Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Արցախի հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում՝ վերին թաղամասում։ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Քարինտակն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ
Եկեղեցին (նկ. 1), համաձայն հարավային ճակատի կենտրոնական լուսամուտի աջ կողին փորագրված արձանագրության , կառուցվել է 1841 թվականին։

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ արևմուտքից, լուս. Լ. Հովհաննիսյանի։
Արձանագրությունը բաղկացած է երեք գլխատառերից. «ԹՄՂ», որը վերականգնելի է «Թ[ւին] ։[Ռ]ՄՂ: (1841 թ.)»։ Նույն լուսամուտի կամարի քարին զետեղված է 1903 թվականի վերանորոգման մասին պատմող արձանագրությունը. «Եկեղեցւոյ գլուխ ծածկուեց ժ[ե]ստ[ո]վ եւ մեջի սվաղը/ նորոգել եւ պատուհան[ն]էր։ Յիշատ[ա]կ Դանիէլանցի/ եղբոր/ Եկորի։ Ի 1903 8/8» (նկ. 2)։ Այսինքն եկեղեցու տանիքը թիթեղապատվել է, կառույցը ներսից սվաղապատվել է, նորոգվել են լուսամուտները և 1903 թվականի օգոստոսի 8-ին փորագրվել է արձանագրությունը։ Եկեղեցին վերանորոգվել նաև 2000 թվականին, ի մասնավորի փոխվել է հնացած թիթեղածածկը։

նկ. 2 Եկեղեցու հարավային ճակատի կենտրոնական պատուհանի վերականգնման մասին արձանագրությունը, լուս. Լ. Հովհաննիսյանի։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Միանավ բազիլիկ սրահ է, սլացիկ թաղով, նեղ խորանով, բարձր բեմով և երկու կողային ավանդատներով։
Միակ մուտքը հարավային կողմից է։ Սրահը լուսավորվում է հարավային ճակատում բացված երկու լայն, արևմտյան ճակատի մեկ և արևելյան ճակատի երեք լուսամուտներով (նկ. 3-5)։

նկ. 3 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավային կողմից, լուս. Լ. Հովհաննիսյանի։

նկ. 4 Եկեղեցու ընդհանուր տեսքն արևմտյան կողմից, լուս. Լ. Հովհաննիսյանի։

նկ. 5 Եկեղեցու ընդհանուր տեսքն արևելյան կողմից, լուս. Լ. Հովհաննիսյանի։
Կառուցված է կոպտատաշ քարով, պատուհանների շրջանակները և պատերի անկյունները սրբատաշ քարից են։ Ներսից սվաղված է, երկթեք տանիքը թիթեղապատ է (նկ. 6, 7)։

նկ. 6, Եկեղեցու ներքնատեսքը հյուսիս-արևելքից, լուս․ Լ. Հովհաննիսյանի։

նկ. 7 Եկեղեցու ներքնատեսքը արևմուտքից, լուս․ Լ. Հովհաննիսյանի։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։
2022 թվականի փետրվարի 7-ին monumentwatch.org կայքն անդրադարձել էր Սբ. Աստվածածին եկեղեցում ադրբեջանական զինվորականների կողմից վանդալիզմի փաստին։ 2021 թվականի մարտ ամսին Karabakh Honor անունով օգտատերը իր յութուբյան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ջարդված ու կիսված է եկեղեցու խորանի Սուրբ սեղանը, եկեղեցու ներսը տակնուվրա է արված, ադրբեջանցի զինվորականները ներս ու դուրս են անում եկեղեցում, բարձրանում խորանի վրա, անարգում այն, մտնում ավանդատները, որոնք ևս տակնուվրա են արված։ Բացի այդ, ակնհայտ է նաև, որ ոտնահարելով քրիստոնեական կառույցի ծիսական գործառույթը ադրբեջանցի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում քրիստոնեական եկեղեցում Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի - Monument Watch։
Մատենագրական քննություն
Եկեղեցու մասին մատենագրական տեղեկությունները սակավ են։ Մակար Բարխուտարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ առանց մանրամասների պարզապես նշում է եկեղեցու առկայության փաստը (Բարխուտարեանց 1895, 133-134)։ Մեր տեղեկությունները հենվում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների և հաղորդած տեղեկությունների վրա։
Գրականություն
Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Շուշիի շրջան
Արցախ