Ակնա, Փանահին վերագրվող պալատական համալիրը

Տեղադրությունը

Փանահ խանին վերագրվող պալատական համալիրը գտնվում է Աղդամ (Ակնա) քաղաքում, Տիգրանակերտից մոտ 8,5 կմ հարավ-արևելք։ Խորհրդային տարիներին այն համանուն շրջանի կենտրոնն էր, իսկ 1993 թվականին հայկական ուժերի կողմից ազատագրվելուց հետո մինչև 2020 թվականը մտնում էր Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կազմի մեջ: Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Պալատական համալիրի կառուցման մասին ստույգ պատմական վկայությունները բացակայում են: Համարվում է, որ այն կառուցել է տվել Ղարաբաղի խանության հիմնադիր Փանահ Ալի խանը իր կառավարման տարիներին: Եվ Աղդամ անունն էլ, որ բառացի նշանակում է սպիտակ տուն ծագում է հենց այս համալիրի արտաքին սպիտակ տեսքից։ Այն ամբողջովին կառուցված է Տիգրանակերտի տարածքի սպիտակ կրաքարե հանքի քարերով։

Պատմիչ Միրզա Ջամալ Ջևանշիրը, նկարագրելով Փանահ խանի կառավարման տարիներին կառուցված շինությունները, Աղդամում գտնվող և ոչ մի պալատ չի հիշատակում, այլ միայն Փանահի՝ Շահբուլաղի ամրոցը, որը կառուցվել է 1751-1752 թվականներին (Мирза Джамал 1959, 101-102): Միրզա Ջամալ Ջևանշիրը Աղդամում գտնվող կառույցների մասին նշում է միայն Իբրահիմ խանի կառուցած շինությունները թվարկելիս, որոնցում հիշատակում է Աղդամի այգու պատերը, Փանահ խանի և նրա երեխաների գերեզմանների վրայի խոշոր գմբեթները և ոռոգման համակարգերը (Мирза Джамал 1959, 102):

Նույնը կարող ենք տեսնել նաև Միրզա Ադիգյոզալ բեկի մոտ (Мирза Адигезаль бек 1950, 55-56): Աղդամի ապարանքի թվագրման համար պետք է հաշվի առնել Փանահ խանի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ նա պայքարում էր իշխանության հասնելու համար: Ինչպես հաղորդում է Միրզա Ադիգյոզալ բեկը, Փանահ խանը, օգտվելով պարսից Նադիր շահի սպանությամբ ստեղծված խառնակ իրավիճակից, փորձեց իր սեփական իշխանությունը հիմնել և կառուցել  սեփական ամրացված նստոցը: Սկզբում նա Բայաթ կոչվող վայրում մի ամրոց է կառուցում, որը սակայն ապահով չէր, քանի որ ամրոցին սպառնում էին շրջակա մահմեդական խաները և Արցախի հայ մելիքները: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Փանահը Տիգրանակերտի ավերակների մոտ կառուցում է Շահբուլաղի ամրոցը, որն իր իշխանության սկզբնական շրջանում նույնպես հուսալի և ապահով նստավայր չէր, քանի որ այստեղ ևս մշտապես առկա էր  իր գործունեությանն ընդդիմացող հայ մելիքների լրջագույն վտանգը։ (Мирза Адигезаль бек 1950, 54-56): Ուստի կարելի է եզրակացնել, որ Աղդամի ապարանքը կառուցվել է Շահբուլաղից հետո, 18-րդ դարի երկրորդ կեսին, միգուցե նաև ավելի ուշ:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի որոշ հետազոտողներ առանց որևէ փաստարկի փորձում են հնացնել Աղդամի ապարանքը։ Այսպես, պատմաբան Գյունթեքին Նաջաֆլիի կարծիքով պալատական համալիրը կառուցվել է 1738 թվականին և ծառայում էր Փանահին որպես ձմեռային նստավայր, իսկ հնագետ Սաբուհի Հուսեյնովը պալատի կառուցման համար ընտրված վայրը կապում է Փանահ խանի հոր հետ (Мирмехди Агаоглу, Оскверненный дворец, https://apa.az/ru/xeber/nagornyj_karabakh/Oskvernennyj-dvorec-lyubimyj-dom-Panahali-hana-mesto-gde-nocheval-Kadzhar-razrushennaya-mogila-Natavan-colorredREPORTAZh-FOTOcolor-439149):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Համալիրը բաղկացած է միմյանցից անջատ և իրար հանդեպ ուղիղ անկյան տակ տեղադրված երկու մասնաշենքերից (նկ. 1), որոնցից գլխավորը կազմված է երկու կողմից թաղածածկ սենյակների մեջ առնված գմբեթավոր սրահից և սյունազարդ նախասրահ-էյվանից: Երկրորդ կառույցը բաղկացած է երկու իրար կից թաղածածկ սենյակներից: Կենտրոնական սրահն (նկ. 2) ավարտվում է  խոշոր տրոմպների վրա հենված ութանիստ, բրգաձև երդիկավոր (նկ. 3, 4) գմբեթաթաղով (Саламзаде 1964, 84): Սյունասրահի գլանաձև սյուները միակտոր քարից են: Բոլոր շինությունները ներքուստ ունեն տարբեր չափերի կամարակապ խորշեր:

 

նկ. 1 Պալատի հատակագիծը, Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, 2001, էջ 148։

