch), նույնանուն աղբյուրը և այլն: Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Գյուղի մասին տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 130)։ Հեղինակը ներկայացնում է գյուղի տեղադրությունը, բարիքներն ու կլիման։ Շեշտում է, որ 40 ծուխ բնակիչները տեղաբնիկներ են։ Անդրադառնում է Սբ․ Սրաբեկ ուխտատեղիին և նշում, որ ունի շատ ուխտավորներ՝ հիմնականում Շուշիից (Բարխուտարեանց 1895, 130)։ Դաշուշենի Սբ․ Սարիբեկ սրբավայրի կազմի մեջ է մտնում նաև (ներքևի ճանապարհամերձ հատվածում) Սբ․ Սարիբեկ աղբյուրը (նկ․ 1)։ Բարխուդարյանցը նշում է, որ սրբատեղիի հետ մեկտեղ արդարև հայտնի է նաև աղբյուրի ջուրը, որի մոտ կա մի քանի սենյակ (այժմ սենյակները չկան, Բարխուտարեանց 1895, 130)։ Լալայանը Վարանդային նվիրված իր աշխատությունում բազմիցս անդրադառնում է Սբ․ Սարիբեկ սրբատեղիին, բայց համանուն աղբյուրին չի անդրադառնում նույնիսկ Ջրի պաշտամունք վերնագրով հատվածում, որտեղ նշում է շրջանի գրեթե բոլոր սրբացված աղբյուրները։ Դաշուշենի (Քարաշեն) և Սբ․ Սարիբեկ աղբյուրի վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում նաև եկեղեցու, աղբյուրների և տապանաքարերի վրա պահպանված արձանագրություններից։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Քարաշեն (Դաշուշեն) գյուղի Սբ․ Սարիբեկ աղբյուրը գտնվում է համանուն սրբատեղիի հարավային կողմում։ Աղբյուրը կառուցված է տեղական կրաքարով, օգտագործվել են նաև մեծադիր, արձանագիր տապանաքարեր: Երկարությունը 7 մետր է, իսկ լայնությունը 84 սմ։ Ունի մեկ ակ և երկար նավ, շինարարական և նորոգման արձանագրություններ: Առաջին արձանագրությունը որպես հիմնական արձանագրություն է ընդունել հնագետ Գագիկ Սարգսյանը, ով 2011 թվականի հունիս-հուլիս ամիսներին պեղման-մաքրման աշխատանքներ է իրականացրել սրբատեղիի տարածքում (Սարգսյան 2015, 178)։ Արձանագրությունը պարունակում է թվական (1861), բայց չունի կառուցողի անուն՝ «Յիշատակ է |. ով ուխտաւորք վայել/եցէք՝ ստրկիս ողորմի/ ասացէք, 1861 ամին» (նկ․ 2)։ Արձանագրությունը գրված է աղբյուրի աջ կողմում գտնվող ակի վերին հատվածում տեղադրված կամարաձև քարի վրա։ Սալաքարի եզրագոտու վերին հատվածում գրված է «Թ./ :ՍԱ: (2001)», ինչը հավանաբար վերաբերվում է 2001 թվականի վերանորոգման աշխատանքներին։ Կամարաձև այս սալաքարի համար որպես պատվանդան է օգտագործվել Տեր Հովհաննեսի 1872 թվականի արձանագիր տապանաքարը։ Հաջորդ արձանագրությունը նույնպես թվագրվում է 1861 թվականով և գտնվում է աղբյուրի դիմահայաց պատի ստորին շարքի մեծադիր քարերից մեկի վրա։ Արձանագրությունը եռատող է՝ «Այս յիշատ[ա]կ/ է Յօհանէս Թառումեց, 1861» (նկ․ 3):
Տեղադրությունը Քարաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Ասկերանից գտնվում է 23, իսկ Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում են գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին և հին գերեզմանոցը (Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Աստվածածին եկեղեցին – Monument Watch), Քարին ջուր աղբյուրը (Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը – Monument Watch), Թադեոսի կամուրջը (Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը – Monument Watch), Սբ. Սարիբեկ սրբատեղին: Գյուղն օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Գյուղի մասին տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 131)։ Բարխուդարյանցը ներկայացնում է գյուղի տեղադրությունը, բարիքներն ու կլիման։ Շեշտում է, որ 40 ծուխ բնակիչները տեղաբնիկներ են։ Անդրադառնում է Սբ․ Սրաբեկ ուխտատեղիին և նշում, որ ունի շատ ուխտավորներ՝ հիմնականում Շուշիից (Բարխուտարեյանց 1895, 131, նկ․ 1, 2)։
