Ինը մաս անապատը

Տեղադրությունը

Ինը մաս անապատը գտնվում է համանուն սարահարթի վրա, որը տարածվում է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Կուսապատ և Մոխրաթաղ գյուղերի միջև: Հուշարձանախումբը տեղակայված է Հին Մոխրաթաղ գյուղատեղիից 500 մետր դեպի արևելք, բլրի վրա՝ շրջապատված լեռներով, թավ անտառներով, դրանց միջով հոսող առուներով ու գետակներով: Այս բնական համակարգը պատնեշ է դարձել անապատի համար։ Ներկա՝ Ինը մասանց (կամ Անապատ) կոչվող եկեղեցին (նկ․ 1) գտվում է գյուղատեղիի հարավային եզրին՝ ձորաբերանի մոտ, ուր նկատելի են նաև այլ պաշտամունքային կառուցվածքների ավերակները (ԴՀՎ 5, 93)։

Համալիրն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Նկ. 1 Ինը մաս եկեղեցին՝ դիտված հարավ արևմուտքից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Հին Մոխրաթաղ գյուղը ժամանակին եղել է խոշոր բնակատեղի և մելիքական նստավայր՝ ունենալով մինչև 700 տուն բնակչություն: Գյուղատեղիի և անապատի մասին պատմական տեղեկություններ քիչ են պահպանվել: Դրանց մասին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը՝ նշելով բնակատեղիի տեղադրության, այնտեղ պահպանված եկեղեցու, Մելիք Իսրայելյանների ապարանքի և իշխանական տան գերեզմանոցի մասին։ Հեղինակը գրում է նաև, որ իր այցելած ժամանակ գյուղատեղին արդեն լքված էր, իսկ բնակիչները տեղափոխվել էին Նոր Մոխրաթաղ (Բարխուտարեանց 1895, 216, 217)։ Ջալալյանցը նշում է Հին Մոխրաթաղում (որը նա Փոքր գյուղ է անվանում) երկու եկեղեցիների (Ինը մասանց, Աստվածածին) և Մելիք Ադամին պատկանող ապարանքի մասին (Ջալալեանց 1842, 180)։ Նրանց հաղորդմամբ Ինը մաս անապատը եղել է տեղացիների և շրջակա գյուղերի բնակիչների սիրված ուխտատեղին:

Համալիրի անվան ծագման հետ կապված տեղեկություններ չկան, միայն ենթադրելի է, որ այն իր անունն ստացել է այնտեղ պահվող ինը մասունքների շնորհիվ։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Ինը մաս անապատը տարբեր բնույթի շինությունների համալիր է եղել։ Այսօր պահպանվել են գլխավոր եկեղեցին, գավթի պատերը, տապանաքարեր, երկու տասնյակից ավելի արձանագրություններ և կոթողային այլ հուշարձաններ: Ենթադրվում է, որ տեղում եկեղեցի է եղել դեռևս 12-րդ դարում, ինչի մասին վկայում են գլխավոր եկեղեցու պատերին ագուցված` 12-13-րդ դարերին պատկանող խաչքարերը: Ներկա եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին, ինչի մասին վկայում է հյուսիսային պատի արձանագրությունը. «Ի 1881 ամի շինեցաւ Սուրբ ուխտս Ինն Մասանց տրոք ժողովրդոց ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց» (Բարխուտարեանց 1895, 217): Կառուցման երկրորդ արձանագրությունը գտնվում է խորանի ձախ կողմում՝ որմնասյան հարավային կողին․ «Շինեցաւ Ս[ուր]բ Ին Մասանց սեղանն ի տուրս Սհարխանումին վասն հոգոյ Յարու[թիւն]ի Բէկ Աթաբեկեանի, Կուսապատ գեղ, 1884 ամի» (Բարխուտարեանց 1895, 217): Արձանագրություն է պարունակում նաև մուտքի բարավորը (Քերոբյան 1984, 238) (նկ․ 2):

Նկ․ 2 Ինը մաս եկեղեցու մուտքի բարավորը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Ներկա եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, արտաքին 8,0 x13,0 մետր չափերով դահլիճ է (նկ․ 3)։ Այն կառուցված է անմշակ և կոպտատաշ մշակում ունեցող քարերով։ Հիմնական շինանյութը կրաքարն է, օգտագործվել է նաև ավազաքար և գետաքար։ Եկեղեցու պատերի անկյունները, խորշերը, կամարները, ինչպես նաև բացվածքների շրջանակները կառուցվել են սրբատաշ կրաքարից։ Կառուցման այսպիսի եղանակ ենք հանդիպում նաև Արցախին հարևան Սյունիքի ճարտարապետական համալիրներում։ Շինությունները հիմնականում կառուցվել են կոպտատաշ մշակում ունեցող քարերով, իսկ կանոնավոր ձևի սրբատաշ քարերն օգտագործել են անկյուններում, կամարներում, գմբեթարդներում, թմբուկներում և կոնստրուկտիվ տեսակետից ավելի պատասխանատու տեղերում (Հասրաթյան 1973, 151)։

Միակ մուտքը բացված է եկեղեցու արևմտյան պատի հարավային անկյան կողմից՝ երկայնական առանցքից շեղված։ Այս կողմում՝ մուտքին կից բացված է նաև մեկ լուսամուտ։

Նկ. 3 Եկեղեցու հատակագիծը, չափագրությունը՝ Շ. Մկրտչյանի:

Աղոթասրահն արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որն առանձնանում է իր սրբատաշ որմնասյուներով և կամարով։ Բեմը բարձրադիր է, երկու կողմերից ունի աստիճաններ (նկ․ 4)։ Արևելյան և հարավային պատերի մեջ նույնպես լուսամուտներ կան։ Հարավում դրանք բավական լայն են՝ 1,0 x 2,0 մետր չափերի (Մկրտչյան 1985, 36), բնորոշ 19-րդ դարի Շուշիի ճարտարապետությանը: Դրանք պսակվում են կամարակապ շրջանակներով և միմյանց հետ կապված են ընդհանուր քիվով (նկ․ 5)։ Նման հորինվածք ունի նաև արևմտյան ճակատի լուսամուտը։ Արևելյան ճակատի լուսամուտի՝ սրբատաշ քարից կերտված, ուղղանկյունաձև շրջանակի վերնամասում քանդակված է հավասարաթև խաչապատկեր, որից վերև պատի մեջ ագուցված է խաչքար (նկ․ 6)։ Եկեղեցու արևմտյան և հարավային ներքին պատերում կան ուղղանկյունաձև որմնախորշեր և պատրհաններ: Երկուական լայն որմնախորշեր և զույգ նեղ պատրհաններ են բացված նաև խորանում: Պատրհանները եզերված են պարանահյուս և կամարաձև շրջանակներով։ Կամարակապ խորշերը շրջանակված են պարանազարդով։ Պարանազարդ շրջանակ ունի նաև դռան բացվածքը։ Հյուսիսային պատի մեջ պահպանվել է սլաքաձև վերջավորությամբ, կամարակապ շրջանակի մեջ առնված մկրտության ավազանը (նկ․ 7)։ Արևմտյան լուսամուտի ստորին հատվածում ևս ագուցված է միջնադարյան գեղաքանդակ ամբողջական խաչքար։

Նկ. 4 Եկեղեցու խորանը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 6 Ինը մաս եկեղեցու արևելյան ճակատը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Նկ. 5 Եկեղեցու հարավային պատի եռյակ լուսամուտներով հատվածը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ. 7 Մկրտության ավազանը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի:

Անապատի եկեղեցին եղել է թաղածածկ։ Աղոթասրահի կենտրոնական հատվածում՝ հարավային և հյուսիսային պատերին հենվող կոշտացնող կամարը կրել է կառույցի թաղակապ ծածկը, որը չի պահպանվել։ Ծածկից պահպանվել է միայն խորանի գմբեթարդը, որն իրականացված է նեղ-երկար և մանր քարերի շարքերով (նկ․ 8)։

Ինը մաս անապատից դեպի հարավ-արևմուտք՝ բլրի վրա տարածվում է գերեզմանատունը։ Գերեզմանատան հյուսիսային կողմում թաղված են եղել Մելիք-Իսրաելյանների տոհմի նրկայացուցիչները:

Նկ. 8 Եկեղեցու գմբեթարդը, լուս․՝ Հ. Պետրոսյանի:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում Անապատը լքված և ավերակված վիճակում էր։ Անտառապատ և խոնավ վայրում գտնվելն ու խնամքից զրկված լինելը ժամանակի ընթացքում նպաստել են նրա ավերմանը։ Արցախյան պատերազմների ընթացքում առանձնակի վնասներ չի կրել, իսկ այսօր, քանի որ օկուպացված է Ադրբեջանի կողմից, անապատի վիճակի մասին տեղեկություններ չկան:

Գրականության ցանկ

  1. Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, «Արօր», Բագու:
  2.  ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ։ Կազմ.՝ Ս. Գ. Բարխուդարյան,  Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982:
  3. Հասրաթյան 1973 - Հասրաթյան Մ., Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան:
  4. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ., Երևան:
  5. Ջալալեանց 1842 - Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մասն Ա, Տփխիս:
  6. Քերոբյան 1984 - Քերոբյան Ա․, Ինը Մասանց Անապատը ըստ նորահայտ վիմագրերի, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 4, 337-338:
Ինը մաս անապատը
Ինը մաս անապատը
Մարտակերտի շրջան
Արցախ