Վարազգոմի եկեղեցին
Տեղադրությունը
Վարազգոմի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (Լաչինի շրջան)՝ Մերիկ և Ղուշչի գյուղերի միջև, Աղավնագետի ձախ կողմում:
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել, այն չունի նաև վիմագրեր: Եկեղեցին վթարային է, թմբուկի վեղարն ու հարավային պատը փլուզված են, առկա են ճաքեր (նկ. 1, 2):
նկ. 1 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․ Ս․ Դանիելյանի։
նկ. 2 Եկեղեցու ընդհանուր տեսքը, լուս․ Ս․ Դանիելյանի։
Տեղացի քրդերը քանդել են եկեղեցու արևելյան ճակատի ստորին շարքերը, տեղահանել քարերը (նկ. 3): Հետագայում արդեն ադրբեջանցիները փորձել են ամբողջությամբ այն քանդել, սակայն բարեբախտաբար չեն հասցրել:
նկ. 3 Եկեղեցու արևելյան ճակատը, լուս․ Ս․ Դանիելյանի։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Պատկանում է խաչաձև-գմբեթավոր ծավալա-տարածական լուծում ունեցող փոքր եկեղեցիների շարքին (նկ. 4)՝ առանձնանալով նրանցից սրահի երկխորան ծավալով: Վարազգոմի եկեղեցու խորաններից մեկը գտնվում է հարավային կողմում, մյուսը ավանդական՝ արևելյան հատվածում: Եկեղեցին կառուցված է կոփածո և սրբատաշ քարերով, կրաշաղախով: Արտաքուստ՝ հատկապես արևմտյան ճակատում, կրում է 16-17-րդ դարերի իրականացրած վերանորոգման հետքերը: Շինարվեստն ու կառուցողական առանձնահատկությունները նման են Սյունիքի 9-11-րդ դարերի ճարտարապետությանը: Թմբուկը թե' ներքուստ և թե' արտաքուստ գլանաձև է: Ուշագրավ է, որ անցումը գմբեթակիր որմնասյուներից գմբեթարդին արված է արևելյան կողմում զույգ տրոմպների, իսկ արևմտյան կողմում՝ առագաստների միջոցով (Կարապետյան 1999, 136-138):
նկ. 4 Եկեղեցու հատակագիծը, Կարապետյան Ս. Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, էջ 136։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Եկեղեցին չի տուժել Արցախյան ո'չ 1992-1994 թվականների ռազմական գործողությունների ժամանակ, ո'չ էլ 2020 թվականի պատերազմի ընթացքում: Այն շարունակում է մնալ վթարային վիճակում, ինչպես և խորհրդային տարիներին էր, երբ 1960-ական թվականներից սկսած փաստվել է նրա վիճակը և կատարված միջամտությունները:
Ադրբեջանական կողմը եկեղեցին ներկայացնում է որպես աղվանական և անվանում Վարազգուն (ինչը Վարազգոմի այլափոխված տարբերակն է), իրենք թվագրում են այն 2-5-րդ դարերով, իսկ եկեղեցուն կից հայկական միջնադարյան գերեզմանոցը ներկայացնում որպես 7-րդ դարի աղվանական և մատնանշում, թե իբր հայերը փորձել են սեփականել այն:
Գրականություն
- Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։
- "Qarabağ – mədəniyyətimizin beşiyi”: Varazqun məbədi, https://heydaraliyev-centers.az/gadabay/news/13440 , http://mct.gov.az/az/umumi-xeberler/13328
Laçının qədim alban məbədi-Varazqunun tarixi, https://www.youtube.com/watch?v=11brX3SGIw0
Վարազգոմի եկեղեցին
Արցախ