Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Աշան գյուղում՝ Հին Աշան գյուղատեղիում (նկ․ 1)։ 2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Աշան գյուղը գտնվում է Մարտունի քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք։  Ըստ Մ․ Բարխուդարյանցի․ «․․․բնակչաց կէս մասն բնիկ են, իսկ մնացեալ մասն տեխափոխուած են Ջրաբերդից» (Բարխուտարեանց 1895, 121)։ Սբ․ Աստվածածին եկեղեցին, դատելով հարավից բացված շքամուտքի ծավալային լուծումից և հարուստ քանդակներից (նկ. 2), որոնք համեմատելի են Հերհերի, Ծակուռիի Ծաղկավանքի, Երից Մանկանց տաճարների շքամուտքերի հետ, այն ակնհայտորեն 17-րդ դարի կառույց է: Շքամուտքի բարավորը հարդարված է չորս ռելյեֆ խաչերի համադրությամբ կազմված հորինվածքով: Բարավորից վերև ագուցված են խաչերով և վեցակող շրջանակների մեջ ներառված վեցաթև աստեղերով հարդարված սալեր: Հետագայում բարավորի ձախ անկյունում փորագրվել է եկեղեցին սալելու մասին արձանագրությունը (նկ. 3). «Յ[իշատա]կ [է] զ[այ]ս եկ[ե]ղ[եցոյ]ն քարէ յադակն Նանսի տէր Աւաքից, 1896» (արձանագրությունը հրատարակվում է առաջին անգամ): Եկեղեցին սալելու արձանագրությունը շփոթության մեջ է գցել որոշ հետազոտողների, որոնք այն համարել են 19-րդ դարի կառույց:

Ավդուռ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Ավդուռ գյուղում (նկ․ 1, 2)։ Գյուղը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Խանցք գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը Սբ. Ստեփանոս եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խանցք գյուղի կենտրոնում (նկ. 1): Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Համաձայն արևմտյան մուտքի բարավորի վրա փորագրված շինարարական արձանագրության (նկ. 2)՝ եկեղեցին 1673 թվականին կառուցել են Աղվանից Պետրոս կաթողիկոսը և իր ընտանիքի անդամները, ովքեր Խանցք գյուղից էին. «Ի :ՌՃԻԲ: թվին ես Պետրոս կաթողիկոս Աղուանից ի գեղջէս Խանցքայ, հայրն իմ Մանկասար, մայրն Ադխանն և աւաք եղբայրն իմ Իշխանն եւ իւր որդիքն Ովանէսն, Պապաջանն և իւր թոռ Մանկասարն և տատ Խաթունն շինեցաք զեկեղեցիս յիշատակ մեզ և ննջեցելոց մերոց» (ԴՀՎ 1982, 143, Բարխուտարեանց 1895, 159): Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարից, կոպտատաշ մեծ ու փոքր քարերով, կրաշաղախով: Սրբատաշ են միայն մուտքն ու եզրաքարերը, լուսամուտները (նկ. 3-5)։ Այն ուղղանկյուն միանավ կառույց է, ներքուստ՝ թաղածածկ (նկ. 6): Թաղը հենվում է կառույցի պատերի, խորանի կամարակապի և թաղակիր կամարների վրա: Աբսիդը կիսարջան է, գմբեթարդով, կից ունի հյուսիսային և հարավային մեկական ավանդատուն: Բեմի բարձունքը չի պահպանվել. այն այժմ աղոթասրահի հատակի հետ ունի նույն մակարդակը: Միակ մուտքն արևմտյան կողմից է: 19-րդ դարում եկեղեցու լուսամուտները լայնացվել են:

Մոխրաթաղ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի արևմտյան հատվածում (նկ․ 1), գյուղի հին թաղամասի կենտրոնում։ Պատմական ակնարկ Մոխրաթաղ գյուղը գտնվում է Մարտակերտ քաղաքից 4 կմ արևմուտք, Հին Մոխրաթաղ գյուղատեղիից շուրջ 2 կմ հյուսիս-արևելք։ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1883 թվականին, Մոխրաթաղ գյուղի հասարակության և շուշեցի Մեսրոպ Թառումյանի միջոցներով։ Ըստ եկեղեցու տարածքում պահպանված խաչքարերի և բեկորների (նկ․ 2), կարելի է եզրակացնել, որ ներկայիս շինությունը կառուցվել է ավելի հին սրբատեղիի տարածքում։ Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ»  աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ « ՆՈՐ-ՄՈԽՐԱԹԱՂ. Հիմնուած է Կուսապատի հիւսիսային կողմում, տեսարանն զմայլելի (դաշտահայեաց) սեռի վերայ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 90-100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 11 մետր։ Քահանայ մի։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Ես Շուշուայ քաղաքի բնակիչ Մեսրոպ Թառումեանս կառուցի ծախիւք իմօք յանուն Աստուածամօր վասն անյիշատակ հանգուցեալ եղբարցն իմոց Աբրահամայ, Գրիգորի եւ որդւոյն իմոյ Աստուածատրի Մ. Թառումեանց ի 1883 ամի»։ Ծուխ 85. ար. 394. իգ. 349» (Բարխուտարեանց 1895, 218-219)։ Մակար Բարխուդարյանցը տեղեկություն է փոխանցում, որ եկեղեցու կառուցման մեջ իր մասնակցությունն է ունեցել գյուղի հասարակությունը, և եկեղեցու շինարարությունը հասցրել է մինչև թաղակապի հատվածին։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով 15,2 x 8,3 մետր արտաքին չափերով և 8 մետր բարձրությամբ միանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարից են միայն ճարտարապետական տեսանկյունից առավել պատասխանատու հատվածները՝ մուտքի, լուսամուտների շրջանակները, անկյունաքարերը, կամարները։ Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից երեքական որմնակամարների, ինչպես նաև պատկից զույգ որմնասյուների և կամարների վրա։ Արտաքուստ ունի երկթեք տանիք (նկ․ 3)։ Տանիքն ի սկզբանե եղել է կղմինդրապատ ծածկով, որը հետագայում փոխարինվել է ասբեստով։ Արևելքից ունի կիսաշրջանաձև խորան և բարձր բեմ (նկ. 4)։ Խորանի կենտրոնական հատվածում արտաքուստ խաչաձև հորինվածքով դեպի ներս լայնացող փոքրիկ լուսամուտն է։ Խորանի կողային պատերին նախատեսված եկեղեցածիսական իրերի համար որպես պահոցներ կառուցված են ուղղանկյունաձև խորշեր։ Հյուսիսային պատին, իր ավանդական տեղում կամարակապ շրջանակով, ուղղանկյունաձև որմնախորշի մեջ՝ մկրտության ավազանն է (նկ. 5)։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Լուսավորվել է արևմտյան, հարավային և արևելյան ճակատներից բացված յոթ լուսամուտներով։

Լուսաձորի (Մեհտիշեն) Սբ․ Հովհաննես եկեղեցին

Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի կենտրոնում (նկ. 1): Գյուղն օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Գյուղի և եկեղեցու մասին որոշ տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը. «…եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, քահանան գալիս է Պալլուճայից» (Բարխուտարեանց, 1895, 156): Եկեղեցու մասին Բարխուդարյանցի հիշատակությունից բացի այլ տեղեկություն չունենք: Գյուղի եկեղեցին կառուցվել է թերևս 19-րդ դարի վերջերին: Այն հիշատակվում է 1901 թվականին Արցախի թեմի փաստաթղթերում (Բալայան, 2020, 66-67): Արցախի Հանրապետության տեղեկատվական շտեմարանում եկեղեցին նշված է որպես Սբ․ Աստվածածին: Նշենք, որ գյուղում այլ եկեղեցի չկա: Գյուղի եկեղեցին Արցախի թեմի կայքում ևս նշված է որպես Սբ․ Հովհաննես (https://artsakhdiocese.am/churches/gortsox/gortsogh-vanqer-yekeghetsiner/askerani-shrjan): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Սբ․ Հովհաննես եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է (նկ. 2): Կառուցված է կոպտատաշ միջին ու փոքր չափերի կրաքարով, սրբատաշ քարից են պատուհանների շրջանակները և պատերի անկյունաքարերը, հարավային ճակատում բացվող շքամուտքը (նկ. 3): Թաղը հենվում է պատերի և պատկից սյուներից բարձրացող ընդգված սլաքաձև կամարների վրա: Եկեղեցին լուսավորվում է բոլոր ճակատներում բացված վեց լայն լուսամուտներով: Աբսիդը կիսաշրջան է, ունի երկու ավանդատուն, հյուսիսային պատում մկրտության ավազանն է (http://monuments.nk.am/pages.php?al=home&id=695&act1=more&act=filter&mtype=12&searchword=%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80):  

