Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին

Տեղադրությունը

Հերհերի  սբ․ Գրիգորիսի եկեղեցին  գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Մարտունու շրջանի համանուն  գյուղի կենտրոնում, հարթավայրի նկատմամբ 846 մետր բարձրության վրա (նկ. 1):

Նկ. 1 Սբ․ Գրիգորիսի եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիսարևմուտքից, լուս․ Հ. Պետրոսյանի:

Պատմական ակնարկ

Հերհեր գյուղը Ամարասի հովտի կարևոր բնակավայրերից է։ Գրավոր աղբյուրների, սբ․ Գրիգորիս եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունների տեղեկությունների համաձայն՝ Հերհերը եղել է Ամարասի վանքի միաբանների ամառանոցը և Վարանդայի և Քոչեզի վիճակների կենտրոնը։ Այս հանգամանքը բարերար է անդրադարձել եկեղեցու ճարտարապետական նկարագրի վրա, ինչպես նաև այստեղ հավաքվել են մասունքներ, կանգնեցվել խաչքարեր, կան դարաշրջանի դեպքերի ու դեմքերի մասին հավաստի տեղեկություններ պարունակող արձանագրություններ։ Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ գյուղը հիմնադրված է համանուն լեռնագոտու հյուսիսային կողմում։ Նա տեղեկություններ է հայտնում նաև բնակավայրի կլիմայական պայմանների, օդի, ջրի, բնակչության, եկեղեցու  և նրա արձանագրությունների մասին (Բարխուտարեանց 1895, 104 -106):  Եկեղեցու արձանագրություններին է անդրադարձել նաև Ջալալյանցը  (Ջալալյանց 1858, 330), ավելի ամբողջական բնագրերը հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը (ԴՀՎ 5, 164-168)։ Համաձայն եկեղեցու հարավային  ճակատի  շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է Պետրոս կաթողիկոսի հրամանով Բարսեղ արքեպիսկոպոսի ղեկավարությամբ 1667-1676 թվականներին (նկ. 2). «Շնորհօքն Ք[րիստոս]ի, ես՝ Բարսեղ/ եպ[ի]սկ[ո]պ[ո]ս աշ[ա]կերտ Պետրոս կ[ա]թ[ո]ղ[ի]կ[ո]/սին եւ ծնօղսն իմ Աղայն և Գուլ/աղայն ի գավառէն Վար[ա]նդու, ի գեղջէն/ Գիշու, նորոգեալ պայծառացուցի զս[ուր]բ/ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք՝ հանդ/երձ յոգնաթիւ սենեկօք, զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս շքեղ/ացուցաք զարդուք, տուաք շինել զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս անո/ւամբ ս[ր]բոյն Գրիգորիսի՝ հովարան ս[ուր]բ աթոռոյն Ամ/արասայ. որ և մասն բերեալ ի նմանէ ամփոփեցաք աստ, իսկ/ հիմնարկեցաւ տաճարս ։ՌՃԺԶ։ (1667) թվին, կատարե/ցաւ ։ՌՃԻԵ։ին (1676) (ԴՀՎ 5, 164)։ Այսպիսով, արձանագրությունը ոչ միայն հայտնում է  սբ. Գրիգորիսի եկեղեցու կառուցման ժամանակն ու հանգամանքները, այլև ներկայացնում է Ամարասում կատարված աշխատանքները՝ բազմաթիվ կից ենթակառույցներով շրջապարիսպների կառուցում, Ամարասի եկեղեցու նորոգում և հարդարում («նորոգեալ պայծառացուցի զս[ուր]բ/ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք՝ հանդ/երձ յոգնաթիւ սենեկօք, զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս շքեղ/ացուցաք զարդուք»)։ Նաև նկատենք, թե այնքան էլ պարզ չէ, թե ո՞ր կառույցն է նկատի առնվում Ամարասի եկեղեցու տակ՝ Գրիգորիսի մատուռ-մասունքարանը, թե՞ կար նրա վրա կամ նրան կից կառուցված եկեղեցի, որի գոյությունն այլ աղբյուրներից հայտնի չէ։

Նկ. 2 Եկեղեցու հարավային ճակատի շինարարական արձանագրությունը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին քառամույթ գմբեթավոր եռանավ բազիլիկ է։ Այն ունի արտաքին՝ 19,2 x 13,6 մետր չափեր (նկ. 3)։ Կառուցված է սպիտակ կրաքարի կոպտատաշ բլոկներով և կրաշաղախով։ Մուտքերը, սյուները, կամարները, գմբեթատակ ծավալը, մուտքերի եզրերն ու պարակալներն իրականացված են սրբատաշ քարերով։ Ավագ խորանը շրջանաձև է, նրա երկու կողմերում տեղադրված են ուղղանկյուն, թաղածածկ ավանդատները, որոնց մուտքերը աղոթասրահի կողային նավերի կողմից են։ Ավանդատների պատերում կան զույգ պատրհաններ։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերում։ Արևմտյան կողմի գլխավոր՝ ուղղանկյուն մուտքը դրսի կողմից մշակված է որպես կամարաձև շքամուտք։ Այն բավական խորադիր է՝ լայն կամարը հենվում է մուտքի երկու կողմերում սիմետրիկ դասավորված որմնասյուների իմպոստային խոյակների վրա։ Ինչպես մուտքի բարավորը, այնպես էլ շքամուտքի ողջ ճակատը պատված են արձանագրություններով (նկ. 4), երկրաչափական և բուսական քանդակներով, մոտ զուգահեռներ ցուցաբերելով Ծաղկավանքի սբ․  Աստվածածին եկեղեցու  (Հադրութի շրջան) շքամուտքի հետ  (նկ. 5):

