Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին

Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի վարչական տարածքում՝ Արցախի Հանրապետության պաշտոնական մուտք հանդիսացող հսկիչ-անցագրային կետի մոտ (նկ. 1, 2): Օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:

Կղարծիի Սրբոց Թարգմանչաց եկեղեցին

Տեղադրությունը Սուրբ Թարգմանչաց եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Կղարծի գյուղի կենտրոնում (նկ․ 1)։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Ըստ Մ․ Բարխուդարյանի եկեղեցին կառուցվել է համայնական ծախսերով: Եկեղեցում են պահվել կենաց փայտի արծաթյա խաչ-մասունքարանը և 1477 թվականին Աղթամարում Հովհաննես գրչի ընդօրինակած թղթե պատկերազարդ ավետարանը (Բարխուտարեանց 1895, 111-112): Ճարտարապետա-հորինվածքային քննություն Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն ուղղանկյուն հատակագծով եռանավ թաղակապ սրահ է (նկ․ 2)։ Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է՝ զույգ ավանդատներով։ Ունի 18,7 մետր երկարություն, 12, 6 մետր լայնություն։ Հյուսիսային պատի մեջ պահպանվել է մկրտության ավազանը, որի կամարակապ քարին արձանագրված են տողեր Ս․ Հովհաննու Ավետարանից․ «Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ» (նկ․ 3)։ Նույնաբովանդակ տողեր կան նաև խորանի գմբեթարդի կամարի ճակատային հատվածին․ «Եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ` տացէ ձեզ» (նկ․ 4)։

Առաջաձորի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Առաջաձորի Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ համանուն գյուղի տարածքում (նկ. 1): Գյուղն օկուպացվել է Ադրբեջանի զինուժի կողմից: Պատմական ակնարկ Համաձայն շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1668 թվականին: Արձանագրությունը գտնվում է եկեղեցու հարավային պատին. «Թվին :ՌՃԺ և Է: (1668) հայրապետութիւն Պետրոս կաթողիկոսին, գյուղիս տանուտէրութիւն Եաղուբ պէկին, աղսախկալութիւն Պհարին, ես անարժան Դաւիթ էրեցս շինեցի զեկեղեցիս ի յիշատակ հոգոց մերոց, ով կարդաք, ողորմի ասէք մեղաւորիս» (ԴՀՎ 1982, 89): Արձանագրությունը նույն կերպ մեջբերում է նաև Մակար Բարխուդարյանցը: Վերջինս տալիս է նաև եկեղեցու հակիրճ նկարագրությունը. «Եկեղեցին Սուրբ Աստուածածին, թաղակապ երկու կամարների վերայ, երկարութիւնն 16 մետր 13 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 15 սանթիմ…» (Բարխուտարեանց 1895, 187): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին ուղղանկյուն միանավ թաղակապ սրահ է: Կառուցված է փոքր ու միջին չափերի կրաքարով, շաղախով: Միակ մուտքը հարավային կողմից է (նկ. 2): Եկեղեցու տանիքին կա վեց միակտուր սյուների վրա հենվող կամարակապ զանգակատուն (նկ. 3): Այն կիսավեր է, բացակայում է կաթողիկեն (նկ. 4): Եկեղեցու թաղածածկը հենվում է հարավային և հյուսիսային զույգ որմնասյուներից բարձրացող որմնակամարների վրա (նկ. 5, 6): Սբ. Աստվածածին եկեղեցուն առանձնակի գեղեցկություն են հաղորդում հարավային ճակատին ագուցված խաչքարերը: Սրանք գտնվում են մուտքի և լուսամուտի մոտ (նկ. 7, 8):

Վերին Ղլիջբաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ասկերանի շրջանում, Վերին  Ղլիջբաղ գյուղատեղիում (նկ․ 1)։ 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից։ Պատմական ակնարկ Վերին Ղլիջբաղ գյուղատեղին գտնվում է Խնապատ գյուղից հյուսիս-արևմուտք։  Ըստ Մ․ Բարխուդարյանի «Ղլիջբաղի բնակիչք բնիկ են» (Բարխուտարեանց 1895, 106):  Գյուղի բնակիչները խորհրդային իշխանության տարիներին տեղափոխվել են նախալեռնային գոտի՝ ներկայիս Ղլիջբաղի տարածք, որն անվանել են Ներքին Ղլիջբաղ։ Ճարտարապետա – հորինվածքային քննություն Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Այն արևելյան կողմում եզրափակվում է կիսաշրջան խորանով, երկու կողմերում ունենալով  ավանդատներ (նկ․2)։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են երկու պատրհաններ։ Բեմը ներկայումս չի պահպանվել։ Գլանաձև թաղը հենվում է երկու զույգ պատկից սյուներից բարձրացող կամարների վրա (նկ․3)։ Տանիքն արտաքուստ հողածածկ է։ Եկեղեցին զուրկ է հարդարանքից, բացառությամբ ներսում պատերին ագուցված մի քանի պարզունակ խաչքարերի (նկ․ 4, 5)։ Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով, պատերի անկյունները, շքամուտքի և լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են։ Միակ մուտքը հարավից է (նկ․ 6): Եկեղեցու բարավորի վրա պահպանվել է կառուցման թվականը՝ «1861 ամ[ի]» (նկ․ 7)։

Քարաշենի (Դաշուշեն) Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Քարաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Ասկերանից գտնվում է 23, իսկ Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում են գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին իր շրջակայքի տապանաքարերով, Քարին ջուր աղբյուրը (մանրամասն տես՝ Քարաշեն (Դաշուշեն) գյուղի «Քարին ջուր» աղբյուր-հուշարձանը – Monument Watch), Թադեոսի կամուրջը (մանրամասն տես՝ Քարաշեն գյուղի Թադեոսի կամուրջը – Monument Watch), Սբ. Սարիբեկ սրբատեղին և այլն: Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Դաշուշեն գուղի մասին տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցը իր «Արցախ» աշխատությունում (Բարխուտարեանց 1895, 131)։ Բարխուդարյանցը ներկայացնում է Դաշու Շէն գյուղի տեղադրությունը, բարիքներն ու կլիման։ Շեշտում է, որ 40 ծուխ բնակիչները տեղաբնիկներ են։ Անդրադառնում է Սբ․ Սրաբեկ ուխտատեղիին և նշում, որ ունի շատ ուխտավորներ հիմնականում Շուշիից։ Բարխուդարյանցը նաև նշում է, որ Ներքի-շէն և Սողոմոնի շէն բնակատեղիներից մնացել են ավերակները, իսկ բնակիչները 1860 թվականին տեղափոխվել են Շուշի (Բարխուտարեանց 1895, 131)։ Դաշուշենի (Քարաշեն) վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում նաև եկեղեցու, աղբյուրների և տապանաքարերի վրա պահպանված արձանագրություններից։ Բարխուդարյանցը հիշատակում է նաև Սբ․ Աստվածածին եկեղեցին, նշում, որ եկեղեցին ունի մեկ քահանա։ Սբ․ Աստվածածին եկեղեցին խորհրդային շրջանում օգտագործվել է որպես մշակույթի տուն, ապա որպես պահեստ։ Արևմտյան կողմից կառուցվել է երկհարկանի կից շինություն։ Անկախության տարիներին վերականգնվել է եկեղեցու նախնական գործառույթը, եկեղեցին վերանորոգվել է բարերարների կողմից։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Սբ․ Աստվածածին եկեղեցին  գտնվում է գյուղի մեջ, ունի 8 մետր լայնություն և 11 մետր երկարություն (1843 թ․, նկ․ 1)։ Այն միանավ սրահ է՝ ավագ խորանի երկու կողմերում ավանդատներով: Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է (նկ․ 2)։ Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով, մուտքը հարավային կողմից է։ Ներքուստ թաղածածկ է, տանիքը հենվում է կառույցի պատերի, խորանի կամարակապի և թաղակիր կամարի վրա։ Կառույցի անկյունային հատվածները, մուտքերի եզրաքարերը, խորանի կամարակապը և թաղակիր կամարը կառուցված են սրբատաշ քարերով (նկ․ 3)։ Կամարանցումները ոճավորված են (նկ․ 4)։ Կառույցն ունեցել է կղմինդրե ծածկ, որը խորհրդային շրջանում փոխարինվել է թիթեղով։ Վերականգնման ժամանակ կառույցի տանիքի կենտրոնական հատվածում ավելացվել է քառաոտ զանգաշտարակը:

Խաչմաչի սբ․Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը Խաչմաչի Սբ․ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ համանուն գյուղի կենտրոնում (նկ. 1): Պատմական ակնարկ Սբ․ Ստեփանոս եկեղեցին, համաձայն դռան (նկ. 2) բարավորի արձանագրության, կառուցվել է 1651 թվականին. «Թվ[ի]ն :ՌՃ:» (նկ. 3, 4): Որպես եկեղեցու կառուցող հիշատակվում է ուստա Հովսեփը: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գրում է «…եկեղեցին սուրբ Ստեփաննոս, կառուցեալ մի կամարի վերայ առանց սիւների, որ ունի մի փոքր կաթուղիկէ, երկարութիւնն 13 մետր 90 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 32 սանթիմ: Դռան արևելեան սեմին վերայ. «Ես ուստա Յուսէփ և Գէի-քուրգ (Գէորգ) Ըսմանայ եկեղեցիս շինեցի յիշատակ, ով որ տեսնոյ, Աստուած ողորմի ասէ»: Իսկ դռան ճակատակալ քարի վրա «թվին ՌՃ» (Բարխուտարեանց 1895, 200, հմմտ. ԴՀՎ 1982, 159): Ցավոք, շինարարական արձանագրությունն այսօր տեղում չի պահպանվել:

Կարմիր եկեղեցին (Մելիք Փաշայանների դամբարանը)

Տեղադրությունը Կարմիր եկեղեցի համալիրը, որը հայտնի է  նաև Մելիք Փաշայանների դամբարան անունով, գտնվում է Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի արևելյան եզրին, մի բլրի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ   19-րդ դարի հետազոտողներն այստեղ վավերացրել են մի հուշարձանախումբ՝ բաղկացած եկեղեցուց, նրան կից երեք գետնափոր դամբարաններից և ընդարձակ գերեզմանոցից (Բարխուդարեանց 1895, 106-108): «Մատուռների, ինչպես և եկեղեցու մեջ կան գերեզմաններ, որոնց տապանաքարերը ահագին միապաղաղ քառանկյունի սև քարեր են, առանց մի որևէ գրության կամ քանդակի» (Լալայան 1897, 49): «Գյուղի արևելյան կողմում․ փոքրիկ բլրակի վրա խիտառխիտ շիրիմներ են, ուր կա քառախորան, սագաշեն մի եկեղեցի, որոնցից երեքը հողի տակ են, իսկ մեկը կիսով չափ բարձր է հողի մակերևույթից և ինչ-որ բանով նման է  ակլդամայի (գերեզմանատեղի)։ Ընդ որում սրանցում բազմաթիվ գերեզմաններ են, որոնց թվում Մելիք Փաշայի և Սահակ Եպիսկոպոսի շիրիմները» (Ջալալեանց 1858, 514)։ Նշվածներից այսօր պահպանված են միայն եկեղեցին և գերեզմանատունը։ Ըստ եկեղեցու մուտքի ճակատակալ քարի վրա արված արձանագրության՝ այն կառուցվել է 1621 թվականին․ «Թվ[ին] ։ՌՀ։․ Դաւիթ եպիսկոպոս․ յիշատակ է եկեղեցի վանքս, որ լինի սա դամբարան եւ շիրիմ մերոց նախնեաց» (ԴՀՎ 5, 160)։ 2022 թվականին եկեղեցու տարածքում իրականացվել են պեղումներ, որոնց գլխավոր նպատակը եղել է մատուռ-դամբարանների հայտնաբերումը։ Սակայն դրանք չեն հայտնաբերվել։ Պեղումների արդյունքում ի հայտ են եկել տարբեր ժամանակաշրջանի պատկանող խաչքարերի բեկորներ  (նկ․ 2, 3), արձանագիր քարեր, եկեղեցու պատերի մեջ ագուցված տապանաքարեր (նկ․ 4), եկեղեցու տարբեր մասերում արված թաղումներ։

Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Գանձասարի վանքային համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, միաբանական խցերից, սեղանատնից, տնտեսական շինություններից, ինչպես նաև 19-րդ դարում կառուցված դպրոցի երկհարկ շենքից (նկ. 1)։ Բոլոր կառույցները  շրջապատված են պարսպով, որի  արևմտյան ու հարավային կողմերում բացվում են մեկական դարպասներ: Պարսպի հարավային  պարսպապատից դուրս սփռված է ընդարձակ գերեզմանոցը (նկ․ 2):

Վարդաձորի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի հարավ-արևմտյան եզրին, գյուղի հին թաղում (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության մեջ թվականի հատվածն անավարտ է մնացել (նկ․ 2)։ Երկու մասից բաղկացած արձանագրությունը հետևյալն է․ «Շինեցաւ ս[ուր]բ Ա[ստուա]ծածնայ հայոց եկեղեցիս/ Փիրաջամալ գեղջ ծախ[ուք] իւրովք Բաղտաս/ար Շամխալեանցին և որդոց նորին Սարգ/իսին և Յօհաննէսին. և համայն ննջեցելոցն/ ասասց[ե]ն. Ա[ստուա]ծ ողորմի, ամնէն։/ Շինեցաւ ս[ուր]բ Ա[ստուա]ծածնայ եկեղեցիս հայոց Փ/իրաջամալ գեղջ, ծախուք Շուշա քաղաքացի/ մ[ա]հտ[ե]սի Շահկալտիի Յարութ[իւ]նեանցի, ի յ[ի]շ[ա]տակ/ և ի փրկութ[իւ]ն հոգոյ վաղաթառամ որդոյ Միրզ/ային և ծնողացն, որ և աւարտեցաւ ի թիւն Քրիս[տոսի]․․․»: Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ»  աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ «Փիր-Ճամալ գիւղ. հիմնուած է նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, ոմանք տեղափոխուած Ջրաբերդից, սակաւք Հին Քեաթուկից և Բէլուկանից, հողն բէկական, անջրդի, այգեւէտ, բայց հացատու, օդն, կլիման և ջուրն նշանաւոր. երկար կեանք 100, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, որը կառուցանել տուած են իւրեանց ծախքով Շուշեցի բարեպաշտ Մահտեսի Շահկեալդին և Փիր-Ճամալեցի հանգուցեալ Բաղդասար Շամխալեանն. քահանայ մի։ Ծուխ 146. ար. 475. իգ. 357» (Բարխուտարեանց 1895, 128)։ Եկեղեցու արևելյան ճակատի վերնամասում ագուցված են 17-րդ դարի չորս խաչքար (նկ․ 3, 4)։ Արձանագրություններից մեկը կրում է «:ՌՃԼ: (1671)» թվականը, երկուսի վրա ընթեռնելի են «Խաչս՝ Խանզատէն», «Խաչս՝ Փիրհամզին» գրությունները:

Սառնաղբյուր գյուղի սբ․ Գևորգ եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Գևորգ եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի արևմտյան եզրին, թեքադիր լանջի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Ըստ մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1875 թվականին՝ փիրջամալեցի (Վարդաձոր) Հարություն, Ծատուր, Անդրեաս, Ջումշուդ Տեր Հարությունյան եղբայրների կողմից՝ ի հիշատակ իրենց ծնողներ Միլքումի և Ազիզի (նկ․ 2, 3)։

Հաթերքի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի կենտրոնում: Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տվյալները բացակայում են: Հիմք ընդունելով շինարարական և տեխնիկան ճարտարապետությունը՝ այն կարելի է թվագրել 17-րդ դարով: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Հաթերք գյուղը, նշում է․ ‹‹…եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս կամարների վերայ առանց միջնասիւների, խիստ հին և բոլորովին անշուք, երկարութիւն 22 մետր 75 սանթիմ, լայնութիւն 9 մետր 85 սանթիմ…›› (Բարխուտարեանց 1895, 201): Բարխուդարյանցի նկարագրած եկեղեցին կիսաքանդ է, կառուցված է կիսամշակ քարով և կրաշաղախով (նկ. 1,2): Ներքուստ այն միանավ սրահ է: Գլանաձև թաղը հենվում է պատկից սյուներից բարձրացող կամարների վրա (նկ. 3,4): Սրբատաշ են կամարների քարերը և սյուները: Պատկից կամարների վրա կան փորագրված պարզ խաչեր: Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմում է: Ներքուստ եկեղեցու պատերը սվաղված են: Խորանը եղել է պայտաձև (նկ. 5):

Վաղուհասի սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում՝ բարձրադիր վայրում (նկ. 1): Պատմական ակնարկ Եկեղեցու շինարարական աշխատանքները մեկնարկել են 2007 թվականին: Դրանք ֆինանսավորել է վաղուհասցի, ռուսաստանաբնակ Գրիգորի Հայրապետյանը: Եկեղեցին օծվել է 2012 թվականին՝ գյուղի ազատագրման 19-ամյակի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի ձեռամբ (https://news.am/arm/news/94233.html): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կառուցված է արցախյան սպիտակ կրաքարով։ Կրող կոնստրուկցիաները, կամարները, թաղերը երկաթբետոնից են, երեսպատված է նարնջագույն սրբատաշ տուֆե քարով։ Խաչաձև հորինվածքով արևմուտքից-արևելք փոքր-ինչ ձգված համաչափությամբ այս կառույցն ընդհանուր առմամբ իր արտաքին տեսքով և ներքին ծավալներով նման է Ստեփանակերտի սբ․ Հակոբ եկեղեցուն, թեև առկա են որոշակի տարբերություններ ևս, ինչպես օրինակ` պատուհանների չափերը, բացվածքները, ոճավորումը: Կղմինդրապատ տանիքին՝ թաղերի խաչման կենտրոնում, տեղադրված է փոքրիկ զանգակատունը (նկ. 2)։ Վիճակը պատերազմից առաջ և հետո Եկեղեցին Արցախյան պատերազմի ժամանակ չի տուժել: Գրականություն 1. Օծվել է Արցախի Վաղուհաս գյուղի նորակառույց եկեղեցին, https://news.am/arm/news/94233.htm։

Մսմնայի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մսմնա գյուղի կենտրոնում (նկ․ 1)։   Պատմական ակնարկ Սբ․ Աստվածածին  եկեղեցին կառուցվել է 1881 թվականին։ Եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը, ով ի թիվս այլ մանրամասների, նշում է, որ «եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանան գալիս է Ղաւախան (Կավահան) գիւղից» (Բարխուտարեանց 1895, 108)։ Թեև եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջերին, սակայն պատերին ագուցված խաչքարերը և զարդաքանդակ բեկորները վկայում են, որ այստեղ սրբատեղի է եղել առնվազն 12-13-րդ դարերից սկսած (նկ․ 2, 3)։

Կարմիր գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Կարմիր գյուղը կամ Տռնավարզ-Դռնավարզը գտնվում է Ասկերանի շրջանում։ Ըստ Մակար Բարխուդարյանի՝ «․․․Դռնավարզ գյուղը հիմնուած է Պողրխանայ սարի հարաւ արևմտահայեաց լանջին վերայ, բնակիչք բնիկ են․․․» (Բարխուտարեանց 1895, 85)։  Դռնավարզը Կարմիր գյուղ է վերանվանվել 1921 թվականին։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Ըստ մուտքի ճակատակալ քարի վրա պահպանված արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է ։ՌՄՂ։ (1841) թվականին։ Միանավ ուղղանկյուն սրահ է՝ կառուցված կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են կառույցի անկյունաքարերը, մուտքի, կամարների, խորանի, ավանդատների, լուսամուտների և այլ բացվածքների եզրաքարերը։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, որի երկու կողմերում գտնվում են ավանդատները (նկ․ 2)։ Ներքուստ թաղակապ է (նկ․ 3), արտաքուստ պատված է երկթեք կղմինդրապատ նոր ծածկով։ Թաղը հենվում է երկու զույգ որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա:

Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին

Տեղադրությունը Հերհերի  սբ․ Գրիգորիսի եկեղեցին  գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Մարտունու շրջանի համանուն  գյուղի կենտրոնում, հարթավայրի նկատմամբ 846 մետր բարձրության վրա (նկ. 1): Պատմական ակնարկ Հերհեր գյուղը Ամարասի հովտի կարևոր բնակավայրերից է։ Գրավոր աղբյուրների, սբ․ Գրիգորիս եկեղեցու պատերին պահպանված արձանագրությունների տեղեկությունների համաձայն՝ Հերհերը եղել է Ամարասի վանքի միաբանների ամառանոցը և Վարանդայի և Քոչեզի վիճակների կենտրոնը։ Այս հանգամանքը բարերար է անդրադարձել եկեղեցու ճարտարապետական նկարագրի վրա, ինչպես նաև այստեղ հավաքվել են մասունքներ, կանգնեցվել խաչքարեր, կան դարաշրջանի դեպքերի ու դեմքերի մասին հավաստի տեղեկություններ պարունակող արձանագրություններ։ Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ գյուղը հիմնադրված է համանուն լեռնագոտու հյուսիսային կողմում։ Նա տեղեկություններ է հայտնում նաև բնակավայրի կլիմայական պայմանների, օդի, ջրի, բնակչության, եկեղեցու  և նրա արձանագրությունների մասին (Բարխուտարեանց 1895, 104 -106):  Եկեղեցու արձանագրություններին է անդրադարձել նաև Ջալալյանցը  (Ջալալյանց 1858, 330), ավելի ամբողջական բնագրերը հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը (ԴՀՎ 5, 164-168)։ Համաձայն եկեղեցու հարավային  ճակատի  շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է Պետրոս կաթողիկոսի հրամանով Բարսեղ արքեպիսկոպոսի ղեկավարությամբ 1667-1676 թվականներին (նկ. 2). «Շնորհօքն Ք[րիստոս]ի, ես՝ Բարսեղ/ եպ[ի]սկ[ո]պ[ո]ս աշ[ա]կերտ Պետրոս կ[ա]թ[ո]ղ[ի]կ[ո]/սին եւ ծնօղսն իմ Աղայն և Գուլ/աղայն ի գավառէն Վար[ա]նդու, ի գեղջէն/ Գիշու, նորոգեալ պայծառացուցի զս[ուր]բ/ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք՝ հանդ/երձ յոգնաթիւ սենեկօք, զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս շքեղ/ացուցաք զարդուք, տուաք շինել զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս անո/ւամբ ս[ր]բոյն Գրիգորիսի՝ հովարան ս[ուր]բ աթոռոյն Ամ/արասայ. որ և մասն բերեալ ի նմանէ ամփոփեցաք աստ, իսկ/ հիմնարկեցաւ տաճարս ։ՌՃԺԶ։ (1667) թվին, կատարե/ցաւ ։ՌՃԻԵ։ին (1676) (ԴՀՎ 5, 164)։ Այսպիսով, արձանագրությունը ոչ միայն հայտնում է  սբ. Գրիգորիսի եկեղեցու կառուցման ժամանակն ու հանգամանքները, այլև ներկայացնում է Ամարասում կատարված աշխատանքները՝ բազմաթիվ կից ենթակառույցներով շրջապարիսպների կառուցում, Ամարասի եկեղեցու նորոգում և հարդարում («նորոգեալ պայծառացուցի զս[ուր]բ/ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք՝ հանդ/երձ յոգնաթիւ սենեկօք, զեկ[ե]ղ[ե]ց[ի]ս շքեղ/ացուցաք զարդուք»)։ Նաև նկատենք, թե այնքան էլ պարզ չէ, թե ո՞ր կառույցն է նկատի առնվում Ամարասի եկեղեցու տակ՝ Գրիգորիսի մատուռ-մասունքարանը, թե՞ կար նրա վրա կամ նրան կից կառուցված եկեղեցի, որի գոյությունն այլ աղբյուրներից հայտնի չէ։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Հերհերի սբ․ Գրիգորիսի եկեղեցին քառամույթ գմբեթավոր եռանավ բազիլիկ է։ Այն ունի արտաքին՝ 19,2 x 13,6 մետր չափեր (նկ. 3)։ Կառուցված է սպիտակ կրաքարի կոպտատաշ բլոկներով և կրաշաղախով։ Մուտքերը, սյուները, կամարները, գմբեթատակ ծավալը, մուտքերի եզրերն ու պարակալներն իրականացված են սրբատաշ քարերով։ Ավագ խորանը շրջանաձև է, նրա երկու կողմերում տեղադրված են ուղղանկյուն, թաղածածկ ավանդատները, որոնց մուտքերը աղոթասրահի կողային նավերի կողմից են։ Ավանդատների պատերում կան զույգ պատրհաններ։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերում։ Արևմտյան կողմի գլխավոր՝ ուղղանկյուն մուտքը դրսի կողմից մշակված է որպես կամարաձև շքամուտք։ Այն բավական խորադիր է՝ լայն կամարը հենվում է մուտքի երկու կողմերում սիմետրիկ դասավորված որմնասյուների իմպոստային խոյակների վրա։ Ինչպես մուտքի բարավորը, այնպես էլ շքամուտքի ողջ ճակատը պատված են արձանագրություններով (նկ. 4), երկրաչափական և բուսական քանդակներով, մոտ զուգահեռներ ցուցաբերելով Ծաղկավանքի սբ․  Աստվածածին եկեղեցու  (Հադրութի շրջան) շքամուտքի հետ  (նկ. 5):

Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Խնուշինակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ Ճարտար և Գիշի բնակավայրերի միջև, շրջկենտրոն Մարտունուց 16 կմ հեռավորության վրա։ Գյուղի արևմտյան կողմում՝ բարձրադիր հատվածում է գտնվում 19-րդ դարի սբ․ Աստվածածին եկեղեցին (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի ճակտոնի վրա պահպանվել է կառույցի հիմնական արձանագրությունը, ըստ որի եկեղեցին 1860 թվականին կառուցել է Շուշի քաղաքից աղա Հայրապետ բէկ Դօլուխանեանցը․ «Ի ՌՅԹ. Կամաւն Աստուծոյ կառուցաւ եկեղեցիս Խնշինագ գեղջ անուն սուրբ Աստուածածնի սեպհական արդեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն, ազնուազգի աղա Հայրապետ բէկի Դօլուխանեանց ի յիշատակ հոգւոյ իւրոյ և ազնուհւոյ ամուսնոյն իւրոյ Բակումայ Մէլիք Բէկլարեանց և ծնողաց իւրոց հօրն Բաղդասար բէկի, մօրն Նազլու Խանին» (Բարխուտարեանց 1895, 120)։ Կառույցի երկրորդ արձանագրությունը գտնվում է թաղակիր որմնասյան վրա և հավանաբար վերաբերվում է տանիքի փոքր զանգակատան կառուցմանը, որից հիմա պահպանվել են միայն չորս սյուները․ «Սբ եկեղեցուն վերնատունն/ յիշատակ է Բաբա յԵփրեմե/անի, իւր որդւոյ Խաչատուրի/ և կողակից Մարգարիդի/ 1894 ամի 22 դեկտեմբերի» (նկ․ 2)։ Խնուշինակի սբ․ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ ենք ստանում կառույցի արձանագրություններից, ինչպես նաև Մակար Բարխուդարյանցի «Արցախ»  աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է նաև, որ եկեղեցին ունեցել է երկու քահանա (Բարխուտարեանց 1895, 120)։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Եկեղեցին, խորանին երկու կողմից կից ավանդատներով, միանավ սրահ է։  Թաղը, թաղակիր կամարները և գմբեթարդն ընդգծված սլաքաձև են, ինչը աղոթասրահին հաղորդում է ուղղահայաց ձգվածություն (նկ․ 3): Պատերը շարված են տեղական անմշակ քարից, բացառությամբ  անկյունային հատվածների, ինչպես նաև մուտքի ու պատուհանների, թաղակիր կամարների ու բեմառեէջքի  քարերից, որոնք սրբատաշ են։ Եկեղեցին ներքուստ ծեփապատ է։  Հյուսիսային պատի մեջ մկրտության ավազանն է։ Կառույցի  երկարությունն է 17,45 մետր, լայնությունը` 8,80 մետր։ Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, իսկ մուտքի երկու կողմերում կան երկու մեծադիր, կամարաձև պատուհաններ։ Եվս մեկ մեծադիր լուսամուտ կա արևելյան կողմում (նկ․ 4)։ Կառույցն ունի վեց փոքր պատուհաններ․ երկուսը հյուսիսային պատի վրա, երկուսը՝ արևելյան, մեկական էլ հարավային և արևմտյան պատերին։ Մուտքի վերևի հատվածում՝ փոքր պատուհանի երկու կողմերում, տեղադրված են երկու վարդյակներ (նկ․ 5), իսկ խորանի բեմառեջքը և այլ հատվածներ զարդարված են պարզ խաչերով։

