Միրիկի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրություն

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի (Լաչինի շրջան) Միրիկ գյուղում: Գյուղը գտնվում է Աղավնագետին աջ կողմից միախառնվող Միրիկ գետի մոտ՝ ծովի մակերույթից 1440-1520 մետր բարձրության վրա (Կարապետյան 1999, 134):

 

Պատմական ակնարկ

Գյուղի մասին պատմական տվյալները բավականին սուղ են: Գյուղը սովորաբար հիշատակվել է Մերիկ անվամբ, իսկ խորհրդային տարիներին այն հիշատակվում է որպես Միրիկ (Կարապետյան 1999, 134): Գյուղի Միրիկ անունը վկայված է նաև եկեղեցու կառուցողական արձանագրության մեջ (տես ստորև):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիսային եզրին՝ գյուղին իր դիրքով իշխող ժայռազանգվածի վրա (նկ. 1): Շինարարական արձանագրության համաձայն՝ կառուցվել է 1682 թվականին: Ծավալա-տարածական հորինվածքով  եռանավ բազիլիկ տաճար է (նկ. 2):

նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս. Ա. Նալբանդյանի:

Եկեղեցու պատերը կանոնավոր կոպտատաշ քարից են, իսկ խաչաձև սյուները, անկյունաքարերը՝ սրբատաշ: Պատերի մեջ ագուցված են տարբեր դարաշրջանների տապանաքարեր, խաչքարերի բեկորներ, քանդակազարդ քարեր (նկ. 3-9):

նկ. 4 Եկեղեցու պատի մեջ ագուցված քարերից, լուս. Ա. Նալբանդյանի:

նկ. 6 Եկեղեցու պատի մեջ ագուցված քարերից, լուս. Ա. Նալբանդյանի:

նկ. 8 Եկեղեցու պատի մեջ ագուցված քարերից, լուս. Ա. Նալբանդյանի:

նկ. 10 Եկեղեցու գլխավոր մուտքը, լուս. Ա. Նալբանդյանի:

նկ. 11 Եկեղեցու մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը, լուս. Ա. Նալբանդյանի:

նկ. 2 Եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, 1999, էջ 135։

նկ. 3 Եկեղեցու պատի մեջ ագուցված քարերից, լուս. Ա. Նալբանդյանի:

նկ. 5 Եկեղեցու պատի մեջ ագուցված քարերից, լուս. Ա. Նալբանդյանի:

նկ. 7 Եկեղեցու պատի մեջ ագուցված քարերից, լուս. Ա. Նալբանդյանի:

նկ. 9 Եկեղեցու պատի մեջ ագուցված քարերից, լուս. Ա. Նալբանդյանի:

Դրանք ինչպես ամբողջական են, այնպես էլ բեկորատված: Եկեղեցու շքամուտքը` կերտված սրբատաշ սալերով և շքեղ քանդակազարդ պսակով, գտնվում է հարավային կողմում (նկ. 10): Մուտքի բարավորին է գտնվում եկեղեցու շինարարական արձանագրությունը (նկ. 11), այն փոքր-ինչ վնասված է և ունեցել է տարընթերցումներ: Ներկայացնում ենք արձանագրությունը`Ս. Կարապետյանի ընթերցմամբ և Ա. Հակոբյանի շտկումներով.

«Ես` պ(ա)ր(ո)ն Հ(ախ)ն(ա)զարս, շին(ե)ցի ս(ուր)բ Ա(ստուա)ծած(ի)ն եկ(ե)ղ(ե)ց(ի)ս յիշ(ա)տ(ա)կ ինձ եւ իմ ծն(ո)ղ(ա)ցն. հայրն իմ պ(ա)ր(ո)ն (Սար)գսին, եղբ(այ)րն իմ Հ(ա)յկ(ա)զն յ(ի)շ(ե)ցէք ի Ք(րիստո)ս: Ես Ն(ա)ջարգ(ու)լս` տաւն(ու)տ(է)ր, վեր(ա)կ(ա)ցի ս(ուր)բ եկեղեց(ոյ)ս տ(ուա)ք :Ե: թ(ու)ման յիշ(ա)տ(ա)կ ինձ եւ իմ ծն(ո)ղ(ա)ցն: Մենք Միր(ի)կի ժ(ողո)վ(ու)րդս տուինք ս(ուր)բ եկ(ե)ղ(ե)ց(ւ)ոյս :Ե: թ(ու)մ(ա)ն` յիշ(ա)տ(ա)կ մեզ եւ մեր ծն(ո)ղ(ա)ցն ի թվին :ՌՃԼ: մէկն» (1682) (Կարապետյան, 1999, 134-135, Հակոբյան 2009, 31-33):

Եկեղեցու մուտքի շեմքին հարմարեցված տապանաքարին (նկ. 12) արձանագրված է. «Այս է հանգիստ Հախնազարին, թ(վին) ՌՃԳ (1654)» (Կարապետյան 1999, 135):

նկ. 12 Եկեղեցու շեմքի վրայի արձանագրությունը, լուս. Ա. Նալբանդյանի:

Արձանագրություն կա նաև եկեղեցու ներսում՝ հյուսիսային ավանդատան բարավորից քիչ բարձր. «Ես Էմին կ(ա)ն(կն)եցի զխաչս Հ(ու)ռ(ու)մո, հաւր իմո Ա(ստուա)ծա(տուր)…» (Կարապետյան 1999, 135): Եկեղեցին թաղակապ է, ներսից սվաղված, պահպանված է եկեղեցու խաչաձև ավազանը (նկ. 13, 14):

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Եկեղեցին խորհրդային տարիներին ծառայում էր որպես գյուղական ակումբ: Այն չի տուժել Արցախյան պատերազմների ժամանակ: 2020 թվականի դեկտեմբերին Քաշաթաղի շրջանի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո եկեղեցին դեռ կանգուն էր, տեղում էր և մուտքի բարավորի արձանագրությունը: Ադրբեջանական կողմը այն ներկայացնում է որպես աղվանական եկեղեցի։

 

 

 

 

նկ. 13 Եկեղեցու ներքին տեսքը, լուս. Ա. Նալբանդյանի:

նկ. 14 Եկեղեցու մկրտության ավազանը, լուս. Ա. Նալբանդյանի:

Գրականություն

  1. Կարապետյան 1999 – Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  2. Հակոբյան 2009 – Հակոբյան Ա., Պատմա-աշխարհագրական և վիմագրագիտական հետազոտություններ (Արցախ և Ուտիք), Վիեննա-Երևան:
  3. Lacin Rayonu Mirik kendi. Alban Kilsesi. 2 ardi var...   https://www.youtube.com/watch?v=ryxhUxH-cB0&t=9s
Միրիկի սբ․ Աստվածածին եկեղեցին
Միրիկի սուրբ Աստվածածին եկեղեցի
Միրիկի սուրբ Աստվածածին եկեղեցի
Արցախ