Տեղադրությունը Կկվեն բույն (Կկվի բույն) ժողովրդական անվանումն ստացած եկեղեցին գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 1,5 կմ հյուսիս արևմուտք, հին գյուղատեղիի արևելյան եզրին, անտառապատ, ժայռոտ բլրի գագաթին։ Պատմական ակնարկ Ավետարանոցը հարուստ պատմամշակութային անցյալ ունեցող բնակավայր է և եղել է Վարանդա գավառի, ինչպես նաև Վարանդայի իշխանության կենտրոնը։ Գյուղի տարածքում առկա բազմաթիվ պատմամշակութային կոթողներից է Կկվի բույն եկեղեցին (նկ․ 1)։ Եկեղեցաբլրի արևմտյան և արևելյան ստորոտներում նկատվում են միջնադարյան գյուղատեղիների հետքեր։ Եկեղեցու և բնակատեղիների վերաբերյալ պատմական վկայությունները բացակայում են։ Ճարտարապետական և շինարարական, ինչպես նաև տարածքում առկա խաչքարերի և ժայռախաչերի ոճական առանձնահատկությունները թույլ են տալիս հնավայրը թվագրել 12-14-րդ դարերով։ Մատուռը դարեր շարունակ եղել է ուխտատեղի շրջակա գյուղերի բնակիչների համար։ Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին, ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ է, որի չափերն են` 5,5×4,5 մետր: Կառուցվել է տեղական ճեղքված քարերով և կրաշաղախով (նկ․ 2)։ Եկեղեցու թաղածածկը փլված է (նկ․ 3)։ Մուտքն արևմուտքից է։ Մուտքի եզրաքարերը և բարավորը բացակայում են։ Լուսավորվել է արևելքից բացված փոքրիկ լուսամուտով։ Եկեղեցին չունի ընդգծված խորան և ընդհանուր սրահից առանձնանում է հյուսիսից և հարավից պատի մեջ բացված փոքրիկ որմնախորշերով, որոնք նախատեսված են եկեղեցական իրերի պահպանման համար։ Եկեղեցու շուրջը տարածվում է միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանվել են մի քանի խաչքար և տապանաքար (նկ․ 4)։ Գերեզմանային հուշարձանները հիմնականում հողմահարված կամ բեկորատված վիճակում են։ Տարածքում գտնվող ժայռաբեկորներից մեկի հարթ մակերեսին պահպանվել է երկու խաչաքանդակ (նկ․ 5)։
Տեղադրությունը Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում: Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով գյուղը, հիշատակում է նաև եկեղեցին (Բարխուտարեանց 1895, 72-73): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ (նկ. 1), ներսից այն եռանավ թաղակապ սրահ է: Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարերով (նկ. 2): Միակ մուտքը հարավային կողմից է, աչքի է ընկնում իր շքեղ զարդաքանդակներով (նկ. 3): Համաձայն մուտքի բարավորի արձանագրության (արձանագրությունը փորագրված է բարավորին կենտրոնում պատկերված խաչից աջ և ձախ)՝ եկեղեցին կառուցվել է 1683 թվականին (նկ. 4): Խաչաքանդակի ձախ կողմում փորագրված է. «Շինեց[ա]ւ սբ եկեղեցիս թվ. ։ՌՃLԲ։ (1683 թ.) ի թ[ա]գ[աուորու]թի[ւ]ն Սուլիէմանին, կ[ա]թ[ո]ղ[ի]կ[ո]ս[ու]թի[ւն] Երեմիայի»։
Տեղադրությունը Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում: Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով գյուղը, հիշատակում է գյուղի նորաշեն սուրբ Աստվածածին եկեղեցին (Բարխուտարեանց 1895, 95): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Սուրբ Աստվածածին եկեղեցին տեղակայված է գյուղի կենտրոնում (նկ. 1): Այն միանավ թաղակապ սրահ է, թաղը կտրվածքում սլացիկ երկկենտրոն է (նկ. 2): Եկեղեցին ունի բարձր բեմ, գրեթե ուղղանկյուն խորան և երկու ավանդատներ, ներքուստ պատերը սվաղված են (նկ. 3): Սուրբ Աստվածածինը կառուցված է կոպտատաշ քարերով, սրբատաշ են միայն անկյունաքարերը, մուտքերի և պատուհանների քարերը: Իր ճարտարապետական ոճով և պատերի շարվածքով եկեղեցին մոտ է Շուշիի քաղաքային ճարտարապետությանը և հավանաբար կառուցող վարպետները հենց Շուշիից էին: Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից: Հարավային ճակատում առկա են երեք մեծ պատուհաններ (նկ.4): Արևմտյան մուտքի բարավորին փորագրված է շինարարական արձանագրությունը (Յիշատակ է ս[ուր]բ Ա[ստուա]ծ[ա]ծնայ եկեղեցիս/, որ շինեցաւ Ջրաղացներ գիւղիւք 1882 թվին/, բոլոր հասարակութեան սեպհակ[ա]ն ծախքովն), համաձայն որի՝ եկեղեցին կառուցվել է 1882 թվականին գյուղի հավատավոր հասարակության կողմից (նկ. 5): Վիճակը պատերազմից առաջ և հետո Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է պահեստի, նրա արևմտյան կողմից ավելացվել է կցակառույց: Եկեղեցին վերանորոգվել է: 2020 թվականի պատերազմից և գյուղի օկուպացիայից հետո եկեղեցին թեև չի ավերվել, սակայն առկա է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում հենց եկեղեցու ներսում: Ավելի մանրամասն տես. Ադրբեջանի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում օկուպացված Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում – Monument Watch: Գրականություն Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։