Այգեստան (Բալուջա) գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

 Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի հարավային հատվածում (նկ․ 1), հին թաղամասի կենտրոնում։ Պատմական ակնարկ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1839 թվականին, սակայն 1850 թվականին նույն եկեղեցու տեղում վերակառուցվել է ներկայիս եկեղեցին։ Հին եկեղեցու շինարարության մասին պատմող արձանագրությամբ մուտքի բարավորը 1850 թվականին ագուցվել է նորաշեն եկեղեցու հյուսիսային պատին։ Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ է հայտնում Մակար Բարխուդարյանցը, ով այլ մանրամասների թվում նշում է․ «Եկեղեցին նորաշէն, Սուրբ Աստուածածին, համակ սրբատաշ կրաքարով շինուած հասարակութեան ծախքով կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի մի կլոր գմբէթ ժողովրդեան աղօթած տեղից վերև, մի քարացեալ օձ ներքուստ հարաւային որմի վերայ երկու լուսամուտների մօտ, 20 մետր 10 սանթիմ երկարությիւն, 11 մետր 45 սանթիմ լայնութիւն․ քահան․ մի» (Բարխուտարեանց 1895, էջ 155)։ Հավանական է, որ կլոր գմբեթի տակ հետազոտողը նկատի է ունեցել զանգակատունը: Ճարտարապետական – հորինվածքային քննություն Ուղղանկյուն հատակագծով եռանավ թաղակապ սրահ է, կառուցված տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Արցախի ուշ շրջանի քիչ թվով եկեղեցիներից մեկն է, որ ամբողջապես կառուցված է սրբատաշ քարերով։ Թաղածածկը հենված է հյուսիսից և հարավից երկու զույգ մույթերի, որմնասյուների և որմնակամարների վրա (նկ․ 2, 3)։ Արտաքուստ ունի երկթեք տանիք։ Արևելքից խորանը կիսաշրջանաձև է, ունի բարձր բեմ, կից երկու ավանդատներ: Խորանի կենտրոնական հատվածում  տեղադրված է դեպի դուրս նեղացող փոքրիկ լուսամուտ։

Ներքին Սզնեքի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Համաձայն այժմ բակում ընկած մուտքի բարավորի արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1849 թվականին և կոչվել է Սուրբ Աստվածածին. «Այս է Աստ[ու]ածածնի/ Ս[ու]րբ եկեղէցիս Սէազ/նեքու. յիշատակ էլի/կըն շինէցին։ Թվին/ :ՌՄՂԸ: էր» (նկ․ 2)։ «Յիշատակէլի/կըն շինեցին» հասկանում ենք, որ «հիշվածները շինեցին»: Հնարավոր է, որ եղել է և մի այլ արձանագրություն, ուր  նշվել են եկեղեցին կառուցողների անունները: Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են պահպանվել Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունում, ուր հեղինակը նշում է․ «Ներքին Սզնեք գիւղ. հիմնուած է մօտ Վերին Սզնէքին, հողն, բերքերն և այլն նոյն․ եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանայ երեք։ Ծուխ 92․ ար 377․ իգ․ 350» (Բարխուտարեանց 1895, 99)։ Եկեղեցու շուրջը, հիմնականում հարավային բակում գտնվում է ուշ միջնադարյան փոքրիկ գերեզմանոցը, որտեղ եկեղեցու հարավային պատին կից պահպանվել են մի քանի ուղղանկյունաձև տապանաքարեր, որոնք պատկանել են գյուղի հոգևորականներին։ Տապանաքարերից ամենահինն ունի հետևյալ արձանագրությունը. «Այս է տապան զարկար| Յովհանէսի որդի Տ[է]ր| Զաքարային, թվ[ին] :ՌՄՂԷ: (1848 թ․)»։ Սա ցուցում է, որ ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է արդեն իսկ ձևավորված գերեզմանոցի տարածքում (նկ․ 3)։ Այստեղ են գտնվում նաև եկեղեցու վերջին քահանաներ Հովհաննես Մանգասարյանի (1889 թ․) և Ղևոնդ Տեր Հովհաննեսյան-Մանգասարյանի (1901 թ․) շիրմաքարերը (նկ․ 4, 5)։

Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի կենտրոնում (նկ. 1, 2): Պատմական ակնարկ Խաչենի Սբ․ Ստեփանոս եկեղեցու մասին մատենագրական տեղեկությունները սակավ են: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գյուղը հիշատակում է Սեյտիշեն անվամբ: Գյուղի եկեղեցին հիշատակվում է Սբ․ Հովհաննես անվամբ: Ըստ Բարխուդարյանցի՝ եկեղեցին «…քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած» (Բարխուտարեանց 1895, 163): Բարխուդարյանցի կողմից հիշատակվող եկեղեցին փաստորեն վնասված էր և կրում էր Սբ․ Հովհաննես անունը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1901 թվականին և համաձայն արձանագրության կոչվում է Սբ․ Ստեփանոս: Եկեղեցու կառուցման մասին վկայում է հարավային մուտքի բարավորի ընդարձակ արձանագրությունը. «Տաճարս այս կառուցեալ է յընթացս 1900-1901 ամաց ի թագաւ/որու[թ]ե[ան] կայսեր ամ[ենայն] Ռուսաց Նիկողայոսի :Բ: և ի Հայրապետու[թ]ե[ան] Տ. Տ. Մկր/տչի Ա կաթուղիկոսի ամ[ենայն] Հայոց ծախիւք կօլլեժսկի Ասսեսօր և/ ասպետ Ներսէս բէգի Սարումեանց, յանուն Ս[ուրբ] Ստեփաննոսի նախա/վկային, ի յիշատակ բազմերախտ ծնողաց իւրոց Անդրէաս քահան/այի և Նանասիի Ասրումեանց և վաղաթառամ քերց իւրոց՝ Աննայի,/ Ռէյհանի և Մարիամայ, նաև ի յիշատակ իւր եւ կողակցի իւրոյ Ոսկիի/ և համայն նախնեաց իւրոց. և օծեալ է ի 5 մայիսի 1902 ամի» (նկ. 3): Հավանական է, որ հին եկեղեցին նորովի կառուցվել է Ներսես Սարումյանցի կողմից, ով հատուկ շեշտել է իր պաշտոնյա, այն է՝ «կօլլեժսկի ասսեսօր» (коллежский ассесор) լինելը: Այս պաշտոնը Ռուսական կայսրության տարածքում տարածված բարձր պաշտոններից էր՝ հատուկ ռոճիկով, կարգավիճակով և համազգեստով: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Սբ․ Ստեփանոս եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է: Կառուցված է կոպտատաշ տեղական փոքր ու միջին չափերի քարերով, սրբատաշ քարից են պատուհանների շրջանակները և պատերի անկյունաքարերը: Եկեղեցին լուսավորվում է բոլոր ճակատներում բացված լայն լուսամուտներով՝ երկուական լուսամուտներ բացված են հարավային և հյուսիսային ճակատում, մեկական՝ արևմտյան և արևելյան: Ունի երկու ավանդատուն, փոքրիկ մկրտարան: Եկեղեցու մոտ կան մի շարք խաչքարեր (նկ. 4), որոնք վերաբերում են 9-13-րդ դարերին և հուշարձանի մոտ տեղափոխվել են հարևան Ուլուբաբ տեղավայրի հանդամասերից (http://monuments.nk.am/pages.php?al=home&id=1015&act1=more&d=3&act=filter&mtype=12&fbclid=IwAR1Q_dk7OQ9lCemlGYR0vpqMKRK02G7fQzubkG-G1S66hzJGkoZV2-qrQtk ): Վիճակը պատերազմից առաջ և հետո Եկեղեցին ռազմական գործողություններից չի տուժել: Խորհրդային տարիներին այն գործել է որպես պահեստ: Եկեղեցին վերանորոգվել է 2007 թվականին (https://armenpress.am/arm/news/444482.html ): Այդ ժամանակ էլ եկեղեցու տանիքին կառուցվել է փոքրիկ զանգակատուն, իսկ տանիքը պատվել կղմինդրով (նկ. 5): 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից և եկեղեցու ներկա ճակատագիրն անհայտ է: Գրականություն Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու: Վերաբացվել է ԼՂՀ Խաչենի սբ. Ստեփանոս եկեղեցին, https://armenpress.am/arm/news/444482.html։ Խաչեն գյուղի Սբ. Ստեփանոս, http://monuments.nk.am/pages.php?al=home&id=1015&act1=more&d=3&act=filter&mtype=12&fbclid=IwAR1Q_dk7OQ9lCemlGYR0vpqMKRK02G7fQzubkG-G1S66hzJGkoZV2-qrQtk։

