Ծակուռիի սբ. Աստվածածին եկեղեցին (Ծաղկավանք)

Տեղադրությունը

Ծաղկավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի հանրապետության Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի կենտրոնում, ծովի մակարդակից 866 մետր բարձրության վրա (նկ. 1): Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Նկ. 1 Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցու ընդհանուր տեսքը վերականգնումից առաջ, լուս․ Ս. Այվազյանի:

Պատմական ակնարկ

Եկեղեցու կամ նախկինում գոյություն ունեցած վանքի մասին պատմական տեղեկություններ շատ քիչ են պահպանվել: Գյուղը, որտեղ գտնվում է եկեղեցին, Սարգիս Ջալալյանցն անվանում է Ծակուռի, 19-րդ դարի կեսերին ունեցել է 22 տուն հայ բնակիչ և պատկանել է Հայկազ Միրզաբեկյանց տոհմին: Եկեղեցու կառուցումը ըստ Ջալալյանցի չի ավարտվել՝ մասնավորապես գմբեթը չի կառուցվել, քանի որ մահացել է այն կառուցող վարպետը: Ջալալյանցը եկեղեցու կառուցման ժամանակ կատարված դեպքերից, ծերունիների պատմածով, հետաքրքիր մի դրվագ է ներկայացնում. ճարտարապետը բարկանալով աշակերտի վրա ասում է՝ օձից խայթվես: Պատահում է, որ մի օր աշխատելիս աշակերտն օձի խայթոցից մահանում է և այդ տեսնելով ու զղջալով եկեղեցու վրա քանդակել է տալիս օձապատկեր՝ ի հիշատակ մշտնջենավորների և որպես խրատ ամեն ստահակ աշակերտների (Ջալալեանց 1858, 261-262): Այսօր էլ այդ օձաքանդակը պահպանվում է: Այն գտնվում է հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ:

Վանքի մասին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը նշելով, որ «Դասից վերև ունեցած է կաթուղիկէ, բայց խոնահրած է: Երևի թե վանք եղած է, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր» (Բարխուտարեանց 1895, 72, 73):

Եկեղեցու դռան բարավորին պահպանվել է շինարարական արձանագրությունը, ըստ որի եկեղեցին կառուցվել է 1682 թվականին. «Ես Յակովբ վարդապետ, աշակերտ Եսաեա վարդապետին Կրճևանցոյ, ի գիւղաքաղաք գեղջէն Թաղլարցի, յազգեն Թանկոց, առաջնորդ կարգեալ ի հայրապետէն Աղուանից տեառն Երեմիայի մի քանի գյուղօրէից ղուզաինւոյ, ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր, այլ ուր և շրջեցա ոչ գտի առաւել քան զայս և հաճեցայ բնակիլ աստ և հրդել զՅնդուսար արարի ի տեղի բնակութեան և սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն, յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց, հօրն իմոյ Դալվաթի և մօրն իմոյ Մարիամին, և դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառին, Յաշաքին ողորմութեան. աղաչեմ կենաց: Շինեցավ սուրբ եկեղեցիս ձեռամբ Յակովբ վարդապետին. ի թվին :ՌՃԼԱ: (1682)» (ԴՀՎ 5, 172-173): Սակայն եկեղեցու շրջակայքում պահպանված՝ 1196 թվականը կրող խաչքարը հիմք է տալիս ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է ավելի հին համալիրի տեղում (Մկրտչյան 1985, 116):

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Ծաղկավանքի եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկ տիպի եկեղեցիների երկմույթ հորինվածքային տարբերակին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն է (15,24 x 12,10 մետր), իսկ ներսում համարյա քառակուսի (9,3 x 10,3 մետր): Զույգ մույթերը (սրանք կամարներով կապված են միմյանց, բեմապատի և հանդիպակաց պատերի որմնամույթերի հետ) աղոթասրահի ներքին տարածությունը բաժանում են միջին (4,3 մետր) և կողային (2,0 մետր) նավերի: Կողային նավերն արևելքում ավարտվում են գլխավոր խորանին կից ավանդատներով (նկ. 2): Բեմի երկու կողմերից տանիք բարձրացող աստիճաններ են կառուցված: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմում է՝ արևելք-արևմուտք առանցքի վրա: Դահլիճի գրեթե քառակուսի համաչափությունը պայմանավորված է հարավային և հյուսիսային պատերի լայն բացվածքի կամարախորշերով: Աղոթասրահի երկայնական պատերն ընդգծված են որմնամույթերի երկու կողմերից ձգված որմնակամարներով (նկ. 3): Ներսը սվաղված է, սյուները, կամարները, որմնախորշերը, բեմի ճակատի քարերը շարված են սրբատաշ կապտավուն երանգի քարերով, իսկ պատերը՝ կոպտատաշ քարերով (նկ. 4):

Նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, չափագրությունը՝ Ս. Այվազյանի:

Եկեղեցու արտաքին և ներքին հատակագծային և ծավալատարածական անպաճույճ ճարտարապետական լուծմանը հանդիսավորություն միակ հաղորդողը շքամուտքն է (նկ. 5): Դռան բարավորի կենտրոնում փոքր չափի խաչքար կա, որի երկու կողմերի սալաքարերի վրա պահպանվել է եկեղեցու վերանորոգման արձանագրությունը: Դուռը և բարավորը շրջանակված են ստալակտիտների զարդաքանդակներով: Նման կամարաձև հարուստ մշակում ունի նաև Հերհերի Սբ․ Գրիգորիսի (Մարտունու շրջան) եկեղեցու շքամուտքը (նկ. 6):

Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին իր հորինվածքով կրկնում է Ավետարանոցի Կուսանաց անապատի եկեղեցին (Հարությունյան 1992, 401): Բեմը, նրա երկու կողմերից տանիք բարձրացող աստիճանները, երկայնական պատերի խորշակամարները նմանություն ունեն Գտչավանքի գլխավոր եկեղեցու կառուցվածքային այդ հատվածների հետ (Հարությունյան 1992, 339): Պետք է նշել, որ Ծաղկավանքի եկեղեցու հատակագծային և ծավալատարածական հորինվածքը որոշակի տարածում ունի ոչ միայն Արցախի ուշմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ, այլև նաև Սյունիքում (Շնհերի կուսանաց անապատ, Կնեվանք, տե՛ս Հասրաթյան 1973, 78,79), Նախիջևանում (Ագուլիսի Սբ․ Թովմայի եկեղեցի, հմմտ. Հարությունյան 1992, 405): Եռանավ բազիլիկ տիպի եկեղեցիների երկմույթ հորինվածքային՝ Ծաղկավանքի տարբերակը հանդիպում է Հայաստանի այլ նահանգներում ևս (հմմտ. Երևանի Զորավոր): Ավագ խորանի և ավանդատների պատերում պատրհան-խորշերի առատությունը նույնպես հիշեցնում է նույն ժամանակաշրջանի Սյունիքի և Նախճավանի եկեղեցիները: Փաստորեն գործ ունենք 17-18-րդ դարերի մի ճարտարապետական դպրոցի հետ, որի ստեղծագործությունները  լայնորեն տարածվել են Արևելյան Հայաստանում:

Մատենագրական քննություն

Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցու տեղադրութան, ճարտարապետության, թվագրության հարցերին անդրադարձել է Շ. Մկրտչյանը (Мкртчян 1989, 96, 97): Իդեպ, հեղինակի 1985 թվականի հրատարակության մեջ եկեղեցու հատակագծում ավանդատները շրջանաձև վերջավորություն ունեն, ինչն իրականությանը չի համապատասխանում: Դրանք, ինչպես որ Արցախի եկեղեցիներում է ընդունված, ուղղանկյունաձև են: Սբ․ Աստվածածնի համառոտ նկարագրությունը հանդիպում է նաև Վ. Հարությունյանի հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված գրքում (Հարությունյան 1992, 402):

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում՝ 1920թ., փակվելուց հետո, եկեղեցին տասնամյակներ որպես կոլտնտեսութան պահեստ է օգտագործվել, իսկ հետխորհրդային շրջանում դատարկ էր: Սակայն մարդիկ այցելում էին եկեղեցի, աղոթում և մոմեր վառում: Նպատակ ունենալով Արցախում պահպանել մշակութային, կրոնական ժառանգութունն ու գյուղի տարածաշրջանի ավանդույթները, եկեղեցու վերանորոգման նպատակով մի խումբ բարեգործներ 2010 թվականին նախաձեռնել են նվիրատվությունների հանգանակություն։ Ծաղկավանքի Սբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման գաղափարը պատկանում է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Տատունցին, ով այս եկեղեցու վերջին քահանայի ծոռնուհին է: Եկեղեցու վերականգնման նախագիծը կազմել է ճարտարապետ Սամվել Այվազյանը: Շինարարական աշխատանքների առաջին փուլն սկսվել են 2019 թվականի մայիսին։ 2019 թվականին իրականցվել է շինարարական աշխատանքների առաջին փուլը (հիմքի ամրացում, պատերի, պատուհանների, շքամուտքի, տանիքի և այլ ճարտարապետական մանրամասների նորոգում, նկ. 7, տե՛ս www.gofundme.com/tsakuri-church-reconstruction): Ներքին հարդարման աշխատանքներն ընդհատվել են 44-օրյա պատերազմի պատճառով, Ծակուռին հայտնվել է ադրբեջանական օկուպացիայում:

2021 թվականի մարտին՝ Հադրութի շրջան, և մասնավորապես Ծակուռի այցելության ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ցուցելով Ծաղկավանքի Սբ Աստվածածին եկեղեցու բարավորի արձանագրությունը, հայտարարել է, թե արձանագրութուններն ու խաչաքանդակները նոր են փորագրված և որ դա հայացված է ուդիական եկեղեցի է (https:youtu.be/blq-Kn1QnMs): Սա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը այլափոխվում և ոչնչացվում է պետական բարձր հովանու ներքո:

Նկ. 3 Եկեղեցու երկայնական կտրվածքը: Չափագրությունը՝ Ս. Այվազյանի:

Նկ. 4 Սբ Աստվածածին եկեղեցու ներքնատեսքը, լուս․ Ս.Այվազյանի:

Նկ. 5 Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցու շքամուտքը, լուս․ Ս. Այվազյանի:

Նկ. 6 Հերհերի Սբ․ Գրիգորիսի (Մարտունու շրջան) եկեղեցու շքամուտքը, լուս․ Լ. Կիրակոսյանի:

Նկ. 7 Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցու ընդհանուր տեսքը վերականգնումից հետո, լուս․ Ս. Այվազյանի:

Գրականություն

    1. Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ., «Արցախ», «Արօր», Բագու:
    2. Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ։ Կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան։ ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982, էջ 172,173։
    3. Հասրաթյան 1973 - Հասրաթյան Մ., Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան:
    4. Հարությունյան 1992 - Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, 2004, «Լույս» հրատ., Երևան:
    5. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ., Երևան:
    6. Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւ ն ի մեծն Հայաստան, մասն բ, Տփխիս:
    7. Мкртчян 1989 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха (второе издание), «Парберакан», Ереван.
Ծակուռիի սբ. Աստվածածին եկեղեցին (Ծաղկավանք)
Ծակուռիի Սբ. Աստվածածին եկեղեցի (Ծաղկավանք)
Ծակուռիի Սբ. Աստվածածին եկեղեցի (Ծաղկավանք)
Արցախ