նկ. 3 Պալատի գմբեթը ներսից, լուս. Հ. Պետրոսյանի։

նկ. 2 Պալատի գլխատան տրոմպային անցումը, ներքին տեսքը, լուս. Հ. Պետրոսյանի։

նկ. 4 Պալատի տեսքը հյուսիսից, լուս. Հ. Պետրոսյանի։

Աղդամի ապարանքը, ինչպես նաև 18-րդ դարի կեսերից սկսած Արցախի տարածքում մահմեդական խաների կողմից կառուցված մյուս ապարանքներն իրենց հատակագծային և ծավալատարածական լուծումներով, ճարտարապետական մանրամասներով ու շինարարական տեխնիկայով նման են Արցախի և Սյունիքի հայկական մելիքական ապարանքներին: Բոլոր այս ապարանքները կառուցվել են մեծ մասամբ արդեն բավականին ընդհանրացված հորինվածքային ձևերով և կառուցելակերպով, ինչն արդյունք էր նաև սրանց հորինվածքային բազմաբնույթ տարրերի և ողջ համակարգի ճարտարապետական լուծումների կանոնիկության (Ղուլյան, 2001, 118, 144):  Հարկ ենք համարում նշել, որ Փանահի և նրա որդու կառուցումները կատարել են շրջակայքից բերված վարպետները և արհեստավորները, որոնք բնականաբար հայեր էին (Մկրտչյան 1985, 214): Ապարանքի գլխատուն-դահլիճի չափերը ներքուստ կազմում են 7,0X7,0 մետր, ինչը մելիքական գլխատների տարածված միջին չափերն են: Այս պալատի գմբեթաթաղ սրահին ամենից մոտ կանգնած է Մոխրաթաղի ապարանքը, թեև նմանատիպ լուծումներ ունեն նաև Արցախի մելիքական այլ ապարանքները (Ղուլյան 2001, 118, 144-145):

Ադրբեջանցի հետազոտողները Փանահի պալատի սյունասրահի, Շահբուլաղի եռակամար սրահով շինության զուգահեռները սովորաբար տեսնում են Բաքվի 15-17-րդ դարերի ճարտարապետական համալիրներում և մասնավորապես Շիրվանշահների պալատական համալիրի կառույցներում (Авалов 1977, 16), իսկ սենյակների և դահլիճների դասավորությունը՝ Օրդուբադի տներում: Գմբեթավոր սրահի առկայությունը կապում են հազարաշեն («ղարադամ») կոչվող ժողովրդական բնակելի տան հորինվածքի հետ (Саламзаде 1964, 84):

Սյունիքի և Արցախի մելիքական ապարանքների ուշմիջնադարյան ճարտարապետությունն իր մեջ ներառում է հայկական ժողովրդական բնակելի տան, միջնադարյան հայկական աշխարհիկ շինություններում տարածված որոշ ճարտարապետական և հատակագծային լուծումների, ինչպես նաև ուշմիջնադարյան պարսկական պալատական ճարտարապետության մի շարք տարրեր (Ղուլյան 2001, 147): Նույն պատկերն է նաև Արցախի տարածքում հաստատված մահմեդական խաների պալատներում:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

 1920-ական թվականներին Փանահ խանի պալատը բավականին ավերակ վիճակում էր գտնվում (Александрович 1927, с. 3-9): Հետագայում պալատի տարածքը և շրջակա համալիրը բարեկարգվել է, ոչ հեռու կառուցվել է մարզադաշտ, շրջակա հնավայրերից տեղափոխվել են մարդակրեպ կոթողներ և տապանաքարեր։ Այստեղ է տեղափոխվել և Վանքասարի հայտնի խաչքարը, որի կենտրոնական խաչն ու հայերեն արձանագրությունը նախօրոք ջնջվել են (Վանքասարի եկեղեցին

Արցախյան պատերազմների ժամանակ պալատական համալիրը չի տուժել ռազմական գործողություններից: 1993-2020 թվականներին պալատը միտումնավոր ավերվածությունների, քանդման չի ենթարկվել: Հարկ է արձանագրել, որ պալատի տարածքը տեղում հաստատված որոշ բնակիչների կողմից օգտագործվել է տնտեսական նպատակներով, ինչի պատճառով տարածքը աղտոտված է եղել (նկ. 5): Աղդամի շրջանն Ադրբեջանին անցնելուց հետո պալատի տարածքը մաքրվել է:

նկ. 5 Պալատի և բակի ընդհանուր տեսքը, լուս. Հ. Պետրոսյանի։

Գրականություն

  1. Ղուլյան 2001 -Ղուլյան Ա., Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան:
  2. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան:
  3. Авалов 1977 - Авалов Э., Архитектура города Шуша, Баку.
  4. Александрович 1927 - Александрович Д., Евлах-Шуша, Известия Азкомстарис, вып. 3, с. 3-23.
  5. Мирза 1950 - Мирза Адигезаль бек, Карабаг-наме, Баку.
  6. Мирза 1959 - Мирза Джамал Джеваншир, История Карабага, Баку.
  7. Саламзаде 1964 - Саламзаде А., Архитектура Азербайджана XVI-XIX вв., Баку.
  8. Мирмехди Агаоглу, Оскверненный дворец, https://apa.az/ru/xeber/nagornyj_karabakh/Oskvernennyj-dvorec-lyubimyj-dom-Panahali-hana-mesto-gde-nocheval-Kadzhar-razrushennaya-mogila-Natavan-colorredREPORTAZh-FOTOcolor-439149
Ակնա, Փանահին վերագրվող պալատական համալիրը
Ակնա, Փանահին վերագրվող պալատական համալիրը
Աղդամ (Ակնա) քաղաք
Արցախ