Նկ. 3 Եկեղեցու հատակագիծը, չափագրությունը Ս. Կարապետյանի:

Նկ. 4 Սբ․ Գրիգորիսի եկեղեցու արևմտյան շքամուտքը, լուս․ Հ․ Պետրոսյանի:

Նկ. 5 Ծաղկավանքի սբ․ Աստվածածին եկեղեցու շքամուտքը, լուս․ Ս. Այվազյանի:

Եկեղեցու բոլոր ճակատներին՝ պատերի մեջ, բացված են պատուհաններ։  Աղոթասրահի կենտրոնում, միմյանցից 4,8 մետր հեռավորությամբ տեղադրված են քառակուսի հատույթի գմբեթակիր չորս մույթեր, որոնք միմյանց և հանդիպակաց, երկայնական պատերի որմնամույթերի հետ միացված են կամարներով։ Չորս մույթերի տեղադրությամբ կազմված քառակուսու վրա էր բարձրանում ցածրադիր, եկեղեցու քառալանջ կտուրի կենտրոնում «թաղված» ու աներևույթ՝ ներսից ութանիստ գմբեթը (նկ. 6)։ Մուրադ Հասրաթյանը գտնում է, որ Ամարասի նախնական՝ 17-րդ դարին վերաբերող եկեղեցին ունեցել է Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցուն մոտ չափեր և նույն հորինվածքային լուծումը՝ ցածրադիր գմբեթով, քառամույթ գմբեթավոր բազիլիկա (Հասրաթյան 1975, 42)։ Սբ․ Գրիգորիսի եկեղեցու ներսում լավ են պահպանվել սյուները, խորանը, պատուհանների ու դռների քիվերը (նկ. 7)։ Նույնը չի կարելի ասել բեմի մասին։ Այն  խորհրդային շրջանում քանդվել է, որի հետևանքով ոչնչացվել է եկեղեցու կարևոր արձանագրություններից մեկը, որը, բարեբախտաբար, ժամանակին ընդօրինակել են Ս․ Ջալալյանցն  ու Մ․ Բարխուդարյանցը։ Պահպանված են բեմառէջքի սրբատաշ, վիմագրեր պարունակող քարերը:

Նկ. 6 Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցու ծածկի համակարգը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Նկ. 7 Եկեղեցու շքամուտքի խոյակը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Մատենագրական քննություն

Հերհերի  սբ․ Գրիգորիս եկեղեցու համառոտ նկարագրությունն   է տվել   Շ. Մկրտչյանը՝ Ամարասի հովտի հուշարձանները ներկայացնելիս: Ի դեպ հեղինակն այն դասում է այս տարածքի լավագույն հուշարձանների շարքին (Մկրտչյան 1985, 147-148, Мкртчян1988, 123)։ Կառույցի ճարտարապետական հորինվածքին է անդրադարձել  նաև Վ. Հարությունյանը հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված գրքում (Հարությունյան 1992, 402): Շուրջ 12 արձանագրություններ, որոնք բովանդակում են 17-18-րդ դարերին վերաբերող տեղեկություններ ներկայացված են «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ (ԴՀՎ 5, 164)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում սբ․ Գրիգորիս եկեղեցին տասնամյակներ որպես պահեստ դարձնելու պատճառով բեմն ամբողջովին քանդվել է։ Հետխորհրդային շրջանում այն մաքրվել է, վերականգնվել է գմբեթատակ քառակուսուց գմբեթին անցման հիմքը, որը ծածկվել է թիթեղապատ տանիքով։ Թիթեղապատվել են նաև եկեղեցու չորս ճակտոնների տանիքները։

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետո եկեղեցին փոփոխությունների չի ենթարկվել։

Գրականության ցանկ

1.Բարխուտարեանց 1895 - Մակար եպիս. Բարխուտարեանց, «Արցախ», «Արօր», Բագու:

2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ․ 5, կազմ․ Բարխուդարյան Ս., ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ՀՍԱՀ ԳԱ հրատ., Երևան, 1982։

3․Հասրաթյան 1975 – Հասրաթյան Մ․, Ամարասի ճարտարապետական համալիրը, «Լրաբեր» ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների, թիվ 5, էջ 35-52։

4. Հարությունյան 1992 - Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, 2004, «Լույս» պետական հրատ․, Երևան:

5. Մկրտչյան 1985- Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան:

6. Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան, մասն բ, Տփխիս:

7. Мкртчян 1989- Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, «Айастан», Ереван.

Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին
Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին
Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին
Արցախ