Վաղուհասի «Մայրաքաղաք» կամ «Սուրբ Տիրամայր» վանքը

Տեղադրությունը

Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի կենտրոնական հատվածում։ 2023 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Պատմական ակնարկ

Վաղուհաս գյուղը Արցախի պատմական հուշարձաններով ամենահարուստ գյուղերից մեկն է։ Գյուղի և նրա շրջակայքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է 125 հուշարձան, որոնցից մեկն էլ «Մայրաքաղաք» կամ «Սուրբ Տիրամայր» վանքն է։ Ըստ Շ․ Մկրտչյանի՝ համալիրը «Տիրամայր վանք» է անվանվել եկեղեցում առկա Տիրամոր մեծադիր որմնանկարի շնորհիվ (Մկրտչյան 1985, 57)։

Վանքը հնում եղել է շատ հայտնի և Ս․ Ջալալեանցի  հաղորդմամբ, այն Մեծ Կուենի եպիսկոպասարանն էր (Ջալալեանց 1858, 231)։ Մ․ Բարխուդարյանցը նույնպես նշում է, որ «եկեղեցու մեծութիւնից և գերեզմանատան ծաւալից երևում է, որ ժամանակաւ հռչակաւոր վանք եղած է մայրակաղաքս և բազմաբնակիչ գիւղս, որ փոքր է այժմ» (Բարխուտարեանց 1895, 191)։ Համաձայն պատմական աղբյուրների՝ 19-րդ դարում գյուղացիներ համալիրը կոչում էին «Մայրաքաղաք» (կամ «Մայրավանք»): Հայտնի է, որ միջնադարում նշանավոր վանքերն ու եպիսկոպոսանիստ կենտրոնները կոչվել են նաև մայրաքաղաք (Ալեքսանյան 2016, 107-111, Հարությունյան, Ալեքսանյան 2017, 400)։

Արցախի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը 2014-2015 թվականներին վանքի գավթի և դրա հարակից կառույցների տարածքում իրականացրել է մասնակի պեղման և մաքրման աշխատանքներ (արշավախմբի ղեկավար Տ․ Ալեքսանյան):

Վաղուհասի վանքի արձանագրությունները հրատարակվել են 19-րդ դարում` Ս․ Ջալալեանցը՝ 4 վիմագիր (Ջալալեանց 1858, 231-233), Մ․ Բարխուդարյանցը՝ 6 (Բարխուտարեանց 1895, 192)։ Ս․ Բարխուդարյանը, ամբողջացնելով տեղի վիմագրերը, Դիվան հայ վիմագրության Արցախին նվիրված պրակում,  ներկայացնում է 7 արձանագրություն (ԴՀՎ 1982, 113-114):

Ճարտարապետա - հորինվածքային նկարագրություն

Վանական համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, որից պահպանվել է միայն հյուսիսային պատի մի հատվածը (նկ․ 1, 2), մեծ գավթից (ավերված է), որի արևելյան հատվածում կառուցված են  երկու մատուռ՝ մեկը ընդհանուր մուտքով (հարավ-արևելյան մասում) և  գրատուն՝  հյուսիս–արևելյան մասում (նկ․ 3)։

Նկ. 1 Մայրաքաղաք վանքի գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի պահպանված հատվածը, լուս․` Տ․ Ալեքսանյանի։

Նկ. 2 Մայրաքաղաք վանքի գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի պահպանված հատվածը, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 3 Մայրաքաղաք վանքի գավթի արևելյան հատվածի կառույցները, լուս․` Գ․Սարգսյանի։

Շարված է տորոնագույն, սրբատաշ և կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Հետագա նորոգումների ժամանակ պատերի շարվածքում իբրև շինանյութ օգտագործվել են նաև խաչքարեր, արձանագիր քարեր և դրանց բեկորները (նկ․ 4, 5)։ Հուշարձանն ունի 14մ 45սմ երկարություն, 12մ 97սմ լայնություն:

Նկ. 4 Պատերի շարվածքում իբրև շինանյութ օգտագործված խաչքարեր և դրանց բեկորները, լուս․` Գ․ Սարգսյանի։

Նկ. 5 Պատերի շարվածքում իբրև շինանյութ օգտագործված խաչքարեր և դրանց բեկորները, լուս․` Գ․ Սարգսյանի։

