Առաջաձորի Սբ. Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Առաջաձորի Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ համանուն գյուղի տարածքում (նկ. 1): Գյուղն օկուպացվել է Ադրբեջանի զինուժի կողմից:
Պատմական ակնարկ
Համաձայն շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1668 թվականին: Արձանագրությունը գտնվում է եկեղեցու հարավային պատին. «Թվին :ՌՃԺ և Է: (1668) հայրապետութիւն Պետրոս կաթողիկոսին, գյուղիս տանուտէրութիւն Եաղուբ պէկին, աղսախկալութիւն Պհարին, ես անարժան Դաւիթ էրեցս շինեցի զեկեղեցիս ի յիշատակ հոգոց մերոց, ով կարդաք, ողորմի ասէք մեղաւորիս» (ԴՀՎ 1982, 89): Արձանագրությունը նույն կերպ մեջբերում է նաև Մակար Բարխուդարյանցը: Վերջինս տալիս է նաև եկեղեցու հակիրճ նկարագրությունը. «Եկեղեցին Սուրբ Աստուածածին, թաղակապ երկու կամարների վերայ, երկարութիւնն 16 մետր 13 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 15 սանթիմ…» (Բարխուտարեանց 1895, 187):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին ուղղանկյուն միանավ թաղակապ սրահ է: Կառուցված է փոքր ու միջին չափերի կրաքարով, շաղախով: Միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 2): Եկեղեցու տանիքին կա վեց միակտուր սյուների վրա հենվող կամարակապ զանգակատուն (նկ. 3): Այն կիսավեր է, բացակայում է կաթողիկեն (նկ. 4): Եկեղեցու թաղածածկը հենվում է հարավային և հյուսիսային զույգ որմնասյուներից բարձրացող որմնակամարների վրա (նկ. 5, 6): Սբ. Աստվածածին եկեղեցուն առանձնակի գեղեցկություն են հաղորդում հարավային ճակատին ագուցված խաչքարերը: Սրանք գտնվում են մուտքի և լուսամուտի մոտ (նկ. 7, 8):
Որպես մուտքի եզրաքար ծառայող խաչքարն ունի հյուսկեն զարդաքանդակ, խաչը եռաբլթակ է, նրա ստորին հատվածում պատկերված են հյուսկեն երկու պարզ խաչեր: Այս խաչքարը բնորոշ է 12-13-րդ դարերին (նկ. 9): Այս խաչքարից փոքր-ինչ վերև գտնվող հաջորդ խաչքարն ավելի պարզ է, զարդարված է երկրաչափական և հյուսածո քանդակով, կենտրոնում պատկերված խաչը միաբլթակ է, փոսիկներով: Նշենք, որ որպես մուտքի եզրաքար ծառայում է ևս մի խաչքար, որը կիսով չափ գտնվում է հողի մեջ: Այն ևս ունի հյուսածո երկրաչափական զարդաքանդակ:
Եվս երկու խաչքար գտնվում են մուտքի և լուսամուտի միջև որպես շինաքար օգտագործված քառակուսի մեծ հարթեցված սալի երկու կողքերին: Դրանցից մեկն (նկ. 10) ունի պարզ երկրաչափական զարդագոտի, սալի ողջ մակերեսն զբաղեցնում է երկբլթակ թևերով խաչը, որի տակից սկիզբ են առնում ևս երկու պարզ խաչեր: Հաջորդ խաչքարի (նկ. 11) կենտրոնում պատկերված է եռաբողբոջ թևերով խաչը՝ եզերված հյուսկեն զարդագոտիով: Խաչի ստորոտից սկիզբ են առնում ևս երկու խաչեր: Պատին ագուցված այս փոքր խաչքարերը լայն տարածում ունեին Արցախում 12-13-րդ դարերում: Սրանց բնորոշ էր ավելի համեստ հարդարանքը և իրենց պարզությամբ մատչելի էին ավելի համեստ կարողություններ ունեցող պատվիրատուների համար (Պետրոսյան, Երանյան 2022, 32-35):
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ, լայնացվել են լուսամուտները` հարավային և արևելյան ճակատում, քանդվել մուտքի բարավորը, եկեղեցու տանիքը ծածկվել է թիթեղյա ծածկով (նկ. 12): Գտնվում է կիսավեր վիճակում: Եկեղեցու շուրջն է տարածվում նաև հին գերեզմանոցը (նկ. 13):
2023 թվականի սեպտեմբերի 19-21-ի Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում օկուպացված է Ադրբեջանի կողմից: Եկեղեցու ներկա ճակատագիրն անհայտ է:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
- ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պրակ V, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, Երևան:
- Պետրոսյան, Երանյան 2022 - Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան:
Մարտակերտի շրջան
Արցախ