Ծաղկաբերդի «Քրոնից» վիմափոր վանքը
Տեղադրությունը «Քրոնից» վանքը գտնվում է Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ Հակարի գետի աջակողմյան ժայռակերտ ձորակներից մեկում՝ գետից 1-2 կմ հեռու (նկ․ 1)։ Այդ տարածքները և վանքը՝ արցախյան երկրորդ պատերազմից հետո, նորից հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Արցախյան առաջին պատերազմից հետո ազատագրված Քաշաթաղի շրջանում ուսումնասիրություններով հայտնաբերվել են մի քանի ժայռափոր եկեղեցիներ, որոնք հիմնականում գտնվում են գետերի կիրճերում եղած քարանձավներում, որոնք ժամանակին եղել են թաքուն ու ապահով վայրեր՝ հեռու ասպատակողներից: Քարանձավ-եկեղեցիների մեծ մասն սկզբնական շրջանում ճգնարաններ են եղել։ Պատմական ակնարկ «Քրոնից» վանքի մասին հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (Ստեփանոս Օրբելյան 1986, 282)։ Նրա պատմության «Սյունիքի տասներկու գավառների հարկացուցակն ըստ հին սահմանվածի»՝ ՀԴ գլխում Հաբանդ 7-րդ գավառում հիշատակվում է Քրվանք գյուղը՝ 20 մասնաբաժին հարկաչափով (Տաթևի վանքին տրվող), որտեղ էլ հավանաբար գտնվել է վիմափոր՝ «Քրոնից» վանքը (Ստեփանոս Օրբելյան 1986, 400): Ճարտարապետական – հորինվածքային քննություն «Քրոնքը» վիմափոր համալիր է՝ փորված ժայռեղեն կիրճում։ Ուղղաձիգ սպիտակավուն կրաքարե ժայռերը իրենց փափկության շնորհիվ հեշտ փորվող են: Այսօր պահպանված է համալիրի մի մասը միայն։ Եկեղեցին զետեղված է կիրճի հարավային եզրի ժայռերի մեջ։ Հյուսիսային եզրի ժայռերի մեջ բացվում են անտրոպոգեն քարանձավների բազմաթիվ ելքեր։ Այս կողմում՝ չորս մակարդակների վրա փորված են սենյակներ, որոնք իրար են կապում դժվարանցանելի թունելներ, որոնք որոշ տեղերում վերածվում են համարյա ուղղաձիգ հորերի (նկ․ 2)։ Ժամանակին այս քարանձավները որպես ապաստարաններ են ծառայել, իսկ ներսում գոյություն ունեցող հորերը, հավանաբար, շտեմարանի դեր են կատարել: Դրանցից մեկի միջով կարելի է մտնել մյուսը, բարձրանալ վեր: Սրբավայրը բացի պահպանվածից ունեցել է երկրորդ սենյակ: Այդ են վկայում փայտե ծածկի գերանների համար նախատեսված փոսերը: Պահպանվել է նաև նկուղային հարկը, որի մուտքը կիսով չափ փակվել է, ներքև իջնելը՝ դժվարացել: Ժայռափոր եկեղեցին, որ համալիրի մի մասն է կազմում, առանձնացված է։ Հատակագծում երկայնակի ձգված՝ բազիլիկատիպ հորինվածք է (նկ․ 3)։ Ունի 12 մ երկարություն, 8 մետր լայնություն, 5 մետր բարձրություն: Հյուսիսային երկայնակի պատի մեջ բացված են երկու պատուհաններ։ Ներսի պատերն ու ճակատը հարթեցված են (նկ․ 4)։ Եկեղեցին գտնվում է խիստ վթարային վիճակում: Արդեն փլվել են մուտքը և հյուսիսարևելյան կողմի պատուհանի մի մասը։ Մուտքի պատն ունի 1,5 մետրից ավելի հաստություն, սակայն արդեն մի քանի տեղից ճաք է տվել, իսկ հենարան չունի (նկ․ 5): Խորանի հյուսիսային մասը քանդված է, փլված է նաև բեմը, միայն պահպանված պատի կողմում մնացել են աստիճանների հետքերը: Պահպանված պատի վրա կան 2 խորշեր, հավանաբար խաչեր են եղել, որոնք ոչնչացվել են: «Քրոնից» եկեղեցին իր կառուցման եղանակով մասամբ ժայռափոր է, որոշ մասով վերգետնյա։ Շինարարական այսպիսի ավանդույթը Հայկական լեռնաշխարհում տարածված երևույթ է։ Այդպիսի լուծումներ են հանդիպում Գեղարդավանքի համալիրում (Հարությունյան 1996, 301-308)։ Ընդհանրությունը այս համալիրի հետ ընդգծվում է նաև եկեղեցու շրջակայքում, ժայռերի մեջ փորված բազմաթիվ վիմափոր կառուցվածքների առկայությամբ, որոնք եկեղեցու սպասավորների բնակության տեղերն են եղել և նաև ծառայել որպես թաքստոցներ (Шагинян 2020, 44) ։