Հուշարձանի կառուցման ստույգ թվականը մնում է չպարզված: Գավթի  հարավ-արևելյան մատուռի մուտքից աջ տեղադրված 9 տողանոց արձանագրության (նկ․ 6) համաձայն՝  եկեղեցին կառուցվել է 1183 թվականին Հասան իշխանի կողմից. «:ՈԼԲ: (1183) թուականութե[ա]նս/ Հայոց եւ հայրապետութե[ա]նս Տ[է]ր Գրիգորո, ես Հասան/ որդի Վա[խ]տանգա շինեցի/ զեկեղե[ցիք]ս բազմաւեր վա/սն յանցանաց իմոց քաւութե/[ա]ն եւ իմ հոգոյս բարեխաւս առ ԱԾ, որ [երկ]իրպագանէք զՀաս[ա]ն յաղաթիս յիշեք եւ ԱԾ  զձեզ յ[իշէ]» (Հարությունյան, Ալեքսանյան 2017, 405): Նշված հոդվածի  հեղինակները գտնում են, որ Վախտանգի որդի Հասանը ոչ թե կառուցել, այլ վերականգնել է ավերված շինությունները (Հարությունյան, Ալեքսանյան 2017, 405)։

Գավթի հյուսիս-արևելյան մասում գրադարան էր։ Գրադարանի հարավային պատի ստորոտում պահպանված արձանագրությունից (նկ․7) երևում է, որ ոչ թե վանքի կառույցներից մեկը հետագայում ուղղակի դարձել է գրադարան, այլ այն ի սկզբանե կառուցված էր որպես այդպիսին. «Յառաջնորդութի[ւն] [Տր] Գրիգորո ես Սիմէոն եւ ե[ղբ]/արք իմ, ետու շինել զփռնա/խուցս եւ կազմել զգրա/տունն, եղբարք իմ  ետուն, /։Բ։(2) աւր պատարագ ի տ[ար]ոզն,/ կատարիչ[ք]ն աւրհնին յԱՅ, /։Ա։ (1) Սերոբա, ։Ա։  Սեւադի» (Հարությունյան, Ալեքսանյան 2017, 410)։

Ինչպես հաղորդում է Մ. Բարխուդարյանցը, 19-րդ դարում  վանքի շուրջը տարածվում էր ընդարձակ գերեզմանատուն: Գավթի շուրջ Աղվանից կաթողիկոսների և ուրիշ վարդապետների շիրիմներ են (Բարխուտարեանց 1895, 192; ԴՀՎ 1982, 114 )։  Մայրաքաղաքի գերեզմանոցը համարվում  էր նաև Վերին Խաչենի կամ Ծարի Դոփյան իշխանների տոհմական տապանատունը: 12-րդ  դարից սկսած  Դոփյաններն իրենց իշխաններին ամփոփում էին Վաղուհասի Մայրաքաղաք ու Խադա (կամ Գետամիջի) վանքերում (Ուլուբաբյան 1975, 157)։

19-րդ դարում արձանագիր հուշարձաններն արդեն վնասված էին: Այնուհետև վանական համալիրը զոհ դարձավ 1920-1930-ական թվականների ընդգծված աթեիստական տրամադրություններին (Մանուկյան 1997, 188):

Նկ. 6 Գավթի հարավ-արևելյան մատուռի աջ կողմի կամարակապ որմնախորշի արձանագրությունը, լուս․` Տ․ Ալեքսանյանի։

Նկ. 7 Գրատան արձանագրությունը, լուս․` Տ․ Ալեքսանյանի։

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Մինչև 2023 թվականը պահպանվում էին ավերված կառույցների պատերի առանձին մասեր, վիմագրություններ ունեցող սալաքարեր, մի քանի խաչքարեր և այլն: Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Գրականություն

1․ Ջալալեանց 1858 - Ջալալեանց Ս․ Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, մաս Բ, Տփխիս։

2․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։

3․ Ուլուբաբյան 1975 - Ուլուբաբյան Բ․ Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում,  Երևան։

4․ ԴՀՎ 1982 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան:

5․ Мкртчян 1989 - Мкртчян  Ш. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.

6. Մանուկյան 1997 - Մանուկյան Ա., Եկեղեցին Հայաստանում 1930-ական թվականներին, Երևան։

7. Ալեքսանյան 2016 - Ալեքսանյան Տ․ Միջնադարյան վանքերը «մայրաքաղաք» կոչելու հարցի շուրջ, «Էջմիծին», Երևան։

8․ Հարությունյան, Ալեքսանյան 2017 - Հարությունյան Ա․, Ալեքսանյան Տ․ Վաղուհասի Ս․ Տիրամայր վանքի վիմագրերը, «Հանդես ամսօրեայ», 1-12, Վիեննա-Երևան։

Վաղուհասի «Մայրաքաղաք» կամ «Սուրբ Տիրամայր» վանքը
Վաղուհասի «Մայրաքաղաք» կամ «Սուրբ Տիրամայր» վանքը
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջան
Artsakh