Վերին Սզնեքի Եղցաձորի եկեղեցին

Տեղադրությունը ‹‹Եղցաձորի եղցի›› կոչվող եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական սահմաններում՝ գյուղի եզրին (նկ. 1): Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տվյալները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Վերին Սզնեք գյուղը, նշում է միայն գյուղամիջյան եկեղեցու մասին (Բարխուտարեանց, 1895, 101): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով թաղածածկ միանավ սրահ է՝ արևելյան կիսաշրջան խորանով, զույգ ավանդատներով և բեմին ներկառուցած պատրհաններով (նկ. 2)։ Թաղակիր կամարները հենվում են որպես սյուն ծառայող 16-17-րդ դարերի տապանաքարերի վրա։ Բեմին մոտ՝ հյուսիսային պատում, ներկառուցված է մկրտության ավազանը։ Բեմառէջքը, սեղանը, ավանդատների մուտքի եզրաքարեը նույնպես իրականացված են խաչքարերի, տապանաքարերի և սրբատաշ այլ  քարերի վերօգտագործումով (նկ. 3)։ Դրանց մեջ առաձնանում է 12-13-րդ դարերի մի խաչքար, որը նաև պատկերաքանդակ ունի։ Եկեղեցու չափերն են 10×8 մետր։ Կառուցված է կրաքարի և ավազաքարի կոպտատաշ և անտաշ քարերով, կրաշաղախով, ներսից սվաղապատ է։ Արևմտյան և արևելյան ճակատներում  բացվում են երեքական նեղ լուսամուտներ։ Տանիքը պատված է անկախության տարիներին արված ասբեստե ծածկով։

Հին Սխտորաշենի սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Հին Սխտորաշեն գյուղատեղիի տարածքում, նշանավոր սոսի ծառից արևելք (նկ․ 1, 2), Ադրբեջանի  զինուժի տեսանելիության և ուղիղ նշանառության  գոտում։ Պատմական ակնարկ Հին Սխտորաշեն գյուղատեղին գտնվում է Կարմիր շուկա գյուղից մոտ 1 կիլոմետր հյուսիս–արևմուտք։ Ըստ Մակար Բարխուդարյանցի՝ «․․․Սխտորաշենի բնակիչք բնիկ են» (Բարխուտարեանց 1895, 68)։ Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1731 թվականին («Թվին ։ՌՃՁ։», նկ․ 3): Ճարտարապետական-հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով, որի հյուսիսային և հարավային պատերին կան երկու պատրհաններ։ Ներքուստ թաղածածկ է, արտաքուստ երկթեք տանիքով։ Թաղը հենվում է պատկից զույգ սյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։ երկարությունն է 13,7 մետր, լայնությունը` 7 մետր և բարձրությունը` 6 մետր: Կառուցված է կաթնագույն կրաքարով, շքամուտքը, սրահի արտաքին անկյունները, լուսամուտների, խորշերի և մկրտության ավազանի պարակալները շարված են մեծ սրբատաշ քարերով։ Արևմտյան պատը դրսից և ներսից՝ ավագ խորանի լայնությամբ ամրացված են եղել գերաններով կազմված հորիզոնական հակասեյսմիկ գոտիով. գերաններն այժմ բացակայում են: Շքամուտքը բացվում է հարավից, այն ունի ժամանակի եկեղեցիներին բնորոշ ճարտարապետական և զարդաքանդակային ձևավորում՝ արտաքին սրբատաշ եզրակալ, մուտքի քանդակազարդ եզրաքարեր, լայն կիսաշրջան բարավոր (նկ․ 4)։ Բարավորի ներքնամասի հորիզոնական քանդակազարդ գոտին շարունակում և ամբողջացնում է մուտքի եզրաքարերի հարադարանքը՝ ընդգծելով դրա հանդիսավորությունը։ Մնացած մակերեսը զբաղեցնում են երեք կամարների մեջ ներառված մեկական տարազարդ խաչերը, որոնց ստորոտում խոշոր կանոնավոր երկաթագիր տառերով փորագրված է եկեղեցու կառուցման թվականը (նկ. 3)։

Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները

Վանքի գլխավոր եկեղեցին՝ Կաթողիկեն, գտնվում է հյուսիսային դարավանդի արևելյան ծայրին (նկ. 1)։ Ըստ շինարարական արձանագրության՝ այն 1214 թվականին կառուցել է Հաթերքի իշխան Վախթանգի կին Արզուխաթունը (ԴՀՎ 5, 198-199)։ Եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն (10,6×12,2 մետր), ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է (նկ․ 2, 3)։ Հայաստանում հորինվածքային այս լուծումը տարածված էր դեռևս 10-րդ դարից (Հաղպատ, Սանահին, Կեչառիս), իսկ հետագայում նաև 13-րդ դարի (Հառիճ, Հովհաննավանք, Գեղարդ) վանական համալիրների եկեղեցիներում։

Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին

Դադիվանքի ներկա կառույցները 12-րդ դարից վաղ չեն: Այս վանքի պատմությունն ըստ էության Վերին Խաչենի իշխանական տան և նրա հոգևոր գործունեության մասին պատմություն է: Դադիվանքում իրականացված պեղումները երևան են բերել մի հին գերզմանական կառույցի (որի մանր, անկանոն քարերով կառուցված շրջանաձև դամբանափոսն իր կառուցվածքով մինչքրիստոնեական թաղման խուց է հիշեցնում) և նրա վրա ստեղծված մատուռի մնացորդները: 13-րդ դարի  վերջին փորձ է արվել մեծ եկեղեցի կառուցել`մատուռը ներառելով բեմի տակ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այն ավարտին չի հասցվել: Նախքան 12-րդ դարի կեսերը, այս մատուռին կից հարավային կողմում կառուցվել է դեպի արևելք ուղղված, ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցի, որին  արևմուտքից հարել է ուղղանկյուն սրահ-գավիթը։ Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ համաձայն արձանագրության կառուցվել է 1214 թվականին, իր հյուսիս-արևմտյան անկյունով նույնպես կցված է միանավ եկեղեցուն (նկ. 1): Սուրբ Դադիի մասին Սուրբ Դադիի և Դադիվանքի մասին առաջին գրավոր տեղեկությունը պահպանվել է 10-րդ դարում կազմված Մովսես Դասխուրանցու «Պատմություն Աղվանից» աշխատության մեջ` 9-րդ դարի դեպքերի կապակցությամբ. «Զայս Վարազ Տրդատ եւ զորդի իւր Ստեփաննոս Ներսեհ ի Փիլիպեան` ազգակիցն իւրեանց սպան ի միում ժամու ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք» (Կաղանկատուացի 1983, 340): Մատենագրական հաջորդ տեղեկությունը հաղորդում է Մխիթար Գոշը (12-րդ դարի վերջ)։  1145 թվականին Գանձակի համար մղվող կռիվներում Չոլի ամիրայի Արցախ կատարած ասպատակությունները նկարագրելիս,  վերջինս նշում է, որ ավերվել է և Դադուի վանքը․ «զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք» (Կաղանկատուացի 1983, 353): Թե ինչու է վանքը առաքելադիր և ով է Դադուն, Մխիթար Գոշը ոչինչ չի հայտնում: Միայն կարելի է ենթադրել, որ վանքի առաքելական ծագումն արդեն հայտնի մի բան էր: Սրան էլ հավելենք, որ հեղինակը նույն տեղում հայտնում է, որ չնայած Չոլին մեկ տարի առաջ ավերել և գրավել է Արցախի ամրությունները, բայց ստիպված է եղել նորից արշավել «ի կողմն Խաչինոյ, Տանձեաց եւ Ադախայ, քանզի յառաջնում նուագին ոչ մնացին ընդ ձեռամբ նորա դղեակք այնոքիկ, զորս էառն, այլ սակաւ ինչ, մնացեալքն յազատացն անտի, որք էին ղողեալք յանտառս մայրեաց, առին դարձեալ զբերդ-ամրոցսն իւրեանց եւ դարձեալ ապստամբութեամբ վարէին ընդ տաճկացն» (Կաղանկատուացի 1983, 353): Մոտավորապես այս ժամանակներին է վերաբերում (1140-ական թվականների սկիզբ) Խաչենի ավագ իշխան Հասան Վախթանգյանի ազատագրական պայքարի սկիզբը, որի մասին նա հայտնում է Դադիվանքում 1182 թվականին իր կողմից կանգնեցրած խաչքարի արձանագրության մեջ. «Ես Հասան որդի Վախտանգա, տէր Հաթերքո և Հանդաբերդոյ, Խաչինաբերդո և Հաւախաղացին կացի յաւագութեան ամս :Խ: Շատ պատերազմաւ եւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնականութեամբն Աստուծոյ: Եւ եղեն ինձ :Զ: որդի, զբերդերս և զգաւառս ետու նոցայ և եկի ի վանքս մաւտ յիմ եղբայրս Գրիգորէս և եղէ կրաւնաւոր: Եւ բերի զխաչաքարս յԱզուա, շատ աշխատութեամբ և բազում հնարիւք եւ կանգնեցի սուրբ նշան հոգոյ իմո յիշատակ: Արդ, վասն ձեր հոգոյդ, որք ընթեռնոյք՝ զիս յաղաւթս յիշեցէք, ։ՈԼԱ։ (1182) թուիս» (ԴՀՎ 5, 198)։ Ինչպես տեսնում ենք այս արձանագրության մեջ վանքը հիշատակվում է առանց անվան հստակեցման։ Հետագա տեղեկությունները վերաբերում են 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի առաջին կեսին, երբ հայ իշխանական տները հայ-վրացական միացյալ զորքերի աջակցությամբ ազատագրում են իրենց կալվածքները սելջուկյան տիրակալներից: Ազատագրական այս պայքարն ընկալվում էր որպես սրբազան պատերազմ, արագ հզորացող իշխանական տները իրենց պայքարում տեղական սրբերը փոխարինում են համահայկական կամ ընդհանուր քրիստոնեական սրբերով (Պետրոսյան  2017, 236-237)։ Զաքարյանները ազատագրական պայքարի հիմնական սուրբ են դարձնում սուրբ Սարգսին (հատկապես նկատի ուենալավ նրա զորական կերպարը, հիշենք նաև, որ Սարգիս էր կոչվում և նրանց հայրը), Հասան-Ջալալյանները` Ստեփանոս նախավկային, ապա Հովհաննես Մկրտչին: Վերին Խաչենի կամ Հաթերքի տերեըը վերանորոգում են  Դադոյի կամ Դադեի կերպարը՝ հիմքում ունենալով նրա անվան նմանությունը սուրբ Թադե-Թադեոսին և թերևս տեղական ինչ-ինչ ավանդազրույցներ: Ուշագրավ է, որ վանքի Կաթողիկե եկեղեցու պատին 1224 թվականին փորագրված արձանագրության մեջ Վերին Խաչենի և Ծարի իշխան, Հասանի և Դոփի որդի Գրիգորը վանքն անվանում է Դադի գերեզման. «Անուամբն Ա[ստուծո]յ՝ ես՝ Գրիգոր, որդի Հասանա, որ մեծ յուսով տուի ի Դադի գերեզմանս :Դ: տուն շինակ[ան] վ[աս]ն հոգո իմո, յառաջնորդութ[եա]ն տ[եառ]ն Գրիգորիսի. եւ սոքա