Տեղադրությունը Մելիքի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևմտյան մասով հոսող սեզոնային գետակի վրա (նկ․ 1)։ 2023 թվականի սեպտեմբերից գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատմական ակնարկ Կամուրջը կառուցվել է 18-դարի կեսերին Խաչենի մելիք Միրզախանի կողմից, ով մինչև մելիք նշանակվելը եղել է Խնձրիստան գյուղի տանուտերը։ Ճարտարապետա – հորինվածքային քննություն Միաթռիչք կամուրջ է, կառուցված անմշակ քարով և կրաշաղախով։ Թռիչքի երկարությունը 5,15 մետր է, անցուղու լայնությունը՝ 4,80 մետր, բարձրությունը ջրի մակարդակից 7,80 մետր։ Խորհրդային տարիներին անցուղին լայնացվել է 130 սմ-ով՝ այն հարմարեցնելով ավտոմոբիլային երթևեկությանը (նկ․ 2; Կարապետյան 2009, 88)։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Կամուրջը գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը: Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։ Գրականություն Կարապետյան 2009 – Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան։
Տեղադրությունը Հղցկոտի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի տարածքում՝ գյուղից մոտ 300 մետր հարավ, Հղցկոտ գետի վրա, Ավետարանոցից դեպի «Փափա դեռ» գյուղատեղի, Քիրս և անտառամիջյան հանդամասերը տանող հին ճանապարհի վրա։ Ավետարանոց գյուղը 2020 թվականից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պատմական ակնարկ Արցախի ձորակներն ու անտառները լիքն են տարբեր չափերի գետերով։ Տարբեր բնակավայրեր իրար կապելու համար այս գետերի վրա հաճախ էին կամուրջներ կառուցվում։ Շատ հաճախ այս կամուրջների կառուցման մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Ելնելով ճարտարապետական առանձնահատկություններից, Ս. Կարապետյանը Հղցկոտի կամուրջը թվագրում է 17-18-րդ դարերով (Կարապետյան 2009, 78)։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Կամուրջը միաթռիչք է, ունեցել է քարաշեն ցածր բազրիքներ։ Կառուցված է գետաքարերով՝ կրաշաղախի կիրառմամբ։ Կամուրջը կրող կամարի եզրաքարերը սրբատաշ են։ Սրբատաշ քարերից մի քանիսը բացակայում են։ Կամրջի երթևեկելի մասը մասամբ վերակառուցվել ու ամրացվել է խորհրդային տարիներին։ Թռիչքի բարձրությունը ջրի մակարդակից՝ մոտ 4,25 մետր, երկարությունը՝ 5,5 մետր, անցուղու լայնությունը՝ 4,35 մետր (նկ. 1, 2)։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո 2020 թվականի պատերազմից առաջ կամուրջը գործածվել է գյուղամիջյան ճանապարհի վրա։ Պատերազմի ընթցքում և դրանից հետո հուշարձանի վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։ Գրականություն Կարապետյան 2009 – Կարապետյան Ս., Արցախի Կամուրջները, Երևան։
Տեղադրությունը Ասրունց կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ Քարաշեն գյուղից Կարմիր գյուղ գնացող հին դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Կարմիր գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք: 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պատմական ակնարկ Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Կամուրջը, դատելով կառուցման տեխնիկայից և ճարտարապետությունից, կառուցվել է 19-րդ դարում։ Հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված, որ գրավոր աղբյուրներում վերջինիս մասին որևէ հիշատակում չկա։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Կամուրջը միաթռիչք է: Կառուցված է կոպտատաշ կրաքարով՝ կրաշաղախի կիրառմամբ։ Եզրային քարերը սրբատաշ են, իսկ երթևեկելի մասը՝ սալապատ: Թռիչքի բարձրությունը՝ մոտ 4 մետր է, երկարությունը՝ 7 մետր (նկ. 1, 2)։
