Մշակութային ժառանգությունն ավերողը՝ այդ ժառանգության պահպանության պարտականությունն ունեցողի հետ տոնում են համագործակցության 30-ամյակը

2022 թվականի մարտի 18-ին  Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի է ունեցել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պետական CBC TV Azerbaijan հեռուստալիքը (https://www.youtube.com/watch?app=desktop&v=sL0uQKaFcnw&feature=youtu.be)։ Միջոցառման ընթացքում պաշտոնական Բաքվի ներկայացուցչությունը Միավորված ազգերի կազմակերպության գրեթե բոլոր մասնագիտացված գործակալությունների պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանի և ՄԱԿ-ի արդյունավետ համագործակցության 30-ամյակի առիթով թողարկել է փոստային նամականիշ։ Ըստ տեսանյութի՝ «Ադրբեջան-ՄԱԿ. 30 տարվա գործընկերություն» համաժողովի մասնակիցները նաև Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիում բարձրացրել են ՄԱԿ-ի դրոշը։  Ադրբեջանի բնապահպանության նախարարը նշել է, որ ազատագրված տարածքներում ՄԱԿ-ի հետ համագործակցության ընդլայնման շրջանակներում պետք է սկսվեն տնտեսական ու բնապահպանական լուրջ միջոցառումներ, որոնց ավարտը նախատեսված է 2050 թվականին։

Մեր արձագանքը

«Ադրբեջան-ՄԱԿ. 30 տարվա գործընկերություն» համաժողովի անցկացումը Շուշիում ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված խաղաղության, արդարության,  մարդու իրավունքների, հանդուրժողականություն և համերաշխության արժեքների կոպիտ ոտնահարում է։ Եվ սա այն դեպքում, երբ հենց ՄԱԿ-ն է այդ արժեքների հռչակողն ու պաշտպանության երաշխավորը, իսկ համագործակից Ադրբեջանն այն պետությունն է, որն ամենաշատն է խախտել ՄԱԿ-ի կողմից ընդունված և համընդհանուր իրավասություն ունեցող մի շարք արժեքներ, որոնցից անմասն չէ մարդու, դիցուկ արցախահայերի մշակութային իրավունքը, նրանց ժառանգորդման, մշակութային կյանքին մասնակցելու և իրենց արժեքները սերունդներին անխաթար փոխանցելու իրավունքը։ ՄԱԿ-ի դրոշը բարձրացվում է մի քաղաքում, որը լինելով հայկական պատմական ու մշակութային կենտրոն, հռչակվել է թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում որպես Ադրբեջանի ստեղծագործ-մշակութային  քաղաք։ ՄԱԿ-ը համագործակցում է մի պետության հետ, ով հենց իր կողմից 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի բազմակի խախտումների համար 2021 թվականի դեկտեմբերի 7-ին արդեն դատապարտվել է Հաագայի արդարադատության միջազգային դատարանի կողմից, որը հորդորել էր Ադրբեջանին զերծ մնալ հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումից։ Եվ սա այն բանից հետո, երբ աշխարհում ժողովրդավարության լիգիտիմություն ունեցող երկրորդ կառույցը՝ Եվրոպայի խորհրդարանը, որը ներկայացնում է շուրջ 490 մլն մարդու կարծիք, բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային արժեքների ոչնչացման հետ կապված և Ադրբեջանի քաղաքականությունը որակել պետական ծրագրային շարունակական քաղաքականություն, որի կողմից թե՛ Նախիջևանում և թե՛ Լեռնային Ղարաբաղում անխնա ոչնչացվում են հայկական մշակութային արժեքները։

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Շուշին ենթարկվել է մշակութային ցեղասպանության։ Դրա օրինակները բազմաթիվ են՝ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը, ապա նրա իրական կերպարի խեղաթյուրումը («ուղղափառացումը») (Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները - Monument Watch), Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ավերումը (Ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը - Monument Watch), Շուշիի օկուպացումից հետո նրա թանգարանների և ցուցանմուշների յուրացումը (Շուշիի երկրաբանական թանգարանի ավերումը - Monument Watch), Շուշիի կերպարվեստի թանգարանի «քանդակների պուրակի» (Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը - Monument Watch), Շուշիի պատմական գերեզմանոցի, ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերումը (Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերումը - Monument Watch) և այլն։ Ադրբեջանական քաղաքականությունը, որը միտված է Շուշի քաղաքի մշակութային կերպարի աղավաղմանը և խեղաթյուրմանը, փաստորեն հավանության է արժանում ՄԱԿ-ի կողից, որի առաքելությունն է կանխարգելել մշակութային ցեղասպանությունը։ Մինչդեռ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայությունը և Ադրբեջանի կառավարության հետ միասին միջոցառման անցկացումը Շուշիում ցուցում է, որ այս միջազգային կառույցը ոչ թե կանխարգելում է մշակութային ցեղասպանությունը, այլ կանգնում է այն իրականացնողների կողքին։