տուին ինձ զտաւն սրբոյն Գրիգորի զամենայն եկեղեցիքս» (ԴՀՎ 5, 201, նկ. 2)։ 13-րդ դարերի կեսերին Միքայել Ասորու ժամանակագրության թարգմանութան մեջ Վարդան Արևելցին ներմուծում է մի հատված, համաձայն որի «Թադէոս, մի յեւթանասնիցն, որ գնաց հրամանաւ Թադէի՝ ի Մեծն Հայք, և ի կողմանս հիւսիսոյ և լուեալ զմահն Աբգարու և դարձաւ և եմուտ ի Փոքր Սիւնիք և կրօնաւորեալ անդէն ծածկաբար վախճանեցաւ և տեղին շինեցաւ վանք և յանուն նորա կոչեցաւ» (Ասորի 1871, հավելված 33, հավանական է, որ Վարդանն էլ այս հատվածը վերցրել է իր ուսուցիչ Վանական վարդապետից, որտեղ սուրբը կոչվում է Դադիու, ինչպես որ Մխիթար Գոշի մոտ է, հմմտ. Ալիշան 1902, 22-23, Մաթևոսյան 2020, 26-28)։ Այսպիսով, փորձեր են արվել սրբի անունը  ձևափոխել-համապատասխանացնել սուրբ Թադեոսի անվան հետ՝ որպես լրացուցիչ «ապացույց» նրա առաքելական ծագման։ Կարելի է եզրակացնել, որ Մխիթար Գոշն ու Վանական վարդապետը նոր շունչ են հաղորդել Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին տեղական ավանդույթներին՝ հիմնավորելով և ամրապնդելով համաքրիստոնեական սրբի նրա կերպարը՝ որպես Վերին Խաչենի իշխանական տան հովանավոր սուրբ: Սուրբ Դադիի մատուռն ու գերեզմանը 19-րդ դարի առաջին նկարագրություններում և հետազոտություններում Դադի գերեզմանը մատնանշող որևէ  հստակ կառույց կամ գերեզման չկա։  Վերջինիս հնարավոր վայր էր համարվում հյուսիսային բազիլիկ մեծ եկեղեցին` թերևս նկատի ունենալով նրա անսովոր լայնությունը (որ կարող էր հիշեցնել նմանատիպ վաղքրիստոնեական տաճարները) և աբսիդում կանգնեցված` արտառոց մեծության սյունը (որը կարող էր հիշեցնել վաղքրիստոնեական կոթող, ինչպիսիք կանգնեցվում էին նաև սրբերի գերեզմանների վրա): Մերօրյա հետազոտությունները, սակայն, վկայում են, որ  բազիլիկ եկեղեցու ներկա կառույցը պատկանում է 13-րդ դարի վերջին և ձեռնարկվել է վանքի վանահայր Աթանաս եպիսկոպոսի կողմից: Նույնը կարելի է ասել և բեմում կանգեցրած կոթողի մասին (նկ.  4), որը ծավալային լուծման և մշակման առումով մոտենում է եկեղեցու որմնասյուների խարիսխներին, իսկ խաչաքանդակներով ու, հավանական է, տարեթիվ ներկայացնող կցագիր արձանագրությամբ («Թ :ՊԺ:» – 1361 թ. կամ «ՊԺԹ» – 1370 թ.) վերաբերում է 13-14-րդ դարերին: Հարկ է նկատի ունենալ նաև, որ այս բազիլիկին հարավից կից ավելի վաղ կառուցված փոքրիկ բազիլիկ եկեղեցին և քիչ ավելի հարավ-արևելք գտնվող Կաթողիկեն (կառուցված 1214 թվականին` այսինքն, նորից ավելի վաղ, քան մեծ բազիլիկի առկա շինությունը) ունեն հյուսիսային մուտքեր: Հայտնի է, որ հայկական  եկեղեցիները միայն եզակի դեպքում էին հյուսիսային մուտք ունենում` եթե տեխնիկապես հնարավոր չէր մուտքի բացում արևմուտքից կամ հարավից կամ եթե կային հատուկ ծիսական կամ դավանական հանգամանքներ: Քանի որ տվյալ դեպքում տեխնիկականը բացառվում է (փոքր բազիլիկը մուտք ունի նաև հարավից, իսկ Կաթողիկեն` արևմուտքից), մնում է ենթադրել, որ հյուսիսային մուտքերի առկայությունը պայմանավորված էր մեծ բազիլիկայի տարածքում ինչ-որ սրբության` տվյալ դեպքում Դադիին վերագրվող գերեզմանի առկայությամբ (հմմտ. Այվազյան 2015, 52-53): Կարելի է ենթադրել, որ ձեռնարկելով նոր եկեղեցու կառուցումը, Աթանաս վարդապետն արդեն ավերակ գերեզմանից ու մատուռից հանել էր կարևոր մասունքները՝ դրանք նոր կառույցում դնելու համար: Այդ մասին են վկայում նախաբեմը` որն ինքնին եզակի դրսևորում է հայ եկեղեցական ճարտարապետության մեջ և պատերի մեջ ընդգրկված  զանազան քանդակազարդ խորշերը (նկ. 3): Ինչ վերաբերվում է գերեզմանի ավերակներին, ապա դրանք ծածկել են եկեղեցու նախաբեմի և բեմի տակ։ Նկատենք, որ Դադիվանքի վերականգնող ճարտարապետ Ս. Այվազյանը ենթադրում է, որ Աթանասը ոչ թե եկեղեցի է նախաձեռնել և կիսատ թողել, այլ Դադիի գերեզմանի և մատուռի շուրջ ձևավորել է մի յուրօրինակ սրբացված տարածք (Այվազյան 2015, 56): Իրոք, ինչպես ցույց տվեցին պեղումները, եկեղեցու նախաբեմի և բեմի տակ են ներառվել մոտավոր ձվաձև կտրվածքով, մանր անմշակ քարերով շարված դամբանափոսը և նրա վրա կառուցված մատուռը (նկ. 4, 5)։ Պեղումները երևան են բերել փայտե գահավորակի մնացորդներ (նկ. 6), օնիքսից պատրաստված գավազանի գլուխ, մարդկային ոսկորներ, որոնք վերաբերում են 13-րդ դարին (պեղումների առաջին փուլն իրականացրել է Համլետ Պետրոսյանը, տե՛ս Պետրոսյան 2007, երկրրոդ փուլը՝ Գագիկ Սարգսյանը, ճարտարապետ՝ Սամվել Այվազյան, տե՛ս Այվազյան, Սարգսյան 2012, 1-11, Այվազյան 2015, 68-73)։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 13-րդ դարի վերջին Աթանաս վարդապետը նոր եկեղեցու բեմի և նախաբեմի տակ է ներառել արդեն խարխուլ կառույցները, իսկ առանձնացրած մասունքների համար նախաբեմի պատերում ստեղծել է մի շարք քանդակազարդ խորշեր։ Հայր Աթանասը չի ավարտել եկեղեցու կառուցումը և այն այդպես էլ մնացել է բացօթյա կառույցի տեսքով: