Ծարի սբ․ Գրիգոր և սբ․ Սարգիս եկեղեցիները

Տեղադրությունը

Ծար գյուղը գտնվում է Տրտու գետի վերին հոսանքի շրջանում, ծովի մակերևույթից 2030-2050 մետր բարձրության վրա լեռնային ընդարձակ սարահարթի վրա և շրջապատված է անդնդախոր ձորերով (նկ.1):

նկ. 1 Տեսարան Ծարի սարահարթից, լուս․ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ 

Միջին դարերում Ծարը եղել է իշխանանիստ կենտրոն, համանուն իշխանական տան նստավայրը: Այս իշխանական տան դերը մեծացավ 12-րդ դարի վերջերից, երբ Հասան Ա Ծարեցի իշխանը ամուսնացավ Զաքարեի և Իվանե Զաքարյանների քույր Դոփի հետ: Խնամիանալով Զաքարյանների հետ և նրանց աջակցությամբ՝ Ծարի իշխանական ճյուղը տիրեց ամբողջ Վերին Խաչենին: Ծարեցիներին է անցնում նաև Դադիվանքը (Պետրոսյան 2009, 11-14): 18-րդ դարում ընդարձակ գյուղը ամայանում է, հայաթափվում և այստեղ բնակություն են հաստատում քրդերը՝ փարախկանլի ցեղից: Ծարը սկսում են կոչել Զառ: Խորհրդային տարիներին այստեղ բնակվում էին թրքախոս քրդեր: Մինչև 1940-50 թվականները Ծարում գոյություն ունեին չորս եկեղեցի, ընդարձակ գերեզմանոց խաչքարերով, իսկ գյուղի մոտ՝ երկու վանք: Մայր եկեղեցին գտնվում էր գյուղի կենտրոնում՝ գրեթե կից մինչև այսօր կանգուն սուրբ Սարգիս եկեղեցուն: 1950-60-ական թվականներին հայկական հուշարձանների մեծ մասը միտումնավոր ավերվեց, քարերը վերօգտագործվեցին տարբեր շինությունների մեջ (նկ.2): 

նկ. 2 Սուրբ Սարգիս և սուրբ Գրիգոր եկեղեցիների ընդհանուր տեսքը, լուս․ Հ․ Պետրոսյանի։

նկ. 3 Սուրբ Գրիգոր եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքից, էջ 57:

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Ծարի սուրբ Գրիգոր եկեղեցին միանավ, երկթեք ծածկով թաղակապ շինություն է (նկ.3), որը կառուցվել է 1274 թվականին, ինչի մասին է վկայում բարավորի վրայի արձանագրությունը (ԴՀՎ 5, 223): Եկեղեցին սկզբնապես կառուցվել է սրբատաշ քարով, իսկ 17-րդ դ. վերանորոգվել է անմշակ քարերով: Եկեղեցին արձանագրություններ ունի մուտքի բարավորին, մուտքից հյուսիս գտնվող մի քարի վրա, ինչպես նաև երկու արձանագրություն հարավային պատին: Դրանցից մեկը արված է խաչքարի վրա, որն օգտագործվել է որպես շինանյութ (Կարապետյան 1999, 56-58):

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո

Մինչև 1993 թվականը եկեղեցին տեղի թրքացած քրդերի մի ընտանիքի կողմից օգտագործվել է որպես տան օժանդակ պահեստային կառույց, արվել են կցակառուցումներ, պատերը սվաղել են: 1993  և 2020 թվականներին ռազմական գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել: 

Սուրբ Սարգիս եկեղեցի

Մյուս կանգուն եկեղեցին կոչվում է սուրբ Սարգիս: Այն միանավ, թաղածածկ մատուռ է (նկ. 4), կառուցված սրբատաշ քարերով, վերին մասերը փոքրաչափ քարերով են, ինչը վերանորոգման հետևանք է:

նկ. 4 Սուրբ Սարգիս եկեղեցու հատակագիծը, Ս. Կարապետյան «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքից, էջ 57:

Մատուռը ըստ մուտքի բարավորի արձանագրության կառուցվել է 1279 թվականին (նկ. 5): Եկեղեցու պատերին կա 8 արձանագրություն (նկ. 6): Դրանցից վեցը արևմտյան կողմում է, մեկ այլ արձանագրություն արևելյան հատվածում է, մեկը հարավային պատին (ԴՀՎ 1982, 218-219): 1993 և 2020 թվականների ռազմական գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել: 

նկ. 5 Սուրբ Սարգիս եկեղեցու արևմտյան ճակատը, լուս․ Ս. Դանիելյանի։

նկ. 6 Սուրբ Սարգիս եկեղեցու արևմտյան ճակատի արձանագիր խաչքարերից, լուս․ Ս. Դանիելյանի։

Գրականություն

  1. ԴՀՎ 5- Դիվան հայ վիմագրության, պր 5, Արցախ, կազմեց Ս․ Բարխուդարյան, Երևան, 1982:
  2. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  3. Պետրոսյան 2009 - Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Երևան:
Ծարի սբ․ Գրիգոր և սբ․ Սարգիս եկեղեցիները
Ծարի սուրբ Գրիգոր և սուրբ Սարգիս եկեղեցիները
Ծարի սուրբ Գրիգոր և սուրբ Սարգիս եկեղեցիները
Արցախ