Կավահանի (Ղավախանի) Սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կավահան գյուղի կենտրոնական հատվածում, բնակելի թաղամասի հարավային եզրին։
Պատմական ակնարկ
Ըստ մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1871 թվականին. «Կառուցաւ սուրբ եկեղեցիս/ Ղաւախ[ա]նա հասարակութեան/ աշխատանօք, ի 1871 ամի» (նկ․ 1)։ Նախքան ներկայիս եկեղեցու կառուցումն այստեղ եղել է ավելի հին սրբատեղի։ Դա են վկայում եկեղեցու պատերին ագուցված՝ պատկերաքանդակներ կրող 12-13-րդ դարերի երկու խաչքարերը (նկ․ 2, 3)։
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարից են կերտված միայն շինության առավել պատասխանատու և գեղարվեստական նշանակություն հաղորդող հատվածները՝ անկյունաքարերը, որմնասյուները, կամարաքարերը, դռների և լուսամուտների շրջանակները։
Թաղածածկը կրող որմնակամարներն ունեն սլաքաձև կառուցվածք (նկ․ 4, 5)։
Գեղեցիկ ճարտարապետական հարդարանք ունի հատկապես հարավային ճակատից բացված միակ մուտքը (նկ․ 6)։ Եկեղեցու հարդարանքը զուսպ է, այն հիմնականում զարդարված է ագուցված խաչքարերով և պարզ խաչաքանդակներով։
Արևելքից կիսաշրջանաձև խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են (նկ․7)։ Եկեղեցու, հյուսիսային պատին կամարակապ որմնախորշի մեջ եղել է մկրտության ավազանը, որը սակայն չի պահպանվել։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան փոքրիկ որմնախորշեր, նախատեսված եկեղեցական և ծիսական իրերի համար։
Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից զույգ որմնասյուների և որմնակամարների վրա։ Արտաքուստ ունի դեպի հարավ և հյուսիս նվազող երկլանջ ծածկ։ Լուսավորությունը կատարվել է արևելքից երեք, հարավից երկու և արևմտյան ճակատից բացված մեկ լուսամուտներով (նկ․ 8-10)։ Հարավային լուսամուտներն ունեն ավելի մեծ չափեր։ Արևելյան մեծ լուսամուտը բացվում է կենտրոնական խորանում, մյուս երկուսը լուսավորում են ավանդատները։
Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Հյուսիսային պատում նոր մուտք է բացվել. պատերը սվաղապատվել են, որի արդյունքում ծածկվել են մուտքի բարավորի խաչաքանդակները, համարյա անըթեռնելի է դարձել շինարարական արձանագրությունը: Նախնական կղմինդրածածկը փոխարինվել է ասբեստե թիթեղով։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցին չի գործել։ Ասբեստե ծածկը խիստ վնասված վիճակում է։ Նախքան 2020 թվականի պատերազմը և պատերազմի ընթացքում եկեղեցին չի տուժել։ Ներկայումս հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Մարտունու շրջան
Արցախ