Տեղադրությունը Խաչմաչ գյուղի աղբյուրը գտնվում է Ասկերանի շրջանի համանուն գյուղում՝ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք (նկ. 1): Պատմական ակնարկ Աղբյուրի կառուցման մասին վկայում է շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ այն կառուցվել է 1900 թվականին. «Այս աղբուրը կառուցաւ Մնացական Յոսէփեանը, իսկ շինութիւնը շինեց նորա թոռը Բաբա Անդօնեան Մնացականեանց 1900 թ.» (նկ. 2): Շինարարական արձանագրությունը գտնվում է կամարների միջև (նկ. 3): Գյուղի բնակչությունը այն անվանում է «Թուղուպվա» աղբյուր:
Տեղադրությունը Գտնվում է Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի տարածքում, նշանավոր սոսի (տնջրի) ծառի մոտ (նկ. 1): Պատմական ակնարկ Աղբյուրի հուշապատին պահպանվել է շինարական արձանագրությունը. «Կառուցաք աղբիւրս Տ[է]ր / Յովհաննէս Կիսիբէկի[ե]նց / Ներսես Մուսաելեան /Մանաս Գասպարեան» (նկ. 2)։ Ըստ տեղի ծերունիների վկայության աղբյուրը կառուցվել է 1898 թվականին (Կիսիբեկյան 2011, 83): Ճարտարապետական-հորինվածքային քննություն Կառուցված է տեղական կիսամշակ սպիտակ կրաքարով և շաղախով։ Նավը և դիմահայաց պատի ստորին հատվածը սրբատաշ են։ Ունի երեք ակ։ Աղբյուրի երկարությունը 16 մետր է, բարձրությունը` 2 մետր։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո Աղբյուրը ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Գրականություն Կիսիբեկյան 2011 – Կիսիբեկյան Ա., Հուշեր, Երևան:
Տեղադրությունը Մեծ ճյուր աղբյուրը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում (նկ. 1)։ Պատմական ակնարկ Ըստ պահպանված շինարարական արձանագրության` աղբյուրը կառուցվել է 1864 թվականին. «:ՌՅԺԳ:/ 1864 ամի/ ե[ս] ուստէն /դվէ 10 /մանէթ» (նկ. 2)։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով, իսկ նավը և հուշապատը՝ սպիտակ մշակված կրաքարով: Երկարությունը 12 մետր է։ Ուղղանկյուն և երկար նավը բաղկացած է երկու իրար հետ կապված մասից, ունի մի ակ։ Աղբյուրի երեք արձանագրությունները, շինարարության և հետագա վերանորոգումների մասին են․ «Հիշատակ կար/միր գյուղացի/ Ասլան Մուսա/յելյանից ․ /այս աղբույրը /նորոգեց 1914 թ․» (նկ. 3), «Հիշատակ է /աղբուրս այս /Աբգարեանց /Սարգիսի որ /դի Մուսաե/լին» (նկ. 4)։
Տեղադրությունը Գտնվում է Հադրութի շրջանի Թաղոտ գյուղի կենտրոնում (նկ. 1)։ Պատմական ակնարկ Աղբյուրը կառուցվել է 1738 թվականին, Սյունյաց աշխարհի Աղվերծ գյուղից սերող և 1719-ին Թաղոտում հաստատված խոջա Ղազարի նախաձեռնությամբ, իր, ինչպես նաև իր մոր՝ Մարեանի և իրենց ննջեցյալ ազգականների հիշատակին, ինչի մասին և վկայում է շինարարական արձանագրությունը (նկ․ 2). «Այս է աղբուրս ղափանեցի/ եւ Աղվէրծու խօճայ Ղազարի/ն, որ եկ ի Դզաղ՝ Թաղօտ գեղն, Ռ/ՃԿԸ (1719) էր։ Շինեցի յիշատակ ննջ/եցելոց իմոց ազգականաց Ղազ/արին, մայր իւր՝ Մարեանին, սոքայ/ են աշխատաւորքն, թվ(ի)ն ՌՃՁԷ (1738)» (Աբրահամյան 2021, 60)։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Թաղակապ շինություն է, կառուցված է կրաքարով և կրաշաղախով։ Կամարը, պատերի անկյունաքարերը սրբատաշ են։ Նավը բացակայում է։ Ունի 2 մետր լայնություն, 2․1 մետր բարձրություն։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Աղբյուրը վաղուց խափանված էր և չէր օգտագործվում, ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։ Գրականություն 1․ Աբրահամյան 2021 – Աբրահամյան Է․, Թաղոտ գյուղի պատմական հուշարձանները, Վարձք, թիվ 15, Երևան։ 2․ Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
