Խնածախ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին
Տեղադրությունը
Խնածախի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1)։
2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայից և հայերի բռնի տեղահանումից հետո այն գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։
Պատմական ակնարկ
Ըստ Մ. Բարխուդարյանցի՝ Խնածախ գյուղի բնակիչները 1686 թվականին եկել են Մեծ-Սիւնեաց (այժմ՝ Սյունիքի մարզ) Խնածախ գյուղից (Բարխուտարեանց 1895, 152-154):
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին, ավելի ստույգ՝ 1894 թվականին, տեղի բնակիչների ծախսերով (Բարխուտարեանց, 1895, 226)։ Ծնունդով այս գյուղից է եղել նաև ինքը՝ Մակար Բարխուդարյանցը։
Ինչպես հիշատակում է Մ. Բարխուդարյանցը, 19-րդ դարում այստեղ էին պահվում երկու գրչագրեր՝ մեկ գրչագիր ճաշոց և մեկ գրչագիր ավետարան՝ գրված թղթի վրա։
Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին եռանավ ուղղանկյուն սրահ է: Թաղը հենվում է հատույթում խաչաձև սյուների և որմնասյուների վրա բարձրացող կիսաշրջան և սլաքաձև կամարների վրա (նկ. 2)։ Կառուցված է տեղական կրաքարով: Հուշարձանի չափերն են՝ 18 մետր երկարություն և 10 մետր լայնություն: Մուտքերի և պատուհանների շրջանակները, ինչպես նաև սյուները՝ սրբատաշ են։ Երկթեք տանիքն անկախության տարիներին վերանորոգվել է և պատվել կղմինդրով:
Գլխավոր սրբատաշ ու քանդակազարդ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ. 3)։ Ունի մուտք նաև արևմուտքից, նույնպես սրբատաշ, բայց առանց հատուկ հարդարանքների: Առանձնանում է շքամուտքի (հարավային մուտքի) վերնամասի գունային լուծումը՝ կարմրա-դարչնագույն ետնախորքի վրա սպիտակ և դարչնագույն սեղանաձև սալիկներով կազմված աստղատեսք վարդյակ, նրանից վերև տեղադրված խաչային հորինվածք և շրջանաձև վարդյակ (նկ. 4): Ամենայն հավանականության այս ողջ հարդարանքը վերցված է ավելի հին, հավանաբար 13-րդ դարի ինչ-որ կառույցից: Հորինվածքի եզրերին ագուցված սրբատաշ սալերն ամենայն հավանականության նախատեսված են եղել արձանագրությունների համար, բայց այդպես էլ մնացել են առանց գրությունների:
Եկեղեցու հարավային մուտքի ճարտարապետական լուծումը կրկնում է 17-18-րդ դարերում Արցախում, Սյունիքում, Վայոց Ձորում տարածված ձևը՝ սրբատաշ մշակումով, բարդ տրամատավորումով պատկից սյուներ, սյունախարիսխ և խոյակ, լայն խորադիր բարավոր՝ հարդարված շուշանաձև երիզով (նկ. 5):
Այս եկեղեցու ամենահայտնի «մասունքը» հավասարաթև խաչով ավարտվող քարե շղթան է՝ կախված աղոթասրահի արևմտյան մասում՝ առաստաղից (նկ. 6): Ընդ որում սրահի հատակն այս մասում հատուկ բարձրացված է:
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր և գործող։ Այն վերանորոգվել է 2005 թվականին: Ինչպես 2023 թվականի ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքի, այնպես և դրանից հետո հուշարձանի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Մատենագրական քննություն
Եկեղեցու մասին պատմական և ճարտարապետական ներկայացում հանդիպում ենք Մակար Բարխուտարյանցի «Արցախ» աշխատության մեջ։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Արօր:
Խնածախ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին
Արցախ