Շոշի Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Տեղադրությունը Շոշ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է գյուղամիջում (նկ. 1, 2):

Շոշի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Շոշ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան եզրամասում, որի շուրջը տարածվում է հին ու նոր գերեզմանոցը: 44-օրյա պատերազմից հետո Շոշը հայտնվել է օկուպացիոն սահմանի վրա։ Պատմական ակնարկ Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն միանավ սրահ է։ Կառուցված է սպիտակավուն փոքր ու միջին չափերի անմշակ ու կիսամշակ կրաքարով, սրբատաշ են միայն մուտքի և լուսամուտների եզրաքարերը, ինչպես նաև պատերի անկյունաքարերը։ Շինության միակ մուտքը  հարավային կողմից է (նկ. 1, 2, 3, 4)։ Այն ներքուստ թաղակապ է, ունի ցածրիկ բեմ և երկու ավանդատուն (նկ. 9):  Պատերին կան ագուցված 17-18-րդ դարերի փոքրիկ խաչքարեր և տապանաքար (նկ. 5, 6, 7, 8): Եկեղեցու շքամուտքի վերնամասի արձանագրությունը հայտնում է․ (նկ. 10). ‹‹Յիշատակ կառուցեց ս[ու]րբ/ եկեղեցիս շուշվեցի Բաղ/դասար ս[ա]ր[կաւա]գն Աբարեանց/ ու իր ընկեր Առուսդամ Գափ/իեան Խառադեա[ն]ց. 1918 թ./, որ (է) ցորնի փո[ւ]թ էր 20 ր[ուբլի]››: Ավագ խորանի աջակողմյան արձանագրությունը հայտնում է (նկ. 11).  ‹‹Յիշատակ կառու/ցեց եկեղեցիս շուշ/վեցի Բաղտասարը, հոգւ[ո]ցն փրկութեան/՝ իր և իր կին Մարգա/րիտի Աբարեանց, 1915 թ.»:

Թաղավարդի Չուրհուշ եկեղեցին

Գտնվում է Հին Թաղավարդ գյուղատեղում, հայկական վերահսկողության ներքո, ներկա սահմանից 40 մետր հեռավորության վրա: Կառուցման հավանական ժամանակը` 17-րդ դար: Միանավ թաղակապ սրահ է, միակ արևմտյան մուտքով: Արևելյան խորանն ուղղակյուն է, աղոթասրահից անջատվում է ճակատները սրբատաշ քարերով իրականացված թաղակիր կամարով: Խորանի հարավային և հյուսիսային պատերում բացված են մեկական ուղղանկյուն նիշաներ: Մուտքից պահպանվել են սրբատաշ բարավորն ու հյուսիսային եզրաքարերը: Եկեղեցին իրականացված է արտաքինից խոշոր, ներսից` միջին չափերի կապտատաշ քարերով և կրաշաղախով: Արևմտյան ճակատի շարվածքում` հիմքին մոտ դրված գլաքարի վրա պահպանվել են գծային խաչապատկերներ:  Քանդակներ և արձանագրություններ չկան: Եկեղեցին Թաղավարդի և հարևան գյուղերի բնակչության համար եղել է հայտնի ուխտատեղի, շրջակա ծառերի վրա կախված են մատաղացու կենդանիների վերջույթներն ու գլուխները: Մոմավառությունը եկեղեցում շարունակվում է և այսօր:   Ըստ Թաղավարդի ներկա բնակիչների եկեղեցին ադրբեջանական օդուժի կողմից ռմբակոծվել է 2020թ. նոյեմբերի 10-ին` գիշերը ժամը 1-ին: Արդյունքում եկեղեցին վեր է ածվել ավերակների: Եկեղեցու մատույցներում և շրջակայքում զոհվել են 12 զինվորականներ:  

Ղայբալուշեն

Ղայբալուշենը գտնվում է Կարկառի ձախ վտակի (Ղայբալու կամ բուն Կարկառ) ձախ ափի թեքադիր լանջին, Շուշիի հյուսիս-արևմտյան կիրճի ստորոտում: 18-20-րդ դարերում Շուշիի հետ կապվել է Երևանյան դարպասներից դեպի Խաչեն տանող բանուկ ճանապարհով, գետնանցման վրա կառուցված է միաթռիչք կամուրջ (ներկա կառույցի հավանական ժամանակն է` 17-18-րդ դարեր): 1919 թվականին Շուշիի թուրքերի կազմակերպած կոտորածներից հետո, որին զոհ է գնացել գյուղի բնակչության գերակշիռ մասը, գյուղը լքվել է: Տեղում պահպանվել էին 17-րդ դարում կառուցված և 19-րդ դարում փոփոխությունների ենթարկված սուրբ Աստվածածին եկեղեցին (այն միանավ թաղածածկ սրահ է` երկթեք տանիքով, միակ հարավային մուտքով, արևելյան խորանուվ, կից հյուսիսային ու հարավային ավանդատներով, հյուիսային պատի արևելյան մասում ներկառուցված մկրտության ավազանով), կից գերեզմանոցը, կամուրջը, մի քանի ջրաղացների ավերակներր:  Ղայբալուշենի եկեղեցու շքամուտքի բարավորի արձանագրությունն ու Քրիստոսի արևային պատկերաքանդակը, վերին ջրաղացի արձանագրությունները Շուշիի ադրբեջանցիների կողմից ջնջվել են մինչև 1988 թվականը:    Պատերազմի ընթացքում հուշարձանը հրետակոծվել է, արդյունքում եկեղեցու արևմտյան պատի ճաքն ավելի է լայնացել, տեղաշարժվել են հարավ-արևելյան գետնախարսխի քարերը, ճաքեր են առաջացել արևելյան խորանի և ավանդատների տարբեր հատվածներում: Հուշարձանն այսօր գտնվում է անմիջապես սահմանի վրա և հատուկ վերահսկման կարիք ունի:   

Փիրումաշենի եկեղեցին

Գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի տարածքում, գյուղից մոտ 0,5 կմ հարավ-արևմուտք, Ստեփանակերտ – Հադրութ մայրուղու աջ եզրին, ներկա սահմանին կից: Այն միանավ թաղածածկ սրահ է, արևելյան կիսաշրջան աբսիդով և կից ավանդատներով: Իրականացված է միջին չափերի կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Աչքի է ընկնում քանդակազարդ շքամուտքը, իրականացված սպիտակ կրաքարի և սև ավազաքարի սրբատաշ խոշոր բլոկների համադրությամբ: Շքամուտքի ծավալային ու քանդակային լուծումները ցուցում են 17-րդ դարը: Բացառված չէ, որ այն վերակառուցվել է տեղում եղած ավելի վաղ` 12-13-րդ դարի հիմքի վրա, նկատի ունենալով պատերի մեջ ագուցված 12-13-րդ դարերի տապանաքարերն ու խաչքարերը: Կառույցը 2012-2014 թթ. ամբողջությամբ վերականգնվել է:   Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում չի վնասվել: Պահանջվում է հատուկ հսկողություն, քանի որ կից մայրուղին օգտագործվում է նաև Շուշի գնացող ադրբեջանական շարասյուների կողմից:  

Կոլխողաշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի կենտրոնական հատվածում (նկ․ 1), հին թաղամասի և գերեզմանոցի միջնամասում։ Պատմական ակնարկ Կոլխոզաշեն գյուղը նախկինում կոչվել է մի շարք այլ անվանումներով՝ Բուրուտես, Մեշադիշեն, Մուշադեշեն, Մաշադիշեն, Մաշադի Շեն և այլն: Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ նախկին սրբավայրի տարածքում։ Գյուղի և եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հասել Մակար Բարխուդարյանցի «Արցախ»  աշխատությունից, որտեղ այլ մանրամասների թվում նշվում է․ «Մաշադի շեն․ հիմնուած է մի ձորի երկու լանջերին, որ գտնուում է Մսմնայ գիւղի արեւելեան կողմում․ բնակիչք բնիկ․ հողն բէկական եւ բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն անվնաս, երկար կեանք 75-80․ եկեղեցին Սբ․ Աստուածածին, քարուկիր․ քահանայ մի։ Ծուխ 120․ ար․ 510․ իգ․ 433» (Բարխուտարեանց 1895, 108)։ Սբ․ Աստվածածին եկեղեցու կառուցման վերաբերյալ պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Եկեղեցու պատերին՝ մասնավորապես մկրտության ավազանի խորշի մեջ և եզրերին  ագուցված ավելի վաղ ժամանակաշրջանի խաչքարերը փաստում են այստեղ առնվազն զարգացած միջնադարից գոյություն ունեցած սրբավայրի մասին (նկ․ 2, 3, 4, 5)։

