Առաջաձորի «Ղարադամ» մատուռ-աղոթարանը

Տեղադրությունը

«Ղարադամ» մատուռ-դամբարանը գտնվում է օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից ոչ հեռու (նկ. 1, 2):

Նկ. 1 Մատուռ-սրբարանի ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 2 Մատուռ-սրբարանի ընդհանուր տեսքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Պատմական ակնարկ

Կիսավեր այս շինության մասին պատմական տվյալներ մեզ չեն հասել: Համաձայն Արցախի Հանրապետության Հուշարձանների պահպանության վկայագրի՝ մատուռ-աղոթարանը թվագրվում է 19-րդ դարով: Մատուռ-աղոթարանի մոտ գտնվում է մուտքի բարավորի քարը, որի վրայի արձանագրության համաձայն՝ մատուռը կառուցվել է Հարություն Աբրահամյանի կողմից, ով Տեր-Դավթյանց տոհմից էր (նկ. 3):

Թե ինչպես է կոչվել մատուռ-աղոթարանը հայտնի չէ, hուշարձանների պահպանության վկայագրում այն կոչվում է «Ղարադամ»: Մատուռ-սրբարանի անվան կապակցությամբ կարևոր ենք համարում ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը Արցախի տարածքում գյուղական բնակչության լայն շրջանակներում պաշտվող ժողովրդական սրբարանների մասին, որոնք կոչվում էին «սուրբ օջախ» (Լալայան 1988, 98-99): Այսպիսի սրբարանները սովորաբար նման չեն դասական մատուռի, չունեն մատուռներին բնորոշ ուղղանկյուն-երկայնական հատակագիծ և արևմուտք-արևելք ուղղվածություն (Պետրոսյան 2001, 353-354): Այն նման էր ավանդական բնակարանի, ուր կարևորվում էր օջախի ձևական առկայությունը, ուստի պատահական չէ, որ նույն Լալայանը այսպիսի սրբարանները, որտեղ կարևորվում էր օջախի առկայությունը համեմատում է ավանդական բնակարանի՝ ղարադամի (գլխատուն) և նրա օջախի հետ: Նման սրբարանները սովորաբար ունենում ընդհանրական անվանում, որի մի բաղկացուցիչն անպայման օջախ բառն էր և հատուկ անվանում, որը տոհմային էր (Պետրոսյան 2001, 348-349): Օջախի հավելյալ սրբացումը հայտնի չափով նշանակում էր նրա գործառույթների հանրայնացում՝ համայնքային ծիսա-պաշտամունքային կենտրոնի վերածում: Այսինքն՝ այստեղ մենք տեսնում ենք, որ համադրվում էին ժողովրդական և քրիստոնեական հավատալիքները (Պետրոսյան 2001, 350-352): Մեր հուշարձանի պարագայում կարող ենք փաստել, որ այս սրբարան-մատուռը կառուցված էր Տեր-Դավթյանց տոհմի կողմից, այսինքն բացի ոչ ուղղակի օջախ անվանումից, որը մեր պարագայում փոխարինված է ղարադամ բառով:

Նշենք, որ սրբացված բնակարանը կարող էր լինել գործող, լքված, ավերակ: Հաճախ նման ժողովրդական սրբարաններ էին դառնում հին, կիսաքանդ մատուռները, սրբավայրերը (Պետրոսյան 2001, 352-354): Արցախի տարածքում նման սրբավայրերում կարևոր էր նաև մատաղ անելու և սրբի պատվին խնջույք կազմակերպելու գործառույթը:

Նկ. 3 Մուտքի բարավորի արձանագրությունը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Մատուռ-աղոթարանը փոքր ուղղանկյուն կառույց է, տեղադրված թեք տեղանքում: Այն կառուցված է կոպտատաշ տարբեր չափերի քարերով, կրաշաղախով: Համեմատաբար սրբատաշ խոշոր քարերով են շարված շինության անկյունները: Պատերի մեջ ագուցված են 12-13-րդ և 16-17-րդ դարերի խաչքարեր, որոնցից որոշները պատերի մեջ տեղադրվել են հորիզոնական դիրքով, այսինքն՝ հարմարեցվել են պատի անկանոն շարին (նկ. 4-8):

Նկ. 4 Մատուռ-սրբարանի պատի մեջ ագուցված խաչքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 6 Մատուռ-սրբարանի պատի մեջ ագուցված խաչքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 5 Մատուռ-սրբարանի պատի մեջ ագուցված խաչքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 7 Մատուռ-սրբարանի պատի մեջ ագուցված խաչքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Նկ. 8 Մատուռ-սրբարանի պատի մեջ ագուցված խաչքարերից, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Մատուռ-աղոթարանը կիսավեր է, կարիք ունի փլատակների ու բուսածածկույթի մաքրման և պեղումների: Ներկա տեսքով պարզ չէ նրա հատակագիծը, ներքին կառուցվածքը (նկ. 9):

Նկ. 9 Մատուռ-աղոթարանի փլատակներով, բուսածածկույքով տարածքը, լուս.՝ Գ. Սարգսյանի:

Գրականություն

  1. Լալայան Ե., Վարանդա (Նյութեր ապագա ուսումնասիրության համար), Երկեր, հ. 2, Երևան, 1988:
  2. Պետրոսյան Հ., Քարաբլուրի նորագյուտ սրբարանը և «սուրբ օջախների» պաշտամունքն Արցախում, Հայոց սրբերը և սրբավայրերը, ակունքները, տիպերը, պաշտամունքը, Երևան, 2001, էջ 347-356:
Առաջաձորի «Ղարադամ» մատուռ-աղոթարանը
Առաջաձորի «Ղարադամ» մատուռ-աղոթարանը
Մարտակերտի շրջան
Արցախ