Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յուրացմանը փառատոն-համագումար՝ Նախիջևանում
Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։ Այդպիսի միջոցառումներից մեկը 2024 թվականի հունիսի 21-ից 22-ը Նախիջևանում անցկացված ազգագրական փառատոն-համագումարն էր, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։ Փառատոնը կազմակերպվել էր Ադրբեջանի և Նախիջևանի նախագահների, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի ինքնավար Հանրապետության պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի կողմից։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած ադրբեջանցիների «պատմական իրավունքները»։ Փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։ Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են որպես զուտ ադրբեջանական, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ին նվիրված բանահյուսության օրինակներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ և այլն։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել են նաև հայկական խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ՝ նկատի ունենալով ոչ թե Հայաստանը, այլ , բնականաբար, Ադրբեջանը (նկ․ 1, 2, 3, 4 ):
Փառատոն-համագումարի առաջին օրն անցկացվել է Բաթաբաթ սարահարթում։ Այստեղ տեղադրվել են վրաններ, որոնք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության 11 մարզերը՝ (ադրբեջանցիների կայքերում ՀՀ մարզերը ներկայացվում են որպես «Արեւմտյան Ադրբեջանի»-ի նահանգներ)։ Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում է հայկական մշակույթի բռնյուրացման իր տարբերակը՝ ներառյալ բանահյուսությունն ու ազգագրական մշակույթը, ազգային խոհանոցն ու արհեստները։ Երկօրյա միջոցառումը դարձել է նաև Հայաստան (իրենց խոսքով «Արևմտյան Ադրբեջան») վերադառնալու թեմայով սոցիալ-մշակութային քննարկումների հարթակ։ Փառատոնի «գիտական» քննարկումներում ներգրավված են եղել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան, Բաքվի պետական համալսարանը, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան, Բաքվի ճարտարագիտական համալսարանը: Նպատակը՝ ապահովել գիտակրթական հանրույթի աջակցությունը «հինավուրց հայրենիք»՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացին։ Հիշեցնենք, որ նման մեկ այլ փառատոն էլ անցկացվել է 2023 թվականի նոյեմբերին՝ կրելով նույն խորագիրն ու հայկական ժառանգությունը յուրացնելուի նույն նպատակը։
Մեր արձագանքը
Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ «Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝ Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։