Տեղադրությունը Եղցի գյուղատեղին գտնվում է Արցախի Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանում, Տրտու գետի միջին հոսանքի ձախակողմյան ձորակի միջնահովտում, ծովի մակերևույթից 1620 միջին բարձրության վրա, գյուղատեղիի կենտրոնական մասում (նկ․ 1): Պատմական ակնարկ Գյուղի մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն, հայտնի չէ նաև պատմական անունը։ Տեղանունը Եղցի է անվանակոչվել Քարվաճառի վերաազատագրումից հետո։ Ըստ երևույթին, 19-րդ դարավերջին գյուղում հաստատված քրդերը, ելնելով կանգուն պահպանված եկեղեցու առկայությունից, գյուղն անվանել են Քիլիսա։ Դատելով եկեղեցու ճարտարապետական և շինարարական լուծումներից, հավանաբար կառուցվել է 17-րդ դարի սկզբին։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կառուցվել է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով (նկ․ 2)։ Թաղակապ ծածկով միանավ բազիլիկ է (արտաքին չափերը՝ 14,15×7,80 մետր)։ Կիսաբոլորակ թաղածածկը հենված է երկու զույգ որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 3)։ Արևելյան կողմից կիսաշրջանաձև խորանը հյուսիսից ու հարավից ունի ավանդատներ (նկ․ 4)։ Ներսում, հյուսիսային պատում գտնվում մկրտության ավազանախորշը։ Ավանդատներն ունեն ուղղանկյուն հատակագիծ և չունեն լուսամուտներ։ Եկեղեցու սրահի լուսավորությունը լուծվել է արևելքից, հարավից և արևմուտքից բացված թվով չորս փոքրիկ լուսամուտներով։ Միակ մուտքը բացված է հարավից (նկ․ 5)։ Եկեղեցու առավել ընդգծված հատվածը շքամուտքն է, որի շրջանակի և բարավորի համար գործածվել են 11-րդ (ձախինը) և 13-րդ (վերինը և աջինը) դարերին վերաբերվող երեք խաչքարեր (նկ․ 6)։ Կողային երկու խաչքարերը կրում են արձանագրություններ։ Կողային ձախ խաչքարի պատվանդանին կարդում ենք․ «Ես՝ Հասան Սակռի որ[դի], կան(գն)եցի ս(ուր)բ նշ/անս բարեխաւս ի(ն)ձ եւ իմ ն(ն)ջեցե(լոցն)» ։ Մյուս խաչքարի ստորին հատվածում թվակիր արձանագրությունն է, որտեղ կարդում ենք․ «Ի թվիս հայոց ՈՂԵ (1246)/ էր, ես՝ Գրիգոր դարբ/ոյն, կա(ն)գնեցի զխաչս / ինձ [եւ ա]մու[սնոյ ի]մոյ (Կարապետյան 2019, 380)։ Ամբողջական և բեկորատված խաչքարեր են օգտագործվել նաև լուսամուտների վերնամասերում և կողերին։ Եկեղեցու շուրջը եղել է գերեզմանատուն, որից գրեթե ոչինչ չի պահպանվել, բացառությամբ հարավային բակում առկա մեկ տապանաքարի։ Մնացյալ գերեզմանային հուշարձանների և խաչքարերի բեկորները տեսանելի են 20-րդ դարի երկրորդ կեսին կառուցված գյուղական տների պատերում և շրջակայքում։ Եկեղեցուց մոտ 20 մ հյուսիս մի ժայռազանգվածի վրա պահպանվել են տասնյակ խաչաքանդակներ (Կարապետյան 2019, 380-384)։ Եկեղեցու հյուսիսային պատը ծածկված է հողով և ձուլված թեք լանջին։ Ծածկը արևմտյան հատվածը մասամբ քանդված է։
Տեղադրությունը Գրիգոր Նարեկացի եկեղեցին (նկ․ 1) գտնվում Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից մոտ 1 կիլոմետր արևմուտք՝ բլրի վրա։ Տեղացիների մոտ ավելի տարածված է Նարեկավանք անվանումը։ 2020 թվականի հոկտեմբերից Դրախտիկը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Պատմական ակնարկ Դրախտիկ գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղի մասին Մ․ Բարխուդարյանը նշում է․ «բնակիչք բնիկ են» (Բարխուտարեանց 1895, 58): Ճարտարապետական-հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է։ Ունի 13 մետր երկարություն, 8 մետր լայնություն, 4 մետր բարձրություն։ Շինությունը ներսից արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով։ Թաղածածկը հենվում է երեք զույգ որմնասյուներից բարձրացող կամարների վրա։ Արտաքուստ ունի երկթեք հողածածկ տանիք։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից։ Լուսավորությունը ստանում է արևմտյան և արևելյան պատերին բացված լուսամուտներից։ Արևմտյան ճակատը հարդարված է չորս խաչքարերով (նկ․ 2, 3), մի երևույթ, որ հատկապես բնորոշ է 17-18-րդ դարերի ելեղեցաշինությանը։ Եկեղեցու ներսում պատերին կան ագուցված ոչ մեծ մի քանի խաչքարեր, խաչքարային քանդակներ կան նաև սյուների և կամարների վրա (նկ․4, 5)։ Եկեղեցու կառուցման թվականը՝ թվին ։ՌՂԴ։ (1645 ), պահպանվել է մուտքը եզերող սրբատաշ քարերից մեկի (նկ․ 6) և եկեղեցու ներսի հյուսիսային կենտրոնական որմնասյան վրա (նկ․ 7)։ Եկեղեցու շուրջը տարածվում է հին գերեզանատունը։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո Արցախյան առաջին պատերազմի ժամանակ թշնամու հրթիռակոծությունից վնասվել է եկեղեցու արևելյան պատը և թաղի մի մասը (նկ․ 8)։ 2020 թվականի ռազմական գործողություններից եկեղեցին չի տուժել, հետպատերազմական վիճակի մասին տեղեկությունները բացակայում են։
Տեղադրությունը Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ակնաղբյուր (նախկին Ղարաբուլաղ) գյուղի կենտրոնում: Գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Ղարաբուլաղը, նշում է. «եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, բայց վտանգուած…» (Բարխուտարեանց 1895, 95): Շահեն Մկրտչյանն իր մեծածավալ աշխատանքում եկեղեցին միայն հիշատակում է (Մկրտչյան 1985, 207): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ կառույց է։ Փայտյա առաստաղը, որից մի փոքր մասն է պահպանվել, հենվել է պատակից քարե սյուների և կենտրոնական գերան-սյուների վրա՝ նման Արարատյան դաշտի 19-րդ դարերի եկեղեցիներին։ Նկատի ունենալով այս հանգամանքը և հարավային շքամուտքի ճարտարապետական լուծումը, կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 18-րդ դարի վերջերին կամ 19-րդ դարի սկզբներին։ Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով (նկ. 1): Պատերը շարված են սրբատաշ ու կոպտատաշ մեծ ու փոքր քարերով: Սրբատաշ քարից են մուտքերը և դրանց բարավորները, եկեղեցու անկյունային հատվածները, ինչպես նաև փոքր չափի պատուհանները: Եկեղեցին ունեցել է երկու մուտք՝ արևմտյան և հարավային: Սրանցից արևմտյանը հետագայում փակվել է՝ վերածվելով պատուհանի: Արևելյան կողմում եկեղեցին ունի երեք պատուհան (նկ. 2): Եկեղեցու շուրջն է գտնվում գյուղի հին գերեզմանատունը (նկ. 3, 4) ՝ գլխավորապես 18-20-րդ դարերի տապանաքարերով (Ղահրամանյան 2015, 30): Վիճակը պատերազմից առաջ և հետո Եկեղեցին Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Նախքան 2020 թվականի պատերազմն, այն արդեն խիստ վթարային վիճակում էր: Պատերին առկա են մեծ ճաքեր և փլուզումներ: Խորհրդային տարիներին մասնակի վնասված եկեղեցին վերակառուցվել է և օգտագործվել տնտեսական նպատակներով: Փակվել է արևմտյան մուտքը, վերածվելով մեծ պատուհանի, իսկ քանդված թաղի փոխարեն կառուցվել է փայտե ծածկ՝ կենտրոնում փայտե սյուներով, որոնք ուղղակի դրվել են սալահատակին (նկ. 5): 2020 թվականի պատերազմից և գյուղի օկուպացիայից հետո եկեղեցու մասին տվյալները բացակայում են:
Տեղադրությունը Գյավուրկալա (բառացի` անհավատների բերդ) հնավայրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր (խորհրդային ժամանակ Աղդամի շրջանի Սոֆուլու) գյուղից արևելք: Գյավուրկալա բնակատեղին անցած դարի 50-70-ական թվականներին մասնակի ուսումնասիրվել է ադրբեջանցի հնագետների կողմից, որոնք շեշտել են բնակավայրի քրիստոնեական բնույթը (Վահիդով 1965, 167-183): Այստեղ այսօր էլ դիտելի են պեղումներով բացված վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները (խորհրդային շրջանի պեղումների ավարտից հետո սրանք նորից ծածկվել են), սարկոֆագներով դամբարանադաշտը, վաղմիջնադարյան խաչակիր կոթողի սյունը (նկ․ 1): Պատմական ակնարկ Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկությունները բնակատեղիի և եկեղեցու մասին բացակայում են։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն 2013 թվականին Արցախի Տիգրանակերտի արշավախումբը (Հ․ Պետրոսյան, Ն․ Երանյան, Լ․Կիրակոսյան, Լ. Մինասյան) իրականացրել է հնավայրի եկեղեցու պեղումները: Այս պեղումները հնարավորություն տվեցին նախնական դիտարկումներ կատարել Գյավուրկալա բնակատեղիի և այնտեղ գտնվող միանավ եկեղեցու մասին (նկ․ 2): Բնակատեղին տարածվում է մի բլրի վրա, որը շրջակա հարթավայրից բարձրացված է 6,0 մետր: Վերին հարթ մակերևույթն արևելքից-արևմուտք ուղղությամբ ունի 160,0 մետր երկարություն, հյուսիսից հարավ՝ 120,0 մետր՝ զբաղեցնելով մոտ 2,0 հա տարածք: Նախնական դիտարկումները երևան են բերում մի խումբ ճարտարապետական համալիրների մնացորդներ: Բնակատեղիի հարավային հատվածում դիտելի են վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները, բլրից հարավ և հարավ-արևելք՝ կենտրոնից մոտ 100,0 մետր հեռավորության վրա վաղքրիստոնեական սալարկղ և սարկոֆագ դամբարաններով կառուցապատված դամբարանադաշտն է (նկ․ 3): Ամենուր հայտնաբերվում են վաղմիջնադարյան ճարտարապետական մանրամասների՝ խաչային հորինվածքների, սյան խարիսխների, կոթողների, դրանց պատվանդանների և այլ բեկորներ:
Տեղադրությունը Պատմական Աղբաթխերտ բնակավայրն ու եկեղեցին գտնվում են Աղավնո գետի վերնահովտում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հակ գյուղից շուրջ 3 կմ հարավ (նկ․ 1), ծովի մակերևույթից 1550 մետր բարձրության վրա: 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Պատմական ակնարկ Բնակավայրի անվան առաջին հիշատակությունը հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում, որտեղ այն Աղախիրդ կամ Աղախերդ անունով նշված է Տաթևին հարկատու գյուղերի ցանկում։ Սակայն ըստ Ալեքսան Յակոբեանի առկա է վրիպակ, ինչի պատճառով Աղահեճք գավառի վերջին գյուղը հանդիսացող Աղբաթխերտը նշվել է, որպես Աղահեջքին հաջորդող Հաբանդ գավառի առաջին գյուղ: (Հակոբյան 1982, 276)։ Հուշարձանի վերաբերյալ այլ պատմական տեղեկություններ հայտնի չեն։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Աղբաթխերտի եկեղեցին չունի հոգևոր կառույցին բնորոշ ծավալային լուծումներ։ Այն իրենից ներկայացնում է տեղական անմշակ քարից և կրաշաղախից շինված երկու կից սենյակներ, որոնց մուտքերը բացված են հարավային կողմից։ 150 սմ հաստությամբ պատերով կառույցը շրջապատված է պարսպապատերով (նկ․ 2)։ Դրանց եկեղեցիներ լինելու փաստը վկայում է արևելյան սենյակի հարավային պատի վրա առկա ինը տողանի արձանագրությունը (նկ. 3), որտեղ սենյակները կոչվում են Տիրամայր Աստվածածին և սուրբ Գրիգոր. «Կամաւն ա[ստուծո], ես Մանվէլ / ք[ա]հ[անա] ետոյ նորոգեցի զՏիր/այմայր Ա[ստուա]ծածին/ս եւ զս[ուր]բ Գր/իգորս, յիշ/ատակ հոգոյ իմոյ, հ/աւր իմո/յ՝ Կիրակոս ք[ա]հ[անային],/ մայր ի[մ] Մինային, եղբարց իմոց տ[է]ր տ[է]ր Տիրաց/ուի, Թաթէոսի. յիշեցէք ի Ք[րիստո]ս, եւ զձեզ յիշէ Ա[ստուա]ծ:/ Վարդան սպասաւոր՝ եկեղեցոյս ք[ա]հ[անայ. [յ]աղաւթ/ս յիշեցէք/ թվ[ին] :ՊԿԸ: (1419 թ.): Թաթոսս [յ]աղա[ւ]/թս յիշեցէք» (Հակոբյան 2009, 230)։
Տեղադրությունը Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին (նկ․ 1, 2) գտնվում է Հադրութի շրջանի Առաքել գյուղի հյուսիս-արևմտյան մասում՝ բլրալանջի վրա։ Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Տեղադրությունը Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի կենտրոնում (նկ․1)։ Պատմական ակնարկ Վարդաշատ գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 3 կիլոմետր արևմուտք։ Պատմական գրականության մեջ հիշատակվում է Որդնաշատ անունով։ Մ․ Բարխուդարյանը խոսելով գյուղի մասին նշում է․ «Որդնաշատի բնակիչք տեղափոխուած են Միլ քաղաքից, հողն բեկական է և նուազ արդիւնաբեր․․․» (Բարխուտարեան 1895, 46): Խորհրդային շրջանում օգտագործվել է Էդիշա անվանումը, հետխորհրդային շրջանում պաշտոնապես ստացել Վարդաշատ անունը։ 2020 թվականի հոկտեմբերից Վարդաշատը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Ունի կիսաշրջանաձև խորան երկու ավանդատներով։ Բեմը ներկայումս քանդված է։ Կառուցված է տեղական մոխրագույն կրաքարով։ Ներքուստ թաղակապ է, արտաքուստ ունի երկթեք տանիք, որը խորհրդային տարիներին պատվել է ասբեստե թիթեղով։ Ունի երեք լուսամուտներ՝ արևելյան, արևմտյան և հարավային կողմերում։ Սրբատաշ քարերով եզերված մուտքը բացվում է հարավային կողմից (նկ․2)։ Ձևավոր զարդաքանդակներով բարավորի վրա պահպանվել է 1896 տարեթիվը, որն ամենայն հավանականությամբ ոչ թե եկեղեցու կառուցման, այլ վերակառուցման տարեթիվն է, քանի որ հարավային պատին պահպանված արևային ժամացույցին պահպանվել է :թվին ։ՌՃՂԴ։ (1695) տարեթիվը (նկ․3)։ Հարավային պատի մեջ ագուցված արձանագիր քարի վրա կարդում ենք․«Այս է անուն եկեղեցո» (նկ 4)։ Մուտքի անմիջական շեմին տեղադրված է պարզագույն խաչով մի տապանաքար (նկ․5)։ Եկեղեցուց դեպի հյուսիս պահպանվել է հին գերեզմանոցը կանգուն տապանաքարերով։ Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Մադաթաշեն գյուղի կենտրոնում։ Պատմական ակնարկ Ըստ Մ. Բարխուտարեանցի, «նորաշեն, քարուկիր» հուշարձան է, որ կառուցվել է 19-րդ դարի վերջերին (Բարխուտարեանց, 1895, 70)։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Միանավ սրահ է, արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով: Կառուցված տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Թաղակիր կամարները, պատուհանների եզրերն ու շինության անկյունները սրբատաշ կրաքարով են (նկ. 1-3)։ Հուշարձանի չափերն են՝ 16,7 մետր երկարություն և 9,5 մետր լայնություն։ Ծածկը փլված է (նկ. 4)։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից, հարավային և արևելյան կողմերից ունի 3-ական, իսկ արևմտյան կողմից՝ 1 պատուհան։
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Կարմրակուճ գյուղի մեջ, բարձրադիր կետում (նկ. 1)։ Պատմական ակնարկ Չնայած Մակար Բարխուտարյանցի մոտ հանդիպում են եկեղեցու մասին հիշատակություններ, սակայն կառուցման տարեթիվը բացակայում է։ Մուտքի ճակտոնի կամարի կողպեք քարին փորագրված են կառուցման՝ 1844 և վերանորոգման՝ 1964 տարեթվերը ( նկ. 2)։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին միանավ սրահ է՝ կիսագլանաձև թաղով, արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով։ Կառուցված է կոպտատաշ կրաքարով ու կրշաղախով: Անկյունաքարերը, պատուհանների և դռան եզրաքարերը սրբատաշ են։ Հուշարձանի չափերն են՝ 12,8 մետր երկարություն և 7,4 մետր լայնություն (Բարխուտարեանց 1895, 70)։ Միակ մուտքը հարավային կողմից է։ Սրահը լուսավորվում է արևելյան խորանից ու արևմտյան ճակատից բացված մեկական նեղ պատուհաններով և թաղի կենտրոնում բացված վեցասյուն ռոտոնդայով պսակվող զանգակատան բացվածքից (նկ. 3)։ Եկեղեցին վերականգնվել է 2000-ական թվականներին և ծածկվել կղմինդրով:
Տեղադրություն Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում: Գյուղը տեղակայված է Դիզափայտի հարավ-արևելյան լանջին, մերկ ու անհրապույր տարածքում (նկ. 1), որտեղից էլ ստացել է իր անունը: Գյուղի մյուս անունը Ծառիշեն է, ինչը կապվում է գյուղի կենտրոնում վեր խոյացող թեղու մեծ ծառի հետ (Մկրտչյան 1985, 128): Հետազոտող Շահեն Մկրտչյանը Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին նվիրված և 1985 թվականին հայերենով հրատարակված իր գրքում տալիս է գյուղի և եկեղեցու խիստ համառոտ նկարագրությունը: Ավելի մանրամասն եկեղեցուն հեղինակը անդրադառնում է արդեն ռուսերենով 1988 թվականին հրատարակված Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին նվիրված գրքում (Мкртчян 1988, 104): Եկեղեցին գտնվում է գյուղի հարավ-արևմտյան բարձրադիր թաղամասում՝ Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանի հարևանությամբ: Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Համաձայն Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հուշարձանների պահպանության վարչության Խանձաձորի սուրբ Աստվածածին եկեղեցու վկայագրի՝ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ նախկինում այստեղ եղած եկեղեցու տեղում: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն, միանավ թաղածածկ սրահ է՝ արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով (նկ. 2), ընդ որում բեմը աղոթասրահից բարձր է միայն մեկ աստիճանով (նկ. 7): Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներով կազմվող կամարաշարի վրա: Եկեղեցու չափերն են 14 X 6 X 7 մետր: Միակ մուտքը հարավից է (նկ. 3): Բարավորի վերին քարի վրա, որը կրկնակի է օգտագործվել և հարմարացվել է բարավորի համար, առկա են երկու մեծ խաչաքանդակներ: Մուտքի աջ ու ձախ կողմերում պատի մեջ ագուցված են 17-րդ դարին բնորոշ մեկական խաչքարեր (նկ. 4), որոնցից աջակողմյանը պարունակում է արձանագրություն: Եկեղեցին կառուցված է տեղական կիսամշակ կրաքարով (նկ. 5, 6): Վիճակը պատերազմից առաջ և հետո Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել, խորհրդային տարիներին այն ծառայել է որպես պահեստ: Ուներ վերանորոգման կարիք: Այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում և հետագա ճակատագրի մասին տվյալները բացակայում են:
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Բերդահոնջ ամրոցից մոտ 600 մետր արևելք, անտառապատ տեղանքի բարձրադիր վայրում՝ Շեխեր տանող հին ճանապարհի եզրին։ Պատմական ակնարկ Մակար Բարխուտարյանցը հիշատակում է այս եկեղեցու մասին, սակայն կառուցման ժամանակաշրջանի մասին որևէ տվյալ չի փոխանցում (Բարխուտարեանց 1895, 90)։
Տեղադրություն Կովսական (Զանգելան) բնակավայրի կազմի մեջ մտնող Բերքնի գյուղատեղին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Բերձորից 110 կմ հարավ՝ ՀՀ սահմանից 1 կմ հեռավորությամբ։ Ծավ գետի ձախակողմյան հատվածում գտնվող գյուղատեղիից 0,9 կմ հեռավորությամբ է գտնվում միանավ բազիլիկ տիպի եկեղեցին (նկ․ 1, 2)։ Պատմական ակնարկ Եկեղեցու վերաբերյալ մատենագրական տեղեկություններ և արձանագրություններ հայտնի չեն։ Հիմք ընդունելով ճարտարապետական-հորինվածքային լուծումները և առկա խաչապատկերների ոճավորումները եկեղեցին թվագրվում է 17-րդ դարով։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Բերքնիի եկեղեցին կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով։ Այն ներքուստ եղել է ծեփապատ։ Կառույցը արևելյան կողմում կամարաձև ներգծված խորանով և զույգ, ուղղանկյուն ավանդատներով միանավ, թաղածածկ բազիլիկ է, արտաքին 14,50×9,10 մետր չափերով (Կարապետյան 1999, 208, նկ․ 3)։ Կիսագլան թաղը նստած է պատերին կից երկթռիչք կամարների վրա և ամրացվել է հյուսիսային և հարավային պատերին կցված որմնասյուների վրա բարձրացող կամարով (նկ․ 4)։ Միակ մուտքը հարավային կողմից է: Եկեղեցին ունի հինգ պատուհան, որոնցից երեքը բացված են արևելյան պատի վրա (մեկը ավագ խորանի և երկուսը ավանդատների հատվածներում), մեկը հարավային և մեկն էլ արևմտյան պատերի վրա: Խորանի աջ ու ձախ կողմերում առկա են պատրհաններ։ Մկրտության ավազանը տեղադրված է հյուսիսային պատի խորշի մեջ։ Պատերում ագուցված են խաչքարեր (նկ․ 5)։ Կառույցի մոտակայքում գտնվում է բնակավայրի գերեզմանատունը։ Այստեղ առկա են հասարակ տապանաքարեր, որոնցից մի քանիսը խաչապատկերներով են։ Գերեզմանատան կենտրոնում նկատվում է փոքրիկ կառույցի մնացորդներ (Ըռքոյան 2015)։ Խաչքարերից մեկը թվագրվում է 11-րդ դարով (նկ․ 6)։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո Բերքնիի եկեղեցին պատերազմից առաջ և հետո փոփոխությունների չի ենթարկվել։ Մատենագրական քննություն Հետազոտող Ս․ Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում ներկայացնում է գյուղն ու եկեղեցին, բայց չի հիշատակում գերեզմանատան մասին (Կարապետյան 1999, 208)։
Տեղադրությունը Գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք` Հին Թաղասեռ գյուղատեղիում, Պարզագետ գետի ձախ ափին մի բլրի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Թաղասեռ գյուղը գտնվում է Հադրութ քաղաքից 1 կիլոմետր արևմուտք։ Ադրբեջանի կողմից օկուպացվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։ Պատմական տեղեկությունների համաձայն՝ Թաղասեռում, որ 17-րդ դարում եղել է Դիզակ գավառի գրչության կենտրոններից մեկը (Մինասյան 2015, 43), եղել են չորս եկեղեցիներ՝ Ամենափրկիչ, սբ․ Աստվածածին, Անապատ և սբ․ Սարգիս։ Նշվածներից ներկայումս կանգուն են միայն Ս․ Աստվածածին և Անապատ եկեղեցիները։ Սբ․ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է 1635 թվականին այստեղ գրված մի Ավետարանում․ «ի գեաւղ, որ կոչի Թեղասեռ՝ ընդ հովանեալ Ս․Աստուածածին» (Գուշակեան 1925, 476)։ 1791 թվականին սբ․ Աստվածածին եկեղեցին դարձյալ հիշատակվում է՝ կապված Թաղասեռում գրված ևս մի ձեռագրի հետ։ Այն ձեռքից ձեռք էր անցել, այնուհետև հայտնվել գերության մեջ։ 1791 թվականի ապրիլի մեկին թիֆլիսեցի նալբանդ Սիսոյի որդի Եզչիսեսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել սբ․ Աստվածածին եկեղեցուն․ «որ եւ յիշատակն բարի եղիցի տէր Գրիգորի» (Մինասյան 2015, 43): Ճարտարապետա-հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով, երկու զույգ մույթերով եռանավ սրահ է (նկ․ 2)։ Արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով և նրան կից հարավային և հյուսիսային ավանդատներով (նկ․ 3, 4)։ Կառուցված է կիսատաշ որձաքարով, կամարները շարված են սրբատաշ քարով։ Եկեղեցին ունի 17,20 մետր երկարություն, 11 մետր լայնություն, 7,5 մետր բարձրություն։ Արտաքուստ ունի երկթեք տանիք, որն անցած դարի 90-ական թվականներին պատվել է ասբեստե թիթեղով (նկ․ 5)։ Բեմը ներկայումս քանդված է։ Մկրտության ավազանը տեղադրված է հյուսիսային պատի մեջ (նկ․ 6)։ Լուսավորությունը իրականացվել է թվով յոթ փոքր լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են հարավային, երեքը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան կողմերից։ Պատուհանների եզրաքարերը նույնպես սրբատաշ են (նկ․ 7)։ Հարավային պատին կիսով չափ պահպանվել է արևային ժամացույցը (նկ․ 8): Առանձին հետաքրքրության է արժանի գեղեցիկ զարդահյուսերով մուտքը, որը բացվում է արևմտյան կողմից (նկ․ 9)։ Շքամուտքն իր կառուցվածքով և զարդանախշերով բավականին մեծ նմանություններ ունի Ծակուռիի Ծաղկավանքի, Քյուրաթաղի սբ․ Աստվածածին եկեղեցու շքամուտքերի հետ։ Եկեղեցու պատերին ներսից ագուցված են մի քանի խաչքարեր (նկ․ 10, 11, 12), մեկ խաչքար էլ պահպանվել է հյուսիսային մույթերից մեկի վրա (նկ․ 13)։ Եկեղեցին չունի կառուցման արձանագրություն։ 1880-ական թվականներին Խաչիկ վարդապետ Դադյանը նկատել է, որ Հին Թաղասեռ շենատեղի եկեղեցին «նման է շենքով Քուրաթաղ գյուղի եկեղեցուն» և այն կարծիքն է հայտնել, որ դրանք թերևս նույն ժամանակ են կառուցվել (Մկրտչյան 1990, 3): Քուրաթաղի եկեղեցին, համաձայն շինարարական արձանագրության, կառուցվել է 1683 թվականին, սակայն ինչպես վերը նշվել է 1635 թվականին Ս․ Աստվածածին եկեղեցին արդեն հիշատակվում է։ Բոլոր դեպքերում կառույցն ակնհայտ պատկանում է 17-րդ դարի ճարտարապետական վերելքի շրջանին։
Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի կենտրոնում՝ բնակելի խիտ կառուցապատված հատվածում (նկ. 1)։ Օկուպացված է Արդբեջանի կողմից: Պատմական ակնարկ Եկեղեցու մասին տվյալները զուսպ են։ Համաձայն շինարարական արձանագրության այն կառուցվել է :ՌՃԽԱ: (1692) թվականին։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Հուշարձանը միանավ թաղակապ սրահ է, արևելյան կիսաշրջան խորանով և կից ավանդատներով: Կառուցված է կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով (նկ. 2, 3)։ Տանիքը հողածածկ է: Հյուսիսից ամբողջովին խրված է հողի մեջ (նկ. 4) Մուտքը հարավից է, եզրաքարերն ու բարավորը սրբատաշ են, հարդարված խաչային հորինվածքներով (նկ. 5)։ Պատերի մեջ ագուցված են խաչաքանդակ սալեր և խաչքարերի բեկորներ (նկ. 6)։
Տեղադրություն Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի բարձրադիր հյուսիսային եզրին (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Սարինշեն գյուղն ի սկզբանե կոչվել է Շաղախ, որն իր անունը ստացել էր գյուղի մոտ գտնվող հռչակավոր Շաղախ կամ Շախկախ վանական համալիրից։ Սարինշեն գյուղի և սբ․ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները վերաբերվում են 19-րդ դարին. «Շաղախ գիւղ – Սարի շէ. հիմնուած է Քարագլուխ գիւղի սարի վերայ. բնակիչք գաղթած Ղարադաղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն (ոչխար, հաճար, գարնանի, կտաւհատ, կորեկ) գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 115 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ծամձորից։ Ծուխ՝ 70, արակ.՝ 275. իգ.՝ 230։» (Բարխուտարեանց 1895, 64)։ Ըստ սբ․ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան և խորանի միջանկյալ հատվածում ագուցված խաչաքանդակ քարի վրա փորագրված արձանագրության կառուցվել է 1867 թվականին, սակայն պատերին առկա 16-17-րդ դարերի խաչքարերն ու պատկերաքանդակները փաստում են, որ եկեղեցին կառուցվել է ավելի հին սրբավայրի տեղում։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Սբ․ Աստվածածին եկեղեցին միանավ սրահով (չափերը՝ 15․1×6․3 մետր, բարձրությունը՝ 7 մետր) թաղակապ շինություն է։ Կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ քարերով (նկ․ 2)։ Սրբատաշ են լուսամուտների, որմնասյուների, որմնակամարների, որմնախորշերի անկյունաքարերը և բեմառէջքը։ Շինությունը ներսից արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով և նրան կից ուղղանկյուն ավանդատներով (նկ․ 3)։ Թաղածածկը հենվում է երկու զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա: Հյուսիսային պատին, որմնախորշի մեջ, ավանդատան մուտքին կից տեղակայված է մկրտության ավազանը, որի որմնախորշի երկու կողմերում և վերևում պատի մեջ ագուցված են 17-րդ դարին վերաբերվող երեք փոքրիկ խաչքարեր (նկ․ 4)։ Ավազանին հանդիպակաց հարավային պատի մեջ գտնվում է մեկ այլ որմնախորշ, որը ծառայել է որպես պահարան։ Միակ մուտքը հարավից է, որը փակվել է խորհրդային տարիներին (նկ․ 5)։ Հարավային ճակատում փակված մուտքին զուգահեռ պատի մեջ ագուցված են երկու ուղղանկյունաձև սրբատաշ քարեր զույգ խաչաքանդակներով, որոնք առնված են միանման շրջանակի մեջ։ Լուսավորությունը կատարվել է արևելքից, հարավից և արևմուտքից բացված 6 լուսամուտներով։ Խորհրդային տարիներին արևմտյան փոքրիկ լուսամուտը լայնացվել է, իսկ հարավային պատի երկրորդ լուսամուտի ուղղությամբ բացվել է նոր մուտք և եկեղեցին ծառայեցվել այլ նպատակով (ակումբ-գրադարան)։ Եկեղեցու ներսի պատերին, հատկապես որմնախորշերի մեջ առատորեն ագուցված են խաչաքանդակներ, փոքրիկ նվիրատվական խաչքարեր։ Հատկապես ուշագրավ են բեմառէջքի պատկերաքանդակները, որոնք ներկայացնում են Արդար դատաստանը ի դեմս Երեք պատրիարքների և թրով զինված Գաբրիել հրեշտակաապետի և Խաչի լուսավոր գալստյան (նկ․ 6)։ Եկեղեցու երկթեք ծածկը ի սկզբանե եղել է քարաշեն, որի խարխլվելու պատճառով Խորհրդային տարիներին պատվել էր ասբեստե (թերթաքար) թիթեղով (նկ․ 7)։ 2016-2017 թվականներին վերականգնվել են եկեղեցու ծածկասալերը, կատարվել են որոշակի ամրակայման աշխատանքներ (նկ․ 8)։
Տեղադրություն Սբ․ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Պլեթանց գյուղում, հյուսիսային եզրին, հարավահայաց լեռնալանջին։ Պատմական ակնարկ Պլեթանցի և սբ․ Ստեփանոս եկեղեցու (նկ․ 1) վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները վերաբերվում են 19-րդ դարին։ Մակար Բարխուդարյանցը հետևյալն է գրում գյուղի և եկեղեցու մասին. «Պլեթանց (Պլըթան). հիմնուած է նոյն սարին (Արևասար) մի ձորի արևմտահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, ունի նաև այգի, բոժոժ և պարտէզ, անվնաս օդն, կլիման և ջուրն. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից։ Ծուխ 20՝ ար. 90, իգ. 70 (Բարխուտարեանց 1895, 70): Ըստ մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1651 թվականին (Թվ :ՌՃ:)։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ այլ տվյալներ հայտնի չեն։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Սբ․ Ստեփանոս եկեղեցին եռանավ սրահով (չափերը՝ 17,2×8,7 մետր) թաղակապ շինություն է։ Կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ քարերով (նկ․ 2)։ Սրբատաշ են մուտքի, լուսամուտների, սյուների, կամարների և որմնակամարների անկյունաքարերը (նկ. 3)։ Պատերի ստորին շարվածքում օգտագործվել են մեծ չափերի կիսամշակ կրաքարեր։ Պատերն ամրացված են կրաշաղախով։ Սրահը նավերի է բաժանվում զույգ կամարների օգնությամբ (նկ․ 5)։ Հյուսիսային ավանդատան մուտքին կից որմնախորշի մեջ է գտնվում մկրտության ավազանը, որը պսակված է սլաքաձև կամարով: Շինությունը ներսից արևելքում ավարտվում է կիսաշրջան խորանով և նրան կից ուղղանկյուն ավանդատներով (նկ․ 4): Խորանի և ավանդատների պատերին առկա են տարբեր չափերի որմնախորշեր։ Շինությունն արտաքուստ առնված է երկթեք տանիքի տակ: Միակ մուտքը բացված է հարավային ճակատի կենտրոնից դեպի արևմուտք շեղված հատվածից։ Մուտքն ունի գեղեցիկ մշակված կամարակապ շրջանակ, բարավորի վրա փորագրված է շինության թվականը (նկ․ 6)։ Լուսավորությունը կատարվել է արևելքից՝ երեք, արևմուտքից մեկ և հարավից բացված երկու փոքր լուսամուտներով։ Արևմտյան ճակատից բացված լուսամուտն արտաքինից ունի խաչաձև շրջանակ (նկ․ 7)։ Հյուսիսային պատն արտաքուստ ձուլված է թեք լանջին և ծածկված է հողով։ Եկեղեցուց հարավ մուտքից դեպի արևելք գտնվում է 1854 թվականի ուղղանկյունաձև մի տապանաքար, իսկ եկեղեցու մոտ պահպանվել են 17-րդ դարին վերաբերվող պարզ խաչապատկերով երկու խաչքար։
Տեղադրությունը Սբ․ Հարության եկեղեցին (նկ․ 1, 2) գտնվում է Հադրութի շրջանում՝ Արևասար լեռան արևելյան հարավահայաց լանջին գտնվող Հին Քոչբեկ գյուղատեղիում։