Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացման վտանգի տակ

Կովկասի մշակութային ժառանգության կենտրոնն արձանագրում է, որ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է վտանգի ներքո, քանզի պատմական եկեղեցու արևելյան և հյուսիսային հատվածներում հողային աշխատանքներ են կատարվել 2025 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2026 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում (https://www.facebook.com/share/p/19GxqQti83

Կենտրոնի հայտարարության համաձայն, այս աշխատանքները, հավանաբար, կապված են նոր բնակավայրի կառուցապատման նախապատրաստական փուլերի հետ, որն արդեն մեկնարկել է և բնակության համար տեղակայվել են  14 ադրբեջանական ընտանիքներ (64 մարդ)։

Ճարտարապետական առանձնահատկությունների հիման վրա եկեղեցին թվագրվում է 17-րդ դարով, սակայն այսօր այն գտնվում է անմխիթար վիճակում։ Խորհրդային տարիներին շինությունը վերափոխվել և օգտագործվել է որպես ակումբ։ Թեև պատերը սվաղված են, դրանցում դեռևս տեսանելի են ավելի վաղ շրջանի բազմաթիվ տարրեր՝ 12–13-րդ դարերի խաչքարերի բեկորներ, տապանաքարեր և այլ հուշարձանային մասեր։ Եկեղեցու մասին առավել (մանրամասն տես՝ https://monumentwatch.org/hy/monument/%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%b7%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a5/):

Մեր արձագանքը

Այստեղ կարևոր է ընդգծել, Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն։

2015 թ. մայիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ընդունած 2057-րդ բանաձևն անդրադառնալով օկուպացված տարածքներում նյութական մշակութային ժառանգության վերականգնմանն ու վերակառուցմանը՝ շեշտում է նման դեպքերում ժառանգության ներքին արժեքի և բոլոր դետալների պահպանության կարևորության մասին, ինչը ենթադրում է նաև տարածքների ինքնության պահպանություն։ Այս փաստաթղթում կարևորվել է ժառանգության էթնիկ և կրոնական պատկանելության վրա հիմնված վերակառուցման/վերանորոգման քաղաքականության իրականացումից խուսափումը (կետ 4.2)։ Եվրախորհրդարանը հորդորում է բոլոր պետություններին շինարարական աշխատանքներում պահպանել ժառանգության իսկությունը և վերականգնման ու վերակառուցման գործընթացում հարգել պատմության բոլոր շերտերը՝ պահպանելով ժառանգության բնականությունն ու իրական բնույթը (կետ 4.4.6

Եկեղեցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը, ըստ որի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի,  ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե  ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։ Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիմնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն» (Բուրայի Խարտիա, 2013, էջ 14)։

Նկ․ 1