Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Ծաղկավանք գյուղի կենտրոնում (նկ. 1)։ Ծաղկավանք գյուղը 2020 թվականի հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Նկ․ 1 Եկեղեցին հյուսիս արևելքից, լուս․ ԱՀ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության էլեկտրոնային շտեմարան։

Պատմական ակնարկ

Ծաղկավանք գյուղը գտնվում է Հադրութի շրջանում, Հադրութ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևելք։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին գյուղը կոչվում էր Խարմանջուղ (Բարխուտարեանց 1895, 46), Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ Խրմանջուղ։ 1991 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերը գրավել և հրդեհել են գյուղը։ Արցախյան առաջին ազատամարտից հետո գյուղն ազատագրվել է։ 1995 թվականին այն վերանվանվել է Ծաղկավանք։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Եկեղեցին կառուցվել 1830 թվականին։ Միանավ  ուղղանկյուն սրահ է, արևելյան կողմում լայն կիսաշրջան խորանով ու երկու ավանդատներով։ Գլանաձև թաղը հենվում է որմնասյուներից բարձրացող երկու կամարների վրա։ Միակ մուտքը բացվում է հարավից։ Հարավային պատին կա մեկ լայն լուսամուտ։ Տեղանքի թեքության պատճառով եկեղեցին արևմտյան ճակատով ամբողջությամբ և հյուսիսային հատվածով մասնակի թաղված են հողի մեջ (նկ․ 2)։  Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով, իսկ եկեղեցու հարավային հատվածին կից կառուցվել են շինություններ, որոնց փլվելու արդյունքում եկեղեցու մուտքը կիսափակվել է։

Նկ․ 2 Եկեղեցին հարավ-արևելքից, 2020, լուս․ Գ․ Բուդաղյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Մինչև 2020 թվականի սեպտեմբեր եկեղեցին կանգուն էր։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
  2. Բալայան Վ․, Արցախի հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020։
Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