Խնածախ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Խնածախի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում (նկ. 1)։ 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայից և հայերի բռնի տեղահանումից հետո այն գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Պատմական ակնարկ Ըստ Մ. Բարխուդարյանցի՝ Խնածախ գյուղի բնակիչները 1686 թվականին եկել են Մեծ-Սիւնեաց (այժմ՝ Սյունիքի մարզ) Խնածախ գյուղից (Բարխուտարեանց 1895, 152-154): Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին, ավելի ստույգ՝ 1894 թվականին, տեղի բնակիչների ծախսերով (Բարխուտարեանց, 1895, 226)։ Ծնունդով այս գյուղից է եղել նաև ինքը՝ Մակար Բարխուդարյանցը։ Ինչպես հիշատակում է Մ. Բարխուդարյանցը, 19-րդ դարում այստեղ էին պահվում երկու գրչագրեր՝ մեկ գրչագիր ճաշոց և մեկ գրչագիր ավետարան՝ գրված թղթի վրա։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին եռանավ ուղղանկյուն սրահ է: Թաղը հենվում է հատույթում խաչաձև սյուների և որմնասյուների  վրա բարձրացող կիսաշրջան և սլաքաձև կամարների վրա (նկ. 2)։ Կառուցված է տեղական կրաքարով: Հուշարձանի չափերն են՝ 18 մետր երկարություն և 10 մետր լայնություն: Մուտքերի և պատուհանների շրջանակները, ինչպես նաև սյուները՝ սրբատաշ են։ Երկթեք տանիքն անկախության տարիներին վերանորոգվել է և պատվել կղմինդրով: Գլխավոր սրբատաշ ու քանդակազարդ մուտքը բացվում է հարավային կողմից (նկ. 3)։ Ունի մուտք նաև արևմուտքից, նույնպես սրբատաշ, բայց առանց հատուկ հարդարանքների: Առանձնանում է շքամուտքի (հարավային մուտքի) վերնամասի գունային լուծումը՝ կարմրա-դարչնագույն ետնախորքի վրա սպիտակ և դարչնագույն սեղանաձև սալիկներով կազմված աստղատեսք վարդյակ, նրանից վերև տեղադրված խաչային հորինվածք և շրջանաձև վարդյակ  (նկ. 4): Ամենայն հավանականության այս ողջ հարդարանքը վերցված է ավելի հին, հավանաբար 13-րդ դարի ինչ-որ կառույցից: Հորինվածքի եզրերին ագուցված սրբատաշ սալերն ամենայն հավանականության նախատեսված են եղել արձանագրությունների համար, բայց այդպես էլ մնացել են առանց գրությունների:

Մյուրիշենի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում (նկ․ 1)։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 34 կմ հեռավորության վրա։ Մյուրիշենը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Մ․ Բարխուդարյանցը, խոսելով գյուղի մասին, նշում է, որ «Մյուրիշենի բնակիչք բնիկ են, հողն բէկական։ Եկեղեցին Ս․ Աստուածածին, քարուկիր, թաղակապ, քահանան գալիս է Ավտուռից։ (Բարխուտարեանց 1895, 127):  Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության՝ այն կառուցվել է 1869 թվականին։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում։ Ունի 12 մետր երկարություն, 6․34 մետր լայնություն, 5․5 մետր բարձրություն։ Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղածածկ սրահ է, որն արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով (նկ․ 2, 3)։ Թաղը հենված է որմնասյուներից բարձրացող սլաքաձև որմնակամարների և խորանի որմնակամարի վրա։ Բեմը չի պահպանվել։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Խորանի ու սրահի հյուսիսային և հարավային պատերին կան եկեղեցական պարագաների պահպանման համար նախատեսված պատրհաններ։ Խորանի հարավային պատին ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար՝ հարուստ պատկերաքանդակներով (նկ․ 4)։

Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Ծաղկավանք գյուղի կենտրոնում (նկ. 1)։ Ծաղկավանք գյուղը 2020 թվականի հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Ծաղկավանք գյուղը գտնվում է Հադրութի շրջանում, Հադրութ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևելք։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին գյուղը կոչվում էր Խարմանջուղ (Բարխուտարեանց 1895, 46), Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ Խրմանջուղ։ 1991 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերը գրավել և հրդեհել են գյուղը։ Արցախյան առաջին ազատամարտից հետո գյուղն ազատագրվել է։ 1995 թվականին այն վերանվանվել է Ծաղկավանք։ Ճարտարապետա – հորինվածքային քննություն Եկեղեցին կառուցվել 1830 թվականին։ Միանավ  ուղղանկյուն սրահ է, արևելյան կողմում լայն կիսաշրջան խորանով ու երկու ավանդատներով։ Գլանաձև թաղը հենվում է որմնասյուներից բարձրացող երկու կամարների վրա։ Միակ մուտքը բացվում է հարավից։ Հարավային պատին կա մեկ լայն լուսամուտ։ Տեղանքի թեքության պատճառով եկեղեցին արևմտյան ճակատով ամբողջությամբ և հյուսիսային հատվածով մասնակի թաղված են հողի մեջ (նկ․ 2)։  Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով, իսկ եկեղեցու հարավային հատվածին կից կառուցվել են շինություններ, որոնց փլվելու արդյունքում եկեղեցու մուտքը կիսափակվել է։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Մինչև 2020 թվականի սեպտեմբեր եկեղեցին կանգուն էր։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։ Գրականություն Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։ Բալայան Վ․, Արցախի հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան, 2020։

Վարազաբուն գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղի վերնամասում (նկ. 1): Պատմական ակնարկ Սբ. Աստվածածին եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Եկեղեցու կառուցման մասին չունենք ստույգ վկայություն: Թերևս ենթադրելի է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ հիմք ընդունելով նրա արտաքին տեսքը, ծավալները և նույնատիպ թվագրված եկեղեցիների առկայությունը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կայքում գյուղի եկեղեցին թվագրվում է 18-րդ դարով, իսկ Արցախի Հանրապետության Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության վարչության կողմից կազմված եկեղեցու անձնագրում հիշատակվում է եկեղեցու արևելյան պատի ստորին պատի հատվածում քարերից մեկի վրա ընթեռնելի :ՌՄԶ: տառերը (1757 թ.): Անձնագրում նշվում, է որ հավանական է եկեղեցու 18-րդ դարով թվագրումը՝ հիմք ընդունելով այս երեք տառերը: Սակայն, ցավոք, անգամ այս քարի լուսանկարը չկա: Չկա նաև այլ հիմնավորում (https://artsakhdiocese.am/map/askerani-shrjan ): Վարազաբուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին հիշատակում է Մակար Բարխուդարյանցը՝ սակայն առանց կառուցման թվականը հիշատակելու (Բարխուտարեանց 1895, 128): Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին ուղղանկյուն միանավ թաղակապ սրահ է: Կառուցված է փոքր ու միջին չափի կոպտատաշ, կիսամշակ քարերով, շաղախով: Սրբատաշ են անկյունաքարերը, լուսամուտների ու մուտքի եզրաքարերը (նկ. 2, 3): Եկեղեցին ներքուստ թաղածածկ է, պատերը ծածկված են սվաղով (նկ. 4, 5): Միակ մուտքը գտնվում է հարավային կողմում: Եկեղեցու մկրտարանում կա ագուցված խաչքար:  Եկեղեցու մոտ՝ մուտքից ձախ, մեծադիր տապանաքար է, որը վերաբերում է քահանա Տեր Եղյանին (1829-1893):

Կավահանի (Ղավախանի) Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կավահան գյուղի կենտրոնական հատվածում, բնակելի թաղամասի հարավային եզրին։ Պատմական ակնարկ Ըստ մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1871 թվականին. «Կառուցաւ սուրբ եկեղեցիս/ Ղաւախ[ա]նա հասարակութեան/ աշխատանօք, ի 1871 ամի» (նկ․ 1)։ Նախքան ներկայիս եկեղեցու կառուցումն այստեղ եղել է ավելի հին սրբատեղի։ Դա են վկայում եկեղեցու պատերին ագուցված՝ պատկերաքանդակներ կրող 12-13-րդ դարերի երկու խաչքարերը (նկ․ 2, 3)։