Սառնաղբյուր գյուղի սբ․ Գևորգ եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Գևորգ եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի արևմտյան եզրին, թեքադիր լանջի վրա (նկ․ 1)։

Նկ. 1 Եկեղեցին հարավ-արևելքից, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2023 թ․։

Պատմական ակնարկ

Ըստ մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1875 թվականին՝ փիրջամալեցի (Վարդաձոր) Հարություն, Ծատուր, Անդրեաս, Ջումշուդ Տեր Հարությունյան եղբայրների կողմից՝ ի հիշատակ իրենց ծնողներ Միլքումի և Ազիզի (նկ․ 2, 3)։

Նկ. 2 Եկեղեցու մուտքը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2023 թ․։

Նկ. 3 Բարավորի արձանագրությունը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2023 թ․։

Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ է հաղորոդում Մակար Բարխուդարյանցը. «Միրիշալլու գիւղ. հիմնուած է Աղուէ գաւառի դաշտաբերանում, բնակիչք տեղափոխուած Բէլուկան քաղաքից շատ վաղուց, հողն բէկական, բեղմնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ծանր ամրան, երկար կեանք 65-70, եկեղեցին սուրբ Գէորգ, խախտեալ, քահանան գալիս է Դահրազից։ Ծուխ 55. ար. 194. իգ. 175» (Բարխուտարեանց 1895, 127)։ Ինչպես տեսնում ենք, ըստ Բարխուդարյանցի՝ 19-րդ դարի վերջերին եկեղեցին արդեն իսկ վթարային վիճակում էր։

Հյուսիսային ավանդատան մուտքի վերնամասում, որպես բարավոր ագուցված խաչքարը վկայում է  ներկայիս եկեղեցուն նախորդած շատ ավելի վաղ կառույցի կամ սրբավայրի մասին (նկ․ 4)։

Նկ. 4 Ավանդատան ճակատին ագուցված խաչքարը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2023թ․։

Ճարտարապետական – հորինվածքային քննություն

Ուղղանկյուն հատակագծով (16x8,5 մետր) միանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական դեղնավուն թերթաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն որմնասյուների, որմնախորշերի անկյունաքարերը, կամարաքարերը, դռների և լուսամուտների շրջանակները։ Թաղածածկը չի պահպանվել, այն հենված է եղել հյուսիսից և հարավից զույգ որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 5, 6)։

Նկ. 5 Ներսը արևմուտքից, լուս. Ա. Գրիգորյանի:

Նկ. 6 Ներսը արևելքից, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2023թ․։

Եկեղեցու խորանն ունի իր  ժամանակին ոչ այնքան բնորոշ գրեթե ուղղանկյուն հատակագիծ  (ներքին անկյունները՝ թեթև կորացումով)։ Խորանին զուգահեռ երկու ավանդատներն են։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան  եկեղեցական և ծիսական իրերի  համար նախատեսված կամարակապ որմնախորշեր  (նկ․ 7)։

Հյուսիսային պատին՝ ավանդատանը կից, մկրտության ավազանն է։ Ավազանախորշի  շրջանակի քարերը զարդարված են խաչաքանդակներով (նկ․ 8)։

Մուտքը բացված է հյուսիսից, որը տեղակայված է կենտրոնից դեպի արևմտյան անկյունը։ Եկեղեցու արևմտյան ճակատը ամբողջապես, իսկ հարավայինը` մասամբ ձուլված է հողի թեքադիր լանջին։ Լուսավորվել է արևելքից բացված երեք փոքր և հյուսիսից բացված մեկ  մեծ լուսամուտներով։

Նկ. 7 Խորանը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2023թ․։

Նկ. 8 Մկրտության ավազանը, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2023թ․։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Սառնաղբյուր գյուղն արցախյան առաջին պատերազմի ժամանակ մարտական թեժ գործողությունների գոտում է գտնվել, ուժգին հրետակոծության և գնդակոծության է ենթարկվել։ Գյուղը բնակելի շինությունները և  պատմամշակութային կոթողները ահռելի վնասներ են կրել։ Եկեղեցու թաղածածկը փլուզվել է, պատերին առաջացել են խոռոչներ և ճաքեր (նկ․ 9)։

Ընդհանուր առմամբ եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում։  2020 թվականի պատերազմի ժամանակ հուշարձանը չի վնասվել։

Նկ. 9 Ընդհանուր տեսքը արևմտյան կողմից, լուս․ Ա․ Գրիգորյանի, 2023թ․։

Գրականություն

  1. Բարխուտարեանց  1895 -  Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Սառնաղբյուր գյուղի սբ․ Գևորգ եկեղեցին
Սառնաղբյուր գյուղի սբ․ Գևորգ եկեղեցին
Սառնաղբյուր գյուղի սբ․ Գևորգ եկեղեցին
Արցախ