Թաղավարդի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում (նկ․ 1)։ Գյուղի մի մասը՝ Բուն կամ Վերին Թաղավարդն, Արցախյան երկրորդ պատերազմից հետո օկուպացվել է Արդբեջանի կողմից։ Գյուղի օկուպացված վերին թաղամասում գտնվում են Սուրբ Աստվածածին և Կարմիր կամ հին եկեղեցիները։ Գյուղի՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո գտնվող մասում գտնվում է Չուրհուշ եկեղեցին  (տե՛ս https://monumentwatch.org/hy/monitoring_watch/%d5%a9%d5%a1%d5%b2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab-%d5%b9%d5%b8%d6%82%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b7-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab-2/)։

 

Պատմական ակնարկ

Չնայած Վարանդայի հովտի Թաղավարդ գյուղը հարուստ է պատմա-ճարտարապետական հուշարձաններով  (հաշվառված են քսանը), սբ․ Աստվածածին եկեղեցու մասին տեղեկությունները սակավ են։ 17-րդ դարից սկսած Թաղավարդը հայտնի է որպես գրչության կենտրոն։ 1650 թվականին այստեղ՝ «ի յերկիրս Վարանդա, ի գեաղս Թաղաւարդ» Սարգիս քահանայի խնդրանքով Կատարինա կույսն արտագրել, իսկ Գայանե կույսը նկարազարդել է այժմ Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում 931 համարի տակ պահվող հայտնի Ավետարանը, իսկ 1717 թվականին անհայտ գրիչն ընդօրինակել է Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»  (Մինասյան 2015, 49, 50)։ Գյուղի և եկեղեցիների համառոտ նկարագրությունն  առաջինը տվել է Մ․ Բարխուդարյանցը  (Բարխուտարեանց 1895, 89):

Նկ․ 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավից, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է, գլանաձև թաղը հենվում է չորս պատկից մույթերով կազմվող երկու կամարների վրա։ Կառուցված է կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով։ Տանիքը երկթեք է, խորհրդային տարիներին ծածկվել է երկաթյա թիթեղով։ Երկարությունը 17,70 մետր է, լայնությունը՝ 9 մետր (Բարխուտարեանց 1895, 89)։ Արևելյան կողմում ավարտվում է  կիսակլոր խորանով և նրան կից մեկական ավանդատներով (նկ․ 2)։ Խորանին մոտ՝ հյուսիսային պատի մեջ ներկառուցված է մկրտության ավազանը։ Բեմը խիստ բարձր է (Մկրտչյան 1985, 170), բեմառէջքը հարդարված է 16-17-րդ դարերի խաչքարերի բեկորներով (նկ․ 3)։ Արևելյան և հարավային պատերում բացվում են սրբատաշ եզրաքարերով հարդարված մեկական լուսամուտներ։ Եկեղեցու միակ մուտքը հարավից է (նկ․ 4), այն կամարակապ է, իրականացված սրբատաշ կրաքարով, զարդարված հատուկ այդ նպատալով կերտված խաչքարով և կրկնում է 17-րդ դարում մշակված դասական շքամուտքի ձևն ու հարդարանքը։ Մուտքի բարավորի վրա պահպանվել է ընդարձակ շինարարական արձանագրությունը (նկ․ 5)․ «Շինեցաւ եկեղեցիս յանուն Սրբոյ/ Ա[ստուա]ծածնին՝ արդեամբ եւ ծախիւք ազնիւ Բէ/րամ աղայի որդոյ պօլկովնիկ Մելիք Ջ/իւմշիտեան Շահնազարեանցի, յիշատ/ակ կենդանեաց եւ համայ[ն] նընջեցելոցն/ իւրեանց ի Քրիստոս ։1840։ թվ ։ՌՄՁԷ։ (1287)» (հմմտ․ Բարխուտարեանց 1895, 89, հետազոտողը նաև նկատել է, որ արաբական և հայատառ տարեթվերի միջև տարբերություն կա։ Կարծում ենք տասնավորը ոչ թե «Ժ» է, ինչպես համարել է Բարխուդարյանցը, այլ «Ձ»։ Տարբերությունն այս դեպքում կազմում է ընդամենը երկու տարի, որը կարող է ցուցել եկեղեցու կառուցման ժամանակամիջոցը)։

 

նկ․ 2 Բեմը և խորանները, լուս․ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

նկ․ 4 Շքամուտքը, լուս․ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

նկ․ 3 Բեմառէջքը, լուս․ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

նկ․ 5 Շինարարական արձանագրությունը, լուս․ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախարության Հուշարձանների պահպանության վարչության շտեմարան:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եկեղեցին արցախյան պատերազմների ընթացքում չի տուժել։ Սակայն, ինչպես երևում է  տիեզերական նկարների քննությունից (նկ․ 6, հատուկ շնորհակալություն http://caucasusheritage.cornell.edu/ մեր գործընկերներին նյութը տրամադրելու համար) օկուպանտները լայն թափով սկսել են գյուղի ավերումը և հասել են ընդհուպ եկեղեցուն։

նկ․ 6 Իրավիճակն ըստ տիեզերական նկարների, տրամադրել են http://caucasusheritage.cornell.edu/-ի մեր գործընկերները։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
  2. Մինասյան 2015 - Մինասյան Թ․, Արցախի գրչության կենտրոնները, «Նաիրի» հրատ․, Երևան։
  3. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան։
Թաղավարդի սբ․ Աստվածածին եկեղեցին
Թաղավարդի սբ․ Աստվածածին եկեղեցի
Թաղավարդ
Արցախ