Գյավուրկալա վաղքրիստոնեական բնակատեղին և եկեղեցին

Տեղադրությունը

Գյավուրկալա (բառացի` անհավատների բերդ)  հնավայրը  գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր (խորհրդային ժամանակ Աղդամի  շրջանի  Սոֆուլու) գյուղից արևելք: Գյավուրկալա բնակատեղին անցած դարի 50-70-ական թվականներին մասնակի ուսումնասիրվել է ադրբեջանցի հնագետների կողմից, որոնք  շեշտել են բնակավայրի քրիստոնեական բնույթը (Վահիդով 1965, 167-183): Այստեղ այսօր էլ դիտելի են պեղումներով բացված վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները (խորհրդային շրջանի պեղումների ավարտից հետո սրանք նորից ծածկվել են), սարկոֆագներով դամբարանադաշտը, վաղմիջնադարյան խաչակիր կոթողի սյունը (նկ․ 1):

Նկ. 1 Բնակատեղիի գլխավոր հատակագիծը․ 1-բնակատեղիի տարածք, 2-դամբարանադաշտ, ա-վաղքրիստոնեական եկեղեցին, բ- վաղմիջնադարյան խաչակիր կոթողի սյունը։ Չափագրությունը Լ․Կիրակոսյանի:

Պատմական ակնարկ

Պատմական աղբյուրների հաղորդած տեղեկությունները բնակատեղիի և  եկեղեցու մասին բացակայում են։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

2013 թվականին Արցախի Տիգրանակերտի արշավախումբը (Հ․ Պետրոսյան, Ն․ Երանյան, Լ․Կիրակոսյան, Լ. Մինասյան) իրականացրել է հնավայրի  եկեղեցու պեղումները: Այս պեղումները հնարավորություն տվեցին նախնական դիտարկումներ կատարել Գյավուրկալա բնակատեղիի  և այնտեղ գտնվող միանավ եկեղեցու մասին (նկ․ 2):

Բնակատեղին տարածվում է մի բլրի վրա, որը շրջակա հարթավայրից  բարձրացված է 6,0 մետր: Վերին հարթ մակերևույթն  արևելքից-արևմուտք ուղղությամբ ունի 160,0 մետր երկարություն, հյուսիսից հարավ՝  120,0 մետր՝ զբաղեցնելով մոտ 2,0 հա տարածք: Նախնական դիտարկումները երևան են բերում մի խումբ ճարտարապետական համալիրների մնացորդներ: Բնակատեղիի հարավային հատվածում դիտելի են վաղմիջնադարյան եկեղեցու ավերակները, բլրից հարավ և հարավ-արևելք՝ կենտրոնից մոտ 100,0 մետր հեռավորության վրա վաղքրիստոնեական սալարկղ և սարկոֆագ դամբարաններով կառուցապատված դամբարանադաշտն է (նկ․ 3): Ամենուր  հայտնաբերվում են վաղմիջնադարյան ճարտարապետական մանրամասների՝ խաչային հորինվածքների, սյան խարիսխների,  կոթողների, դրանց  պատվանդանների և այլ բեկորներ:

Նկ․ 2 Գյավուր կալայի եկեղեցու ավերակները մինչև 2013թ․ պեղումները։ Լուսանկարը՝ Լ․ Կիրակոսյանի։

Նկ․ 3 Սարկոֆագի կափարիչ վաղքրիստոնեական դամբարանադաշտում։ Լուսանկարը՝ Լ․ Կիրակոսյանի։

Պեղումների ընթացքում հեռացվել է եկեղեցու հողային ծածկույթը և բացվել են  շինությունների ավերակները:  Պեղման ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 150 քառ. մետր, միջին խորությունը՝ 1,5 մետր: Տեղում պահպանված երևան են եկել հատակի 14 սալերը (չափերը՝ 0,45 x 0,45 մ - 0,95 x 0,7 մետր ) և եկեղեցու հյուսիսային պատի ներքին երեսի առաջին շարքի 15 սրբատաշ քարերը: Հյուսիսարևմտյան անկյունում մեկական քար պահպանվել է նաև երկրորդ շարքում: Մաքրվել է եկեղեցու աղոթասրահն ու նրան հյուսիսային կողմից կցված սենյակը  (նկ․ 4):

 

Նկ. 4 Եկեղեցու տեսքը 2013 թ․ պեղումներից հետո։ Լուսանկարը՝ Լ․ Կիրակոսյանի։

Հատակագծային հորինվածքը: Ամբողջովին ուրվագծվում է եկեղեցու հատակագիծը (նկ․5): Այն ուղղանկյանը ներգծված կիսաշրջանաձև աբսիդով միանավ սրահ է: Եկեղեցու արտաքին երկարությունն է 18,0 մետր,  լայնությունը՝ 7,75 մետր: Աղոթասրահն ունի 11,65 x 5,25 մետր չափեր: Կիսաշրջանաձև խորանի հատակը 0,5 մետրով  բարձր է աղոթասրահի մակարդակից և հավանաբար, ժամանակին նրա հետ հաղորդակցվել է երկու աստիճաններով, որոնցից ոչինչ չի պահպանվել: Տեղում առկա են բեմառեջքի երկու անկյունների մեկական քարեր: Աբսիդն ունի 3,85 մետր խորություն: Կից սենյակը հատակագծում ուղղանկյունաձև է`  6,4 x 3,4 մետր չափերով և 1,05 մետր պատի հաստությամբ:  Եկեղեցին ունի երեք մուտք՝ երկուսը հարավային կողմից, իսկ երրորդը՝ արևմտյան:  Հյուսիսից կցված սենյակի հետ աղոթասրահը հաղորդակցվում է այս կողմի մուտքով: Հստակ որոշվում է միայն հարավարևմտյան մուտքի լայնությունը՝ 1,35 մետր: Եկեղեցին կառուցված է եղել աստիճանավոր գետնախարսխի վրա, որի որոշ մնացորդներ դիտելի են արևելյան և հարավային կողմում: Պահպանված են եկեղեցու հարավային և հյուսիսային երկայնական պատերի որոշ հատվածներ մինչև 1,7 մետր բարձրությամբ: Դրանք շարված են միջնադարյան ավանդական, «միդիս» ՝ եռաշերտ, երկճակատանի սկզբունքով, որտեղ պատի արտաքին և ներքին երեսների սրբատաշ քարերն իրար են միացված կրաշաղախով:  Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կղմինդրի բազմաքանակ բեկորներ: Գտնվել են կղմինդրի (տափակ - լայնությունը` 20-24 սմ, կողերի հաստությունը 14 - 20 սմ, բարձրությունը` 30 - 35 սմ) և փորակավոր մասերը (տրամագիծը՝ 10 - 14 սմ): Դրանք պատրաստված են ոչ որակյալ, խոշորահատիկ, կարմրադեղնավուն կավից: Սրանք վկայում են, որ ինչպես Տիգրանակերտի բազիլիկաները, Գյավուրկալայի եկեղեցին նույնպես կղմինդրապատ տանիք է ունեցել և կառուցվել է կրաքարով  և իր չափերով մոտ է Տիգրանակերտի Փոքր եկեղեցուն:  Հատակագծային հորինվածքի տարբերությունն այն է, որ այստեղ  աբսիդը ներգծված է ուղղանկյանը, իսկ Տիգրանակերտում` արտաքինից շեշտված (Կիրակոսյան 2013, 130,131):

Նկ. 5 Եկեղեցու հատակագիծն ու կտրվածքը։ Չափագրությունը Լ․Կիրակոսյանի:

Գյավուրկալայի եկեղեցին պատկանում է վաղմիջնադարյան ուղղանկյանը ներգծված եկեղեցիների տիպին, որին վերաբերում են  վաղմիջնադարյան բազիլիկաների մեծ մասը (նկ.  6):

Սրանք իրենց հերթին բաժանվում են երկու ենթախմբի` պարզ ձև ունեցող եկեղեցիներ`  առանց հիմնական ծավալին հարող որևէ կառուցվածքի, և եկեղեցիներ` մեկ կամ երկու ավանդատներով ու մեկ, երկու կամ երեք կողմերից կցված արտաքին սրահներով: Գյավուրկալայի եկեղեցին պատկանում է բազիլիկների երկրորդ ենթախմբին` հյուսիսային կողմից ունի աղոթասրահի հետ հաղորդակցվող սենյակ: Այս կառույցների համամասնությունը  մոտենում է երկայնական տիպի պաշտամունքային կառույցների դասական  համամասնություններին և հիմնականում  1:2 - ից ավելին է: Գյավուրկալայի եկեղեցում արձանագրված է 1:2,2 ցուցանիշը։

Եկեղեցին իր հատակագծով, հյուսիսային ավանդատան պատին փորագրված խաչային հորինվածքով (նկ. 7), կղմինդրների հավաքածույով վերաբերում է 5-6-րդ դարերին: Խեցեղենը ներկայանում է վաղ ջնարակի ուշագրավ օրինակներով, որի հիման վրա բնակավայրի գոյության վերին սահման կարելի է համարել 9-րդ դարը: Ժամանակին այստեղ գտնված սարկոֆագներից մեկի կափարիչը կրում էր ընդարձակ հայերեն արձանագրություն, այն տեղափոխվել է Բաքու և ներկա ճակատագիրը հայտնի չէ (Բարխուդարյան 1964, 61-64): Բնակավայրի անվանումը, քրիստոնեական հուշարձանները, հայերեն արձանագրությունը լավագույնս վկայում են այս բնակավայրի քրիստոնեական-հայկական ինքնությունը (Մշակութային հետազոտություններն․․․ 2009, 28):

Նկ․ 6 Ուղղանկյանը ներգծված աբսիդով միանավ եկեղեցիների հատակագծային տիպը․ 1-Գյավուրկալա, ա-Շենիկ, բ-Ագարակ, գ-Արագյուղ, դ-Թալին, ե-Ավան (Արագածոտնի մարզ), զ-Շենիկ, է-Ավան (Երևան), ը-Արագյուղի սբ Աստվածածին, թ-Զովունի Թուխ-Մանուկ, ժ-Պեմզաշեն։

Նկ․ 7 Եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին փորագրված խաչային հորինվածքը։

Մատենագրական քննություն

Գյավուրկալայի եկեղեցում՝ դեռևս 1950-ականներից մասնակի պեղումներ են կատարել ադրբեջանցի հնագետները։ Պեղումների ժամանակ հայտնաբերված ամեն հայկականը նրանք ներկայացրել են որպես «աղվանական» և հրատարակել (Վահիդով 1965, 167-183; Геюшев 166, 77-79; նույնի 1972, 1978; նույնի 1984, 60)։ Գյավուրկալայի հնավայրին անդրադարձել է Ս․Կարապետյանը՝ հակիրճ նկարագրելով համալիրը  (Կարապետյան 1999, 227, 228)։ Հնավայրին և մասնավորապես եկեղեցուն անդրադարձել է Արցախի հնագիտական արշավախումբը իր դաշտային ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումներում (Պետրոսյան, Խաչատրյան, Փիլիպոսյան, Սաֆարյան 2006, 439, 440)։ Գյավուրկալայի եկեղեցու հորինվածքային, կառուցվածքային և շինարվեստի հարցերն են քննարկված Լ․ Կիրակոսյանի աշխատանքներում (Կիրակոսյան 2013, 130, 131; Նույնի 2018, 25,26)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում մասնակի պեղումներ են կատարվել հնավայրի տարածքում։ Դրանց ավարտից հետո ավերակների որոշ հատվածներ ծածկվել են (եկեղեցու պատերը մասամբ և սալահատակը)։ Արցախյան առաջին պատերազմից հետո հնավայրի տարածքում կարճատև պեղումներ են իրականացվել՝ ամբողջությամբ բացվել և վավերացվել են եկեղեցու ավերակները։ Ուսումնասիրությունից հետո որոշ հատվածներ նորից փակվել են։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետո էական փոփոխություններ չի կրել։

 

Գրականության ցանկ

1․ Բարխուդարյան 1964 - Բարխուդարյան Ս․, Տապանագիր Համամ իշխանի անունով, «Տեղեկագիր ԳԱ», N 1, Երևան։

2․ Կարապետյան 1999- Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։

3․ Կիրակոսյան 2013 - Կիրակոսյան Լ․, Արցախի Տիգրանակերտի եկեղեցու ճարտարապետությունը, ՊԲՀ, 1(192), ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։

4․ Կիրակոսյան 2018 – Կիրակոսյան Լ․, Խաչենագետի ներքնահովտի ճարտարապետությունը, ԺԸ 00․01 «Ճարտարապետություն և ճարտարապետական դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետական դոկտորի գիտական աստիճանի հայցման  ատենախոսության սեղմագիր, Երևան։

5․ Մշակութային հետազոտություններն Արցախում- 2009,  Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Մշակութային հետազոտություններն Արցախում, Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ, Երևան։

6․Պետրոսյան, Խաչատրյան, Փիլիպոսյան, Սաֆարյան 2006 – Պետրոսյան Հ․, Խաչատրյան Ժ․, Փիլիպոսյան Ա․, Սաֆարյան Վ․, Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի հնագիտական հետազոտության առաջին արդյունքները, Լեռնայի Ղարաբաղի անցյալը, ներկան և ապագան, Միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներ, հունիսի 21-24, Ստեփանակերտ։

7․ Վահիդով 1965- Վահիդով Ռ․, Հնագիտական պեղումները Գյավուր կալայում, // Ադրբեջանի նյութական մշակույթը, հ․ 4, Բաքու (ադրբեջաներեն)։

8․ Геюшев 1966 – Геюшев Р., Каменные идолы нового типа ДАН, Азерб. ССР, N 6․

9․ Геюшев 1972 – Геюшев Р., Раскопки городища Гявур кала, «Археологические открытия в Азербайджане за 1971 год», Баку.

10․ Геюшев 1978 – Геюшев Р., Работы на городище Гявур кала, «Археологические открытия  1977 года», Москва.

11․ Геюшев 1984 - Геюшев Р., Христианство в Кавказской Албании, Баку.

Գյավուրկալա վաղքրիստոնեական բնակատեղին և եկեղեցին
Գյավուրկալա վաղքիրստոնեական բնակատեղին և եկեղեցին
Գյավուրկալա վաղքիրստոնեական բնակատեղին և եկեղեցին
Արցախ