Կարմրակուճի սբ․ Ամենափրկիչ եկեղեցին
Տեղադրությունը
Եկեղեցին գտնվում է Կարմրակուճ գյուղի մեջ, բարձրադիր կետում (նկ. 1)։

Tr Ամենափրկիչ 13

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից, լուս․՝ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների շտեմարանի։
Պատմական ակնարկ
Չնայած Մակար Բարխուտարյանցի մոտ հանդիպում են եկեղեցու մասին հիշատակություններ, սակայն կառուցման տարեթիվը բացակայում է։ Մուտքի ճակտոնի կամարի կողպեք քարին փորագրված են կառուցման՝ 1844 և վերանորոգման՝ 1964 տարեթվերը ( նկ. 2)։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին միանավ սրահ է՝ կիսագլանաձև թաղով, արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով։ Կառուցված է կոպտատաշ կրաքարով ու կրշաղախով: Անկյունաքարերը, պատուհանների և դռան եզրաքարերը սրբատաշ են։ Հուշարձանի չափերն են՝ 12,8 մետր երկարություն և 7,4 մետր լայնություն (Բարխուտարեանց 1895, 70)։
Միակ մուտքը հարավային կողմից է։ Սրահը լուսավորվում է արևելյան խորանից ու արևմտյան ճակատից բացված մեկական նեղ պատուհաններով և թաղի կենտրոնում բացված վեցասյուն ռոտոնդայով պսակվող զանգակատան բացվածքից (նկ. 3)։
Եկեղեցին վերականգնվել է 2000-ական թվականներին և ծածկվել կղմինդրով:

նկ. 2 Եկեղեցու հարավային մուտքը, լուս․՝ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների շտեմարանի։

նկ. 3 Եկեղեցու ներքնատեսքը արևմուտքից, լուս․՝ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների շտեմարանի:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր (նկ. 4)։ Ինչպես պատերազմի ընթացքի, այնպես և պատերազմից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Մատենագրական քննություն
Եկեղեցին համեմատաբար նոր է կառուցվել, ինչի պատճառով սկզբնաղբյուրները սակավ են։ Մեր նկարագրությունը հենվում է Մակար Բարխուտարյանցի փոխանցած տեղեկությունների և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմված հուշարձանի վկայագրի ներկայացված տեղեկությունների վրա։

նկ. 4 Եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիս-արևելքից, լուս․՝ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների շտեմարանի:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Կարմրակոճի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի
Արցախ