Կարմիր եկեղեցին (Մելիք Փաշայանների դամբարանը)

Տեղադրությունը

Կարմիր եկեղեցի համալիրը, որը հայտնի է  նաև Մելիք Փաշայանների դամբարան անունով, գտնվում է Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի արևելյան եզրին, մի բլրի վրա (նկ․ 1)։

Նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Պատմական ակնարկ  

19-րդ դարի հետազոտողներն այստեղ վավերացրել են մի հուշարձանախումբ՝ բաղկացած եկեղեցուց, նրան կից երեք գետնափոր դամբարաններից և ընդարձակ գերեզմանոցից (Բարխուդարեանց 1895, 106-108): «Մատուռների, ինչպես և եկեղեցու մեջ կան գերեզմաններ, որոնց տապանաքարերը ահագին միապաղաղ քառանկյունի սև քարեր են, առանց մի որևէ գրության կամ քանդակի» (Լալայան 1897, 49): «Գյուղի արևելյան կողմում․ փոքրիկ բլրակի վրա խիտառխիտ շիրիմներ են, ուր կա քառախորան, սագաշեն մի եկեղեցի, որոնցից երեքը հողի տակ են, իսկ մեկը կիսով չափ բարձր է հողի մակերևույթից և ինչ-որ բանով նման է  ակլդամայի (գերեզմանատեղի)։ Ընդ որում սրանցում բազմաթիվ գերեզմաններ են, որոնց թվում Մելիք Փաշայի և Սահակ Եպիսկոպոսի շիրիմները» (Ջալալեանց 1858, 514)։

Նշվածներից այսօր պահպանված են միայն եկեղեցին և գերեզմանատունը։

Ըստ եկեղեցու մուտքի ճակատակալ քարի վրա արված արձանագրության՝ այն կառուցվել է 1621 թվականին․ «Թվ[ին] ։ՌՀ։․ Դաւիթ եպիսկոպոս․ յիշատակ է եկեղեցի վանքս, որ լինի սա դամբարան եւ շիրիմ մերոց նախնեաց» (ԴՀՎ 5, 160)։

2022 թվականին եկեղեցու տարածքում իրականացվել են պեղումներ, որոնց գլխավոր նպատակը եղել է մատուռ-դամբարանների հայտնաբերումը։ Սակայն դրանք չեն հայտնաբերվել։

Պեղումների արդյունքում ի հայտ են եկել տարբեր ժամանակաշրջանի պատկանող խաչքարերի բեկորներ  (նկ․ 2, 3), արձանագիր քարեր, եկեղեցու պատերի մեջ ագուցված տապանաքարեր (նկ․ 4), եկեղեցու տարբեր մասերում արված թաղումներ։

Նկ. 2 Եկեղեցու տարածքում հայտնաբերված խաչքարերի բեկորներ, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Նկ․ 3 Եկեղեցու տարածքում հայտնաբերված արձանագիր խաչքարի բեկոր, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Նկ. 4 Տապանաքարեր հյուսիսային պատի մեջ, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է, արևելյան մասում կիսաշրջանաձև խորանով։ Խորանի երկու կողմերում ավանդատներն են, որոնք առանձնահատուկ են իրենց փոքր մուտքերով, որի պատճառով էլ պարզ չէ դրանց հիմնական գործառույթը։ Մուտքը բացվում էր հարավից։ Ունի 7,5 մետր երկարություն, 5,5 մետր լայնություն, 4 մետր բարձրություն։ Պահպանվել են պատերի ստորին որոշ հատվածներ (նկ․ 5)։

Նկ. 5 Եկեղեցու արևմտյան հատվածը մաքրումից հետո, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Եկեղեցին հարուստ է խաչքարերով, որոնց մի մասը պահպանվել է առ այսօր, մի մասի վերաբերյալ էլ տեղեկությունները պատմական աղբյուրներից են։

Խորանի հյուսիսային կողմում մի գեղաքանդակ խաչքարի վրա արձանագրված է․ «Թվ[ին] ։ՌԻԵ։ (1576) ի հայրապետութի․ տ[է]ր Յ[ով]հ[անի]սի առ[ա]ջն[որ]դութի Մէլիք Փաշին։/ Յանուն Աստուծոյ ես Սահակ եպիսկոպոս կանգնեցի զխաչս ի փրկութիւն եղբաւր իմոյ Ղազարին․աղաւթս յիշեցէք» (ԴՎՀ 1982,160, նկ․6), խորանի հարավային մասում արձանագիր խաչքար․«Թվ[ին] ։ՌԼԵ։ (1586) ի հա[յրա]պ[ետութի] Տ[է]ր Դավթ[ի], առ[ա]ջնորդ[ութի] Մելիք Փաշի։ Պ[ե]տ[րո]ս էպ[իսկոպո]ս» (ԴՀՎ 1982, 160, նկ․7)։

Մատուռի մեջ մի գեղաքանդակ խաչքարի վրա արձանագրված էր․ «Կամաւ ամենակալին Աստուծոյ, ես Մէլիք Աւան կանգնեցի զխաչս ի փրկութիւն հաւր իմոյ Մելիք Պապին, մաւրն իմոյ Խոնդի խաթունին․ ով որ յիշէք ի տէր յիշեսջիք առ Աստուած․ թվ[ին] ։ՌԺԵ։ ին (1566) » (ԴՀՎ 1982, 161)։ Այս և արձանագիր մի քանի խաչքարեր չեն պահպանվել։ Հատուկ նշելի են 12-13-րդ դարերի խաչքարերը՝ հանգուցյալներին ներկայացնող հարուստ պատկերաքանդակներով (նկ. 2, 3):

Եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանատունը՝ հին և նոր տապանաքարերով։

Նկ. 6 Խորանի հյուսիսային կողմի արձանագիր խաչքարը, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Նկ․ 7 Խորանի հարավային կողմի արձանագիր խաչքարը, 2022, լուս․ Ա․ Գրիգորյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Եկեղեցին գտնվում է ավերված վիճակում։ Թաղածածկն ամբողջությամբ փլուզված է, պահպանվել է միայն մի փոքր հատված խորանի գմբեթարդից։  

2022 թվականի պեղումների արդյունքում հեռացվել է սրահի հողածածկը, բացվել են պատերի պահպանված որոշ հատվածներ (https://www.facebook.com/profile/100067818338897/search/?q=%D5%AE%D5%B8%D5%BE%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2):

2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ հուշարձանը չի տուժվել։

Գրականություն

  1. Բարխուդարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
  2. ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմեց՝ Ս․ Բարխուդարյան, Երևան:
  3. Լալայան 1897 - Լալայան Ե., Վարանդա, Ազգագրական հանդես, թիվ 2:
  4. Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1980։
  5. Ոսկեան Հ․, Արցախի վանքերը, Վիեննա, 1953։
  6. Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս․, Ճանապարհորդությիւն ի Մեծն Հայաստան, Տփխիս։
Կարմիր եկեղեցին (Մելիք Փաշայանների դամբարանը)
Կարմիր եկեղեցին (Մելիք Փաշայանների դամբարանը)
Մարտունու շրջան
Արցախ