Տեղադրությունը Կամուրջ-սելավատարը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական սահմաններում՝ գյուղից 4․5-5 կմ արևմուտք, ‹‹Նովավոր աղբյուր›› տեղավայրում (նկ. 1): Այստեղ, 1992 թվականին, ծնունդով Խաչեն գյուղից և Քարագլխի համար մղվող մարտերում զոհված ազատամարտիկ Ստեփանյան Սլավիկի հիշատակին կանգնեցվել է աղբյուր (նկ. 2)։ Վերջինիս կառույցի մեջ՝ ստորին հատվածում, ագուցված է շրջակա տարածքից բերված, փոքր չափի մի խաչքար։ Այն քիվի հատվածում ունի հյուսկեն զարդաքանդակ, իսկ կենտրոնում պատկերված են երկու երկբլթակ խաչեր: Ոճով 12-13-րդ դարերին վերաբերող այս խաչքարի վրա դեռևս տեսանելի են դժվարընթեռնելի արձանագրության որոշ հետքեր (նկ. 3)։
Տեղադրությունը Ջարվանեսի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Տումի գյուղից մոտ 2․5 կմ հյուսիս-արևմուտք, Իշխանագետի Տումի վտակի վրա (նկ․ 1, 2)։
Տեղադրությունը Թադեոսի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Քարաշեն (Դաշուշեն) գյուղից մոտ 600 մետր հարավ-արևմուտք՝ Կարկառ գետի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Կամուրջը Թադեոսի են կոչում տեղացիները, որոնց վկայությամբ 19-րդ դարի կեսերին այն կառուցել է Դաշուշենի տանուտեր Թադևոս Առաքելյանը։ Ճարտարապետական – հորինվածքային նկարագրություն Կամուրջը նախատեսվել և կառուցվել է հետիոտների, անասունների և գրաստների համար։ Երկթռիչք է (նկ․ 2), կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով՝ ամրացված կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարով են շինված միայն կամարների անկյունները։ Կամրջի թռիչքներն ունեն տարբեր չափսեր։ Գետն անցնում է մեծ թռիչքի տակով։ Այն հյուսիսային կողմում է և խելը ձուլված է գետի աջափնյա ժայռին (նկ․ 3): Մեծ թռիչքի երկարությունը 6,44 մետր է, իսկ փոքրինը, որը նախատեսվել է կամրջի անցուղու հարթ մակերեսն ապահովելու համար` 3,3 մետր։ Անցուղու լայնությունը 3,53 մետր է, բարձրությունը՝ 6,30 մետր (նկ․ 4): Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո Թեև արցախյան պատերազմների ժամանակ այս տարածքները ուժգին հրետակոծության տակ են եղել, բայց բարեբախտաբար կամուրջը չի տուժել (նկ․ 5, 6)։ 2020 թվականի պատերազմի դադարից հետո հայ-ադրբեջանական շփման գիծն այնքան է մոտեցել հուշարձանին, որ և խնդիրներ են առաջացել կամրջի անվտանգության և պահպանության համար: Գրականություն 1․ Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009։
Տեղադրությունը Գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի հարավային մասում՝ Ղուզեն գետ կոչվող գետակի վրա (նկ․ 1, 2)։
Տեղադրությունը Իգակուց կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Տումի գյուղից 2,2 կմ հյուսիս-արևմուտք՝ Իգակն գետի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Կամրջի մասին պատմական տեղեկություններ հայտնի չեն, իսկ հուշարձանը զուրկ է որևէ արձանագրությունից։ Այս պատճառով էլ անհայտ է կամրջի ստույգ թվագրությունը (նկ․ 2)։ Ճարտարապետական-հորինվածքային քննություն Կամուրջն ունի միաթռիչք հորինվածք։ Կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով, կրաշաղախով։ Եզրային հատվածները հենվում են բնական ժայռաբեկորների վրա (նկ․ 3)։ Թռիչքի երկարությունը 4,43 մետր է, լայնությունը՝ 2,56 մետր, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,55 մետր (նկ․ 4, Կարապետյան 2009, 58)։
Տեղադրությունը Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղից 1 կմ արևմուտք` Ձառ գետի վրա (նկ. 1, 2): Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
Տեղադրությունը Կամուրջը (նկ. 1, 2) գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Երկաթավորք գյուղում՝ Քաշունի գետի վրա (Կարապետյան 2009, 132): Խորհրդային տարիների վարչական բաժանմամբ՝ կամուրջը գտնվում էր Ղուբաթլուի շրջանի Դամրչիլար (գյուղի հայկական անվան թարգմանությունը) գյուղի վարչական սահմաններում (Կարապետյան 1999, 192-194): Ինչպես և ամբողջ շրջանը, գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Կամուրջը միաթռիչք է (նկ. 4), կառուցված է անմշակ քարով և կրաշաղախով: Կամրջի լայնությունը 3,10 մետր է, կամարի թռիչքը՝ 9,15 մետր, իսկ բարձրությունը գետի մակարդակից՝ 5,50 մետր (Կարապետյան 2009, 132): Պատմական ակնարկ Համաձայն կամրջի վրայի արաբերեն շինարարական արձանագրության, որն արված է երկու առանձին քարերի վրա (նկ. 3), կամուրջը կառուցվել է 1912-1913 թվականներին: Արձանագրության արաբերեն ընթերցումները տրվում են ըստ Րաֆֆի Քորթոշյանի, ով նաև արձանագրությունների առաջին ընթերցողն է: Ընթերցվում է կառուցող վարպետներից մեկի՝ Միքայելի անունը. «…սրա մեջ մասնակցել է ընտրանի…, որոնցից է Միքայելը…»: Որպես կամրջի պատվիրատու հիշատակվում է Սամայի որդի Մահ-Պետը. «Կառուցվել է Սամայի որդի Մահ-Պետի բարերարությամբ…, Աստված լավությամբ վարձատրի, թվին 1331 (1912-1913)» (Կարապետյան, 2009, 132): Նախքան արաբերեն արձանագրությունների ընթերցումը կամուրջը մոտավոր կերպով թվագրվել է 17-18-րդ դարերով (Կարապետյան 1999, 192):
Տեղադրությունը Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում՝ «Պկլաձոր» կամրջից ոչ հեռու (նկ. 1, 2):
Տեղադրությունը Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում՝ Կարկառ գետի վրա (նկ. 1, 2, Կարապետյան 2009, 106): Քարինտակ գյուղն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Կամուրջը միաթռիչք է, խելերը կառուցված են կոպտատաշ մեծ ու փոքր քարերով, կամարը՝ սրբատաշ քարեըով։ Թռիչքի երկարությունը 6,25 մետր է, անցուղու լայնությունը՝ 3,30 մետր, բարձրությունը ջրի մակարդակից՝ 5,40 մետր (Կարապետյան, 2009, 106): Վիճակը պատերազմից առաջ և հետո Կամուրջն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել։ Գրականություն Կարապետյան 2009-Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան: Պատմական ակնարկ Համաձայն շինարարական արձանագրության (նկ. 3, 4)՝ կամուրջը կառուցվել է 1838 թվականին Հակոբ Սիմոնյանի կողմից. «Այս կարմունճն /շինել տուի/ Քրիստոսի ծառ/ա Հակուբ Սիմ/օնով. 1838 թւին» (Կարապետյան, 2009, 106): Արձանագրությունն առաջին անգամ հրատարակվել է Արցախի կամուրջներին նվիրված Սամվել Կարապետյանի գրքում, տեքստը տալիս ենք ըստ այդ գրքի:
Տեղադրությունը Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանում՝ պատմական Ցրտնոտ և Խոլոզանց գյուղատեղիների միջև՝ Ցրտնոտ գյուղից 1,5 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Տրտու գետի վրա (Կարապետյան 2019, 394): Պատմական ակնարկ Կամրջի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Ցրտնոտ և Խոլոզանց գյուղերը հիշատակվում են Դադիվանքի վիմագրերում (ԴՀՎ 5, 216) և 1763 թվականի կալվածացուցակում՝ վանքապատկան այլ գյուղերի հետ մեկտեղ (Կարապետյան 1999, 55): Քարվաճառի շրջանում քոչվոր ցեղերի (քրդեր) հաստատումից հետո երկու գյուղերը ստանում են նոր անվանումներ, որոնք հների աղավաղված և թարգմանված ձևերն են՝ Սոյուղբուլաղ (Ցրտաղբյուր) և Խոլազեյ-Ալխասլը: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Կամուրջը միաթռիչք է, կառուցված է անմշակ քարերով՝ գլխավորապես գետաքարով, և կրաշաղախով (նկ. 1-3): Կամրջի անցուղու լայնությունը 2,05 մետր է, թռիչքը՝ 7,10 մետր: Հիմք ընդունելով կամրջի շինարարական առանձնահատկությունները և այլ կամուրջների հետ համեմատություն տանելով՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կամուրջը թվագրում է մոտավորապես 13-16-րդ դարերով (Կարապետյան 2019, 394): Վիճակը պատերազմից առաջ և հետո Կամուրջն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, Քարվաճառի ադրբեջանական օկուպացումից հետո կանգուն է: Կամուրջը 1980-ականների կեսերին սոյուղբուլաղցի ադրբեջանացած քրդերը «նորոգել են»՝ բետոնի շերտով ծածկելով անցուղու ամբողջ հատվածը և դրանով ավելացնելով թաղի ծանրությունը (Կարապետյան 1999, 55): Գրականություն ԴՀՎ 5 – Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան, 1982: Կարապետյան 1999 – Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան։ Կարապետյան 2019 – Կարապետյան Ս., Մռավականք, Երևան։
Տեղադրությունը Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղից 1,6 կմ հարավ (նկ. 1): Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Կամրջի մասին պատմական որևէ տեղեկություն հայտնի չէ, իսկ հուշարձանը զուրկ է որևէ արձանագրությունից։ Ըստ Ս. Կարապետյանի՝ այն կառուցվել է 20-րդ դարում (Կարապետյան 2009, 135): Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Կամուրջը միաթռիչք է, թռիչքի երկարությունը 4,15 մետր է, լայնությունը՝ 3,28 մետր (նկ. 2)։ (Կարապետյան 2009, 135): Խելերը դրված են հունին կից ժայռերի վրա։ Կառուցված է որձաքարով և կրաքարով, որոնք ամրացված են կրաշաղախով (նկ. 3):
Տեղադրությունը Շենին կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում՝ գյուղամիջով հոսող վտակի վրա (նկ․ 1, 2): 2020 թվականի հոկտեմբերից Մարիամաձորը գտնվում է Ադրբեջանական օկուպացիայի տակ։
Տեղադրությունը Գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տող գյուղերի միջնամասում՝ Իշխանագետի վրա (նկ․ 1, 2)։
Տեղադրություն Գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի (ներկայումս Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ) հարավարևելյան կողմում՝ Ավետարանոց – Մադաթաշեն հին ճանապարհի սկզբնամասում, Վարանդա գետի Մարչ վտակի վրա (նկ. 1, 2)։
Տեղադրություն Կամուրջը գտնվում է Մեծ Թաղեր գյուղի հարավային հատվածում՝ գյուղամիջով հոսող Իշխանագետի ձախակողմյա փոքր վտակի վրա։ Պատմական ակնարկ Մեծ Թաղերը 18-19-րդ դարերում մարդաշատ գյուղաքաղաքի կարգավիճակ ուներ։ Այստեղ 19-րդ դարում մեծ շինարարական եռուզեռ է սկսվում։ Հորդառատ անձրևների ժամանակ սելավները գետակների վերածվելով քանդում էին ձորամիջյան ճանապարհահատվածները և կարիք է առաջանում ձորակի վրա կառուցել կամուրջ։ 1890 թվականին կառուցվում է կամուրջ, որը նախատեսված էր ոչ միայն հետիոտնի, այլև սայլակառքերի համար։ Ժողովուրդը կամրջին տվել է «Մակուն» անունը (նկ․ 1, 2)։
Տեղադրություն Գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա (նկ. 1, 2): Պատմական ակնարկ Կամրջի մասին տեղեկությունները համեստ են: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված սալի վրա փորագրված շինարարական 7 տողանի արձանագրության (Կարապետյան 2009, 104)` կառուցվել է 1835 թվականին. «Յիշատակ է/կարմուջըս Յարու/թիւն որդի Գեվ|որքի, շինեցի իմ/ծնօղաց, օվ անցնի / ա[ստուա]ծ ողորմի ասի/ ։ՌՄՁԴ։ (1835)» (նկ. 3): Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում և գործում էին մինչև Արցախյան երկրորդ պատերազմը: Կամուրջն իրար է կապել Տումի և Մեծ Թաղեր գյուղերը:
Տեղադրությունը Կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից 2-2,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Հին շեն գյուղատեղիում, Պարզագետի վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Հին Թաղասեռ գյուղատեղին ընկած է Պարզագետի աջ ու ձախ կողմերում և բավականին մեծ տարածություն է զբաղեցնում։ Այս կամուրջը կապում էր գյուղի երկու հատվածները, այստեղով էր անցնում Դիզակի մելիքանիստ Տողի ու շրջակա գյուղերի և մելիքության հարավային՝ ընդհուպ մինչև Արաքս գետն ընկած բնակավայրերին կապող ճանապարհներից մեկը: Կամուրջի շինարարական արձանագրությունը փաստում է, որ կամուրջն առնչվում է դիզակյան հռչակավոր մելիքական տոհմի գործունեության հետ: Ճարտարապետական-հորինվածքային քննություն Միաթռիչք թաղակապ կամուրջ է, կառուցված է կոպտատաշ քարից, կամարները սրբատաշ են։ Երկարությունը 7,6 մետր է, լայնությունը՝ 3 մետր, բարձրությունը՝ 3 մետր, թռիչքի երկարությունը՝ 3,68 մետր (նկ․2)։ Կամրջի հոսքընթաց ձախակողմյան խելի ճակատին ագուցված սրբատաշ զույգ քարերի վրա պահպանվել է հնգատող շինարարական արձանագրությունը (նկ․ 3). «Յիշատակ է գա/մու[ր]ճ[ս] այս պ[ար]ոն Եկանի որդի/ Պաղտ[աս]արի կողագից Փեր[ու]ն/: [Թ]վին :ՌՄԺԲ: (1763 թ.) ու(՞)ն /: Մի բերան/ Ա[ստուա]ծ ողորմի [ասեք]» (Համեմատիր, Կարապետյան, 2009, 90):