Վարդաձորի սբ․ Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի հարավ-արևմտյան եզրին, գյուղի հին թաղում (նկ․ 1)։
Պատմական ակնարկ
Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության մեջ թվականի հատվածն անավարտ է մնացել (նկ․ 2)։ Երկու մասից բաղկացած արձանագրությունը հետևյալն է․ «Շինեցաւ ս[ուր]բ Ա[ստուա]ծածնայ հայոց եկեղեցիս/ Փիրաջամալ գեղջ ծախ[ուք] իւրովք Բաղտաս/ար Շամխալեանցին և որդոց նորին Սարգ/իսին և Յօհաննէսին. և համայն ննջեցելոցն/ ասասց[ե]ն. Ա[ստուա]ծ ողորմի, ամնէն։/
Շինեցաւ ս[ուր]բ Ա[ստուա]ծածնայ եկեղեցիս հայոց Փ/իրաջամալ գեղջ, ծախուք Շուշա քաղաքացի/ մ[ա]հտ[ե]սի Շահկալտիի Յարութ[իւ]նեանցի, ի յ[ի]շ[ա]տակ/ և ի փրկութ[իւ]ն հոգոյ վաղաթառամ որդոյ Միրզ/ային և ծնողացն, որ և աւարտեցաւ ի թիւն Քրիս[տոսի]․․․»:
Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ «Փիր-Ճամալ գիւղ. հիմնուած է նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, ոմանք տեղափոխուած Ջրաբերդից, սակաւք Հին Քեաթուկից և Բէլուկանից, հողն բէկական, անջրդի, այգեւէտ, բայց հացատու, օդն, կլիման և ջուրն նշանաւոր. երկար կեանք 100, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, որը կառուցանել տուած են իւրեանց ծախքով Շուշեցի բարեպաշտ Մահտեսի Շահկեալդին և Փիր-Ճամալեցի հանգուցեալ Բաղդասար Շամխալեանն. քահանայ մի։ Ծուխ 146. ար. 475. իգ. 357» (Բարխուտարեանց 1895, 128)։
Եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում ագուցված են 17-րդ դարի չորս խաչքար (նկ․ 3, 4)։ Արձանագրություններից մեկը կրում է «:ՌՃԼ: (1671)» թվականը, երկուսի վրա ընթեռնելի են «Խաչս՝ Խանզատէն», «Խաչս՝ Փիրհամզին» գրությունները:
Ճարտարապետական – հորինվածքային քննություն
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է (17x9,8 մետր), կառուցված տեղական գորշ ավազաքարով, կրաքարով և ամրացված կրաշաղախով։ Սրբատաշ են միայն անկյունաքարերն ու կամարաքարերը։ Թաղը հենվում է հյուսիսից և հարավից բարձրացող զույգ որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 5), դրսից պատված է երկլանջ տանիքով ։
Միակ մուտքը հարավից է (նկ․ 6)։ Լուսավորվել է արևելյան պատի երեք փոքրիկ, ինչպես նաև հյուսիսային և հարավային ճակատների մեկական մեծ լուսամուտներով, որոնցից հյուսիսայինը խորհրդային տարիներին քանդվել, էլ ավելի է մեծացվել (նկ․ 7, 8)։
Քանդվել է նաև խորանի բեմը, իսկ եկեղեցին գործածվել տնտեսական նպատակով։ Եկեղեցու կիսաշրջանաձև խորանին զուգահեռ գտնվում են ավանդատները։ Հյուսիսային ավանդատան մոտ որմնախորշի մեջ մկրտության ավազանն է։ Եկեղեցին ունի համեստ հարդարանք, որի հիմնական զարդարանքն են հանդիսանում 17-18-րդ դդ նվիրատվական խաչքարերը, շքամուտքի որմնասյուները, մկրտության ավազանախորշի և որմնասյուների խաչաքանդակները (նկ․ 9, 10)։ Եկեղեցու տանիքին՝ կենտրոնից փոքր ինչ դեպի արևմուտք, եղել է զանգակատուն-ռոտոնդա, որից պահպանվել է միայն կանոնավոր շարվածքով շրջանաձև անցքը (նկ․ 11)։
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
Եկեղեցու արևմտյան պատը, ինչպես նաև մասամբ հարավային և հյուսիսային պատերի արևմտյան հատվածները ծածկվել են թեքադիր լանջից հոսած հողաշերտով։ Տանիքի կղմինդրածածկը չի պահպանվել։ Խորհրդային տարիներին այն փոխարինվել է մետաղական թիթեղածածկով, որը նույնպես չի պահպանվել։
Ընդհանուր առմամբ կառույցը խարխուլ վիճակում է։ Պատերին առկա են ճաքեր։ Մեծ ճաքեր կան հատկապես արևելյան պատին (նկ․ 12, 13)։ Թաղածածկի վրա արևմտյան եզրին և արևելյան հատվածում կան փլուզումներ։ Եկեղեցին չի գործում։ 2020 թվականի պատերազմի ժամանակ այն չի տուժել։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։
Վարդաձորի սբ․ Աստվածածին եկեղեցին
Արցախ