Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)

Տեղադրությունը

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամը գտնվում է Շուշի քաղաքում՝ սարահարթի բարձրադիր՝ արևմտյան հատվածում, որտեղից տեսանելի է քաղաքի ամբողջ համայնապատկերը: Այն դիտվում է քաղաքի գրեթե բոլոր բնակելի թաղամասերից և այս հատվածի ծավալային դոմինանտն է (նկ. 1):

Նկ. 1 Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և շրջակայքը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Պատմական ակնարկ

Շուշիի պատմական` Վերին կամ Նոր թաղում գտնվող սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին սկզբնապես կառուցվել է Արցախի գյուղերից Շուշի տեղափոխված համայնականների կողմից, այդ պատճառով էլ այն կոչվել է նաև Ղարաբաղցոց եկեղեցի: Նախնական կառույցը եղել է փայտաշեն (հմմտ. Թաղիադեան 1847, 286), ներկա եկեղեցին և զանգակատունը կառուցվել են 1847 թվականին, որպես մի ամբողջական համալիր: Զանգակատան մուտքի վերնամասում, մուտքից աջ և ձախ երկու սրբատաշ` 1 և 2 թվերով համարակալված սալերի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը. «Կառուցին ս[ուր]բ Յովհան/[նէս] Մկրտչի եկեղեցին/ [Շու]շա քաղաքացի պ[արոն] Յովհաննէսն/ և :1:/ Բաբայն Ստեփանեան/ Յովնանենց` ի յիշատակ/ հանգուցե[ա]լ եղ[բ]որ իւրե[ա]նց/ Մկրտչին, 1847 թվին/ :2:» (նկ. 2, 3):

Եկեղեցին Կանաչ ժամ անունն ստացել է այն պատճառով, որ ժամանակին կառույցի գմբեթը եղել է կանաչ գույնի (Մկրտչյան 1985, 226):

Նկ. 2 Եկեղեցու կառուցման արձանագրությունը կրող առաջին սալը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ունի ձգված համաչափություններ և խաչաձև հատակագիծ՝ արևելյան կողմում արտաքուստ շեշտված շրջանաձև խորանով (նկ. 4): Հարավային և հյուսիսային խաչաթևերն անմիջապես կցված են խորանին, ինչն էլ պայմանավորել է աղոթասրահի երկմաս բաժանումը` ուղղանկյուն սրահ` խորանի առաջ և համարյա քառակուսի սրահ զանգակատան ու երկրորդ սրահի մեջև: Որպես առանձնահատկություն պետք է նշել այն, որ զանգակատունը եկեղեցու հետ կոնստրուկտիվ ամբողջականություն է կազմում: Եկեղեցու շքամուտքը արևմուտքից բացվոմ է զանգակատան մեջ, որտեղից էլ կարելիէ մտնել ընդարձակ աղոթասրահ: Զանգակատան և եկեղեցու աղոթասրահի հատակը երկու մետրի չափով բարձր են բակի մակարդակից, որի պատճառով կառուցվել են երկու կողմից լայն հենապատերով պարփակված՝ դեպի մուտք տանող տասը աստիճաններ, որոնք ընդգծում են դեպի աղոթասրահը տանող շքամուտքի հանդիսավորությունը (նկ. 5): Եկեղեցու աղոթասրահը որմնամույթերով բաժանված է երկու սրահի (նկ. 6)։ Առաջին սրահն ունի մոտավորապես քառակուսի հատակագիծ, որը ծածկվում է երդիկավոր գլխատներին հատուկ գոցվող թաղով, իսկ երկրորդ՝ ուղղանկյուն սրահը գմբեթածածկ է: Շրջանաձև հիմքով թմբուկը բարձրանում է սրբատաշ որմնամույթերի վրա հենված կամարների վրա: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթ իրականացված է ինքնատիպ առագաստային լուծումով: Արևելյան ավանդատները կառուցված են ոչ թե խորանի երկու կողմերում, ինչպես հաճախ հանդիպում է, այլ խորանի տակ: Պետք է նշել, որ Գտչավանքի թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցում ևս ավանդատները գտնվում են բեմի տակ և մուտք ունեն աղոթասրահից:

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցված է սրբատաշ և կոպտատաշ կաթնագույն կրաքարից՝ խնամքով իրականացված շարվածքով: Սրբատաշ քարերով են շարված առավել պատասխանատու հատվածները՝ պատերի անկյունները, քիվերը, պատուհանների և շքամուտքի կամարները, զանգակատան և եկեղեցու գմբեթները, շքասանդուղքները: Եկեղեցին ունի լուսառատ ինտերիեր, որն ապահովվում է խորանի երեք, եկեղեցու և զանգակատան պատերի մեջ բացված լայն, ութ պատուհանների հաշվին (նկ. 5): Եկեղեցու ծավալը ներդաշնակված է շրջակա կանաապատ միջավայրին և քաղաքաշինական տեսակետից կարևոր՝ կազմակերպող դեր է կատարում:

Նկ. 7 Կանաչ ժամ եկեղեցու տեսքը հյուսիս արևմուտքից, (1960-ական թթ. ), լուս․ Мкртчян Ш., Давтян Щ., Шуши, Город трагической судьбы, «Амарас», Ереван, 1997, стр. 140.

Նկ. 8 Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 2020 թվականի պայթեցումից հետո, լուս․ armtimes.com/hy/article/201297։

Նկ. 3 Եկեղեցու կառուցման արձանագրությունը կրող երկրորդ սալը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Նկ. 4 Կանաչ ժամ եկեղեցու հատակագծային հորինվածքը, լուս․ Мкртчян Ш., Давтян Щ., Шуши, Город трагической судьбы, «Амарас», Ереван, 1997, стр. 20.

Նկ. 5 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շքամուտքը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Նկ. 6 Եկեղեցու ներքին տեսքը, լուս․ Հ. Պետրոսյանի:

Մատենագրական քննություն

Խորհրդային շրջանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ ներկայացված է հիմնականում հայ հեղինակների մոտ (Հարությունյան 1992, Մկրտչյան 1985, 226-228, Саркисян 1996, Мкртчян, Давтян 1997): Ադրբեջանցի հետազոտողներն անդրադարձել են միայն քաղաքի բնակելի կառուցապատմանը և մահմեդական հուշարձաններին՝ անտեսելով հայկականները (Авалов 1977, Фатуллаев 1970):

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում, Կանաչ ժամը շրջապատվել էր առողջարանների, հանգստյան և բնակելի տների կառուցապատմամբ, իսկ եկեղեցին ադրբեջանցիները օգտագործում էին որպես հանքային ջրերի ըմպելասրահ։ Բեմի վրա տեղադրված էր երկաթե մեծ ջրավազան, որը լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։ Ջրամբարից հաճախ թափվող հանքային ջրերը ողողում էին աղոթասրահը, այնտեղից պատը քայքայելով հոսում դեպի բակը։ Արևմտյան՝ զանգակատան հիմնական շքամուտքի աստիճանները քանդվել և նրանց փոխարեն հյուսիսային ճակատում նոր՝ հուշարձանին անհարիր աստիճաններ էին կառուցվել, որի պատճառով քանդվել էր կենտրոնական լուսամուտի գոգատակի պատը (նկ. 7)։ Արդյունքում հուշարձանը խիստ տուժել էր։

1995 թվականին՝ Շուշիի ազատագրումից հետո, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նորոգման աշխատանքների ժամանակ վերականգնվել են եկեղեցու գմբեթները, շքամուտքը, ամբողջացվել է ներքնատեսքը:

2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Կանաչ ժամը պայթեցվել է: Վնասված են գմբերթն ու զանգակատունը (նկ. 8): Այսօր ադրբեջանցիները անհիմն հերքելով եկեղեցու հայկական պատկանելությունը և «չընդունելով» նախկինում կատարված վերանորոգումները, ձեռնամուխ են եղել կառույցը՝ որպես ռուսական եկեղեցի «վերափոխելու» աշխատանքներին:

Գրականության ցանկ

  1. Թաղիադեան 1847 - Թաղիադյան Մ., Ճանապարհորդութիւն ի Հայս, Կալկաթա:
  2. Հարությունյան 1992 - Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, «Լույս» պետական հրատարակչություն, Երևան:
  3. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան», Երևան:
  4. Авалов 1977- Авалов Э., Архитектура города Шуши, «Элм», Баку.
  5. Саркисян 1996- Саркисян М., Из истории градостроительства Шуши, Армянский Центр стратегических и национальных исследований, Ереван.
  6. Мкртчян, Давтян 1997 - Мкртчян Ш., Давтян Щ., Шуши, Город трагической судьбы, «Амарас», Ереван.
  7. Фатуллаев 1970- Фатуллаев Ш., Памятники Шуши, Баку.
  8. «Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված է»։fip.am (hy-AM)։ 2020-11-19։ Վերցված է 2020-11-25։
  9. Историяи судьба армянских церквей Шуши | Центр поддержки русско-...russia-armenia.info/node/75692․
Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)
Շուշիի Կանաչ ժամ կամ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Շուշի
Արցախ