Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Խնուշինակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ Ճարտար և Գիշի բնակավայրերի միջև, շրջկենտրոն Մարտունուց 16 կմ հեռավորության վրա։ Գյուղի արևմտյան կողմում՝ բարձրադիր հատվածում է գտնվում 19-րդ դարի սբ․ Աստվածածին եկեղեցին (նկ․ 1)։

Նկ․ 1 Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Պատմական ակնարկ

Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի ճակտոնի վրա պահպանվել է կառույցի հիմնական արձանագրությունը, ըստ որի եկեղեցին 1860 թվականին կառուցել է Շուշի քաղաքից աղա Հայրապետ բէկ Դօլուխանեանցը․ «Ի ՌՅԹ. Կամաւն Աստուծոյ կառուցաւ եկեղեցիս Խնշինագ գեղջ անուն սուրբ Աստուածածնի սեպհական արդեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն, ազնուազգի աղա Հայրապետ բէկի Դօլուխանեանց ի յիշատակ հոգւոյ իւրոյ և ազնուհւոյ ամուսնոյն իւրոյ Բակումայ Մէլիք Բէկլարեանց և ծնողաց իւրոց հօրն Բաղդասար բէկի, մօրն Նազլու Խանին» (Բարխուտարեանց 1895, 120)։

Կառույցի երկրորդ արձանագրությունը գտնվում է թաղակիր որմնասյան վրա և հավանաբար վերաբերվում է տանիքի փոքր զանգակատան կառուցմանը, որից հիմա պահպանվել են միայն չորս սյուները․ «Սբ եկեղեցուն վերնատունն/ յիշատակ է Բաբա յԵփրեմե/անի, իւր որդւոյ Խաչատուրի/ և կողակից Մարգարիդի/ 1894 ամի 22 դեկտեմբերի» (նկ․ 2)։

Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում կառույցի արձանագրություններից, ինչպես նաև Մակար Բարխուդարյանցի «Արցախ»  աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է նաև, որ եկեղեցին ունեցել է երկու քահանա (Բարխուտարեանց 1895, 120)։

Նկ․ 2 Թաղակիր որմնասյան վրայի շինարարական արձանագրությունը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին, խորանին երկու կողմից կից ավանդատներով, միանավ սրահ է։  Թաղը, թաղակիր կամարները և գմբեթարդն ընդգծված սլաքաձև են, ինչը աղոթասրահին հաղորդում է ուղղահայաց ձգվածություն (նկ․ 3): Պատերը շարված են տեղական անմշակ քարից, բացառությամբ  անկյունային հատվածների, ինչպես նաև մուտքի ու պատուհանների, թաղակիր կամարների ու բեմառեէջքի  քարերից, որոնք սրբատաշ են։ Եկեղեցին ներքուստ ծեփապատ է։  Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է։ Կառույցի  երկարությունն է 17,45 մետր, լայնությունը` 8,80 մետր։

Նկ․ 3 Եկեղեցու ներքին տարածությունը, լուս. Ա․ Գրիգորյանի։

Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, իսկ մուտքի երկու կողմերում կան երկու մեծադիր, կամարաձև պատուհաններ։ Եվս մեկ մեծադիր լուսամուտ կա արևելյան կողմում (նկ․ 4)։ Կառույցն ունի վեց փոքր պատուհաններ․ երկուսը հյուսիսային պատի վրա, երկուսը՝ արևելյան, մեկական էլ հարավային և արևմտյան պատերին։ Մուտքի վերևի հատվածում՝ փոքր պատուհանի երկու կողմերում, տեղադրված են երկու վարդյակներ (նկ․ 5), իսկ խորանի բեմառեջքը և այլ հատվածներ զարդարված են պարզ խաչերով։

Նկ․ 4 Եկեղեցու տեսքն արևելքից, լուս. Ա․ Գրիգորյանի։

Նկ․ 5 Վարդյակներ եկեղեցու հարավային ճակատին, լուս. Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Խորհրդային շրջանում վնասվել է եկեղեցու տանիքն ու զանգակատունը։ Անձրևաջրերից պաշտպանելու համար 2010 թվականին վերանորոգվել է կառույցի տանիքը։ Եկեղեցու վիճակը հիմնականում այլ փոփոխությունների չի ենթարկվել։

Մատենագրական քննություն

Մակար եպիս․ Բարխուդարյանցն իր «Արցախ» գրքում բնակավայրն անվանում է Խունըշինակ (Խուն-շինակ), մանրամասն ներկայացնում եկեղեցին, ինչպես նաև դռան ճակատակալ քարի ընդարձակ շինարարական արձանագրությունը։ Անդրադառնում է նաև եկեղեցում գտնվող Ավետարանին և վերջինիս հիշատակարանին (Բարխուտարեանց 1895, 120,121)։

Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում Խնուշինակի եկեղեցու վերաբերյալ նշում է միայն, որ «շրջակայքում կան հին բնակավայրերի հետքեր, պաշտամունքային շինությունների ավերակներ»։

Գրականություն

1․ Բարխուդարյանց 1895 – Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բագու։

2․ Մկրտչյան 1980 – Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։

Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցին
Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցին
Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