Տեղադրությունը Հուշարձանը գտնվում է Մարտունու շրջանի սահմանային Սոս գյուղի կենտրոնում՝ գլխավոր ճանապարհի եզրին ( նկ. 1)։ Պատմական ակնարկ Գյուղի ամենամեծ աղբյուրն է։ Պահպանված արձանագրության համաձայն այն կառուցվել է 1902 թվականին (նկ. 2):
Տեղադրությունը Շենին աղբյուրը (նկ․1) գտնվում է Խանձաձոր գյուղի հյուսիս-արևմտյան հատվածում՝ հին թաղամասում։ Պատմական ակնարկ Ըստ աղբյուրի՝ դիմահայաց պատին պահպանված արձանագրության աղբյուրը կառուցվել է 1849 թվականին թաղլարեցի Գրիգոր Նազարյանցի կողմից. «Յիշատակ է աղ/բիւրս այս/ Մեծ՞ թաղլարեցի/ Գրիգոր Նազար/եանցին եւ իւր/ ծնողաց 1849 /ամի» (նկ․ 2): Ճարտարապետական – հորինվածքային քննություն Աղբյուրը կառուցված է տեղական սպիտակ կրաքարով և շաղախով։ Ստորին հատվածում ունի սրբատաշ քարերի շարվածքով նավ։ Ունի 4 մետր երկարություն, 2,2 մետր լայնություն, 2,8 մետր բարձրություն։ Աղբյուրը կավե խողովակներով ջուր է ստանում մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փոքր սորփ տեղամասից։ 2018 թվականին աղբյուրը վերանորոգվել է (նկ․ 3)։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում աղբյուրը չի տուժել։ Հետպատերազմական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Տեղադրությունը Աղբյուրը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մեջ՝ նրա կենտրոնական բարձրադիր հատվածում, մելիքական ապարանքներից հարավ-արևմուտք, լեռան ստորոտին: Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Աղբյուրի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Համաձայն Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ շտեմարանի տվյալների՝ կառուցվել է 20-րդ դարի սկզբում, թեև կարող է ավելի հին լինել: Տողում և նրա շրջակայքում կան մի շարք աղբյուրներ, որոնցից առավել հայտնի են «Շենին», «Սալմանեն» և «Կոսեն» (Ղահրամանյան 2015, 134): Կոսեն կամ Կոսի աղբյուրը, ինչպես նաև Սալմանե աղբյուրը գտնվում են գյուղից դուրս, Շենին աղբյուրը գտնվում է Տողի մելիքական ապարանքի մուտքի մոտ: «Մաչեն ճյուր» աղբյուրը Արցախի բարբառով նշանակում է մեջի կամ մեջտեղի ջուր/աղբյուր, քանի որ աղբյուրը իր դիրքով գտնվում է հին Տողի կենտրոնական հատվածում: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Աղբյուրը կառուցված է կրաքարով: Այն ուղղանկյուն հատակագծով և խորանարդաձև ծավալով կառույց է, ներառում է բուն աղբյուրը և ջրահավաք ավազանը։ Աղբյուրի մասն ունի կամարաձև թաղի ծավալ, որի ստորին մասին ներկառուցված է նավը կամ գուռը։ ճակատային և եզրային մասերը, գուռը և ավազանի՝ հյուսիս-արևմտյան հատվածում բացվող մոտքը կառուցված են սրբատաշ քարով: Փոքրիկ մուտքը տանում է դեպի ջրահավաք ավազան՝ այն մաքրելու և նորոգելու համար (նկ. 1, 2): Կամարի տակ եղել է արձանագրություն, որն անընթեռնելի է սվաղված լինելու պատճառով: Աղբյուրն ունի 5,9 մետր երկարություն, 4,7 մետր լայնություն և 3,1 մետր բարձրություն: