Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը և հայ եկեղեցուն ուղղված մեղադրանքներ Բաքվից և Շուշիից

Հոկտեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել «Թյուրքական պետությունների կազմակերպության» կրոնական առաջնորդների երրորդ  համաժողովը՝ «Թյուրք-իսլամական ժառանգության հարստությունը և դրա նշանակությունը ժամանակակից խնդիրների լուծման համատեքստում» թեմայով, որի ընթացքում կազմակերպության կրոնական առաջնորդները քննարկել են իսլամական կրոնի ամրապնդմանը, միասնականությանն ու Լեռնային Ղարաբաղի «իսլամական» մշակութային արժեքների պաշտպանության մի շարք  հարցեր։  Համաժողովի ընթացքում շատ գիտնականներ, հասարակական ու կրոնական  գործիչներ, իրենց հատուկ հռետորաբանությամբ,  նշել են Ադրբեջանի կարևոր դերը իսլամական կրոնի ամրապնդման և հանդուրժողականության ապահովման գործում https://www.youtube.com/watch?v=JFTqp8kEK04 ։ Բացի այդ, նախորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին Շուշիում, որը օկուպանտների խոսքով Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն ու իսլամական աշխարհի հոգևոր կենտրոնն է, կնքվել է «պատմական փաստաթուղթ» (տե՛ս ստորև)։

Հավելենք, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը միջազգային կառույց է, որը միավորում է ժամանակակից իսլամական պետությունները՝ թյուրք ժողովուրդների միջև համակողմանի համագործակցության նպատակով։

Միջոցառմանը ելույթ ունեցած Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն  իր ելույթում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությանը և նշել, որ իրենց  մզկիթներն ու տաճարները փրկվել են հայկական ստրկությունից։ Նա հերթական անգամ հնչեցրել է նենգափոխիչ հայտարություններ և ներկայացրել իրականությանը հակասող դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ։ Ա․ Փաշազադեն իր ելույթում անգամ մեղադրանք է հնչեցրել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ և նշել, որ եկեղեցին վրեժխնդրություն է սերմանում, նախանձախնդիր է տարածքային հարցերում և  հայ ժողովրդին դրդում է ռևանշիզմի․ «Հայ եկեղեցին, որը փորձում է իրագործել իր հավակնությունները՝ վտանգելով իր ժողովրդին և իր պետության գոյությունը, սուտ խոստումներով նոր աղետներ ու ողբերգություններ է պատրաստում իր ժողովրդի համար»,- ասել է  Ա.Փաշազադեն (https://azertag.az/ru/xeber/V_Baku_proshla_konferenciya_na_temu_Bogatstvo_tyurko_islamskogo_naslediya_i_ego_znachenie_pered_aktualnymi_problemami_sovremennosti-2344010

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է հիշյալ հրահրիչ հայտարարությանը, որին կարող եք ծանոթանալ այս հղումով. https://hetq.am/hy/article/149514#.Y1LI0dmhLYF.facebook

Ելույթի վերջում կրոնական գործիչը նշել է Ադրբեջանի՝ որպես  բազմամշակութայնության և իսլամական համերաշխության գաղափարներում համաշխարհային զգալի ներդրող պետություն  լինելու մասին, բացարձակ լռության մատնելով Ադրբեջանի մինչ օրս  շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության և հայատյացության, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելու և խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու և պղծելու, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու փաստերը, որոնք հստակ և հիմնավոր փաստագրված են նաև միջազգային հանրության և կառույցների կողմից։

Իսկ  Կրոնական հարցերով Թուրքիայի ներկայացուցիչ Ալի Էրբաշն իր խոսքում կարևորել է  Թուրքիայի օժանդակությունը 44-օրյա պատերազմում հաղթանակի հասնելու գործում, և այն դիտարկել ոչ թե հայ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու թուրք ցեղասպանական ծրագրի մի մաս, այլ որպես   երկու ժողովուրդների միասնականության և հավատքի, եղբայրական հարաբերություների ապացույց։

Համաժողովին ելույթներ են ունեցել նաև Կովկասի մահմեդականների գրասենյակի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը, Ուզբեկստանի մուֆթի Նուրիդդին Խոլիկնազարովը, Ղազախստանի գերագույն մուֆթի Նաուրիզբայ Թագանուլին, Թուրքմենստանի կրոնական գործիչներ Յաուրիզբայ Թագանուլին, և Թուրքմենստանի այլ  կրոնական գործիչներ: (https://apa.az/ru/religiya/v-suse-proxodit-meropriyatie-s-ucastiem-religioznyx-liderov-otg-497518)։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 20-ին Շուշիում կնքված փաստաթղթին, նշենք, որ դրանով հիմք է դրվել Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական վարչությունների ղեկավարների խորհրդի ստեղծմանը։ Թյուրքական կրոնական ներկայացուցիչները ընդունել են համատեղ  հայտարարություն և ստորագրել կանոնակարգ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակված Շուշիում, որն ըստ նրանց, ոչ միայն  խորհրդանշական և պատմական նշանակություն ունի, այլև թյուրաքական պետությունների միասնականության  ընդհանուր համակարգում ունի առանցքային նշանակություն (https://azertag.az/ru/xeber/V_Baku_proshla_konferenciya_na_temu_Bogatstvo_tyurko_islamskogo_naslediya_i_ego_znachenie_pered_aktualnymi_problemami_sovremennosti-2344010)։

Կրոնական առաջնորդների ստորագրած համաձայնագիրը նաև  կրոնական ամենատարբեր ծրագրերի զարգացման ուղիներ է առաջարկում․ ի մասնավորի  գիտական և կրոնական կենտրոնների համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ։ https://www.youtube.com/watch?v=ynWSsZEGFzs ։ Ուշագրավ է, որ համաձայնագրում կա մշակութային արժեքների վերականգնման հարցերում թյուրք գործընկերների հետ պայմանավորվածության մասին մատնանշում, համաձայն որի  հայկական օկուպացիայի ընթացքում վնասված մահմեդական ժառանգության վերականգնման ծրագրերում պետք է ապավինեն միասնական օգնության։

Համաժողովի մասնակիցները այցի ընթացքում ծանոթացել են Շուշիի պատմական վայրերին, ինչպես նաև ընթացող վերականգնման և շինարարական աշխատանքներին։ https://www.youtube.com/watch?v=JFTqp8kEK04։ Հավելենք, որ հյուրերի ներկայությամբ առկա տեսանյութերը նկարահանված են հենց այն վայրերում, որտեղ ոչնչացվել են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակի» բոլոր արձանները, ոչնչացվել է Վազգեն Սարգսյանի արձանը և այլ մշակութային արժեքներ։

Մեր արձագանքը։

2021-2022 թվականներին օկուպացված Շուշիում տեղի ունեցած տարբեր բնույթի համաժողովները, քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և յդ ամենը օրինականացնելու  նպատակ են հետապնդում։

Այս միտումները ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում և ելույթներում, որտեղ Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով  Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն և բազմաթիվ հուշարձանները:

Շուշիում և Արցախի բռնագրավված մնացյալ տարածքներում Ադրբեջանի կողմից վարվող բացահայտ հայատյաց մշակութային քաղաքականության ֆոնին տարաբնույթ կազմակերպությունների, անգամ ադրբեջանական կողմից հնչող կեղծ խաղաղասիրական և հանդուրժողականության կոչերը բացահայտ ծաղր են: Առավել ցավալի է, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները, խոսելով տարածաշրջանային երկխոսության և մշակութային հանդուրժողականության մասին, լռության են մատնում, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Շուշին ենթարկվել է մշակութային ցեղասպանության։ Դրա օրինակները բազմաթիվ են՝ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը, ապա նրա իրական կերպարի խեղաթյուրումը («ուղղափառացումը») (Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները - Monument Watch), Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ավերումը (Ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը - Monument Watch), Շուշիի օկուպացումից հետո նրա թանգարանների և ցուցանմուշների յուրացումը (Շուշիի երկրաբանական թանգարանի ավերումը - Monument Watch), Շուշիի կերպարվեստի թանգարանի «քանդակների պուրակի» (Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը - Monument Watch), Շուշիի պատմական գերեզմանոցի, ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերումը (Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերումը - Monument Watch) և այլն։

Հայ մշակույթի կարևորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները: