Խադարի վանքը․ ընդհանուր տեղեկություններ

Տեղադրությունը Խադարի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափի մի դժվարամատչելի անտառապատ լեռնահարթակի վրա, որի ստորոտով հոսում է գետը։ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ վանքն Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի կազմում էր։ Ներկայումս վանքն օկուպացված է Ադրբեջանի կողմից (նկ. 1): Պատմական ակնարկ Խադարի վանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի անունն, ըստ ավանդության, ծագել է Թադևոս առաքյալի Խադ աշակերտի անունից, ով Արցախում քրիստոնեություն տարածող առաջին քարոզիչներից էր (Շահխաթունեանց 1842, 163)։ Արձանագրություններում և պատմական հիշատակություններում վանքն անվանվում է Խադավանք կամ Խադարի վանք, որը ժողովրդական արտասանությամբ վերածվել է Խաթրավանքի։ Վանքն ամբողջացել է տարբեր ժամանակներում կառուցված և վերակառուցված մի շարք շինությունների ստեղծման արդյունքում։ Խաթրավանքում կառույցների ժամանակագրական հաջորդականությունը պարզելու համար կարևոր կռվան են ինչպես առկա կառույցների Ճարտարապետա-շինարարական առանձնահատկությունները, այնպես էլ բավական առատ պահպանված շինարարական արձանագրությունները։ Վանքում շատ են նաև խաչքարերը, որոնք ավելի վաղ թվագրություն ունեն քան վանքի ճարտարապետական կառույցները, ինչը հուշում է, որ վանքի տեղում ավելի վաղ միջնադարյան գերեզմանոց է եղել (Կարապետյան 2012, 13)։ Այդ գերեզմանոցին պատկանող շատ խաչքարեր հետագայում ագուցվել են վանքի շինությունների պատերի մեջ (նկ. 2)։ Տեղանքի բարդ ռելիեֆի և զգալի թեքության պատճառով կառուցապատումն իրականացվել է տարբեր բարձրության հարթակների վրա: Հրվանդանի գագաթին տեղակայված են Սբ. Աստվածածին եկեղեցին, գավիթն ու մատուռները, զանգակատունը, դարպասը, խցերը, բնակելի ավելի մեծ չափերի մեկ կառույց: Ամենացածր հարթակի վրա տեղադրված է աշխարհիկ նշանակության մեկ այլ կառույց, որը, ենթադրաբար, վանքի գրատունն է եղել (Հասրաթյան 1992, 68; նկ․ 3):

Բովուրխանի վանքը

Տեղադրությունը Բովուրխանի կամ Բաղիրխանի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ննգի և Քռասնի գյուղերի միջև, համանուն լեռան հյուսիսային լանջին՝ շրջապատված փարթամ անտառներով: 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Պատմական ակնարկ Բովուրխան վանքի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի, Համազասպ Ոսկյանի աշխատություններում (Բարխուտարեանց 1895,110, Լալայան 1897, 50-51, Ոսկեան 1951, 357-358): Այդ աղբյուրները հիմնավոր տվյալներ են պարունակում հուշարձանի տեղագրության, վիճակի, արձանագրությունների վերաբերյալ: Հնավայրի տարածքից Մ. Բարխուդարյանցն արտագրել է երկու արձանագրության պատառիկներ, որոնք հայտնում են  խաչքար կանգնեցնելու մասին (Բարխուտարեանց 1895, 110)։ Այսօր էլ վանքի տարածքում կան 17-18-րդ դարերի խաչքարերի ամբողջական օրինակներ և բեկորներ (նկ. 1): Ճարտարապետական-հորինվածքային քննություն Հուշարձանախումբը բաղկացած է միանավ թաղածածկ եկեղեցուց, վանահոր սենյակից, միաբանների խցերից, տնտեսական սենյակներից ու պարսպապատից (նկ․ 2)։ Համալիրի բոլոր շենքերը կառուցված են անտաշ ու կոպտատաշ տեղական դեղնասպիտակավուն կրաքարով։ Սրբատաշ են միայն վանահոր թաղածածկ սենյակի լուսամուտի մի դռան անկյունաքարերը։ Վանահոր սենյակը կից է պարսպապատին արևմուտքից (նկ. 3)։ Պարսպապատին հարավից կից են նաև միաբանների չորս խցերը, կլոր աշտարակը ու մի սենյակ: Միաբանների խցերն իրար հետ չեն հաղորդակցվում, յուրաքանչյուրի մուտքն առանձին է, ինչը բնորոշ է «անապատ» հուշարձաններին: Խցերն ունեն խիստ միանման ձևեր ու չափեր, երկուսն ունեն նաև մեկական ոչ մեծ, դեպի ներս լայնացող լուսամուտներ՝ բացված գլխավոր պարսպապատից (նկ. 2, Կարապետյան 1985, 225)։ Աշտարակին կից սենյակն արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված, ուղղանկյուն հատակագծով թաղածածկ շինություն է (նկ․ 4), որի արևմտյան պատի կենտրոնում, երկու խորշերի միջև կա բուխարի (նկ․ 5)։

Բռի եղցի վանքը

Գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից 0,6 կմ հյուսիս-արևելք: Այն իր տարածական սփռվածությամբ Արցախի ամենաընդարձակ վանքն է: Բաղկացած է բլրի գագաթին տեղադրված մատուռ-եկեղեցուց, մեկ միասնական գավիթ ունեցող երկու եկեղեցիներից, բլրի ստորոտում տեղադրված չորրորդ եկեղեցուց, երեք որմնափակ խաչքարերից: Տարածքում պահպանվել են մի շարք վավքրիստոնեական կոթողներ (5-7-րդ դարեր), 12-19-րդ դարերի գերեզմանոցը: Կառույցները ներսից եղել են սվաղապատ` բռի (արցախայն բարբառում բռի նշանակում է կրաշաղախով սվաղ), որից էլ առաջացել է վանքի ժողովրդական անունը: Բռի եղցու եկեղեցիները` կառուցված 13-րդ դարի երկրորդ կեսին, առանձնանում են նրանով, որ արևմտյան պատերը հիմնականում շարված են հատուկ այդ նպատակով պատրաստված խաչքարերով: Կառույցների պատերում ներդված են նաև մինչ այդ ատածքում գտնվող խաչքարեր: Վանքը առանձնանում է նաև նրանով, որ արձանագրությունները պահպանել են այն կառուցող երկու ճարտարապետների` Խաչինեկ Անեցու և Շահենի անունները: Վանքի կառույցները արցախյան երկու պատերազմների ժամանակ չի տուժել: Բլրի խմբի եկեղեցիներն ու գավթի ծածկերը փլուզման եզրին են: Բլրի ստորոտոի եկեղեցու ծածկը վաղուց փլված է: Վանքը գտնվում է արցախա-ադրբեջանական ներկա սահմանից մոտ 300-400 մետր հեռավորության վրա և հատուկ վերհսկողության կարիք ունի:

Կոշիկ անապատը

Տեղադրությունը Կոշիկ անապատը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Քոլատակ գյուղից 3,2 կմ արևմուտք, անտառածածկ տեղանքում (նկ․ 1)։ Վանքի գլխավոր հատակագիծը երկարավուն տեսք ունի և զբաղեցնում է մոտավորապես 20 x 80 մետր տարածք (նկ․ 2)։ Կոշիկ անվան մասին Տեղացիները վանքը կոչում են «Նապատ», ինչն անապատի բարբառային ձևն է: Վանքի «Կոշիկ անապատ» անվանումը երիցս վկայված է նրա արձանագրություններում (ԴՀՎ 5, 28, 30, 32): Առաջին հայացքից տարօրինակ և անհասկանալի թվացող «կոշիկ» անվանումն ըստ երևույթին կապված է այս բառի սոցիալ-իրավական իմաստի հետ, ինչը ձևավորվել է դեռ վաղ միջնադարում՝ պարթևական, սասանյան և հայ Արշակունիների արքունական միջավայրում, երբ արքայի կամ այլ գերակայի որևէ մեկին շնորհած զգեստը, հարդարանքը կամ զարդը ցուցում էին նրա իրավա-սոցիալական կարգավիճակը: Դրանց թվում էր նաև կոշիկը, որը ձեռք էր բերել նաև պարգև, նվեր իմաստը (մանրամասն տե՛ս Առաքելյան 1940, 75-79): Կարելի է ենթադրել, որ մենաստանը սկզբնապես կառուցվել է Խաչենի որևէ իշխանական տան նվիրատվությամբ և դրա համար էլ ստացել է Կոշիկ անվանումը: Վանքի գործունեության մասին Կոշիկ անապատի մասին հիմնական տեղեկությունները հայտնում են վանքի կառույցների պատերին և խաչքարերի վրա փորագրված արձանագրությունները: Ցավոք, տեղում արձանագրական, ճարտարապետական կամ պատկերագրական ստույգ վկայություն չկա վանքի ստեղծման ժամանակի վերաբերյալ: Դատելով առկա արձանագրություններից, 13-րդ դարի առաջին կեսին այն պատկանել է Խաչենի Դեսումյան իշխանական տանը, ապա՝ 13-րդ դարի կեսերից՝ Լոռուց այստեղ տեղափոխված Մամիկոնյան տան մի ճյուղին (Հակոբյան 2020, 297, 346-350): Վերջիններիս ներկայացուցիչներից մեկը՝ Խերխանը, վանքի Սբ․ Ստեփանոս եկեղեցու բեմառէջքի 1265 թվականի ընդարձակ արձանագրության մեջ (նկ. 3, 4) հայտնում է մոնղոլ խանին երեք այցելությունների և իրենց կալվածքները հարկերից ազատելու մասին. «:գ: հետի ի ղանն գնացի յարեւ/ելս հիւսիսիոյ … իմ ազգէն թափեցի դ/ատաստանաւ» (ԴՀՎ 5, 29: Հակոբյան 2020, 346): Այս նույն արձանագրությամբ իշխանական տան անդամները վանքը համարում են իրենց գերեզմանատունը. «Մեք՝ Սեւադա,/ Խէրխան, Մարծպան, Մամիկոն կամեցաք նորոգել զմեր գերեզմանատունս: Ես՝ Խէրխանս… շին/եցի զսուրբ Ստեփանոսս եւ նորոգեցի զայլ եկեղեցիքս եւ զարդարեցի» (ԴՀՎ 5, 29, Հակոբյան 2020, 346): Այս և վանքի այլ արձանագրությունների քննությամբ կարելի է պարզել, որ վանքի՝ իրար կից երեք եկեղեցիներից հարավայինը կոչվել է Սբ․ Ստեփանոս, միջինը՝ Սբ․ Գևորգ, հյուսիսայինը՝ Սբ․ Նշան (Բարխուտարեանց 1895, 168-169): Ընդ որում, արձանագրական մի քանի տեղեկություններ հիմք են տալիս հավանական համարել, որ վանքը՝ կենտրոնական, թերևս ամենահին, եկեղեցու անունով կոչվել է նաև նաև Սբ․ Գևորգ:          

Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքի հիմնական կառույցները հնագիտական հետազոտության լույսի ներքո

Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը բաղկացած է Սբ․ Ստեփանոս միանավ եկեղեցուց, նրան հարավից կից Սբ․ Ստեփանոսի կրկնահարկ մատուռ-մասունքարանից, մատուռին արևմուտքից կից գավթից և դրանց շուրջը տեղադրված տապանաբակերից (նկ. 1-3): Պահպանվել են նաև հյուսիսից եկեղեցուն կից քարուկիր դարպասի ու պեղումներով վավերացված որմնափակ խաչքարի մնացորդները: Ողջ համալիրը ներառված է աշտարակներով ամրացված պարսպապատերի մեջ: Պարսպապատից ներս՝ հիմնական համալիրից դեպի հարավ և հյուսիս, պահպանվել են քարուկիր այլ կառույցների, պարիսպներից դուրս՝ հարավից հյուսիս ձգվող ընդարձակ գերեզմանոցների հետքերը:

Մեծիրանից Սբ․ Հակոբավանքը

Տեղադրությունը Հակոբավանքը գտնվում է Արցախի պատմական Մեծիրանք (կամ Մեծառանք) գավառում՝ Խաչենագետի աջ ափից ոչ շատ հեռու, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազկի վրա (նկ․ 1)։ Վանքն ունի արևելքից արևմուտք ձգված, ուղղանկյունաձև գլխավոր հատակագիծ (նկ․ 2)։ Ամբողջ տարածքը պարագծված է պարիսպներով։ Համալիրի կազմում ընդգրկված են ինչպես պաշտամունքային (արևմտյան և արևելյան եկեղեցիները, արևմտյան եկեղեցու գավիթը), այնպես էլ՝ բնակելի և տնտեսական շենքեր։ Վերջիններս խմբավորված են արևմուտքում՝ դարպասի շուրջը և արևելքում, իսկ եկեղեցիները կից են հյուսիսային պարսպին։ Պատմական ակնարկ Հակոբավանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի անվանումը ծագում է Մծբինի հռչակավոր հայրապետ Սբ․ Հակոբի անունից, որի մասունքը (աջը) պահվել է այստեղ։ Հակոբավանքը եղել է հայտնի ուխտատեղի, եպիսկոպոսանիստ, որոշ ժամանակ նաև կաթողիկոսանիստ։ Վանքի մասին մատենագրական աղբյուրներում տեղեկությունները սակավաթիվ են։ Պատմական վկայություններ են պարունակում տարածքում պահպանված արձանագրությունները, որոնցում հիշատակություններ կան վանքը կառուցողների և շինությունների հետագա վերակառուցումների մասին։ Արձանագրություններից ամենահինը փորագրված է մի խաչքարի պատվանդանի վրա, որը հետագայում տեղադրվել է փոքր եկեղեցու պատի մեջ որպես շինաքար և վերաբերում է :ՅԲ: (853) թվականին (Պետրոսյան, Երանյան 2022, 28)։ Վանքի արևելյան եկեղեցու հարավային պատին այլ արձանագրությունների շարքում պահպանվել է եկեղեցու վերանորոգման հիշատակությունը. «ՈԿԱ (1212) թիւ, ես Խո/րիշահ, ամուսին/ Վախտա[ն]գա, տ[է]ր Խաչե/նոյ, դուստր մեծին Սա/րգսի, քոյր Զաքարի և Իւան/ոյ, վերըստին շինեցի զեկ/եղեցիս Մեծարանից ի փրկութիւն հոգոյ իմոյ…» (ԴՀՎ 5, 12) (նկ․ 3): Արձանագրությունից պարզ է դառնում և վանքի ներկայիս վիճակն էլ ցուցում է, որ վերջինս վերակառուցվել է՝ ներառյալ և երկու եկեղեցիները: Ընդ որում լայնորեն վերօգտագործվել են խաչքարեր, արձանագրակիր սալեր, տապանաքարեր: Հակոբավանքը մի քանի անգամ է վերակառուցվել նաև 17-18-րդ դարերում։ Այդ մասին են վկայում «Նորոգեցաւ ի թուին հայոց։ ՌՃԽ (1691), ձեռամբ Գրիգոր եպիսկոպոսին» արձանագրությունը (ԴՀՎ 5, 11), ինչպես նաև վանքի բնակելի խցերից մեկի՝ 1725 թվականին վերաբերող շինարարական վկայագիրը։ Նշված վավերացումները, ինչպես նաև Հակոբավանքի պահպանված իրավիճակը, հնարավորություն է տալիս խոսել համալիրի կառուցման հիմնական ժամանակափուլերի մասին՝ 9-րդ դարի սկզբներից մինչև 18-րդ դարի վերջ։ Հիմնական կառուցումներն իրականացվել են 12-13-րդ դարերում (Մկրտչյան 1985, 25)։ Հակոբավանքը նաև եղել է Խաչենի ուսումնական ու գրչական կարևոր կենտրոններից մեկը։ Այդ մասին են վկայում վանքում կազմված մի քանի ձեռագիր ավետարանների հիշատակագրությունները (Ոսկեան 1953, 90: Մինասյան 2015, 22-23): Ճարտարապետական – հորինվածքային քննություն Հակոբավանքի եկեղեցիները միանավ, թաղածածկ կիսաշրջանաձև խորաններով կառույցներ են։ Արևելյան եկեղեցին ունի երկարավուն և ինքնատիպ հորինվածք՝ (7,80 x 3,20 մետր չափեր)։ Կառույցը հյուսիսային կողմից, ողջ երկարությամբ ունի չորս՝ մոտավորապես քառակուսի հատակագծով մատուռներ, որոնցից երեքը բացվում են դեպի աղոթասրահ, իսկ չորրորդ՝ արևելյան ավանդատունը մուտք ունի խորանի տակից։ Բեմը ներառում է նաև կամարակապ դամբարան-մասունքարան: Այս հանգամանքներով պայմանավորված՝ եկեղեցու բեմը սովորականից բարձր է կառուցված (նկ․ 4)։ Այստեղ կարելի է բարձրանալ միայն հարավային կողմի աստիճաններով։ Եկեղեցու արևմտյան պատին, ինչպես նշեցինք, ունի 1212 թվականի վերանորոգման արձանագրություն (ԴՀՎ 5, 12)։ Եկեղեցու միակ՝ արևմտյան մուտքը բացվում է դեպի այս կողմում կառուցված սրահ։ Վերջինս հարավային կողմում, առջևի պատի փոխարեն ունի եռակամար սյունաշար: Ընդ որում երկու սյուները և դրանք իրար ու պատերի հետ կապող կամարները սրբատաշ են՝ մինչդեռ համալիրի բոլոր շինությունները հիմնականում կոպտատաշ քարով են իրականացվել (նկ. 5)։ Այսպիսի եռակամար բացվածքով սրահներ ունեն նաև Կոշիկ անապատը, Դադիվանքը, Տաթևի վանքը։ Հակոբավանքի սրահն աչքի է ընկնում բազմաթիվ խաչքարերի, տապանաքարերի և վիմագիր սալաքարերի օգտագործմամբ։ Յուրօրինակ բազմագույն պատկեր է ներկայացված՝ վարդագույն խաչքարերի, մոխրագույն տապանաքարերի, կապտավուն պատերի, կաթնագույն վիմագիր սալերի և նարնջագույն կրաքարի վրա քանդակված արևի ժամացույցի համադրությամբ (նկ․ 6)։ Խոշոր, կանոնավոր հարդարված տապանաքարերի արձանագրություններից երևում է, որ այստեղ թաղված են «Ոհանէս… Առըստակէս… Սիմէոն» կաթողիկոսները (նկ․ 7) և «Սիմէոն, Վարդան» եպիսկոպոսները (Բարխուտարեանց 1895, 171)։ Սրանք էլ խոսում են այն մասին, որ 15-րդ դարում Մեծառանից վանքը եղել է կաթողիկոսանիստ։ Այդ մասին Ոսկյանը նշել է, որ «բայց դարեր վերջ է, որ Ս․ Յակոբի վանքը քաղաքական պարագաներու հետեւանքով քան թէ ուրիշ պատճառներով կըլլայ Աղուաններու կաթողիկոսներու աթոռը եւ անկէ կը կառավարէին իրենց հօտը» (Ոսկեան 1953, 88):

Վաճառի Սբ․ Ստեփանոս վանքը. Վաճառ գյուղաքաղաքը և Սբ․ Ստեփանոս վանքը

Տեղադրությունը Սբ․ Ստեփանոս վանքը գտնվում է Խաչենագետի ձախ վտակ Վաճառ գետի միջնահովտի ձախ բարձրադիր ափի լեռնաբազուկներից մեկի վրա (նկ. 1), Վաճառ գյուղաքաղաքի ավերակներից մոտ 500 մետր դեպի հարավ, ներկայիս Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղից հարավ-արևելք: 2017 թվականին այն ենթարկվել է մանրամասն հնագիտական հետազոտության (Տե՛ս Վաճառի սուրբ Ստեփանոս վանքը. հնագիտական հետազոտությունը): Պատմական ակնարկ   Ինչպես Վաճառ գյուղաքաղաքի, այնպես էլ վանքի ու նրա կառույցների մասին համաժամանակյա մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել: Սբ․ Ստեփանոսի պաշտամունքն ու նրա հետ կապված եկեղեցական կառույցների, նրա անունով դամբարանի, ապա և վանքի ձևավորումն ու պատմության առանձին դրվագները հնարավոր է վերականգնել միայն արձանագրական, ճարտարապետական և հնագիտական տեղեկությունների քննությամբ: Վաճառ անունով Արցախում երկու բնակավայրեր են հայտնի: Մեկը Քարավաճառն է, որի գրավոր առաջին հիշատակությունը գտնում ենք 1402 թվականի մի հիշատակարանում. «…և յարհեպիսկոսութեան այսմ նահանգիս տէր Զաքարիայի Դադի Վանուց վերատեսջի, ի հռչակաւոր երկիրս Ծար, ի գեւղս Քարավաճառ …» (Խաչիկյան 1955, 24): «Քարավաճառ» բառացիորեն նշանակում է հրվանդանի (ժայռի) վրայի Վաճառ, ինչը լիովին համապատասխանում է այդ բնակավայրի տեղադրությանը (նախկին Արցախի հանրապետության Նոր Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնը): Երկրորդը Խաչենի Վաճառն է, որի առևտրական բնույթն անունից զատ հավաստում են նրա ավերակների նկարագրությունը, որ տվել է Մակար Բարխուդարյանցը 19-րդ դարի վերջերին. «Վաճառ աւերակ գիւղաքաղաք. գիւղիս (Ծմակահողի – Հ. Պ.) արևելեան հանդէպ, Վաճառ առուի ձախ ափի լանջի վերայ երևում են ընդարձակ աւերակի հետքեր, տնատեղեր, խանութների և այլ շինութեանց քարուկիր մնացորդներ: Այս է Ջալալեան իշխանների գիւղաքաղաքն, որպէս ցոյց է տալիս և անունն և աւերակն» (Բարխուտարեանց 1895, 184): Բնակավայրի առևտրական բնույթը վկայում է նաև նրա հետսագույն թուրքերեն «Բազարքենդ» անվանումը (հմմտ., օրինակ, Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսի օրագրի հետևյալ տողերը. «Վաճառու՝ այ[սինքն] Բազար-քեանտու կ[ա]մ Ծմակահողու փոքր եկեղեցւոյ գիրն է», Ձեռագիր 7821, 20բ): Հավելենք, որ ուշ միջնադարից ի վեր մինչև անցած դարի կեսերը նույն դերակատրությունն ուներ Ծմակահողի հարևանությամբ գտնվող Առաջաձոր գյուղի՝ դեպի լեռնային արոտավայրեր տանող ճանապարհին տեղակայված արեստավորա-առևտրական թաղամասը, որ ժողովուրդը կոչում էր «դուքյըննե» (այսինքն՝ խանութներ): Կարծում ենք հենց այս Վաճառին է վերաբերում և Կեչառիսի վանքում Հասան Ջալալի և նրա կնոջ՝ Մամքանի, թողած նվիրատվական արձանագրության հետևյալ հատվածը. «տվաք ի Հարավոյ Վաճառէն յամէն ամի :Ռ: (1000) դուկատ» (հետևում ենք վիմագրագետ Գագիկ Սարգսյանի ընթերցմանը, որի հետ ծանոթանալու համար մեր շնորհակալություն ենք հայտնում հետազոտողին): Այս ենթադրությունն ավելի է հիմնավոր դառնում, եթե հաշվի ենք առնում, որ Սբ․ Ստեփանոս վանքը տեղացիները որպես կանոն կոչում են «Հըրավա եղցի»: Կոշիկ անապատի 13-րդ դարի մի արձանագրություն էլ սկսվում է այսպես. «Ես Վասակ գնեցի հող ի Վաճառատեղս…»: Ինչպես Սեդրակ Բարխուդարյանն է գրում, այստեղ ամենայն հավանականությամբ նկատի է առնված Խաչենի Վաճառը (ԴՀՎ 5, 30, 78): Եթե այս դիտողությունները հիմնավոր են, ապա կարելի է հավանական համարել, որ իրոք Վաճառը 12-13-րդ դարերում Հասան Ջալալյանների առևտրա-արհեստավորական կենտրոնն էր, և նրա սրբությունների հանդեպ էլ իշխանական տան ներկայացուցիչների վերաբերմունքը առանձնահատուկ է եղել: Համաձայն պեղումների ժամանակ հայտնաբերված 1274 թվականի մի նվիրատվական արձանագրության վանքը նաև եպիսկոպոս է ունեցել (տե´ս Սբ․ Ստեփանոսի վանքը. արձանագրությունները, խաչքարերը և տապանաքարերը), այսինքն, հավանական է, որ այն եղել է թեմական կենտրոն: Թերևս այս հանգամանքներն էլ դեր են խաղացել, որ ուշադրություն դարձվի վաղքրիստոնեական դամբարանին, այստեղ «հայտնվեն» համաքրիստոնեական սրբի մասունքները և կառուցվի նոր եկեղեցի (մինչև Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ տաճարի հիմնարկեքը) և վերակառուցվի  վաղքրիստոնեական դամբարանը: Վանքի կառուցվածքը Սբ․ Ստեփանոսը վանքային համալիր է՝ բաղկացած Սբ․ Ստեփանոս միանավ սրահից և, ինչպես պարզեցին պեղումները, նրան հարավից կից Սբ․ Ստեփանոսի կրկնահարկ դամբարան-մատուռից, մատուռին արևմուտքից կից գավթից և դրանց շուրջը տեղադրված ընդարձակ տապանաբակերից (նկ. 2, 3, 5): Պահպանվել են նաև հյուսիսից եկեղեցուն կից քարուկիր դարպասի ու պեղումներով վավերացված որմնափակ խաչքարի մնացորդները (նկ. 4): Ողջ համալիրը ներառված է աշտարակներով ամրացված պարսպապատերի մեջ: Պարսպապատից ներս՝ հիմնական համալիրից դեպի հարավ և հյուսիս, պահպանվել են քարուկիր այլ կառույցների, պարիսպներից դուրս՝ հարավից հյուսիս ձգվող ընդարձակ գերեզմանոցների հետքերը:

Չարեքտարի վանքը․ պատմա-ճարտարապետական քննություն

Տեղադրությունը Չարեքտարի վանքը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում՝ Տրտու գետի աջափնյա կոնաձև բլրի գագաթին (ԼՂՀ Շահումյանի շրջան)՝ համանուն գյուղի կենտրոնում։ Այսպիսի տեղադիրքի շնորհիվ համալիրը դարձել է գետահովտի այս հատվածի դոմինանտը (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Վանքի մասին մատենագրական աղբյուրներում տեղեկությունները սակավաթիվ են։ Պատմական վկայություններ են պարունակում վանքի տարածքում պահպանված արձանագրությունները։ Վերջիններս 19-րդ դարից սկսած ուսումնասիրվել և հրատարակվել են հայ հեղինակների կողմից։ Դրանցից շատերն այսօր սկզբնաղբյուրի նշանակություն ունեն, որովհետև շատերը Խորհրդային Ադրբեջանի իշխանության տարիներին անհետացել են։ Գրականության մեջ Չարեքտարի վանքը Մշահան անունով էլ է հիշատակվում։ Այսպես է ներկայացնում այն Ս․ Ջալալյանցը (Ջալալյանց 1858, 228)։ Մ․ Տեր-Մովսիսյանը (Տեր-Մովսիսյան 1938, 98) և Ս․ Բարխուդարյանցը (ԴՀՎ 1982, 132) չեն կիսում այս կարծիքը` նշելով հեղինակի կողմից արձանագրության սխալ ընթերցման մասին։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի պաշտոնական գրություններում նշված է, որ վանքին պատկանող կալվածքները գտնվել են Էջմիածնի ենթակայության ներքո և այն հիշատակվում է Չարեքդարի վանք անունով (Տեր-Մովսիսյան 1938, 83, 97)։ Վերոնշյալ գրություններում հիշատակվում է նաև Դադիվանքի կալվածքների մասին։ Դադիվանքի հետ որպես կալվածքի անուն հիշատակվելը վկայում է այն մասին, որ Չարեքտարի վանքն այդ ժամանակաշրջանում Արցախի հոգևոր և հասարակական կյանքում կարևոր դերակատարում է ունեցել։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Չարեքտարի վանքի կառուցվածքը ճշգրտվել է 2009 թվականին այստեղ իրականացված պեղումներից հետո (Հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Գ․Սարգսյան, ճարտարապետ՝ Ս․ Այվազյան)։ Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, եկեղեցուն կցված մատուռից, գավթին հյուսիսից կցված զույգ աշտարակներով ամրացված պարսպապատից, գավթին հարավային կողմից կցված ընդարձակ սրահից և եկեղեցուն հյուսիսից կցված մատուռից (նկ․ 2)։ Վանքի կառույցների մասին հիշատակություն է թողել նաև 19-րդ դարի կեսին այստեղ այցելած Ս․ Ջալալյանցը․ «Ի մեջ որմոյ գաւթին շինեալ կայ շիրմաձև մատուռն և հանդէպ նորին խաչքար մեծադիր․․․կից սորա գոն այլ ևս մատրունք, սեղանոք սրբութեանց, բայց գլխովին աւերակք, շուրջ զորովք կուտակեալք կան դերբուք քարանց գուցէ տեղիք սենեկաց միաբանից» (Ջալալյանց 1858, 229)։ Անցյալ դարի 60-ական թվականներին Ս․ Բարխուդարյանը Չարեքտարի համալիրը ներկայացնելիս նշում է, որ «վանքի շինությունները կիսավեր են, կանգնած են իրար կից չորս շենքեր՝ եկեղեցի, գավիթ, տապանատուն և մատուռ՝ անտաշ քարերով շարված» (ԴՀՎ 1982, 132)։ 2009 թվականի պեղումների արդյունքում նշված տապանատունը նույնացվել է գավթին հարավից կցված սրահի հետ։ Պարզվել է նաև, որ Չարեքտարի վանքի գավիթը Ս․ Բարխուդարյանի այցելած ժամանակ ավելի պահպանված է եղել (Այվազյան, Սարգսյան 2011, 50)։ Պեղումներով հուշարձանախմբի հարավային կողմում բացվել են ժայռին հպված ուղղանկյուն շինության հետքեր և բակում՝ վանական գերեզմանոց տապանաքարերով (նկ․ 3, Այվազյան, Սարգսյան 2011, 50)։ Համալիրն արևելյան կողմից ամրացված է եղել հենապատերով, որի հաշվին լայնացել և օգտագործելի է դարձել բլրի գագաթի հարթ տարածքը։ Այստեղ, հավանաբար, տեղակայված են եղել վանքին պատկանող աշխարհիկ և տնտեսական շինությունները, որոնցից պահպանվել են հոր-շտեմարանը և կլորավուն շինության ավերակները։ Վանքի այս հատվածի շինություններն ավերվել են 20-րդ դարում Չարեքտար գյուղում մշտական բնակություն հաստատած խաշնարած բնակիչների շինարարական գործունեության հետևանքով։ Խաթարվել է միջավայրը՝ կառուցվել են բնակելի և տնտեսական շենքեր, անասնագոմեր (նկ․ 4)։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը եկեղեցին է (նկ․ 5)։ Վանքի մի արձանագրություն հայտնում է եկեղեցու անունը՝ Սուրբ Աստվածածին և կառուցման թվականը (Ջալալյանց 1858, 229)։ Այն ուղղանկյուն հատակագծով և ուղղանկյուն խորանով սրահ է, մեկ զույգ մույթերով բաժանված է երկու մասի։ Արևելյան՝ ավելի փոքր մասը աղոթասրահի հատակից բարձր է մոտ 1,0 մետրով և որպես բեմ է ծառայում։ Այսպիսի լուծումն Արցախի ճարտարապետական դպրոցի առանձնահատկություններից է։ Նման հորինվածք ունեն Հանդաբերդի, Եղիշա առաքյալ վանքերի, Գտչավանքի եկեղեցիները (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 34), Խաթրավանքի կողային մատուռները (Հասրաթյան 1992, 69), խորանները։ Եկեղեցում իրականացված պեղումները պարզել են, որ կառույցի ինչպես ներսում, այնպես էլ դրսում առկա են վերակառուցումների հետքեր, որոնց ուսումնասիրությունը, ինչպես նաև կղմինդրների հայտնաբերված օրինակները թույլ են տալիս ասել, որ Չարեքտարի վանքի եկեղեցին և մատուռ-եկեղեցին սկզբնապես թաղակապ, կղմինդրածածկ տանիքով կառույցներ են եղել (Այվազյան, Սարգսյան 2011, 57) (նկ․ 6)։ Միանավ թաղածածկ դահլիճի հորինվածքը Արցախի 12-13-րդ դարերի Արցախի վանական համալիրների եկեղեցիներին բնորոշ լուծում է և հաճախ է հանդիպում (Հասրաթյան 1992, 94)։ Եկեղեցու հատակը հարթեցված է կրաշաղախով։ Եկեղեցուն արևմտյան կողմից կցված է եղել գավիթը, որից պահպանվել են հյուսիսային և արևմտյան հիմնապատերը և հարավային պատի մի փոքրիկ հիմնամաս։ Այս հատվածը հետագա վերակառուցումների ժամանակ շատ ձևափոխությունների է ենթարկվել։ Եկեղեցուն հարավից կցված է փոքր եկեղեցին, որը նույնությամբ կրկնում է եկեղեցու հորինվածքը, բայց չափերով ավելի փոքր է (նկ․ 7)։ Այստեղ պահպանվել են թաղակապ ծածկի և կղմինդրապատ տանիքի որոշ հատվածներ։ Այդ կղմինդրները իրենց չափերով և ձևով նույնական են տարածաշրջանի մեկ այլ վանքում՝ Հանդաբերդում հայտնաբերված կղմինդրների հետ (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 40)։ Փոքր եկեղեցու տանիքն իրականացվել է կողավոր տափակ և փորակավոր կղմինդրներով։ Կողավոր տափակ՝ սեղանաձև կղմինդրները շարվել են տանիքի կրաշաղախե ծածկույթի վրա, իսկ դրանց կարանները ծածկվել են կիսակլոր ելուստավոր կղմինդրներով։ Վանքի գլխավոր եկեղեցու հյուսիսային պատին և եկեղեցու և պարսպի արևելյան աշտարակին կից պեղումներով բացվել է ուղղանկյուն հատակագծով փոքրիկ կառույց, որը հավանաբար, մատուռ-աղոթարան է եղել և արևմտյան կողմից դեպի գավիթ մուտք ունի։ Պատերը պահպանվել են երկու-երեք շարք բարձրությամբ (Այվազյան, Սարգսյան 2011, 51, 52)։ Համալիրի հաջորդ կառույցը գավթին հարավից կցված թաղակապ սրահն է։ Վերջինիս նախնական շինությունը մասնակի ավերվել և ձևափոխվել է մահմեդական բնակչության կողմից՝ վերածվելով անասնագոմի։ Պեղումները հնարավորություն են տվել խոսել կառույցի կառուցման կերպի և կրաշաղախի բաղադրության մասին և պարզ է դարձել, որ հուշարձանախմբի մյուս շինություններից ուշ է կառուցվել, հավանաբար 17-րդ դարից հետո (Այվազյան, Սարգսյան 2011, 57)։ Վանքի տապանաբակում եղել են բազմաթիվ արձանագրակիր տապանաքարեր, որոնցից 11-ը հրատարակվել են Ս․ Բարխուդարյանցի կողմից (ԴՀՎ 1982, 132-135)։ Չարեքտարի վանքի տարածքում կանգնեցված են եղել նաև խաչքարեր, որոնցից մի քանիսը պահպանված են. դրանք հիմնականում բեկորային են և այսօր էլ գտնվում են այստեղ։ Խաչքարերն ու արձանագրությունները վերաբերում են 11-14-րդ դարերին։ Եղել են նաև անթվակիր արձանագրություններ, որոնք Արևելյան Հայաստանի միջնադարի իրադարձությունների մասին արժեքավոր պատմական տեղեկություններ են պարունակում։ Տապանաքարերն ու խաչքարերն աչքի էին ընկնում հստակ մշակման տեխնիկայով և բուսական ու երկրաչափական այլատեսակ զարդաքանդակներով։ Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո Խորհրդային շրջանում Չարեքտար գյուղը վերջնականապես հայաթափվում է և բնակեցվում ադրբեջանցիներով։ Վանքը գործող չէր, և բնակիչներն էլ, օգտվելով աթեիստական գաղափարախոսության ընձեռած հնարավորություններից, ինչպես նաև կրոնական անհանդուրժողականություն ցուցաբերելով, դանդաղ ու միտումնավոր ոչնչացնում էին պատմական կառուցապատված լանդշաֆտը։ Խաչքարերի մեծամասնությունը ջարդոտվել և որպես շինանյութ են օգտագործվել շինությունների կառուցման համար։ Տապանաքարերը բլրից ցած են գլորվել, տեղահան արվել։ Վանքի կառույցները ձևափոխվել և վերակառուցվել են և դարձել անասնագոմեր, բնակելի շենքեր։ Չարեքտարի վանքում 2009 թվականի իրականացված պեղումների շնորհիվ վանքի կառույցների շինարարական ավերակներն ամբողջությամբ բացվել են, տարածքը մաքրվել է, պարզվել են պահպանված շինությունների գործառնական նշանակությունը, նրանց կառուցման հաջորդականությունն ու ժամանակագրությունը, կրած վերակառուցումները։ Գրականություն 1․ Ջալալեանց 1858 – Ջալալեանց Ս., Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս: 2․ ԴՀՎ 1982 – Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան։ 3․ Տեր-Մովսիսեան 1938 – Տեր-Մովսիսեան Մ․, Հայկական երեք մեծ վանքերի Տաթեւի, Հաղարծնի եւ Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղեմ։ 4․ Մկրտչյան 1985 – Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատ․, Երևան: 5․ Այվազյան, Սարգսյան 2011 – Այվազյան Ս․, Սարգսյան Գ․, Չարեքտտար գյուղի պեղումների և հետազոտությունների արդյունքները, Վարձք, թիվ 4, 48-58։ 6․ Հասրաթյան 1992 – Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատ․, Երևան։ 7․ Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009 – Պետրոսյան Հ․, Կիրակոսյան Լ․, Սաֆարյան Վ․, Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, Երևան։

«Ըղեն Նահատակ» վանքը

Տեղադրությունը Վանքը գտնվում է Կարմիր գյուղից (Դռնավազ) 3 կմ հյուսիս-արևմուտք, բլրակի վրա (նկ. 1): 2023 թվականի սեպտեմբերին օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից: Պատմական ակնարկ Վանքը հայտնի է նաև «Խաչին տակ» անվամբ։ Կառուցման վերաբերյալ ստույգ տվյալներ հայտնի չեն։ Այսօր պահպանվել է եկեղեցին, հյուրատունը, գերեզմանոցը: Ըստ տարածված ավանդազրույցներից մեկի, վանքն Ըղեն նահատակ անունը ստացել է տեղում թշնամինների կողմից հղի կնոջը սպանելուց հետո, այն է՝ հղեն կամ ըղեն նահատակ: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն էլ, Լենկ Թեմուրի դեմ մարտերում շատերի հետ նահատակվել է և նաև գյուղի աղան (տանուտերը), որի դին գյուղացիները ամփոփել են բլրակի վրա, նրա հիշատակին կառուցել եկեղեցի և այն անվանել Ըղեն նահատակ՝ աղան նահատակ: Եկեղեցուց արևմուտք՝  մուտքի դիմաց 1861 թվականին ուխտավորների համար կառուցվել է հյուրատուն (ՀԱՍԵ Արցախի թեմ, Աղին Նահատակ, նկ. 2): Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Եկեղեցին միանավ փոքր չափերի սրահ է (6.8 x 5.3 x 5.8 մետր)՝ կառուցված  կոպտատաշ կրաքարե խորանարդներով և սպիտակ թերթաքարե երկարավուն ու տափակ սալերով՝ կրաշաղախի հիմքի վրա: Պատերին ամրություն տալու նպատակով կանոնավոր խորանարդներով շարվածքը տեղ-տեղ ընդմիջարկվում է տափակ սալերի թեք շարքով: Մուտքը կառուցված է սև ավազաքարե սրբատաշ քարերով (նկ. 3): Թաղը հենվում է հարավային և հյուսիսային պատերի վրա արված հորիզոնական պահունակաշարի վրա (նկ. 4): Պահունակը, թաղը և գմբեթարդը իրականացված են համակ սրբատաշ սալերով (նկ. 5): Թաղի և գմբեթարդի նման դասական իրականացումը թույլ է տալիս եկեղեցու նախնական կառույցը վերագրել 12-13-րդ դարերին: Դատելով արևմտյան պատի մեջ ընդելուզված խաչքարերով, այն հետագայում վերանորոգումների է ենթարկվել:

Երից մանկանց վանքը

Տեղադրությունը Երից մանկանց վանքը գտնվում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ պատմական Ջրաբերդից 5,0 կմ հեռավորության վրա՝ կուսական անտառներով ծածկված Մռավի լեռնաշղթայի հարավահայաց բազուկներից մեկի լանջին՝ Թրղի գետակի ձախափնյա հրվանդանի վրա: Վանական համալիրից վեր՝ նրան շատ մոտ է գտնվում գրեթե անմարդաբնակ Խոտորաշեն (Խոխոմաշեն) անունով գյուղը: Վանքի ներքևում՝ Ջրաբերդն է։ Համալիրը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, ճանապարհը դեպի վանք անցնում է բավական խիտ անտառածածկ տարածքով՝ փոքր-ինչ դժվարանցանելի դարձնելով այն (նկ. 1): Պատմական ակնարկ Պատմական աղբյուրներից պարզ է դառնում, որ Երից մանկանց վանական համալիրը կառուցվել է նպատակ հետապնդելով խաթարել Աղվանից կաթողիկոսության համախմբվածությունը, որը կետրոնացած էր Գանձասարի վանքի շուրջ: Վանքի եկեղեցու կառուցման մասին հայտնում է հարավային մուտքի ճակատակալի արձանագրությունը. «Ի։ ՌՃԽ։ թվիս, ի ժամանակս շահ Սուլ/էյմանին մեծի արքային պարսից/ ես Սիմեօն շնորհիւն Ա[ստուծո]յ կ[ա]թ[ո]ղ[ի]կոս Աղուանից շինեցի զեկեղեցիս ընդ/ հարազատ եղբարբ իմով Իգնատիոսի վ[ա]րդ[ա]պ[ե]տին, որ եմք որդիք Սարգիս քահանայ[ի]ն/ Մեծշինեցոյ: Յաղօթս յիշեցէք/՝ որդիք Նոր Սիօնի, ի մտանելն/ եւ յելանելն դրանս տ[է]րունի. ամէն» (ԴՀՎ 5, 96-97): Արձանագրությունից պարզ է դառնում, որ համալիրի կառուցումը հովանավորություն է ստացել պարսից շահի կողմից և 1691 թվականին կառուցել են Ջրաբերդ գավառի Մեծ Շեն գյուղի Սարգիս քահանայի որդի Սիմեոնը (Աղվանից հակաթոռ կաթողիկոս․ գահակալել է մինչև 1705 թվականը) և նրա եղբայրը՝ վարդապետ Իգնատիոսը (նկ․ 2): Եկեղեցու հյուսիսային պատի արևելյան մույթի վրա պահպանված եռատող արձանագրությունն էլ` «Շինօղ եւ վարպետ եկեղեցւոյս ուստա/ Սարգիսն յիշեցէք ի Ք[րիստո]ս», հաղորդում է, որ ճարտարապետը Սարգիսն է (ԴՀՎ 5, 97)։ Սիմեոնը կառուցել է եկեղեցին ու սկիզբ դրել այն կատաղի վեճերին ու հակառակության, որ շարունակվել է իր հաջորդ՝ Ներսես կաթողիկոսի օրոք (Կարապետյան 1985, 229)։ Սիմեոնի և Գանձասարի Երեմիա կաթողիկոսի (1676-1700 թթ․) միջև ծագած անհաշտ պայքարը հարթելու միտումով հանդես է եկել էջմիածնի Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը (1691-1705 թթ․)։ Ինքնակոչ Սիմեոն կաթողիկոսը պարտավորվել է, որ իր տոհմից այլևս ոչ ոք չպետք է կաթողիկոս դառնա։ Սակայն 1705 թվականին, հակառակ Սիմեոնի խոստման ու ստորագրության, նրան հաջորդած՝ իր ազգական Ներսեսը (գահակալել է մինչև 1736 թվականը) ավելի սրել է հակամարտությունը Գանձասարի Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանցի հետ: Երկու տարի անց՝ 1707 թվականին, դարձյալ երկու կաթողիկոսները կանչվել են էջմիածին և Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցին (1706-1714 թթ․), հանգամանորեն քննելով հարցը, նզովել է Ներսեսին և օրինական կաթողիկոս հայտարարել Եսայուն (Լեո 1973, 116)։ Սակայն Եսայի կաթողիկոսր, ճիշտ ըմբռնելով ձգձգվող թշնամությունից հայոց ընդհանուր գործին հասցվող վնասները, հաշտվել է Ներսեսի հետ, որից հետո Երից մանկանց վանքում կաթողիկոս է հռչակվել Ներսեսի քրոջ որդի Իսրայելը (1728-1763 թթ.), այնուհետև՝ Սիմեոնի եղբորորդի՝ Սիմեոն փոքր կաթողիկոսը, որը ևս Խոտորաշենցի էր և գահակալել է մինչև 1819 թվականը (Րաֆֆի 1964, 229)։ Առավել հին թվակիր խաչքարերի առկայությունր վանքի պատերի մեջ եկեղեցու կառուցումից առաջ տեղում գերեզմանոցի, գուցե և եկեղեցու կամ մատուռի գոյության ապացույց է (Կարապետյան 1985, 230)։ Հյուսիսարևելյան ավանդատան հյուսիսային պատի խորշի մեջ տեղադրված խաչքարի վրա կա հետևյալ արձանագրությունը․ «Թ[վ] ։ՌԻ։ (1571 թ.). Մ[եժ]լ[ու]մ»։ Փոքր եկեղեցու հարավարևելյան ավանդատան հարավային խորշի մեջ կարդում ենք «Ս[ուր]բ խաչս Շ[ա]հ/ու/մին/, Մելքո[ւ]մին/: Թվ. ։ՌԿԻԹ։ (1620 թ.)» (ԴՀՎ 5, 98)։ Հայտնի է նաև, որ 1854 թվականին վանքն արդեն չուներ ոչ մի կալվածք և համարյա ամայի էր (Լեո 1985, 126)։ Ճարտարապետական – հորինվածքային քննություն Երից մանկանց վանքը բաղկացած է եկեղեցուց, սեղանատնից, աշխարհիկ շենքերից, որոնցից մեկը, որ պաշտպանված է անկյունային կլոր աշտարակով, հավանաբար վեհարանն է (Հարությունյան 1992, 398) ու գերեզմանոցից (նկ. 3): Տարածքը հարավարևմտյան և հյուսիսարևմտյան կողմերից շրջապատված է պարսպապատերով, որոնց հիմքերն են պահպանվել։ Հարավարևմտյան կողմից համալիրին սահմանակից է Թրղի գետակի խոր ձորը։ Համալիրում կենտրոնական դիրք ունի եկեղեցին. սեղանատունը տեղադրված է եկեղեցուց հյուսիս-արևելք մոտ 15,0 մետր հեռավորությամբ, իսկ վեհարանը համարյա կից է եկեղեցու հարավարևելյան անկյանը, ցածրադիր տեղում, այնպես, որ դրա հողածածկ կտուրը կազմում է եկեղեցու հարավակողմյան բակի շարունակությունը դեպի ձորեզր:

Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը

Տեղադրությունը Բերդաձորի սբ․ Գրիգոր կամ Կարմիր վանքը գտնվում է Մարտակերտի շրջանում, Վաղուհաս գյուղից 3- 3,5 կիլոմետր հարավ-արևմուտք, Վաղուհաս գետի ձախ ափին, Լաբան կոչված վայրում (նկ 1, 2)։

Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ

Տեղադրությունը Գանձասարի վանքը գտնվում է Արցախի պատմական Խաչեն գավառում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի՝ Խաչենագետի վերնահովտում, նրա աջ ափին, Գանձասար կոչվող անտառապատ լեռան ընդարձակ դարավանդի վրա, Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մոտ մեկ և կես կմ արևմուտք: Այն տեղադրությամբ գերիշխում է գետահովտի վրա՝ բնապատկերում ցայտուն առանձնանալով նաև իր ուրվագծով (նկ. 1, 2, 3):

Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքը

Տեղադրությունը Պտկեսբերքի սբ․ Գևորգ կամ Պտկի սբ․ Գևորգ վանքը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն (Սեյդիշեն) գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ Ուլուբաբ (Ուլուպապ) գյուղատեղիի հարևանությամբ։ Կառույցը գտնվում է համանուն կամ Գևորգասար լեռան գագաթին՝ Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին, ներկայիս սահմանագծից մոտ 2 կմ հեռավորության վրա (նկ․ 1)։ Պատմական ակնարկ Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքի մասին պատմական տեղեկությունները սակավ են։ Չնայած վանքի տարածքում կամ պատերի մեջ առկա են վաղ խաչքարեր և տապանաքարեր, այնուամենայնիվ, համալիրն իր ճարտարապետական հորինվածքով և հիմնական արձանագրությունների քննությամբ թվագրվում է 17-18-րդ դարերով (նկ․ 2)։ Պատմական տեղեկությունները լրացնում են նաև մի քանի ամփոփ արձանագրություններն ու արձանագրությունների հատվածները։ Այս տեսանկյունից հետաքրքիր է եկեղեցու կառուցող կամ վերակառուցող համարվող Հովսեփ վարդապետի 1698 թվականի արձանագրությունը հարավային ավանդատան առաստաղին. «Օվսէփ վարդպ[ե]տ ։ՌՃԽԷ։» (ԴՀՎ 5, 137)։ Արձանագրությունն արված է ծեփի վրա, սև ներկով։ Հովսեփ վարդապետի անունը գրված է նաև հարավային սյունը և պատը միացնող կամարի վրա։ Մյուս 12-տողանի արձանագրությունը փորագրված է  հարավային սյան վրա։ 1757  թվականի արձանագրությունը վերաբերում է Ղուկաս վարդապետի կողմից ջրաղացի կառուցմանը և այն վանքին նվիրաբերելուն (ԴՀՎ 5, 138, նկ․ 3)։ Ղուկաս վարդապետի մյուս արձանագրությունը փորագրված է ավերակ սեղանատան մուտքի ստորին եզրաքարի վրա (ԴՀՎ 5, 139)։ «Արարատ» ամսագրի 1896 թվականի համարում՝ «Համառոտ տեղեկագիր Արցախի թեմի վանքերի» հոդվածում Պտկի սբ․ Գևորգը ներկայացված է Գանձակի (Ելիզավետպոլի) նահանգի Շուշիի գավառի վանքերի շարքում։ Հոդվածում նշվում է, որ վանքը 1892 թվականի տվյալներով չունի վանահայր և ունի կալվածք 300 դեսյատին (մեկ դեսյատինը հավասար է 1.09254 հեկտարի) անտառ ու վարելահող, ինչպես նաև վանքին է պատկանում Գանձասարի Քարագլխի մոտ Աշմանա կոչվող կալվածքը 776 դեսյատին տարածքով։ Նշվում է նաև, որ վանքը ունենում է տարեկան միջինում 110 ռուբլի 35 կոպեկ եկամուտ և նույնքան էլ ծախսեր (Խ․ Վ․ 1896, 44)։ Վանքի գործունեության ժամանակահատվածում գրվել են նաև ձեռագրեր, որոնցից մեզ հայտնի է մեկը (Աճառյան 1924, 22)։ Վանքը Ելիզավետպոլի նահանգի 1904 թվականի քարտեզում նշված է “Պոդկասապերկ” անվամբ, ռազմական քարտեզներում կրում է “Բերդկասապետ” անունը Կասապատը հավանաբար Ուլուբաբ գյուղի նախկին անունն է (ԼՂՀ Հուշարձանների տեղեկատվական շտեմարան): Ճարտարապետական-հորինվածքային քննություն Պտկեսբերքի սբ․ Գևորգ վանքը բաղկացած է կանգուն եկեղեցուց և գավիթի, սեղանատան, պարսպապատի, կից շինությունների ավերակներից։ Շրջակայքում և պատերի մեջ առկա են արձանագիր և առանց արձանագրության խաչքարեր, տապանաքարեր և այլ բեկորներ։ Եկեղեցին ունի քառակուսի կտրվածքով զույգ մույթերով գմբեթավոր հորինվածք։ Այն  կառուցված է տեղի կոպտատաշ բազալտից, իսկ մուտքերի, պատուհանների եզրաշարերը, սյուներն ու կամարաշարերը, պատերի խորշերը, կառույցի անկյունային հատվածները, քիվերը սրբատաշ քարերով են շարված և ունեն ոճավորումներ (նկ․ 4)։ Կառույցն արտաքինից 13․70 x 10․40 մետր չափերի ուղղանկյուն է։ Աղոթասրահը գրեթե քառակուսի է, որի չափերն են 8․29 x  8․02 մետր (նկ․ 5)։ Եկեղեցին ունի վեց պատուհան (երեքը արևելյան կողմում, մեկական պատուհան էլ մյուս կողմերում) և երկու մուտք։ Գլխավոր մուտքը արևմտյան կողմում է՝ կամարձև, վերևում սրացող ոճավորումով։ Շարված է սրբատաշ քարով։ Երկրորդ մուտքը հարավային կողմում է, որը հետագայում փակվել է։ Կառույցի ծածկը իրենց վրա են կրում զույգ մույթերը, որոնք կամարներով կապված են բեմապատի և հանդիպակաց պատերի որմնասյուների հետ։

Մեսիս վանքը

Տեղադրությունը Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Հաթերք գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևելք, Թրղի գետի աջ կողմով ձգվող անտառապատ լեռնաշղթայի բարձրադիր մասում (Կարապետյան 1986, 86): Պատմական ակնարկ Վանքի մասին ստույգ տեղեկությունները բացակայում են։ Վանքի պատերին և տարածքում կան մի շարք արձանագրություններ, սակայն, դրանց թերի պահպանված լինելու պատճառով՝ տեղեկատվությունն ամբողջական չէ: Հստակ չի ստուգաբանվում նաև վանքի անվանումը: Մակար Բարխուդարյանցը հիշատակում է վանքը Մասիս կամ Մսիս անվամբ, ինչը ժողովրդական անվանումն է (Բարխուտարեանց 1895, 202): Հաթերքցիներն այն կոչում են Մեսիս: Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն Հուշարձանախումբը կազմված է եկեղեցուց, գավթից, երկհարկ մատուռից, ինչպես նաև պարսպապատերից, որոնց կից պահպանվել են սենյակների ավերակներ (նկ. 1):  Համալիրի պատերի մեջ տեսանելի են որպես շինաքար օգտագործված վաղ խաչքարեր և խաչաքանդակ սալեր. երևույթ, որ հատկապես տարածված էր 13-րդ դարում։ Եկեղեցին միանավ թաղածածկ շինություն է, ունի երկու մուտք՝ արևմուտքից, որ բացվում է գավթի մեջ և հյուսիսից, որ բացվում է դեպի մատուռը (նկ. 2): Եկեղեցու խորանը կտրվածքում թեթևակի կորություն ունի, ավանդատներ չունի (նկ. 3): Միակ լուսամուտը արևելյան ճակատին է (նկ. 4): Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է անտաշ ու կոպտատաշ քարերով, կրաշաղախով (նկ. 5): Համալիրի կառուցման ամենահավանական ժամանակը 12-13-րդ դարերն են։ Ներսից եղել է ծեփված՝ հետքերը երևում են ավագ խորանի հատվածում: Արևմտյան մուտքի բարավորը կազմել են սրբատաշ մի քանի քարերով, որոնց վրա փորագրված է եղել չորս տողանոց շինարարական արձանագրությունը: Ցավոք պահպանված հատվածներից կարելի է միայն դատել, որ այն վերաբերում է եկեղեցու կառուցմանը (Կարապետյան 1986, 87):

Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին

Դադիվանքի ներկա կառույցները 12-րդ դարից վաղ չեն: Այս վանքի պատմությունն ըստ էության Վերին Խաչենի իշխանական տան և նրա հոգևոր գործունեության մասին պատմություն է: Դադիվանքում իրականացված պեղումները երևան են բերել մի հին գերզմանական կառույցի (որի մանր, անկանոն քարերով կառուցված շրջանաձև դամբանափոսն իր կառուցվածքով մինչքրիստոնեական թաղման խուց է հիշեցնում) և նրա վրա ստեղծված մատուռի մնացորդները: 13-րդ դարի  վերջին փորձ է արվել մեծ եկեղեցի կառուցել`մատուռը ներառելով բեմի տակ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այն ավարտին չի հասցվել: Նախքան 12-րդ դարի կեսերը, այս մատուռին կից հարավային կողմում կառուցվել է դեպի արևելք ուղղված, ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցի, որին  արևմուտքից հարել է ուղղանկյուն սրահ-գավիթը։ Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ համաձայն արձանագրության կառուցվել է 1214 թվականին, իր հյուսիս-արևմտյան անկյունով նույնպես կցված է միանավ եկեղեցուն (նկ. 1): Սուրբ Դադիի մասին Սուրբ Դադիի և Դադիվանքի մասին առաջին գրավոր տեղեկությունը պահպանվել է 10-րդ դարում կազմված Մովսես Դասխուրանցու «Պատմություն Աղվանից» աշխատության մեջ` 9-րդ դարի դեպքերի կապակցությամբ. «Զայս Վարազ Տրդատ եւ զորդի իւր Ստեփաննոս Ներսեհ ի Փիլիպեան` ազգակիցն իւրեանց սպան ի միում ժամու ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք» (Կաղանկատուացի 1983, 340): Մատենագրական հաջորդ տեղեկությունը հաղորդում է Մխիթար Գոշը (12-րդ դարի վերջ)։  1145 թվականին Գանձակի համար մղվող կռիվներում Չոլի ամիրայի Արցախ կատարած ասպատակությունները նկարագրելիս,  վերջինս նշում է, որ ավերվել է և Դադուի վանքը․ «զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք» (Կաղանկատուացի 1983, 353): Թե ինչու է վանքը առաքելադիր և ով է Դադուն, Մխիթար Գոշը ոչինչ չի հայտնում: Միայն կարելի է ենթադրել, որ վանքի առաքելական ծագումն արդեն հայտնի մի բան էր: Սրան էլ հավելենք, որ հեղինակը նույն տեղում հայտնում է, որ չնայած Չոլին մեկ տարի առաջ ավերել և գրավել է Արցախի ամրությունները, բայց ստիպված է եղել նորից արշավել «ի կողմն Խաչինոյ, Տանձեաց եւ Ադախայ, քանզի յառաջնում նուագին ոչ մնացին ընդ ձեռամբ նորա դղեակք այնոքիկ, զորս էառն, այլ սակաւ ինչ, մնացեալքն յազատացն անտի, որք էին ղողեալք յանտառս մայրեաց, առին դարձեալ զբերդ-ամրոցսն իւրեանց եւ դարձեալ ապստամբութեամբ վարէին ընդ տաճկացն» (Կաղանկատուացի 1983, 353): Մոտավորապես այս ժամանակներին է վերաբերում (1140-ական թվականների սկիզբ) Խաչենի ավագ իշխան Հասան Վախթանգյանի ազատագրական պայքարի սկիզբը, որի մասին նա հայտնում է Դադիվանքում 1182 թվականին իր կողմից կանգնեցրած խաչքարի արձանագրության մեջ. «Ես Հասան որդի Վախտանգա, տէր Հաթերքո և Հանդաբերդոյ, Խաչինաբերդո և Հաւախաղացին կացի յաւագութեան ամս :Խ: Շատ պատերազմաւ եւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնականութեամբն Աստուծոյ: Եւ եղեն ինձ :Զ: որդի, զբերդերս և զգաւառս ետու նոցայ և եկի ի վանքս մաւտ յիմ եղբայրս Գրիգորէս և եղէ կրաւնաւոր: Եւ բերի զխաչաքարս յԱզուա, շատ աշխատութեամբ և բազում հնարիւք եւ կանգնեցի սուրբ նշան հոգոյ իմո յիշատակ: Արդ, վասն ձեր հոգոյդ, որք ընթեռնոյք՝ զիս յաղաւթս յիշեցէք, ։ՈԼԱ։ (1182) թուիս» (ԴՀՎ 5, 198)։ Ինչպես տեսնում ենք այս արձանագրության մեջ վանքը հիշատակվում է առանց անվան հստակեցման։ Հետագա տեղեկությունները վերաբերում են 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի առաջին կեսին, երբ հայ իշխանական տները հայ-վրացական միացյալ զորքերի աջակցությամբ ազատագրում են իրենց կալվածքները սելջուկյան տիրակալներից: Ազատագրական այս պայքարն ընկալվում էր որպես սրբազան պատերազմ, արագ հզորացող իշխանական տները իրենց պայքարում տեղական սրբերը փոխարինում են համահայկական կամ ընդհանուր քրիստոնեական սրբերով (Պետրոսյան  2017, 236-237)։ Զաքարյանները ազատագրական պայքարի հիմնական սուրբ են դարձնում սուրբ Սարգսին (հատկապես նկատի ուենալավ նրա զորական կերպարը, հիշենք նաև, որ Սարգիս էր կոչվում և նրանց հայրը), Հասան-Ջալալյանները` Ստեփանոս նախավկային, ապա Հովհաննես Մկրտչին: Վերին Խաչենի կամ Հաթերքի տերեըը վերանորոգում են  Դադոյի կամ Դադեի կերպարը՝ հիմքում ունենալով նրա անվան նմանությունը սուրբ Թադե-Թադեոսին և թերևս տեղական ինչ-ինչ ավանդազրույցներ: Ուշագրավ է, որ վանքի Կաթողիկե եկեղեցու պատին 1224 թվականին փորագրված արձանագրության մեջ Վերին Խաչենի և Ծարի իշխան, Հասանի և Դոփի որդի Գրիգորը վանքն անվանում է Դադի գերեզման. «Անուամբն Ա[ստուծո]յ՝ ես՝ Գրիգոր, որդի Հասանա, որ մեծ յուսով տուի ի Դադի գերեզմանս :Դ: տուն շինակ[ան] վ[աս]ն հոգո իմո, յառաջնորդութ[եա]ն տ[եառ]ն Գրիգորիսի. եւ սոքա տուին ինձ զտաւն սրբոյն Գրիգորի զամենայն եկեղեցիքս» (ԴՀՎ 5, 201, նկ. 2)։ 13-րդ դարերի կեսերին Միքայել Ասորու ժամանակագրության թարգմանութան մեջ Վարդան Արևելցին ներմուծում է մի հատված, համաձայն որի «Թադէոս, մի յեւթանասնիցն, որ գնաց հրամանաւ Թադէի՝ ի Մեծն Հայք, և ի կողմանս հիւսիսոյ և լուեալ զմահն Աբգարու և դարձաւ և եմուտ ի Փոքր Սիւնիք և կրօնաւորեալ անդէն ծածկաբար վախճանեցաւ և տեղին շինեցաւ վանք և յանուն նորա կոչեցաւ» (Ասորի 1871, հավելված 33, հավանական է, որ Վարդանն էլ այս հատվածը վերցրել է իր ուսուցիչ Վանական վարդապետից, որտեղ սուրբը կոչվում է Դադիու, ինչպես որ Մխիթար Գոշի մոտ է, հմմտ. Ալիշան 1902, 22-23, Մաթևոսյան 2020, 26-28)։ Այսպիսով, փորձեր են արվել սրբի անունը  ձևափոխել-համապատասխանացնել սուրբ Թադեոսի անվան հետ՝ որպես լրացուցիչ «ապացույց» նրա առաքելական ծագման։ Կարելի է եզրակացնել, որ Մխիթար Գոշն ու Վանական վարդապետը նոր շունչ են հաղորդել Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին տեղական ավանդույթներին՝ հիմնավորելով և ամրապնդելով համաքրիստոնեական սրբի նրա կերպարը՝ որպես Վերին Խաչենի իշխանական տան հովանավոր սուրբ: Սուրբ Դադիի մատուռն ու գերեզմանը 19-րդ դարի առաջին նկարագրություններում և հետազոտություններում Դադի գերեզմանը մատնանշող որևէ  հստակ կառույց կամ գերեզման չկա։  Վերջինիս հնարավոր վայր էր համարվում հյուսիսային բազիլիկ մեծ եկեղեցին` թերևս նկատի ունենալով նրա անսովոր լայնությունը (որ կարող էր հիշեցնել նմանատիպ վաղքրիստոնեական տաճարները) և աբսիդում կանգնեցված` արտառոց մեծության սյունը (որը կարող էր հիշեցնել վաղքրիստոնեական կոթող, ինչպիսիք կանգնեցվում էին նաև սրբերի գերեզմանների վրա): Մերօրյա հետազոտությունները, սակայն, վկայում են, որ  բազիլիկ եկեղեցու ներկա կառույցը պատկանում է 13-րդ դարի վերջին և ձեռնարկվել է վանքի վանահայր Աթանաս եպիսկոպոսի կողմից: Նույնը կարելի է ասել և բեմում կանգեցրած կոթողի մասին (նկ.  4), որը ծավալային լուծման և մշակման առումով մոտենում է եկեղեցու որմնասյուների խարիսխներին, իսկ խաչաքանդակներով ու, հավանական է, տարեթիվ ներկայացնող կցագիր արձանագրությամբ («Թ :ՊԺ:» – 1361 թ. կամ «ՊԺԹ» – 1370 թ.) վերաբերում է 13-14-րդ դարերին: Հարկ է նկատի ունենալ նաև, որ այս բազիլիկին հարավից կից ավելի վաղ կառուցված փոքրիկ բազիլիկ եկեղեցին և քիչ ավելի հարավ-արևելք գտնվող Կաթողիկեն (կառուցված 1214 թվականին` այսինքն, նորից ավելի վաղ, քան մեծ բազիլիկի առկա շինությունը) ունեն հյուսիսային մուտքեր: Հայտնի է, որ հայկական  եկեղեցիները միայն եզակի դեպքում էին հյուսիսային մուտք ունենում` եթե տեխնիկապես հնարավոր չէր մուտքի բացում արևմուտքից կամ հարավից կամ եթե կային հատուկ ծիսական կամ դավանական հանգամանքներ: Քանի որ տվյալ դեպքում տեխնիկականը բացառվում է (փոքր բազիլիկը մուտք ունի նաև հարավից, իսկ Կաթողիկեն` արևմուտքից), մնում է ենթադրել, որ հյուսիսային մուտքերի առկայությունը պայմանավորված էր մեծ բազիլիկայի տարածքում ինչ-որ սրբության` տվյալ դեպքում Դադիին վերագրվող գերեզմանի առկայությամբ (հմմտ. Այվազյան 2015, 52-53): Կարելի է ենթադրել, որ ձեռնարկելով նոր եկեղեցու կառուցումը, Աթանաս վարդապետն արդեն ավերակ գերեզմանից ու մատուռից հանել էր կարևոր մասունքները՝ դրանք նոր կառույցում դնելու համար: Այդ մասին են վկայում նախաբեմը` որն ինքնին եզակի դրսևորում է հայ եկեղեցական ճարտարապետության մեջ և պատերի մեջ ընդգրկված  զանազան քանդակազարդ խորշերը (նկ. 3): Ինչ վերաբերվում է գերեզմանի ավերակներին, ապա դրանք ծածկել են եկեղեցու նախաբեմի և բեմի տակ։ Նկատենք, որ Դադիվանքի վերականգնող ճարտարապետ Ս. Այվազյանը ենթադրում է, որ Աթանասը ոչ թե եկեղեցի է նախաձեռնել և կիսատ թողել, այլ Դադիի գերեզմանի և մատուռի շուրջ ձևավորել է մի յուրօրինակ սրբացված տարածք (Այվազյան 2015, 56): Իրոք, ինչպես ցույց տվեցին պեղումները, եկեղեցու նախաբեմի և բեմի տակ են ներառվել մոտավոր ձվաձև կտրվածքով, մանր անմշակ քարերով շարված դամբանափոսը և նրա վրա կառուցված մատուռը (նկ. 4, 5)։ Պեղումները երևան են բերել փայտե գահավորակի մնացորդներ (նկ. 6), օնիքսից պատրաստված գավազանի գլուխ, մարդկային ոսկորներ, որոնք վերաբերում են 13-րդ դարին (պեղումների առաջին փուլն իրականացրել է Համլետ Պետրոսյանը, տե՛ս Պետրոսյան 2007, երկրրոդ փուլը՝ Գագիկ Սարգսյանը, ճարտարապետ՝ Սամվել Այվազյան, տե՛ս Այվազյան, Սարգսյան 2012, 1-11, Այվազյան 2015, 68-73)։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 13-րդ դարի վերջին Աթանաս վարդապետը նոր եկեղեցու բեմի և նախաբեմի տակ է ներառել արդեն խարխուլ կառույցները, իսկ առանձնացրած մասունքների համար նախաբեմի պատերում ստեղծել է մի շարք քանդակազարդ խորշեր։ Հայր Աթանասը չի ավարտել եկեղեցու կառուցումը և այն այդպես էլ մնացել է բացօթյա կառույցի տեսքով:

Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ

Տեղադրությունը Դադիվանքը գտնվում է պատմական Արցախի Վերին Խաչեն գավառում՝ Տրտու (Թարթառ) գետի և նրա վտակ Դութխուի միախառնման տեղից մոտ 10 կմ հոսանքն ի վար՝ գետի ձախ ափին՝ անտառածածկ բլրի հարավահայաց փեշին։ Վայրը ծովի մակերևույթից բարձր է 1100 մետր, Թարթառի ափից՝ 75 մետր։ Գետի և վանքի միջև փռված են պատմական Խութ կամ Խութավան գյուղի ավերակները․ խորհրդային շրջանում այն կոչվում էր նաև Վանք։ Դադիվանքի երկրորդ անունը հենց Խութավանք է․ թե վանքի և թե գյուղի անվանումը կապված է տեղանքի հետ, քանի որ «խութը» գրական հայերենում և Արցախի բարբառում նշանակում է «բլուր»՝ այսինքն բլրի վրա գտնվող վանք։ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ վանքը և համանուն գյուղը Արցախի հանրապետության Նոր Շահումյանի շրջանի կազմում էին։ Ներկայումս, ինչպես գյուղը, այնպես էլ վանքն օկուպացված ենԱդրբեջանի կողմից (նկ. 1): Պատմական համառոտ ակնարկ Մատենագրական աղբյուրներում  Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք» (Կաղանկատուացի 1983, 340): Հետագա վիմագրական աղբյուրներում հանդես է գալիս Դադի, Դադոյի, Դադուի, Դադեի, Թադեի, Խութա, Առաքելոց ձևերով (Այվազյան 2015, 6): Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։ Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։ Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․» (Կաղանկատուացի 1983, 353)։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։  Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը (նկ. 2, 3, 4, 5, 6)։    

Վանական համալիր սբ. Լուսավորիչ

Տեղադրությունը Հուշարձանը գտնվում է Մարտունու շրջանի սահմանային Սոս գյուղի արևելյան հատվածում՝ կոնաձև անտառապատ բլրի գագաթին ( նկ. 1)։ Պատմական ակնարկ Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները շատ առատ չեն։ 19-րդ դարի երկրորդ կեսին Մակար Բարխուդարյանցը տեսել է եկեղեցու ավերակները և նշել է, որ ավանդաբար պատմում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կողմերումս քարոզելու և եկեղեցիներ հիմնարկելու ժամանակ գիշերն բարձրացած է սարիս գլուխն և աղօթքով լուսացրած գիշերները…» (Բարխուտարեանց 1895, 115)։ Տեղում մինչ օրս երևում են շինության հիմքերը միայն։ 2019-2020 թվականներին հուշարձանի տարածքում ընթացել են մասնակի պեղման աշխատանքներ (արշավախմբի ղեկավար՝ պ.գ.թ. Վ. Սաֆարյան, ճարտ.՝ Մ. Տիտանյան): Սրբավայրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են նյութեր, որոնք արշավախմբին թույլ են տալիս խոսել սրբավայրի վաղ քրիստոնեական ծագման մասին (Սաֆարյան, Տիտանյան 2019, 38-40): Դրանցից մեկը է պեղվող տեղանքի կենտրոնում գտնվող քարե տոռաձև խարիսխը, որի վրա կատարվում էր մոմավառությունի (նկ. 2): Պեղումներով հայտնաբերվել են նաև տարբեր խեցանոթների, կղմինդրների, ջրագծերի (նկ. 3), ինչպես նաև վաղքրիստոնեական քարե տարբեր կոթողների մասերը և ճարտարապետական այլ դետալներ (նկ. 4-5)։ Ճարտարապետական-հորինվածքային նկարագրություն Հուշարձանը ճարտարապետական քննության ենթարկվել է միայն հնագիտական աշխատանքներից հետո։ Սրբավայրը  պեղելուց հետո, բացվել է արևմուտքից արևելք ուղղությամբ շինություն, որի արևելյան կողմում հատակը բարձրացված է (Սաֆարյան, Տիտանյան 2019, 38): Ծավալային նման լուծումն ու ուղղվածությունը, ինչպես նաև տարածքում պեղումներով հայտնաբերված տարբեր ճարտարապետական դետալներ, որոնք ևս պատկանել են այս կառույցին, վկայում են, որ հավանաբար գործ ունենք եկեղեցու հետ: Այն կառուցված է առանց շաղախ կոպտատաշ քարե շարվածքով, ունի  անկանոն՝ 9.7 x 6.0 մետր հատակագիծ (նկ. 6-8): Պեղումները բուն կառույցին կից բացել են այլ շինության հետքեր ևս, որոնք տեղադրված են տարբեր հորիզոնների վրա, համապատասխան լանդշաֆտին և հավանաբար պատկանում են տարբեր ժամանակների, թեկուզ միասնական կառուցապատման տպավորություն են թողում (Սաֆարյան, Տիտանյան 2019) (նկ. 9):

Եղիշա Առաքյալի վանքը

Տեղադրությունը Եղիշա Առաքյալի վանքը գտնվում է Արցախի հանրապետության Մարդակերտի շրջանում՝ Մռավ լեռան լանջին: Համալիրը տեղադրված է դժվար հասանելի տեղում․ ճանապարհն անցնում է անտառների միջով, խոր ձորերի եզերքով ձգվող ժայռերի վրայով (նկ.1)։ Վանքը հյուսիսից, արևմուտքից և արևելքից շրջապատված է պարիսպներով, իսկ հարավից բնական պատնեշ է խոր ձորը։ Համալիրն ունի երկու դարպաս, որոնցից գլխավորը`  կամարակապ է և գտնվում է  պարսպի հարավարևմտյան անկյունային հատվածում։ Վերջինիս կամարը  «նստած» է բացվածքի երկու կողմերի պրոֆիլավորված իմպոստների վրա (նկ. 2)։ Մյուս դարպասը արևելյան պարսպի հյուսիսային անկյան կողմից է։

Թաղասեռի Անապատ վանքը

Տեղադրությունը Անապատ վանքը գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից 1 կիլոմետր դեպի արևմուտք երկու ձորակների միջև ընկած բլրի վրա (նկ․ 1)։ 2020 թվականի հոկտեմբերից Թաղասեռը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Պատմական ակնարկ Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Անունը հուշում է, որ այստեղ եղել է մենաստան-անապատ։ Տեղացիները ևˊ վանքը, ևˊ բլուրը անվանում են Նապատ։ Ճարտարապետա-հորինվածքային քննություն Վանքը բաղկացած էր եկեղեցուց ու դրանից արևմուտք և հարավ գտնվող   տարբեր շինություններից, որոնցից պահպանվել են միայն պատերի հետքերը (նկ․ 2, 3)։ Տեղ-տեղ պահպանվել են նաև վանքը եզերող պարսպապատի հիմքերը։ Եկեղեցին միանավ թաղակապ դահլիճ է, արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան՝ երկու կողային նեղ ավանդատներով (նկ․ 4)։ Կառուցման հավանական ժամանակը՝ 13-14-րդ դարեր: Մուտքը բացվում է արևմուտքից (նկ․ 5), լուսավորվում էր  արևելյան, հարավային և արևմտյան կողմերից բացվող լուսամուտներից։ Հարավային պատի վրա պահպանվել է արևային ժամացույցը (նկ․ 6)։ Կառուցված է տեղական անմշակ կրաքարով և կրաշաղախով։ Պատերի շարվածքի մեջ օգտագործված են խաչքարեր (նկ․ 7)։ Եկեղեցու ներսում պահպանվել են մի քանի խաչքարեր, որոնցից մեկն ունի արձանագություն (նկ․ 8, 9, 10, 11): Ունի 12,9 մետր երկարություն, 6,1 մետր լայնություն, 5,5 մետր բարձրություն։